«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հունիսի 3-ին նյութ է հրապարակել Հայաստան տեղափոխված ռուս արվեստագետի մասին:
Նադեժդա Գլեբովսկայան ժամանակին նորաձեւության ցուցադրությունների համար զարդեր էր պատրաստում, հետո գործվածքեղենի յուրահատուկ, քաղաքական լիցքեր կրող ձեւ մշակեց: 2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո արվեստագետը տարագրվեց Հայաստան, որտեղ շարունակում է աշխատել առ այսօր:
Երբ 2022 թվականի փետրվարին իր երկիր՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մասին լուրերն արթնացրին Նադյա Գլեբովսկայային, նա զգաց, որ Ռուսաստանում ապրելն այլեւս անհնար է: «Մեղքի սարսափելի զգացում առաջացավ մոտս, ասես ես ներգրավված էի այդ ամենի մեջ, մինչդեռ ես ոչինչ չէի կարող փոխել, չէի կարող կանգնեցնել: Օրվա վերջում ես պարզապես լալիս էի»,- հիշում է նա: «Այնպիսի զգացողություն էր, որ պետք է պարզապես փակեմ բերանս, նստեմ, լռեմ, հանդուրժեմ այն ամենը, ինչ տեղի է ունենում»:
Ներխուժումից շատ չանցած՝ արվեստագետն իր կատվի եւ ընկերոջ հետ լքեց Սանկտ Պետերբուրգը ու այժմ ապրում է Հայաստանի հյուսիսային Վանաձոր քաղաքում, որտեղ զբաղվում է շյուղով ու հելունով գործվածքներ ստեղծելով, որոնք այնուհետեւ վաճառում է աշխարհով մեկ:
Գործելը Գլեբովսկայայի հոբին է դարձել մանկուց, երբ տատիկը նրան սովորեցրել է այդ արհեստը: «Ես կրթությամբ ինտերիերի դիզայներ եմ, բայց ընտրեցի այնպիսի աշխատանք, որը թույլ կտա ազատ ժամանակը հատկացնել գործելուն,- ասում է նա: -Ի վերջո իմ սիրելի հոբին դարձավ իմ հիմնական զբաղմունքը»:
Սկզբում նրա ուշադրությունը կենտրոնացած էր գործված զարդերի ստեղծման վրա, սակայն, ըստ Գլեբովսկայայի՝ «2020-ին ես հանկարծակի Պուտինի պատկերով անձեռոցիկ տեղադրեցի հետեւորդներիս համար: Իմ աշխատանքի մշտական երկրպագուները շատ զարմացած էին, բայց նաեւ որոշ գնահատողներ եղան: Երբ ես սկսեցի ավելի շատ աշխատանքներ տեղադրել, նոր բաժանորդներ ի հայտ եկան, որոնք հետաքրքրված էին այս նոր [քաղաքական] ուղղությամբ»:
Նկարչուհին ասում է, որ իր ստեղծած ամենահայտնի նմուշներից մեկը սեղանի հյուսածո անձեռոցիկն է, որի վրա Վլադիմիր Լենինը պատված է սնկիկների եւ մեղրի պես ինչ-որ բանով. դա հղում է 1989 թվականի հայտնի երգին, որը կոչվում է «Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի» եւ որտեղ մի տող կա այն մասին, թե ինչպես է ԽՍՀՄ հիմնադիրը տրոհվում բորբոսի եւ մեղրի:
Մռայլ ու հեգնական «պլան» արտահայտությունը վերածնվել է ռուսական բեմերում՝ Ուկրաինա Կրեմլի աղետալի ներխուժման լույսի ներքո:
Գլեբովսկայան վերջերս այցով Ռուսաստանում էր գտնվում, որտեղ, նրա խոսքերով, «այնպիսի զգացողություն էր, որ ամեն ինչ կարգին է. բոլորը հանգիստ շրջում էին, ասես ոչինչ չի կատարվում եւ չկա չարիք»:
Ռուսաստանում գտնվելու ժամանակ նա հելունով դիմակ է գործել՝ «Չեմ տեսնում չարիքը» գրությամբ: Սա պատասխան էր, ինչպես ինքն է ասում, «այն փաստին, որ Ռուսաստանում շատերը դեռ չեն տեսնում, կամ փորձում են չտեսնելու տալ, որ պատերազմ է ընթանում»:
Գլեբովսկայան ասում է, որ իրեն համեմատաբար հեշտ է եղել ընտելանալ հյուսիսային Հայաստանի՝ փարթամ բնություն ունեցող Լոռու մարզում տարագիր կյանքին: «Շուրջբոլորը բնություն է, ամեն ինչ հանգիստ է,- ասում է նա: -Ես միշտ ցանկացել եմ ապրել նման վայրում, ուստի երկարաժամկետ այստեղ մնալու հեռանկարն ինձ ամենեւին չի վախեցնում»:
Տարածաշրջանում «բացարձակապես հրաշալի մարդիկ են բնակվում», ասում է արվեստագետը: «Հարեւանները բոլորն էլ հիանալի մարդիկ են, անընդհատ հարցնում են՝ ինչո՞վ կարող ենք օգնել, եթե ինչ-որ բանի կարիք ունեք, մեզ տեղեկացրեք»:
Գլեբովսկայան սկզբում մտավախություն ուներ, որ Ռուսաստանի արագ ռազմական հաղթանակը կոչնչացնի Ուկրաինան իբրեւ ազգ: «Այժմ լավագույն ելքի հույսեր կան,- ասում է նա: -Բայց միեւնույն ժամանակ երբեմն քեզ համակում է բացարձակ հուսահատությունը եւ մտածում ես. «Տե՛ր, սա երբեւէ կվերջանա՞…»:
Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ