«Էրդողանը մեզ բարեկամ չէ, նա տառապում է վեհության մոլուցքով եւ ուզում է դառնալ խալիֆ: Նա աշխարհի ամենավտանգավոր դիկտատորներից մեկն է: Տարիներ շարունակ նա օգնել է «Իսլամական պետությանը»: Նա միշտ մերժում էր այդ փաստը, բայց հիմա բացեիբաց օգտագործում է այդ ահաբեկիչներին: Նա ռադիկալ իսլամիստ է եւ տառապում է վեհության մոլուցքով: Նա ուզում է դառնալ խալիֆ»…
Այդ մտքերը չի արտահայտել որեւէ հայ քաղաքագետ, ռուս վերլուծաբան կամ Թուրքիային ոչ բարեկամ որեւէ պետության քաղաքական վերլուծաբան: Այս մտքերը արտահայտել է փոխգնդապետ Տուլսի Հաբբարդը (Tulsi Gabbard – Donald Trump s incoming Director of National Intelligence) դեռեւս 2020 թվականին: Նա նորընտիր ԱՄՆ-ի նախագահի կողմից նշանակվել է ԱՄՆ-ի Ազգային հետախուզության պետ:
Հաբբարդը 2003թ. Իրաքում մասնակցել է պատերազմին ամերիկյան բանակի կազմում: Նա հանրաճանաչ դեմք է դարձել շնորհիվ իր «Պատերազմ ահաբեկչության դեմ» պատմվածքներով: Մեկ անգամ չէ, որ իր հոդվածներում տիկին Հաբբարդը քննադատել է Էրդողանին: Մի մեջբերում եւս՝ «Էրդողանը տարիներ շարունակ օգնել է «Իսլամական պետության»-ը: Նա, իհարկե, հերքում է դա, բայց միեւնույն ժամանակ բացեիբաց օգտագործում է իր ահաբեկիչներին: Նա ռադիկալ (արմատական) իսլամիստ է, տառապում է վեհության մոլուցքով (islamist megalomaniac) եւ ուզում է դառնալ խալիֆ (կրոնական եւ աշխարհիկ միապետ)»:
Իմիջիայլոց նշեմ, որ նույն Տուլսի Հաբբարդը ժամանակին լինելով «դեմոկրատական կուսակցության» անդամ, քննադատում էր Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա «կանաչ լույս» վառեց թուրքերի համար դեռեւս 2019թ., որպեսզի նրանք ներխուժեն հյուսիսային Սիրիա եւ սկսեն էթնիկական զտում քրդերից:
Մի երկու խոսք ԱՄՆ Ազգային հետախուզության գերատեսչության մասին, մինչ կանցնեմ հիմնական թեմային:
* * *
2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ահաբեկչական ակտ, որը իրականացրեց «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը: Ահաբեկչական խումբը բաղկացած էր 19 անդամներից, որոնք բռնազավթեցին 4 ուղեւորներով լի ինքնաթիռներ: Զավթիչները բաժանվել էին 4 խմբի, ամեն խմբում կար մեկը, որը սովորել էր օդաչուների դասընթացներում: 2 ինքնաթիռներ բռնազավթումից հետո բախվեցին Մանհեթթենի Համաշխարհային առեւտրի կենտրոնների 2 աշտարակներին, 3-րդ ինքնաթիռը բախվեց Վաշինգթոնից ոչ հեռու տեղաբաշխված Պենտագոնի շտաբ-կայանին, իսկ չորրորդ ինքնաթիռը չհասավ նախատեսված թիրախին եւ կործանվեց Փենսիլվանիայի նահանգում: Բացի 19 ահաբեկիչ-մահապարտներից զոհվեցին նաեւ 2977 անմեղ քաղաքացիներ, 24 հոգի անհետ կորան:
Այս ահաբեկչական ակտից հետո, որի շուրջ բազմաթիվ լեգենդներ եւ վարկածներ հյուսվեցին, ստեղծվեց հատուկ` «Հանձնաժողով – 9/11», որը լրջորեն զբաղվեց այդ ակտի հետաքննությամբ եւ պետության հետախուզության սխալներով եւ բացթողումներով: Արդյունքում, 2004թ. դեկտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հաստատեց մի նոր օրինագիծ, որի համաձայն ստեղծվեց մի նոր պաշտոն՝ Ազգային հետախուզության տնօրեն, որը պետք է ղեկավարեր երկրի ամբողջ հետախուզական համայնքը (Intelligence Community): 2005թ. փետրվարից այդ պաշտոնը զբաղեցրեց Իրաքում ԱՄՆ դեսպան Ջոն Նեգրոպոնտեն: Մինչ այդ պահը վերոհիշյալ կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրել էին 7 հոգի: Առաջինը, ինչպես ասվեց, Ջոն Նեգրոպոնտեն, VII-ը Էվրիլ Հեյնսը (նշանակվել է 2021թ. հունվարի 21-ին Ջո Բայդենի կողմից): Իսկ հիմա կարծում եմ ընթերցողս հասկացավ, որ հետախուզական համակեցության նոր ղեկավարը կդառնա hունվարի 20-ից, վերոնշյալ Տուլսի Հաբբարդը (վերջինս հավատքով քրիշնայական է):
Ավելի քան 18 ամերիկյան հատուկ ծառայություններ իրենց տեղեկատվական զանգվածը ուղարկում են Ազգային հետախուզության գերատեսչություն, որտեղ այն ենթարկվում է լրջագույն վերլուծության եւ պատրաստվում է զեկուցագիր ԱՄՆ-ի նախագահի համար:
2025թ. հունվարի 16-ին (3-15) ոմն 42-ամյա ԱՄՆ-ի քաղաքացի Շամսուդ-Դին Ջաբբար անունով, իր «Ֆորդ» մակնիշի (պիկապ) մեքենայով մխրճվեց ժողովրդի բազմության մեջ Նոր Օրլեանի (ԱՄՆ) Բուրբոն փողոցում: Հետեւանքում սպանվեց 15 մարդ, իսկ մի քանի տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Բայց դա դեռ բոլորը չէր: Այնուհետեւ Շամսուդը դուրս է թռնում մեքենայից եւ հրազենից կրակ բացում իրավապահ մարմնի աշխատակիցների վրա: Իրավապահներն ի պատասխան նույնպես կրակ են բացում եւ ահաբեկիչ վարորդը տեղում սպանվում է: Վիրավորվում են մի քանի ոստիկաններ:
Եվ այսպես, ահաբեկիչը` 42-ամյա Շամսուդ-Դին Ջաբբարը, Տեխասի բնակիչ էր, ԱՄՆ-ի քաղաքացի: Մեքենայի մեջ հայտնաբերվում է Իսլամյան պետության (ԼթԼխ-ISIS) դրոշը: Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն (FBI) մեքենայի մեջ հայտնաբերում է նաեւ զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր:
Միջադեպը հետաքննող հիմնական իրավապահ մարմինը հանդիսանում է ՀՖԲ-ն: Քննիչները գտնում են, որ Ջաբբարը միայնակ չի գործել: Առայժմ հայտնի է նաեւ, որ այդ անձնավորությունը ծառայել է ԱՄՆ-ի Զինված ուժերում: Բաժանված է եղել կնոջից եւ ցանկություն է ունեցել սպանել իր ընտանիքի անամներին: Հայտնի է նաեւ, որ նա հաճախ խոսել է «Իսլամյան պետության» ահաբեկչական խմբավորման մասին: 2021թ-ից Ջաբբարը աշխատել է «Deloitte» ընկերությունում որպես ավագ մասնագետ` խորհրդատվական հարցերով:
Նոր Օրլեանի ոստիկանությունը ուսումնասիրելով տեսախցիկները հայտնաբերել է, որ ինչ-որ անձինք են վերոնշյալ մեքենայի մեջ տեղադրել պայթուցիկ նյութեր:
Պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել նաեւ նույն Բուրբոն փողոցի (ֆրանսիական թաղամաս) տարբեր հատվածներում: Իրավապահներին հաջողվել է վնասազերծել դրանք:
Նույն օրը, գրեթե նույն ժամանակահատվածում, Լաս-Վեգասում «Trump international» հյուրանոցի հարեւանությամբ ԱՄՆ քաղաքացի, Զինված ուժերի ավագ սերժանտ, «կանաչ բերետ» (Green Beret) Մեթյու Ալան Լիվերսբերգերը պայթեցրեց «Tesla Cybertruck» ավտոմեքենան: Վերջինս 37 տարեկան գործող զինվորական էր եւ ծառայում էր Գերմանիայի հատուկ նշանակության 10-րդ բրիգադում (զինվորական միավորում):
Պայթյունի պահին (կամ ինչպես գտնում են առայժմ իրավապահները` ինքնասպանության պահին) Լիվերսբերգերը գտնվում էր արձակուրդում:
Լաս-Վեգասի շերիֆ Կեվին Մաքմաքիլլը հայտարարել է, որ սուբյեկտը ինքնասպան է եղել կրակելով իր գլխին, մինչեւ մեքենայի պայթյունը: Պայթյունի հետեւանքով վնասվել են 7 մարդ; 1 մարդ զոհվել է:
Այդ երկու պայթյունները Նոր Օրլեանում եւ Լաս-Վեգասում ունեն որոշակի ընդհանրություններ: Երկուսն էլ տեղի են ունեցել Նոր Տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ին, երկու անձերն էլ մեքենան վարձել են Turo կայքի միջոցով: Երկուսն էլ այս կամ այն կերպ զինվորական անցյալ եւ ներկա ունեին; երկուսն էլ ծառայել էին Աֆղանստանում գրեթե նույն ժամանակ: Հայտնի է նաեւ, որ Լիվերսբերգերը ունեցել է մարմնական մի քանի լուրջ վնասվածքներ եւ խորին ընկճվածություն (դեպրեսիա), որոնք «ձեռք է բերել» Աֆղանստանի գործուղումից: Իր սիրած աղջկան (վերջինս զինվորական բուժքույր էր) ուղարկած վերջին էլեկտրոնային նամակում Լիվերսբերգերը գրել է «Այս ամենը զզվելի է, ես ինձ Բեթմեն «Batman» եմ զգում վերջերս»:
Հետաքննիչները սուբյեկտի հեռախոսի մեջ գտել են եւս մի հետաքրքրական նամակ` գրված իր կողմից՝ «Ամերիկացիների ուշադրությունը կարելի է գրավել միայն արտասովոր տեսարաններով եւ բռնությամբ: Դրա համար էլ ես ընտրում եմ այս ճանապարհը»:
Ընկերները նրա մասին խոսելիս ասել են, որ նա ամեն ինչում ուզում էր տարբերվել մյուսներից եւ լինել առաջինը, այդ թվում` մարտերում:
Պայթյունից հետո պարզվել է, որ նրա մեքենայի ետնամասում բեռնված են եղել բենզինով եւ այլ վառելանյութով լի ապրանքամաններ, պայթուցիկ նյութեր եւ հրավառություններ:
Նույն օրը, 2025թ. հունվարի 1-ին, անհայտ 4 չարագործներ Նյու Յորքի Քուինս թաղամասի «Amazura» գիշերային ակումբի դիմաց 30 կրակոց են արձակել այցելուների վրա: Ավելի քան 11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Բոլորին տեղափոխել են հիվանդանոց: Բոլոր տուժածները 16-20 տարեկան են: Չարագործները փոխուստի են դիմել հանցանքի վայրից «Infinity» մակնիշի գորշ գույնի մեքենայով: Նրանց մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:
Արեւմտյան որոշ փորձագետներ Նոր Օրլեանի եւ Լաս-Վեգասի ահաբեկչությունները փորձում են համակարգել գաղափարախոսության եւ կազմակերպչական տեսակետներից:
Առաջին հերթին` արդյո՞ք այդ ահաբեկիչները կապված էին միմյանց հետ, եւ եթե նույնիսկ ոչ, արդյո՞ք նրանք ղեկավարվում էին նույն կենտրոնից: Մի բան արդեն ակնհայտ է. եթե նախկինում ահաբեկիչները ուղեւորվում էին «թիրախ» երկրներ էմիգրացիոն հոսքերով, ապա հիմա ռադիկալացվում են հենց տեղաբնակ քաղաքացիները:
Մեքենայով կազմակերպված (վրաերթ, պայթյուն) ահաբեկչական ակտերը համարվում են ցածր մակարդակի տեխնոլոգիաներ: Սուբյեկտը ընտրելիս, ահաբեկչության գաղափարախոս ղեկավարները հաշվի են առնում տարիքը (Նոր Օրլեանում – 42 տարեկան, Լաս-Վեգասում – 37 տարեկան), ընտանեկան բարդությունները, պարտքերը, անձնական պրոբլեմները, հասարակությունից նեղացած լինելը, քաղաքական հավակնություններն ու նկրտումները եւ այլն, եւ այլն:
Հունվարի 3-ին դեռեւս գործող նախագահ Ջո Բայդենը ելույթ ունեցով Սպիտակ տնից` ահաբեկչական ակտերի կապակցությամբ: Ընդ որում ելույթն սկսեց իրեն բնորոշ «սրամտությամբ»՝ «Վստահ եմ, որ հիմա կծափահարեք, որովհետեւ ես վերջապես հայտնվեցի» («ներկաները» ծիծաղեցին): Այնուհետեւ Բայդենը հայտնեց, որ Սպիտակ տան իրավիճակային կենտրոնում ինքը խորհրդակցություն է անցկացրել հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիրների հետ: Նա նշել է նաեւ, որ ահաբեկիչների միջեւ դեռեւս որեւէ կապ չի հայտնաբերվել, բայց քննությունը ակտիվորեն շարունակվում է: Միեւնույն ժամանակ Բայդենը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ հայտնել, որ չնայած այդ ողբերգությանը, վերոհիշյալ քաղաքները շարունակում են ապրել ու ծաղկել…
Նյու Յորքի ահաբեկչական ակտից դեռեւս ոչինչ հայտնի չէ:
Հայտնի է, որ ամերիկյան զինծառայողները, որոնք անցել են Աֆղանստանի եւ Իրաքի «թոհ ու բոհով», այնքան էլ չեն համակրում ամերիկյան հասարակությունը եւ հատկապես քաղաքական գործիչներին: Նրանց կարծիքով, տիրող հասարակարգը անտարբեր է իրենց նկատմամբ, զոհվածների ընտանիքների նկատմամբ, կորցված ժամանակի եւ առողջությամբ նկատմամբ: Այս թեմաներով Հոլիվուդում նկարահանվել են բաղմաթիվ գեղարվեստական ֆիլմեր եւ ոչ անհիմն:
Չի բացառվում, որ Թրամփի վերընտրումը հունից հանել է պատերազմների մասնակից շատ վետերանների: Կարծես թե ամերիկյան հասարակության մեջ բեւեռացում է տեղի ունենում:
Իհարկե, մենք` հայերս, նույնպես ցավակցում ենք զոհված ամերիկացիների ընտանիքներին, հարազատներին, բարեկամներին, մանավանդ, որ դեռ չգիտենք զոհվածների թվում հայեր էլ կան, թե՞ ոչ: Միեւնույնն է, նրանք բոլորը անմեղ զոհեր են: Հայաստանն էլ տեսել է ծանր ահաբեկչություն: Աստված պահպանի մեզ նոր փորձություններից:
Ընթերցողս նկատեց, որ հոդվածիս սկզբում մեջբերել եմ Տուլսի Հաբբարդի հայտարարությունը: Նա հունվարի 20-ից հետո կզբաղեցնի ամերիկյան կառավարության կարեւորագույն պաշտոններից մեկը եւ Էրդողանին համարում է ԱՄՆ-ին ոչ բարեկամ, անվանում է նրան դիկտատոր խալիֆ:
Արդյո՞ք սա կների Էրդողանը: Արդյո՞ք այս ահաբեկչական ակտերը պատահական էին: Արդյո՞ք «Իսլամական պետություն» կազմակերպությունը հատուկ հանձնարարություն չի ստացել: ՀԴԲ-ի, ոստիկանության եւ հետախուզության համար սա բավականին դժվար հետաքննություն կլինի, մանավանդ որ սուբյեկտները սպանված են:
Միեւնույն ժամանակ ուզում եմ հայտնել, որ նորընտիր նախագահ Թրամփը հայտարարել է «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իմ ընկերն է, մարդ` որին ես հարգում եմ: Կարծում եմ, նա էլ ինձ է հարգում»: Դե ինչ կա որ, ԱՄՆ-ը ազատ դեմոկրատական երկիր է, հետախուզության պետը կարող է իր սեփական կարծիքը ունենալ նախագահի ընկերների մասին եւ մնալ իր պաշտոնում: Ժամանակը ցույց կտա:
Ամեն ահաբեկչական ակտից հետո, ո՛ր պետությունում էլ այն տեղի ունենա, բոլոր երկրների հատուկ ծառայություններում այն քննարկվում է, հետեւություններ են արվում եւ փորձում են առաջնորդվել իրենց աշխատանքում:
Վատ չէր լինի, եթե Հայաստանի հատուկ ծառայություններում էլ այն քննարկվեր: Կարծում եմ նաեւ, որ մեր նոր հետախուզական ծառայությունը պետք է բաց չթողնի առիթը եւ փորձի «բարեկամանալ» Տուլսի Հաբբարդի հետ:
Կյանքը ցույց տվեց, որ ո՛չ Ս. Նարիշկինը (ռուսական հետախուզության պետը, «լեռնային» հրեա, Մոսկվայում բնակվող միլիարդատեր Գոդ Նիսանովի մտերիմը), ո՛չ էլ Ռիչարդ Մուրը (Մեծ Բրիտանիայի Mi-6 հետախուզության պետը, Թուրքիայում երկար տարիներ աշխատած եւ թուրք կնոջ հետ ամուսնացած: Էրդողանի եւ Հաքան Ֆիդանի մտերիմը) Հայաստանին բարեկամներ չեն:
Տեսնենք, ինչպիսին կլինեն ԱՄՆ Ազգային Հետախուզության տնօրեն Տուլսի Հաբբարդը, ԿՀՎ (CIA) նորանշանակ տնօրեն Ջոն Ռետկլիֆֆը եւ մյուս հատուկ ծառայությունների ղեկավարները:
Վսհատ եմ, որ համապատասխան հաշվարկներով եւ վերլուծություններով արդեն շատ ակտիվորեն զբաղվում են Ադրբեջանի հատուկ ծառայություններում եւ ԱԳՆ-ում: Կարելի՞ է արդյոք այս իրավիճակների հետ կապել նաեւ նախագահ Ալիեւի վերջին` հունվարի 7-ի արյունառուշտ հարցազրույցը՝ «…Հայաստանը ֆաշիստական պետություն է… Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի եւ կբացվի… ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Հայաստան…, կա՛մ Հայաստանի ղեկավարը ինքը կոչնչացնի ֆաշիզմը իր երկրում, կա՛մ դա կանենք մենք…»:
Լրջորեն մտածել է պետք եւ իհարկե պատրաստվել:
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Գաղտնի ծառայությունների աշխարհից