Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

90-ամյակ. Հայ ժողովրդի պատմական հիշողության եւ բանավոր մշակույթի պահապանը` Վերժինե Սվազլյան

ԱԶԳ
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
127
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանագետ, բանահավաք, ժողովրդագետ, ցեղասպանագետ, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանի կյանքի  ավելի քան 65 տարիները միահյուսված են հայ ժողովրդի ճակատագրի վկայություններին: Հայաստանի եւ Սփյուռքի գիտական հանդեսներում ու պարբերական մամուլում լույս տեսած նրա շուրջ 500 հրատարակություններում, ընդ որում՝ տարբեր լեզուներով, ինչպես նաեւ շուրջ 30 աշխատություններում ամբարված են հայ ժողովրդի պատմական հիշողությունն ու բանավոր մշակույթի կորստից փրկված նշխարները:

Մարտի 1-ին ականավոր բանագետ-ցեղասպանագետի ծննդյան 90-ամյա հոբելյանը մեծ հանդիսությամբ նշվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում, իսկ մարտի 2-ին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գիտական հաստատություններ՝ որոնցում երկար տարիներ աշխատել է  վաստակաշատ գիտնականը:

 «Հայ բանագիտության մեծ տիկինը»

Մարտի 1-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ընդլայնված գիտական խորհրդում ջերմ մթնոլորտ էր: Ներկաները՝ պատմաբաններ, հնագետներ, բանասերներ, այլ բնագավառների ներկայացուցիչներ ծաղկեփնջերով եւ ծափողջյուններով դիմավորեցին հոբելյարին:

Սեղանին դասդասված էին Վերժինե Սվազլյանի գրքերը, ստվարածավալ հատորները. Հայ ժողովրդական հեքիաթների «Արցախ-Ուտիք» (1973), «Տարոն-Տուրուբերան» (1984), «Վան-Վասպուրական» (1998), «Մուսա Լեռ» (1984),  «Կիլիկիա. Արեւմտահայոց բանավոր ավանդությունը» (1994), «Մեծ Եղեռն. Արեւմտահայոց բանավոր վկայություններ» (1995), «Մեծ եղեռնը արեւմտահայոց հուշապատումներում եւ թուրքալեզու երգերում» (1997՝ հայ., ռուս., 1999՝ անգլ., 2005՝ թուրք., Ստամբուլ), «Պոլսահայոց բանահիւսութիւնը» (2000), «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» (2000, համալրված 2011՝ հայ., անգլ., 2013՝ թուրք., Ստամբուլ), «Հայոց ցեղասպանությունը եւ պատմական հիշողությունը» (2003-2005՝ հայ., անգլ., ֆր., գերմ., ռուս., թուրք.՝ Ստամբուլ): Ցուցադրված էին նաեւ պատկերազարդ քառահատոր մեծադիր հանրագիտարանը ( The Greenwood Encyclopedia of World Folklore and Folklife. , որի էջերում տպագրված է նաեւ Վ. Սվազլյանի  Armenia  ծավալուն հոդվածը, «Մուսա Լեռան հերոսամարտը. Ականատես վերապրողների վկայություններ» (2015, հայերեն, անգլերեն), «Ռուսաստանի հայերի բանավոր ավանդույթի նշխարներ (Դոնի Ռոստով եւ Պյատիգորսկ)» (2020, հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ի վերջո՝ «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» (2021, հայերեն, անգլերեն) ստվար հատորը:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինտիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը ջերմագին ողջույններով շնորհավորեց հոբելյարին ու քաջառողջություն եւ գիտական նորանոր ձեռքբերումներ մաղթեց նրան:

Նույն ինստիտուտի փոխտնօրեն, Բանահյուսության տեսության եւ պատմության բաժնի վարիչ Տորք Դալալյանը համառոտ ներկայացրեց Վ. Սվազլյանի կենսագրականն ու գործունեությունը:
Նա ծնվել է 1934 թ. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1947 թ. Սվազլյանների ընտանիքը հայրենադարձվել է Հայաստան: 1956 թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժինը: 1958-1961 թթ. հայտնի ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի գիտական ղեկավարմամբ ուսումը շարունակել է ԳԱ ասպիրանտուրայում՝ «Հայ ժողովրդական բանահյուսություն» մասնագիտությամբ: Ասպիրանտական ուսումնառության ընթացքում եղել է Մ. Աբեղյանի անվան կրթաթոշակառու: 1961 թվականից մինչեւ օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում: 1996-2004 թթ. միաժամանակ աշխատել է նաեւ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: 1996-2018 թթ. եղել է նույն ինստիտուտներում, ինչպես նաեւ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող Մասնագիտական խորհուրդների անդամ:
Սկսած 1955 թվականից՝ ավելի քան 65 տարիների ընթացքում, անձնական նախաձեռնությամբ եւ արեւմտահայի արյան կանչով, ձեռքով գրառել, ուսումնասիրել եւ հրատարակել է Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Փոքր Ասիայի ավելի քան 150 հայաբնակ տեղավայրերից բռնագաղթվածների տարբեր բարբառներով հաղորդած ժողովրդական բանավոր ավանդության նշխարները, նրանց փաստավավերական հուշ-վկայություններն ու պատմական երգերը՝ հայերեն եւ թուրքալեզու:

Բազմավաստակ գիտնականն արժանացել է հայրենական եւ արտերկրի ավելի քան երեք տասնյակ պարգեւների, այդ թվում պետական՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում նշանակալից ավանդ ներդնելու համար ՀՀ Նախագահի Առաջին մրցանակի եւ «Ոսկե հուշամեդալի» (2006) եւ «Մովսես Խորենացի» մեդալի (2013): 2016 թ. գիտության եւ կրթության բնագավառում ունեցած վաստակի համար նրան շնորհվել է ՀՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինտիտուտի նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ, առանձնահատուկ շեշտադրումով գնահատեց հոբելյարի աշխատություններն ու դրանց պատմավավերագրական արժեքը՝ նշելով. «Տիկին Վերժինեի աշխատանքների կարեւորությունն այն է, որ ինչքան շատ ժամանակ անցնի, այնքան դրանք դառնալու են արժեքավոր ու փնտրված…: Մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ սրանք շատ կարեւոր տեղ են զբաղեցնում: Եվ միայն դրա համար այս տիկնոջ ձեռքը պետք է հազար անգամ համբուրել»:
Հայոց ազգագրության թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը գիտական անձնակազմի անունից ընթերցեց «Հայ բանագիտության Մեծ Տիկին» Վերժինե Սվազլյանին ուղղված ուղերձը:

Այնուհետեւ, ելույթ ունեցավ նույն ինստիտուտի Հայ բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ, բ. գ. դ. Թամար Հայրապետյանը՝ գնահատելով հոբելյարի բանահավաքչական գործունեության եւ միջազգային գիտաժողովներին մասնակցությունը (Ռուսաստան, Հունաստան, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Գերմանիա, ԱՄՆ, Կանադա, Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Թուրքիա): Նա Սփյուռքում հետեւողականորեն հայտնաբերել է ականատես-վերապրողներին ու նրանց ժառանգներին՝ չշրջանցելով նույնիսկ ծերանոցները:
Ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրությունների բաժնի վարիչ, պ. գ. դ. Ռուբեն Կարապետյանն իր ելույթում ընդգծեց Վ. Սվազլյանի գիտական ուսումնասիրություններում առկա նաեւ էթնոսոցիոլոգիական ուղղվածությունը:

Իսկ Բանահյուսության տեսության եւ պատմության բաժնի գլխավոր գիտաշխատող, պ. գ. դ. Հակոբ Չոլաքյանն իր ելույթում նշեց. «Տիկին Վերժինե Սվազլյանն առավելաբար ծանոթ է իբրեւ բանահավաք: Իր բանահավաքչական գործի կարեւոր մեկ բաժինը Ցեղասպանության վերապրողների վկայությունների արձանագրությունն է: Ասիկա հիրավի մեծ ներդրում եղավ ցեղասպանագիտության համար»:

Ինչպես վկայում էին ինստիտուտի գիտաշխատողները, մեկ միջոցառումը բավական չէ գնահատելու ժողովրդագիտական այն ժառանգությունը, որը սերունդներին է ավանդել Վ. Սվազլյանը:

Պատմական հիշողության պահապանը

Մարտի 2-ին Վերժինե Սվազլյանին մեծարեցին նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պ. գ. դ.  Հարություն Մարությանը, ինչպես նախորդ օրն իր հնչեցրած ելույթում, նույնպես եւ այս միջոցառմանն ընդգծեց, որ Վ. Սվազլյանն այն գիտնականն է, որ հուշապատումի ժանրը բարձրացրել է գիտական աստիճանի. «Տիկին Սվազլյանը առաջինն էր Խորհրդային Հայաստանում, որ այդ հուշագրությունները դրեց ժողովածուի մեջ եւ համահավաք ձեւով ներկայացրեց հանրությանը: …Տիկին Վերժինեն վավերագրել է վերապրածների պատմածները: Եվ որքան ժամանակն անցնի, որքան ժամանակի փոշին նստի, դրանց արժեքն ավելի է մեծանալու, որովհետեւ վերապրողներ այլեւս հնարավոր չէ գտնել: Նա անհայտությունից փրկել է ցեղասպանության իրողության մասին պատմող վկայությունները»:
Այնուհետեւ, ելույթ ունեցավ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման եւ ուսումնասիրության բաժնի վարիչ, պ. գ. թ. Շուշան Խաչատրյանը եւ ներկայացրեց հոբելյարի ՀՑԹԻ-ում աշխատած տարիների գործունեության մասին հետաքրքրական փաստեր՝ արձանագրելով, որ նա եղել է ՀՑԹԻ հիմնադիր գիտնականներից մեկը:

Նույն բաժնի ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Թեհմինե Մարտոյանը, միանալով շնորհավորանքներին, նշեց, որ Վ. Սվազլյանը կարողացել է իրականություն դարձնել իր հոր՝ եգիպտահայ գրող, հրապարակախոս, երգիծանկարիչ, ազգային-հասարակական գործիչ, Զմյուռնիայի աղետից վերապրած Գառնիկ Սվազլյանի պատգամն իր դստերը. «…Պատիվ բերես քու ծնողքիդ եւ քու ազգիդ, Հայրենիքիդ»:

ՀՀ ԳԱԱ Հայկական հանրագիտարան-հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանի գնահատանքի ուղերձը հոբելյարին ընթերցեց նույն հաստատության աշխատակից Էլմիրա Մարգարյանը:
ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության, բանավոր պատմությունների հավաքման գործում ունեցած նշանակալի ավանդի համար» Վ. Սվազլյանին շնորհեց թանգարան-ինստիտուտ հիմնադրամի «Հայոց ցեղասպանության հուշահամալիր» հուշամեդալ:

Միջոցառման ավարտին հուզիչ ու տպավորիչ էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Արմենուհի Սեյրանյանի ներկայացրած Մուսա Լեռան «Գյարմեր ֆըստան» եւ Բութանիայի «Արտ մը ունիմ՝ գարի է» ժողովրդական հնավանդ երգերը:

Վերջում ցուցադրվեց «Սվազլյան գերդաստանի հավատամքը» վավերագրական ֆիլմը, որը դիտվեց մեծ հետաքրքրությամբ:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարներ՝

1. ՀՑԹԻ-ում

2. ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

«Ես դատը շահել եմ, քանի որ ոչ թե վիրավորել, այլ որակում եմ տվել  նրանց արարքներին». ՎԱՀԵ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

«Ես դատը շահել եմ, քանի որ ոչ թե վիրավորել, այլ որակում եմ տվել  նրանց արարքներին». ՎԱՀԵ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

17/06/2025

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Թուրքիա մեկնելուց և իր սիրելի Էրդողանին հանդիպելուց առաջ Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ հարձակումը Նիկոլի համար...

ԿարդալDetails

Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը. Սուրեն Սուրենյանց

17/06/2025

Արդյոք Ձեր հայրն ընտրակեղծարարության մաս չի կազմել. հարց՝ Ռուբեն Ռուբինյանին

17/06/2025

Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան

17/06/2025

Իրավիճակը մեզ համար առավել կբարդանա. Սուրեն Սարգսյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական