«Յոթը» թիվը՝ հայերիս համար խորհրդանշական, փայփայված յոթը թիվը, 1988-ին ողբերգական, ճակատագրական եղավ: Որովհետեւ եղավ դեկտեմբերի 7-ը… Հետո 7-ը դարձավ 27՝ եղավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը: Հիմա էլ՝ հունիսի 27: Գուցե ոչ պատահաբար կրկնված այս երկրորդ 27-ի տարբերությունն առաջինից այն է, որ առաջին դեպքում մարդիկ սպանվեցին, իսկ այս դեպքում՝ հոգի…
Այսպես չպիտի լիներ: Այսպես լինել իրավունք չուներ: Բայց եղավ՝ ի զարմանս ու անպարագիծ ցավ բոլորիս, համայն հայության, ի ամոթ ու նախատինք մեզնից արդեն զատված այս կառավարող խմբի, նրա պարագլխի ու մեզ էլ:
Կարելի չէ հավատալ, թե Հայ Առաքելական եկեղեցու որեւէ զավակը կամ ուղղակի հայերիս սրբությունները հարգող մեկը, ով էլ լինի, կարող էր այսպես դիմակավորված ու անդիմակ, ասում են՝ նաեւ զինված ուժայինների զորք ուղարկել՝ ներխուժելու ո՛ւր… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի՛ն, Վեհարանի թեկուզ կից տարածք… Մի բան, որ անգամ թշնամուն կարծես թե չէր հաջողվել: Եվ ինչի՛ համար՝ մի անզեն ու որեւէ վտանգ չներկայացնող, օրենքից չփախչող հոգեւորականի ձերբակալելու:
Եթե անգամ դեռ հունիսի 17-ին Միքայել Սրբազանի դեմ քրեական վարույթ էին սկսել, մեղադրանք հարուցել ու պարտադիր էին համարել անգամ ձերբակալելը, անցած այդ տասն օրը բավարար չէ՞ր՝ երկու ոստիկան առանց աղմուկի հանգիստ գային բարձրաստիճան հոգեւորական թեմակալ առաջնորդի նստավայր Շիրակի թեմի առաջնորդարան, ներկայանային ու ներողություն խնդրելով ասեին՝ Սրբազան հայր, այսպիսի որոշում է կայացված, մեզ հանձնարարված է, խնդրում ենք կամ առաջարկում ենք այս-այս հիմքով ու պատճառով գալ մեզ հետ… Եվ ոչ թե նույն օրը, ըստ վկայությունների, մի երեսուն հոգով մտնելով առաջնորդարան ու խուզարկություն անելով՝ անգամ կտրուկ մերժել առաջնորդի փաստաբանի ներկա լինելու իրավունքը, իսկ Սուրբ Էջմիածնում քահանայական ժողովի մասնակցող առաջնորդին ձերբակալելու համար այդ սրբավայր ներխուժել այդպիսի տգեղ ցուցադրական դիմակահանդեսով, ո՞ւմ վախեցնելու…
Ախր նույնիսկ որեւէ քաղաքացիական համայնքի ղեկավարի փոխել, նորին ընտրել իրավասու է միայն նրան ընտրող մարմինը: Իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսին ընտրել ու ընտրում է անգամ ոչ միայն հայաստանյան ու ոչ էլ քաղաքացիական, այլ համահայկական հոգեւո՛ր ներկայացուցչական մարմինը, Ազգային-եկեղեցական ժողովը: Մի՞թե պարզ չէ:
Մեզ, մեր երկիրը դեպի այսքան դժբախտություններ, կորուստներ, վտանգներ առաջնորդած, անգամ մեր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք ներխուժած թշնամուն որեւէ կերպ դուրս հրավիրել չկարողացած, երկրի առջեւ ծառացած խնդիրները եւ իր հիմնական պարտականությունները թողած՝ ամեն օր մեզ կեղծ գաղափարներով, կեղծ օրակարգերով լարված պահող ու հասարակության մեջ նաեւ մշտապես թուլացնող պառակտում ու թշնամանք հրահրող այս վարչախումբը եւ նրա ղեկավարն այժմ խոսքից անցնում են գործի ու այսպես են գործում:
Այն, ինչ հունիսի 27-ին հրահրվեց իր հնարավոր (փառք Աստծո՝ տեղի չունեցած) վտանգալից հետեւանքներով, ոչ միայն հանդուգն, աննախադեպ ոտնձգություն, այլ նաեւ աններելի սրբապղծություն ու անթաքույց անարգանք էր մեր ազգահավաք սրբություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, մեր Եկեղեցու, համայն հավատավոր հայ ժողովրդի զգացմունքների հանդեպ, նաեւ՝ առաջին քրիստոնյա մեր պետությանն աշխարհի առջեւ խայտառակող ու մեր թշնամիներին ուրախացնող: Կարծում եք՝ իզո՞ւր է նույն օրվա, օրինակ, ռուսաաստանյան «Ռունյուզ24» կայքի «Ադրբեջանը պաշտպանում է Փաշինյանի գործողությունները» վերնագրով հրապարակումը, որի առաջին պարբերությունում ասվում է. «Ադրբեջանը, ըստ ադրբեջանական «Մինվալ» հրատարակության, պաշտպանում է Փաշինյանին նրա գործողություններում, որոնք, ըստ հրատարակության, վնասում են հայկական պետության ինստիտուցիոնալ կառուցվածքին»:
Հունիսի 27-ը չափազանց վատ, արտառոց նախադեպ էր, որն այլեւս երբեք, ոչ մի կերպ չպետք է կրկնվի: Կասկած չունեմ՝ նրանք, ովքեր այդ, մեղմ ասած, դատապարտելի «գործողությունը» կատարելու կարգադրությունն են «իջեցրել», ովքեր դրա հրամանն են տվել եւ ովքեր այն ջանադրորեն են կատարել, նրանք երբ էլ լինի՝ մի օր դրա համար օրենքով պատասխան են տալու: Իրավական լինի, մարդկային-բարոյական, թե… Ասեմ ինչ: Շատ տարիներ առաջ ցավալի մի առիթով պատահական զրույցի ժամանակ կիսածանոթ, տարիքով զրուցակիցս մի բան ասաց, որն այդ պահին զարմացնելով, միշտ մնաց հիշողությանս մեջ: Ասաց մոտավորապես հետեւյալը. երբեմն կան բաներ, որոնց հարցը եթե մարդկային օրենքներով չի լուծվում, լուծվում է աստվածայի՛ն օրենքներով: Սուրբ Էջմիածինը Աստծո տունն է…
Մեր ընդհանուր անկումը (ոչ միայն սույն առիթով) այս ո՞ւր է հասել: «Ազգի» բազմահմուտ լրագրողներից իմ մի հին գործընկերուհու դիպուկ բանաձեւմամբ՝ «Արարատի գագաթից՝ ֆեյսբուքյան վիհ»… Ուստի երկրիս նաեւ կառավարող օղակներում նրանց, ովքեր դեռ ունկ ունեն լսելու, «եղբոր մը պես», տարիքի բերումով՝ նաեւ ծնողի պես ասեմ՝ սա վատ տեղ տանող, վատ ճանապարհ է: Սթափվեք, կա՛նգ առեք…
Եվ օրվա մտահոգության առիթով բերեմ մեր նախորդ՝ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը.
«… Էջմիածինը քա՞ր է:
Ափսո՜ս նրանց, որոնք իբրեւ քար են դիտում Էջմիածինը: Էջմիածինը ճարտարապետությո՞ւն է: Ո՛չ: Էջմիածինը հոգի է, քարերի միջից բխող հոգի: Սակայն հոգին լսելու համար հոգով պետք է մոտենալ, հոգի պետք է ունենալ, ճշմարիտ հավատացյալ պետք է լինել՝ այդ քարերի միջից Սուրբ Հոգու շարժումը զգալու եւ մեր հոգու մեջ այն փոխադրելու համար»:
Ավետարանաշունչ պատգամն է ասում. «Զհոգին մի՛ շիջուցանէք»:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀ քաղաքացի
2025.07.01