Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՉՕԳՆԻ ԷԼ, ԻՆՔՆԵՐՍ ԱՍՏՎԱԾ ԿԿԱՐԳԵՆՔ ՄԵԶ»

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 18-ին Կոմիտաս կոնսերվատորիայի համեստ մի ազդագիր ծանուցում էր, որ ուսանող Արամո Մամիկոնյանը ներկայացնելու է Շուբերտի հանրահայտ ու հանճարեղ ստեղծագործություններից մեկըՙ «Ձմռան ճամփա» վոկալ շարքը: Մեր երկրի 100-ամյա այս հաստատության հարկի տակ 2020-ի դեկտեմբերի 17-ին Բեթհովենի 250-ամյակին նվիրված համերգային շքեղ ծրագրով վերարթնացած օպերային ստուդիան 2021-ի տարեվերջյան երաժշտական նվերն է մատուցումՙ իր լուրջ ընտրությունը հանդիսատեսին ընծայելով: Օպերային ստուդիայի մեկամյա գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը բազմիցս հաստատել է, որ հստակ ծրագիր ունի, ահռելի գիտելիք, չի վախենում դժվար մարտահրավերներից եւ որ ամենակարեւորն էՙ զգայուն սիրտ ունի եւ երաժշտության միջոցով մեր հիվանդ հոգին դարմանելու առաքելություն է ստանձնել:

2020-ի սեպտեմբերից պատերազմը մեր տուն է մտել, եւ տարվա բոլոր եղանակների մեջ, անգամ գարնան ծաղկած ծառերի սպիտակ հարսնաքողի մեջ շատերս ձմռան սպիտակն ենք տեսնում…Ձմեռն այդ անշնչացրել է մեր 5000 զինվորի, ձյունապատ ճամփան չհալչող սառույց է կապել եւ տունդարձի ճամփան չեն գտնում մեր անհետ կորածները: Օպերային ստուդիայի այս հրավերն ընկալելի կարող էր լինել որեւէ ամսի, բայց ժամանակայինՙ տարեվերջին դրա ներկայացումը, երբ մարդու մեջ Ամանորի, սուրբ Ծննդյան տոնին սպասելու, իր ներսը քննելու, իր հոգու տաճարը նորոգելու, ապրելը վերաիմաստավորելու խնդիրն է հառնում, ուրիշ շեշտադրում ունիՙ մեր ներսի, մեր ներքին ճամփան ենք քննում:

Գերմանալեզու երկու հեղինակՙ Ֆրանց Շուբերտն ու բանաստեղծ Վիլհելմ Մյուլլերն այդ երեկո մեկ ժամից ավելի հնչում էին օպերային ստուդիայի գեղեցիկ վերանորոգված բեմից, եւ նրանց ստեղծագործական համերաշխության ականատեսն ու ունկնդիրն եղանք այն սակավ ընտրյալներս, որ հավատացել էինք, թե հենց այս բեմից իր համաշխարհային բեմական ուղին է հարթում մի համեստ երիտասարդ, որի ձայնի մեջ մեր բնաշխարհի բոլոր գույները կան, եւ աշխատասիրության շնորհիվ այդ գուներանգներն առավել փայլ են ստանալու: Արամո Մամիկոնյանի երգչական, բեմական վերելքին հավատում է Հասմիկ Պապյանը: Մեծ օրհնություն է այդ հավատը:

Շուբերտիՙ 24 երգից բաղկացած «Ձմռան ճամփա» շարքը բարդ մարտահրավեր է, եւ դժվար թե գտնվեն մարդիկ, որ Ավստրիայում, Գերմանիայում, գերմանախոս երկրներում դրա ազդագիրն անընդհատ ու հաճախ տեսնեն համերգային դահլիճների պատերին: Երգիչը որոշակի հասունություն, զգայականություն պիտի կուտակած լինի, որ կարողանա արտահայտել մարդկային ցավն ու տառապանքն այնպես, ինչպես փոխանցում է այս երգաշարը: Համերգասրահում ինձ հանդիպած քարտեզագետ Ռուբեն Գալչյանը , նրա տիկինը շատ երջանիկ էինՙ Լոնդոնում համերգ բաց չենք թողել, բայց որեւէ անգամ Շուբերտի այս շարքն ամբողջական ունկնդրելու առիթ չի եղել: Բարդ է, խուսափում են: Իսկ Արամո Մամիկոնյանն անշուշտ խոստումնալից է, ուրախությունն առանց թաքցնելու համերգի ավարտին փոխանցում է Ռուբեն Գալչյանը:

«Ձմռան ճամփա» շարքի քնարական հերոսը սիրուց մերժված մի երիտասարդ է, որ թողել է քաղաքն ու տունը, ձյուն ձմեռնոցով, մութ ու խավարի մեջ ճամփա ընկելՙ հոգուն համահունչ դատարկ ու ամայի վայրերով անցնելիս պատմում է իր կորցրածի, ցավի, զայրույթի, միայնության, հուսաբեկության մասին:

Թե՛ բանաստեղծական տեքստի հեղինակ Վիլհելմ Մյուլլերը, որ հայտնի է եղել Նապոլեոնի դեմ ազատագրական պայքարին մասնակցությամբ, թե՛ Շուբերտը քաղաքական ակտիվ վարք են ունեցել, որ իր արտահայտությունն է գտել նաեւ «Ձմռան ճամփա» շարքում: Ուստի խորթ չի կարող լինել այն մեկնաբանությունը, թե հայրենիքից օտարված սիրո կնիքն ունի այս շարքը: «Օտար եմ ես այստեղ, օտար էլ հեռանում եմ» տողը, որով սկսվում է շարքը, մեր հոգու դուռը բացում, մեր ներսի հետ խոսում է այնպես անկեղծ, որ դարերի, հասարակարգերի, երկրների, լեզվի խզում չի նկատվում: Պատերազմից հետո Շուբերտի երաժշտական այս կտավը, որում ձայնն առավել վայրընթաց, բայց քնքուշ է, որում վիրավոր հոգու ձայնին օրոր է երգում քամին, եւ մեղեդին գծում է անուրջներ պահած ծառի ուրվագիծը, ձյան մեջ պահ գտած ոտնահետքը, սառած արցունքը, գետի լռությունը, վերջին տերեւն ու հույսը վերջին, շների արթնացնող հաչոցը, ձյանն ու քամուն դիմահար ընթանալու կամքը, առավել խոր հետք է թողնում, քան նախկինում, երբ անձնական ցավը համազգային տառապանք չէր դարձել:

Վերջին երգը, որ շրջմոլիկ երաժշտին է ուղղված, որն ուկնդիր չունի, բայց դեռ երգում է, որքան էլ հուսաբեկության, բայց եւ լավատեսության շող ունի: Ի վերջո չի դադարում երգը, ձայնը, Բանը:

Շուբերտը 26- 28 տարեկանում է գրել այս շարքը, եւ իմ տպավորությամբ տենոր Արամո Մամիկոնյանը հենց Շուբերտի տարիքին է: Ճաշակե՞լ է նա մերժված սիրո դառնությունը, ինձ հայտնի չէ, բայց պատերազմի բերած անանց տառապանքը, մեր օրերի հայոյախառը խոսքը եւ աստվածային Բանից հեռանալու ամենօրյա հոծ դարձող ուրվագիծը, լուսազուրկ ապագան չեն կարող անհետ մնալ, երիտասարդ մարդու ներսում չամբարել դառնություն եւ ցավ: Նա բեմին շատ է սազում, բարձրահասակ է, բարետես, իսկ աչքերը խոսուն են եւ լրացնում են երաժշտական դադարը: Այդ օրը մեկ ժամից ավելի բեմում էր, կանգնած նույն դիրքով, ազնվական կեցվածքով, եւ երգում էր այնպես հանդարտ, առանց հատուկ ջանքի, ասեսՙ Մյուլլերի գերմաներենն ի՛ր տեքստը լիներ: Թվում էր, թե նա ոչ թե մեկնաբանում, այլ իր ներսում հնչող չափածո խոսքը երգելով է արտաբերում: Գերմաներեն լեզվի գեղեցկությունը ընկալել է տալիս Արամոն, որ բոլոր հնչյունները հստակ արտաբերում է: Դաշնամուրի ձայնն ու մարդկային ձայնը լրացնում էին միմյանցՙ առանց խանգարելու, եւ ունկնդրին թվում էր, թե սա է հենց երաժշտության ներքին կյանքը, այնտեղ կարգուկանոն պահպանելու անխախտ օրենքը: Դաշնակահար Արուսյակ Ռշտունին զուտ նվագակցող չէ, նա հաղորդակցություն է ստեղծում նաեւ ունկնդրի հետ, եւ համերգը հաջողություն է գրանցում:

Մեր կյանքը կառավարող ապաշնորհ քաղաքական գործիչները հուսահատությունն այնքան են մերձեցրել մեր հոգու թափանցիկ սահմանին, այնքան արագ են կրկնապատկում իրենցից մեր հիասթափությունը, որ Շուբերտի «Ձմռան ճամփան» այլ կերպ եմ ընկալում: Ավելի լուսավոր, դիմակայելու հրամայականն ի մտի ունենալով: Քանի երաժշտագետներն ու քննադատները բացակայում են համերգային դահլիճներից, լրագրողներիս են թողել լուրջ բաների մասին արտահայտվելու առիթը, ներող կլինեք, եթե ավանդական, արտոնություն ստացած վերլուծական գծից շեղվեմ: Ինչպես 22-րդ «Քաջություն» երգն է հուշումՙ «համարձակ պայքարիր քամու եւ ձյան դեմ: Եթե աստված մեզ չօգնի էլ, ինքներս աստված կկարգենք մեզ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ «ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԾԻ՛Տ» ՕՊԵՐԱՅԻ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՄԱՆՅՈՒՆՅԱՆ»ՙ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ՄԱՆՅՈՒՆՅԱՆ»ՙ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական