Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՀՄԵԴ ՄԱԳԴԻ ՀԱՄՄԱՄ. «ԻՄ ՎԵՊԸ ԳՐԱԿԱՆ ՄԻ ՃԻՉ Է ԸՆԴԴԵՄ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ»

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ահմեդ Մագդի Համմամը (ծնված 1983 թվականին) եգիպտացի արձակագիր եւ լրագրող է: 2010 թվականից որպես մշակութային լրագրող համագործակցում է «Ալ-Ահրամ», «Ախբար էլ-Յոմ», «Ալ-Դուսթուր» եւ այլ լրատվամիջոցների հետ: Եղել է նաեւ «Գրքի աշխարհ» ամսագրի գլխավոր խմբագիրը: Հրատարակել է բազմաթիվ արձակ գործեր եգիպտական եւ արաբական պարբերականներում, հրատարակություններում եւ կայքերում: Նրա գրքերից ենՙ «Կահիրեից» (վեպ, 2008), «Իբն Ավաայի ցավը» (վեպ, 2011), «Ջենթլմենը նախընտրում է պարտվող խնդիրները» (պատմվածքների ժողովածու, 2014), «Պատմությունների գործարան» (25 հարցազրույց, 2016), «Այյաշ» (վեպ, 2017), «Բաղադրատոմս թիվ 7» (վեպ, 2017 եւ 2018), «Զեկուցումներ Սառային» (օրագրեր, 2019) եւ այլն, որոնք լույս են տեսել Կահիրեում, Դուբայում, Դամմամում եւ Բեյրութում: Համմամը մասնակցել է բազմաթիվ գրական-մշակութային համաժողովների ու միջոցառումների Եգիպտոսում եւ արտերկրում: Նրա ստեղծագործություններն արժանացել են մրցանակների (այդ թվումՙ «Սաուիրիս» մշակութային մրցանակին), արժանացել քննադատության եւ արաբալեզու ընթերցողների լայն շրջանակի բարձր գնահատականին:

Մենքՙ հայերս, Ահմեդ Մագդի Համմամի մասին տեղեկացանք այս տարի լույս տեսած նրա «Կազմակերպված մահ» վեպից, որ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: «Գրող Ահմեդ Մագդի Համմամըՙ լուրջ եւ մելամաղձոտ մի ձայն Եգիպտոսի խորքից, իր վերջինՙ «Կազմակերպված մահ» վեպի համար գործածել է մի որոշակի ցնցող վերնագիր, որը շատ բան է ասում նրա պատմության մասին: Պատմություն, որն ազդարարում է մարդկանց անհաջողությունները, սպասումներն ու ողբերգությունն ի դեմս անարդար, տանջող, ագահ եւ արյունոտ ու անկանխատեսելի հասարակության» (Էդգար Դավիդյան, «Լ”օրիան-Լը ժուր», Լիբանան, ֆրանսերեն մեծազդեցիկ օրաթերթ):

– Ահմե՛դ, նախ եւ առաջ հետաքրքրական կլինի իմանալ քո, ստացածդ կրթության, աշխատանքային գործունեությանդ վերաբերյալ…

– Ծնվել եմ Արաբական Միացեալ Էմիրություններում, եգիպտացի ծնողներից: Հասակ եմ առել այնտեղ, Ալ Այն քաղաքի Հարաթ Ալ-Սուրիին (Սիրիական թաղամաս) շրջանի բեդվինական միջավայրում: Պարսից ծոցի, սիրիական եւ իմ սեփական եգիպտական մշակույթների այս խառնուրդը մեծապես նպաստել է ինձՙ ստեղծելու մշակութային մի յուրահատուկ բուրմունք:

Ընտանիքիս հետ վերադառնալով Եգիպտոսՙ Հելուանի համալսարանի մանկավարժական բաժանմունքում ուսանել եմ արաբերեն լեզու եւ գրականություն:

Ներկայումս «Ալ-Դուսթուր» օրաթերթի մշակութային խմբագիրն եմ, ինչպես նաեւ որպես Կահիրեի թղթակից գրում եմ արաբերեն տարբեր լրագրերի եւ կայքերի համար:

– Եգիպտոսում գրողը կարո՞ղ է ապրել իր ստեղծագործությամբ:

– Բացի սակավաթիվ գրական անուններիցՙ գրեթե անկարելի է: Բայց ես գրական եկամուտով ապրելն ընդունել եմ իբրեւ իմ ծրագիր ու մարտահրավեր, որին ձգտում եմ հասնել: Կարծում եմ, որ մի օր ինձ կհաջողվի հասնել դրան: Հուսով եմ, որ այդ օրը մոտ է:

– Էդգար Դավիդյանը «Լ”օրիան-Լը ժուր»-ում վեպիդ մասին հրատարակած գրախոսականում քեզ անվանել է մի գրող, որը երբեք չի շոշափում անմեղ թեմաներ: Եվ որո՞նք են քո թեմաները:

– Գրական ծրագրիս մեջ կենտրոնանում եմ բազմազանության հարցի վրա: Չեմ սիրում ներկայացնել երկու նմանատիպ գիրքՙ ո՛չ գաղափարի եւ ո՛չ էլ պատմողական տեխնիկայի առումներով: Օրինակ, «Շնագայլի ցավերը» վեպում գրել եմ հոգեկան խանգարումների եւ ներքին խեղաթյուրումների մասինՙ դրանք համեմատելով ակնհայտ մարմնական արատների հետ: «Այյաշ» վեպում անդրադարձել եմ լրագրողական կոռուպցիայինՙ վեպի թափառաշրջիկ եւ պատեհապաշտ հերոսի կերպարով: «Ջենթլմենը նախընտրում է պարտվող խնդիրները» վեպում ներկայացրել եմ անձնական պարտությունները եւ թե ինչպես դրանք կարելի է ընդունել սրտաբացորեն կամ հումորով: Վերջապես, «Կազմակերպված մահի» մեջ ուզեցի բանալ եգիպտահայերի ծրարը եւ հայ ժողովրդի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունումՙ այն համեմատելով ժամանակակից ոճիրների, հատկապես այն հանցագործությունների հետ, որոնք Եգիպտոսում իրագործեց Մահմեդական եղբայրների իշխանությունը 2012-2013 թվականներին ու դրանից հետոՙ մինչեւ 2016 թվականը:

– Ե՞րբ եւ որտե՞ղ առաջին անգամ լսեցիր հայերի ու նրանց պատմության այդ ողբերգական էջի մասին:

– Ծանոթությունս տեղի ունեցավ տարօրինակ պատահականությամբ: Սիրիացի ընկերուհիներիցս մեկը Ֆեյսբուքում տեղադրեց խաչված մերկ հայ աղջիկների հավերժական լուսանկարը, որի տակ իր հայ պապի ծննդյան օրվա առթիվ գրեց մեկնաբանությունՙ ամփոփելով պապիկիՙ տեղահանության եւ աքսորի ընթացքում անցած ուղին Անատոլիայից դեպի Սիրիա, ավելի ստույգՙ դեպի Հալեպ, եւ թե ինչպես է նա հրաշքով փրկվել: Այդ ժամանակ էր, որ այս ողբերգությունը գրավեց ուշադրությունս, եւ ես սկսեցի կարդալ դրա մասին: Կատարվածից սարսափելով եւ հուզվելովՙ որոշեցի գրել հայերի մասին: Հավանաբարՙ 2011 կամ 2012 թվականին էր:

– «Կազմակերպված մահը» կազմված է չորս գլխիցՙ որպես կյանքի չորս ժամանակահատվածներ: Ի՞նչ խորությամբ է 189 էջանի վեպը ներկայացնում հայերին եւ Ցեղասպանությունը:

– Չեմ կարող ասել, որ «Կազմակերպված մահը» սոսկ Հայոց ցեղասպանությանը վերաբերող վեպ է, քանի որ այն ընդլայնվում էՙ շոշափելով բազմաթիվ այլ հարցեր: Թեեւ Ցեղասպանության հարցը մեծ տեղ է գրավում այնտեղ, բայց մյուս կողմից վեպը մեծ մասամբ պատկերում է մի եգիպտահայ տիկնոջ կյանքն ու վախճանըՙ անցնելով նրա արյունալի պատմության միջով (որը համայն հայության պատմությունն է) ու հասնելով հերոսուհու ներկային, որը վերաբերում է միայն իրեն: Այս կամ այն կերպ, «Կազմակերպված մահ» վեպս մի գրական ճիչ է ընդդեմ ոճրագործության, ահաբեկչության եւ անհանդուրժողականության: Որպես նման մի վեպի գլխավոր տիպարՙ ինձ համար ամենահարմարը եղավ հայ հերոսուհին:

– Աշխարհագրությունն առանցքային դեր է կատարում քո վեպում: Ի՞նչ կապ կա քո առաջարկած աշխարհագրության եւ հայերի գոյության միջեւ:

– Ես սկզբունքորեն հավատում եմ, որ լավ գրականությունն իր որոշ դրսեւորումներով լավ աշխարհագրություն է: 1915-ի Ցեղասպանությունից հետո հայերի սփռումի ճանապարհը թերեւս այն գործոններից էր, որ հրապուրեց ինձՙ գրելու նրանց մասին: Հայերի տարածումը Սիրիա, Լիբանան, Իրաք, Եգիպտոս, Պաղեստին եւ Հորդանան ինձ հում նյութ ապահովեց աշխարհագրական առումով: Դա գեղարվեստական աշխատանքի «մեծ կտավ» է: Դրանից հետո հայտնաբերեցի հայերի ներկայությունը Եգիպտոսում եւ հայերի ներթափանցումը եգիպտական պատմության ու աշխարհագրության մեջ, որն ինձ առավել եւս խթանեց գրելու նրանց մասին: Հետեւաբար, կարիք զգացի ճամբորդել Լիբանանի հայկական շրջաններում, նաեւ այցելել բուն Հայաստանՙ անձամբ տեսնելու աշխարհագրության խաղացած դերը հայերի կյանքում: Այս պատճառով որպես վեպի բնաբանն ընտրեցի Նապոլեոն Բոնապարտին վերագրվող խոսքըՙ «Աշխարհագրությունը ճակատագիր է»:

– Վեպի հերոսուհինՙ Մագդա Սիմոնյանը, ունի՞ արդյոք նախատիպ:

– Ոչ: Մագդա Սիմոնյանը բացարձակապես երեւակայության ծնունդ է: Բայց նրան շրջապատող պայմաններն իրական հենք ունենՙ լինի Ցեղասպանության հետ առնչվող նրա ընտանեկան պատմությունը թե նրա ներկան եւ կրած տառապանքները սրիկա դրացիների պատճառովՙ կապված Մահմեդական եղբայրների իշխանության ժամանակաշրջանի քաոսի հետ, կամ նույնիսկ Մագդայի սրտաճմլիկ վախճանը Կահիրեի եկեղեցու պայթյունի ժամանակ, որն իրական դեպք է:

– Ինչպիսի՞ն էր արաբ ընթերցողի արձագանքը:

– Ինձ հասած արձագանքների ջախջախիչ մեծամասնությունը դրական ու քաջալերական էին: Ընթերցողները մեծ համակրություն ցուցաբերեցին Մագդա Սիմոնյանի նկատմամբ, լինի Ցեղասպանությամբ մարմնավորված նրա արյունալի անցյալի համար (որի պատճառով նրա նախնիները փախել էին Եգիպտոս) եւ կամ նրա ճգնաժամային ներկայի համարՙ անձնական թե հանրային մակարդակներում: Բայց սա չի հերքում մի քանի սակավաթիվ արաբների արձագանքներն ի նպաստ թուրքերի: Հավանաբար նրանք հարում են Մահմեդական եղբայրների գաղափարներին: Այս արձագանքների մի մասը կարդացի հրատարակչատան ֆեյսբուքյան էջում:

– Իսկ արձագանքներ եղա՞ն Թուրքիայից:

– Ոչ մի: Նույնիսկ երբ «Աշետ Անտուան» հրատարակչությունը վեպը տարավ Ստամբուլի արաբական գրքերի տոնավաճառ, ոչ մի դրական կամ բացասական արձագանք չարձանագրվեց: Իրականում ես մտահոգված էի Ստամբուլ մեկնած հրատարակչատան պաշտոնյաների համարՙ վախենալով, որ նրանք կարժանանան Հրանտ Դինքի ճակատագրին, կամ որ առնվազն կձերբակալվեն ու կբանտարկվեն: Նույնիսկ մտածում էիՙ չհայտարարել ցուցահանդեսում գրքի ներկայության մասին: Բայց ամեն ինչ հանգիստ անցավ, թուրքերը թերեւս նույնիսկ չնկատեցին վեպի գոյությունը:

– Կապեր ունե՞ս արաբական երկրների հայերի հետ:

– Ես լավ կապեր ունեմ եգիպտահայերի հետ: Պակաս չափով հաղորդակցվում եմ Սիրիայի եւ Իրաքի հայերի հետ:

– Իսկ մտադի՞ր ես նորից այցելել Հայաստան:

– Հայաստանում եղել եմ 2015-ին, ներկա եմ գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, մասնակցել եմ երթին դեպի Եղեռնի հուշահամալիր եւ ծաղիկ եմ դրել զոհերի հիշատակին: Այցելել եմ նաեւ Երեւանյան լիճ, Գառնիի տաճար, եղել եմ այլ քաղաքներում:

Այստեղ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել «Մշակութային աղբյուր» հիմնարկությանըՙ գիրքս գրելու ընթացքում տրամադրած դրամաշնորհի համար, ինչպես նաեւ Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը եւ Եգիպտոսում գործող հայկական բարեգործական մի կազմակերպությանը, որոնք բազմաթիվ նյութերով ու աղբյուրներով սատարեցին աշխատանքիս եւ դյուրացրին ճամփորդությունս դեպի Հայաստան:

Փափագում եմ 2022-ի ապրիլին կրկին այցելել Հայաստանՙ խոսելու համար վեպիս մասին եւ քննարկելու այն մի քանի համալսարաններում եւ մշակութային ֆորումներում: Տակավին վստահ չեմ, բայց պիտի ձգտեմ իրականացնել այս ուղեւորությունը….

– Իսկ մտադի՞ր ես շարունակել գրել հայկական թեմայով:

– Մտածում եմՙ գրել վեպի երկրորդ մասը: Վեպում առկա են հերոսուհու ազգականներից բազմաթիվ անծանոթ մնացած հայ նահատակներ, որոնց թռուցիկ եմ հիշել: Մտածում եմՙ կենտրոնանալ նրանցից մեկի վրա եւ ստեղծել նրա պատմությունը: Ամեն դեպքում, սա չպիտի կարողանամ անել մոտ ապագայում, քանի որ այժմ զբաղված եմ ուրիշ վեպեր եւ պատմվածքներ գրելով, որոնք ծրագրել էի երկար ժամանակ առաջ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԵՐԹՎԱԾՆԵՐՙ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Արցախի մրցակցային մարմնի հետ համագործակցության հուշագիր է կնքել

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Արցախի մրցակցային մարմնի հետ համագործակցության հուշագիր է կնքել

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

22/09/2025

Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը։ Նման հայտարարությամբ է հանդես եեկել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ  Փափազյանը։...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական