ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆ
Ինչպես հայտնի է մեր ընթերցողներին, հոկտեմբերի 8-ին կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակ ու պարգեւ ստացան 6 անվանակարգերում հաղթողները:
«Թատերական արվեստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանին ՙ «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության համար: Քեն Քիզիի այս ստեղծագործությունը բեմադրելը Արմեն Էլբակյանը համարում է համարձակություն, քանի որ համանուն ֆիլմն ունեցել է շռնդալից հաջողությունՙ արժանանալով հանրության համակրանքին ու կինոաշխարհի լավագույն մրցանակներին:
Թատերական տարբերակի եւ բեմադրության հեղինակ Արմեն Էլբակյանի կարծիքովՙ Քիզիի այս ստեղծագործությունը համամարդկային արժեք ունի եւ բոլոր ժամանակների համար է: Նա հավատարիմ է մնացել վեպին եւ, ի տարբերություն ֆիլմի, ներկայացումը բեմադրել հնդկացու տեսանկյունիցՙ ազատության հասնողի պրիզմայով: Արմեն Էլբակյանի համար առաջնային խնդիրը մեկն էրՙ պահել վեպի ասելիքը, վերհանել գաղափարական շերտերըՙ իրականության գիտակցումը կորցրած մարդկանց ցույց տալ ազատության գաղափարը, ազատագրման ճանապարհներն ու ելքըՙ ինքնազոհություն հանուն հանունի:
«Ինչպե՞ս գտնել լույսը. բոլոր ժամանակներում այս խնդիրը դրված է եղել մարդկութայն առջեւ: Մարդը շրջապատող քաոսում փորձում է գտնել լույսը: Մենք բոլորս դրա կարիքը ունենք, որովհետեւ լույսը չի սահմանափակվում միայն առօրյա հոգսերը հոգալով: Թյուր կարծիք է, թե արվեստը ուսումնասիրում է կյանքը.իմ համոզմամբ կյանքը ինքն էլ չի ուսումնասիրում կյանքը, այլ տարածությունն ու ժամանակըՙ այդ տարածության եւ ժամանակի մեջ»,- մեզ հետ զրույցում նշեց Արմեն Էլբակյանն ու վստահեցրեց, որ բեմադրելիս առաջնորդվել է հեղինակի ստեղծած մթնոլորտով, դրանում դրված առաջադրանքներովՙ պահելով նրա շունչն ու ոգին:
Արդեն երկու տարի ներկայացումը Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի խաղացանկում է, ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում: Թեեւ ներկայացումները չեն կարող հանդիսատեսին ստիպել վարվել այնպես, ինչպես հերոսները, սակայն ունեն բացառիկ հնարավորությունՙ հանդիսատեսի հետ լինել կենդանի շփման մեջ եւ ստիպել նրան դուրս գալ ներհայեցողական իրավիճակից, ինչ-որ բաներ մտածել, կատարսիսներ ապրել:
Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի երիտասարդ դերասաններըՙ բացառապես մի սկզբունքովՙ ըստ այն տեսիլների, որ ունեցել է բեմադրող Արմեն Էլբակյանըՙ կերպարի արտաքին տվյալներից մինչեւ դերասանական կարողություններ ու հնարավորություններ:
Բեմադրող ռեժիսորը հավելում է, որ ստեղծագործելիս համագործակցել եւ լսել է ստեղծագործական խմբի կարծիքներըՙ դերասաններից մինչեւ բեմի նկարիչ.այդ գործընթացում բոլորը համախոհներ ենՙ խմբված ստեղծագործական նույն գաղափարի շուրջ:
Անդրադառնալով ստեղծագործության աշխատանքային ընթացքին, Արմեն Էլբակյանը ընդգծեց, որ ուներ հստակ տեսիլք, թե որն է գերխնդիրը այս ստեղծագործությունը բեմահարթակ բարձրացնելու համար եւ թե ինչ պիտի փոխանցի հանդիսատեսին: Նրա կարծիքովՙ խուլ ու համր ձեւացող Բրոմդենի ազատագրումը խորհրդանշեց նաեւ մնացած հերոսների ազատագրումը, որոնք հոգեբուժարանում հայտնվել էին ինքնակամ. «Ստեղծագործությունը թելադրում է, որ ազատագրվում են բոլորը, նրանք այլեւս համակարգի ստրուկը չեն, իսկ միտքն արդեն ազատագրված է»,-հավելեց Արմեն Էլբակյանը:
Հետաքրքրականն այն է, որ Արմեն Էլբակյանը նույն թատրոնում ստեղծագործությանն անդրադարձել է դեռեւս տարիներ առաջ, երբ երիտասարդ ռեժիսոր էր. Մակ Մրֆիի դերում պետք է լիներ Կարեն Ջանիբեկյանը, սակայն թատրոնի ծրագրերը փոխվել են եւ աշխատանքն ավարտին չի հասել:
«Իմ կյանքում եղել են դեպքեր, որ այս կամ այն գործին մի քանի անգամ եմ անդրադարձել: Ոչ մի բեմադրություն, որ կրկնում եմ, նման չէ մյուսին, քանի որ ես ելնում եմ ժամանակից եւ դերասանական կազմից. յուրաքանչյուր ժամանակ թելադրում է իր շեշտադրումը այս կամ այն ստեղծագործության մեջ»,-նշում է Արմեն Էլբակյանը:
Արդեն երկար տարիներ Արմեն Էլբակյանը դասավանդում է, պրոֆեսոր է: Խոստովանում էՙ ապագա ռեժիսորներին երկու կարեւոր խորհուրդ է տալիս, որ իր համար վաղուց արդեն կարգախոս են. «Թատերական արվեստը սովորեցնել հնարավոր չէ, բայց սովորել հնարավոր է. արվեստը պետք ներսից բխի: Իսկ երկրորդ խորհուրդը իմ անելիքն էՙ անում եմ հնարավորը, որ ուսանողներն իրենք նախեւառաջ լավ ճանաչեն իրենք իրենց. ճանաչելու պարագայում իրենց ներսի արվեստը կթելադրի, թե ինչպես իրենք կներկայացնեն այս աշխարհը: Յուրաքանչյուրը պետք է ճանաչի իր հնարավորությունները, առավելություններն ու պակասությունները, պակասությունները դարձնի առավելություն, իսկ առավելությունից օգտվի: Ինչքան էլ սովորեցնես, եթե մարդու մեջ արվեստը չկա, ոչինչ չի ստացվի»:
Արմեն Էլբակյանը ներկայումս ստեղծագործական բուռն գործունեության մեջ է. բեմադրում է Բերթոլթ Բրեխթի «Արտուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացումը: Այն նվիրված է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադրման 100-ամյակին:
Բազմաթիվ մրցանակների արժանացած ժողովրդական արտիստը ժողովրդի սերը յուրատեսակ մրցանակ է համարում, բայցեւ խոստովանում էՙ հպարտ է «Վահան Թեքեյան» մրցանակի արժանանալու առթիվ: Նա այն կարծիքին է, որ յուրաքանչյուր մրցանակ պարտավորեցնում է ավելի լավ աշխատել: Նա կարեւորեց ամենամյա մրցանակաբաշխության անցկացումը, որն արժեւորում է գրականության ու արվեստի այն մշակներին, որոնք տարիներ ի վեր գործել ենՙ առանց նպատակ ունենալու ընդգծել իրենց փառքը. ««Վահան Թեքեյան» մրցանակակիրները սիրել են ոչ թե իրենցՙ արվեստում, այլ արվեստն իրենց մեջ, զգացել են իրենց ազգայինի կրողն ու ակունքները ճանաչող մարդկանց: Ես դարձա նրանցից մեկը»:
Տասնամյակներ շարունակ Արմեն Էլբակյանը ստեղծագործում է անխոնջ ու անմնացորդ նվիրումով, որի նպատակը ոչ թե ճանաչվելը կամ մեծարվելն է, այլ արվեստի լեզվով ժամանակակիցներին փոխանցելը այն, ինչ իրեն անհանգստացնում է այս աշխարհում: Խոստովանում է, որ ստեղծագործական հարուստ ու բովանդակալից ճանապարհին հաճախ է հիշել հորՙ ականավոր հայ դերասան Էդգար Էլբակյանի պատգամը. «Երբեք փողի հետեւից չընկնես, գլուխդ կախիր ու աշխատիր եւ փողը ինքը կգա քո հետեւից: Երբեք փառքի հետեւից չընկնես, գուխդ կախ աշխատիր եւ փառքն ինքը կընկնի քո հետեւից: Բայց հենց հասար փառքի, պիտի կարողանաս դիմանալ դրան»:
«Թատրոնն այս կյանքի մոդելն է, իսկ ինչպես կյանքից, այնպես էլ թատրոնից, բավարարված չես կարող լինել»,-նշում է Արմեն Էլբակյանն ու վստահեցնումՙ շարունակելու է իր արվեստով ծառայել հայ թատերարվեստին ու ստեղծել նոր բեմադրություններ:
Հայաստանի եւ Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունների համատեղ նախաձեռնությամբ արդեն 27-րդ անգամ անցկացվող «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն իրականացվում է «Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այս տարիներին մրցանակների եւ դրամական պարգեւների են արժանացրել հարյուրից ավելի արվեստագետներ, գիտնականներ: