Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Ո՞Վ Է ՊԱՏՐԱՍՏ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆՆ Ո՞Վ Է, ՄԻ ՔԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱ՞

Մի տեսակ սովորույթ է դարձել, որ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հաջորդող կառավարության նիստից հետո ինչ-որ ձեւաչափով կարծես հակիրճ ամփոփում է այն մտքերը, որոնք վարչապետ Փաշինյանը ցաքուցրիվ մի քանի ժամ արտահայտում է ԱԺ-ում:

Այս անգամ եւս երեկվա կառավարության նիստից հետո Գրիգորյանը մի շարք ամփոփումներ է արել.

– Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման Հայաստանը պատրաստ էՙ զորքը հայելային պիտի հետ քաշվի, ու սկսվի այդ գործընթացը:

– Մինչեւ նոյեմբերի 10-ը որեւէ բան նախատեսված չէ:

– Խորհրդային Միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը 1920-ականներին է սկսվելՙ 1926-27 թթ, որն ավարտվել է 1929-ին, իսկ հետագայում ձեւավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը: Իսկ բանակցությունների հիմքում դրվելիք քարտեզները քննարկվել են աշխատանքային խմբում:

– Բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը, այսինքն միջանցքային տրամաբանությամբ որեւէ հարց չի քննարկվում (այդ տրամաբանությունը խանգարում է բանակցություններին, նշել էր Փաշինյանն ԱԺ-ում):

– Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

– ՌԴ խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար, քան այժմյան պայմանավորվածությունն է, Գրիգորյանի այդպիսի եզրակացության համար հիմք են այն հիմնավոր ենթակառուցվածքները, որոնք խաղաղապահների համար են ստեղծվում:

Նշենք, որ Սյունիքում զորքը հետ քաշելու հրամանի պատասխանատվությունը, որից հետո թշնամու զինվորականները հայտնվեցին ՀՀ տարածքում եւ մինչեւ հիմա այնտեղ են, Նիկոլ Փաշինյանը վերցրեց իր վրաՙ նշելով, որ ռազմավարական նշանակության ճանապարհը չկորցնելու համար է այն արվել: Մնում է ենթադրել, որ եթե մեր զորքը հետ չքաշվեր, այդ հատվածը ռուսներն ու ադրբեջանցիները միասին էին խլելու, քանի որ ռուսական հենակետն էլ այնտեղ մոտիկ է: