ՍԱՇԱ ԶԱՅՑԵՎԱ. «ԻՄ ՄՈՒՍԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԾՆՎԵԼ Է ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ»

2

Սաշա Զայցեւան ժամանակակից ռուս բանաստեղծուհի է, նկարչուհի եւ խմբագիր, Նովոսիբիրսկի պետական համալսարանի ավագ դասախոս: Հեղինակն է Գերմանիայում լույս տեսած «Ձյունը, որը չկար» բանաստեղծությունների ժողովածուի: Միջազգային մի քանի գրական մրցույթների դափնեկիր է: Մասնակցել է արվեստի նախագծերի Սիբիրում, Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում:

Սաշան ծնվել է Կրասնոդարի մոտ, մեծացել է Ղազախստանում, այժմ ապրում է Նովոսիբիրսկում եւ Սանկտ Պետերբուրգում: Եղել է աշխարհի 20 երկրներում, իսկ երկու տարի առաջ գրեթե վեց ամիս ապրել է Հայաստանում, մասնակցել հոգեւոր եւ ստեղծագործական հավաքների: Դրանից հետո թողարկել է մելոդեկլամացիայի «Հավամրգի» ալբոմըՙ նվիրված Հայաստանին:

Թափառումներն ու ճանապարհը Սաշա Զայցեւայի կենսակերպն ու ստեղծագործության եղանակն են: Դրանք օրգանապես կապում են քաղաքները, երկրները, մշակույթները, լեզուները եւ արվեստի միտումները:

Իմ զրույցը նրա հետ նաեւ այն մասին է, թե ինչպես է Արիադնեի կծիկը նրան հասցրել Արարատյան դաշտավայր…

— Սա՛շա, քո մասին գրվել է, որ դու, որպես բանաստեղծ, պոեզիան խառնում ես արվեստի այլ տեսակների հետ: Նման փորձը նոր չէ. ինչ -որ մեկը նկարել է քանդակների վրա, ինչ-որ մեկը ցուցադրել է տեքստեր պատերին կախված շրջանակների մեջ եւ այլն: Որքանո՞վ են արդարացված նման փորձերը:

— Այո, իսկապես, իմ կիրքը տարբեր արվեստների համակցումն է: Ես իրականացրել եմ նախագծեր, որոնք միավորում են բառը եւ երաժշտությունը, բառը եւ ժամանակակից ցուցահանդեսային միջոցները, բառը եւ պերֆորմանսը եւ այլն: Օրինակ, մի անգամ այսպիսի ակցիա եմ կատարել. բանաստեղծություններս փակցրել եմ տարբեր քաղաքների հայտարարությունների տախտակների վրաՙ «վաճառվում է ավտոտնակ» եւ «մատնահարդարումՙ տանը» ծանուցումների կողքին: Վերջերս էլ ստեղծեցի վերացական նկարների մի շարք, որտեղ իմ տողերը «ծաղկում են» գունային նյութի մեջ: Ինչպես երկրակեղեւի շերտերի համակցման մասում առաջանում են լեռներ, այնպես էլ ինձ համար ամենահզոր ստեղծագործական էներգիան ծնվում է արվեստների համակցման մեջ: Այո, սա նոր բան չէ: «Լուսնի տակ ոչ մի նոր բան չկա», եւ «ես կանգնած եմ հսկաների ուսերին»: Որքանո՞վ է արդարացված: Չգիտեմ, ես չպիտի դատեմ: Ես պարզապես հետեւում եմ իմ Մուսային, համարյա շոշափելով, որովհետեւ կյանքն ապրելու այլ եղանակ չեմ պատկերացնում:

— 21-րդ դարի մարդու կյանքում ի՞նչ տեղ կարող է ունենալ պոեզիան:

— Ենթադրում եմՙ հսկայական: Գուցե պոեզիան եւ բառի լայն իմաստով բանաստեղծականությունը, որի մեջ կարելի է ներառել երաժշտություն, նկարչություն եւ թատրոն, ընդհանրապես այն միակ բանն են, որը կարող է ինչ-որ կերպ հասկանալ, բացատրել մեր կյանքը, հաշտեցնել մեզ մեր գոյության հետ:

Բրոդսկին ասում էր. «Մարդկությանը, հավանաբար, այլեւս անկարելի է փրկել: Իսկ առանձին մարդուն, անհատին, հնարավոր է»: Պոեզիան արվեստներից ամենաանձնականն է, որը մեզ սովորեցնում է մտածել, զգալ, խոսել եւ լսել, առաջին հերթինՙ ինքներս մեզ: Մի անգամ պատահաբար ձեռքս ընկավ մի զարմանահրաշ ձեռագիր բանաստեղծական ժողովածու, որ պատկանում էր Ելենա Վյալովային: Նա այրին էր ռուս բանաստեղծ Պավել Վասիլեւի, որին տանջանքների էին ենթարկվել եւ գնդակահարել 1937 թվականին, շինծու մեղադրանքով: Ելենան, որպես «ժողովրդի թշնամի», 19 տարի ուղարկվեց ղազախական ճամբար: Նրա կյանքի ամբողջ «ակտիվ փուլը»ՙ 26-ից 45 տարեկանը, անցավ ճամբարներում: Նա երեխաներ չուներ, այլեւս երբեք չամուսնացավ: Բայց նա իրեն փրկեց պոեզիայով: Նրա տետրում կան տողեր Ցվետաեւայից, Ախմատովայից, ամուսնուց …

«Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տե՛ր, ինձ հետ ես». սա Դավթի 22-րդ սաղմոսի խոսքերն են, մի տեսակ բանաստեղծություն: Իմ տեսանկյունից, այժմ ողջ մարդկությունն անցնում է մահվան ստվերի հովիտովՙ համավարակ, ռազմական հակամարտություններ, բնապահպանական լարվածություն, սոցիալական անհավասարություն, ամբողջատիրություն, բռնություն, սով: Մենք այնքան զենք ենք արտադրել, որ հեշտությամբ կարող ենք ոչնչացնել ինքներս մեզ եւ բոլոր կենդանի էակներին: Եվ նույնիսկ նրանք, ովքեր այսօր լավ են ապրում, ունեն տուն, սնունդ, առողջություն, ինչ-որ պահի հոգեւոր ամայություն են զգում, ինչը միանգամայն բնական գործոն է: Պոեզիան, հավանաբար, չի փրկի: Բայց կօգնի մարդունՙ իր մեջ նկատելու մարդուն:

— Իմ ծանոթ բանաստեղծուհիներից մեկն ասում էր, թե ինքն ամեն օր բանաստեղծություն է գրում: Սա գրամոլություն չէ, այլ ապրելակերպ, անհրաժեշտություն, առանց որի անհնար է ապրել: Ի՞նչ է բանաստեղծություն գրելը քեզ համար:

— Սա կյանքի մի տեսակ արդյունք է: Իմ լավագույն բանաստեղծությունները գրված են մեկ -երկու տարուց ավելի: Կա բանաստեղծություն, որի մտապատկերն առաջին անգամ հայտնվել էր ինձ քսան տարի առաջ: Երբեմն տարիներ շարունակ իմ մեջ մի տող եմ կրում, կրկնում եմ ինքս ինձ, լեզվի վրա պահած կոնֆետի պես գլորում եմ այն, համտեսում: Այնպես որ, երբեմն իմ բանաստեղծությունների երկու կամ երեք բառի ետեւում իմ կյանքի երկու-երեք տարիներն են:

— Այսօր համացանցում կարող եք գտնել բանաստեղծություններ գրելու տարբեր ծրագրեր, որոշ առցանց գործիքներ, որոնք կօգնեն ընտրել հանգեր եւ այլն: Ինչպե՞ս ես վերաբերվում նման ծրագրերին:

— Հիանալի եմ վերաբերվում, ինչպես որեւէ այլ գործիքի, որը գործածվում է գիտակցաբար, եւ հասկանում ես, թե ինչո՛ւ ես օգտագործում: Ես բանաստեղծություն եմ գրում 12 տարեկանից, եւ առնվազն մինչեւ 20 տարեկանս զբաղվում էի հիմնականում տաղաչափությամբ: Սովորում էի սոնետների պսակ հյուսել, հաշվել յամբական եւ միջաշեշտ վանկերը, ճկուն էի դարձնում հանգերը: Այն ժամանակ նման ծրագրեր չկային. բառերը պետք է գտնեիք պարզապես… բառարաններ կարդալով: Եվ սովորելով բավականին լավ գրել «Պուշկինի եւ դասականների նմանությամբ», ես սկսեցի «ջարդել» բանաստեղծություններսՙ գտնելու իմ սեփական ձեռագիրը, ձայնը, ոճը …

Եթե այսօր որեւէ մեկը ցանկանում է իրեն «մարզել» բանաստեղծության մեջ, ապա նրան ավելի հարմար կլինի անել այդ: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ մեքենայական եղանակով գրված բանաստեղծությունն անմիջապես կլինի հիանալի, եւ միեւնույն ժամանակ չի նշանակում, թե այն հրաշալի չի դառնա: Գործիքը պարզապես գործիք է:

Կարող եք նկարչություն սովորել տպագիր ձեռնարկներից կամ յութուբի տեսանյութերից: Հարցն այն է, թե ո՛րն է արդյունքը, ի՛նչ է մեզ հրամցնում այն մարդը, որը մտել է ստեղծագործողի ճանապարհը:

Ո՞րն է գլխավորը բանաստեղծության մեջ: Որպեսզի այն համահունչ լինի մարդու հոգուն: Երբ հուսահատության մեջ եմՙ ինքս ինձ համար կարդում եմ Ալեքսանդր Բլոկ եւ Պավել Վասիլեւ: Երբ կասկածում եմ ինքս ինձՙ Արսենի Տարկովսկի եւ Բուլատ Օկուջավա: Երբ երջանիկ եմՙ Վիսոցկի: Եթե նոր բանաստեղծը, օգտագործելով առցանց հանգարանը, կարողանում է գտնել ճիշտ բառերՙ արտահայտելու կյանքի նկատմամբ իր հուզմունքը, ես վստահ եմ, որ այդ տողերը մարդիկ անգիր կանենՙ դրանք իրենց կյանքի կարեւոր պահին կրկնելու համար: Բայց եթե հեղինակը հոգեւոր աշխատանք չի կատարումՙ ապրելու, կյանքի ցավալի գեղեցիկ բույրը զգալու համար, այլ միայն մի բառը կապում է մյուսին, ապա նրա բանաստեղծություններում պոեզիա չի լինի: Անգամ եթե հետեւի հանգին ու ռիթմին:

— Դու գրել եսՙ

սիրելը

ջրի վրա

քայլելն է

Ինչպե՞ս եղավ եւ որքա՞ն ժամանակ է, որ քայլում ես «հայկական ջրի» վրայով:

— Ես առաջին անգամ չորս օրով Երեւան եկա 2017-ի հոկտեմբերի վերջին, եւ գրեթե պատահաբար. այդ տարին ինձ համար շատ դժվարին եղավ, ես ստիպված էի շատ բանի միջով անցնել, շատ բան վերաիմաստավորել, եւ ուզում էի ինձ ծննդյան նվեր անելՙ գտնել մի նոր բան, որով ամբողջովին կտարվեմ: Ես ընտրեցի Երեւանը իմ ընկեր, պետերբուրգցի բանաստեղծ եւ ռեժիսոր Պավել Կրուզենշտեռնի առաջարկով: Նա շատ է սիրում Սերգեյ Փարաջանովին եւ բառացիորեն ինձ «ուղարկեց» նրա թանգարանը: Ինքնաթիռում նստած էի պատուհանի մոտ, եւ երբ 2017 թվականի հոկտեմբերի 20-ի ուրբաթ երեկոյան ինքնաթիռը մոտենում էր Երեւանին, մայրամուտի ամպերի ներքո ես տեսա Արարատի վեհությունը եւ զգացի, որ ասես սիրտս հանեցին ու նորից տեղը դրեցին: Մանդելշտամը գրել է. «Հայաստանում կենդանանում են»: Այդպես էլ եղավ ինձ հետ: Ես այլեւս չէի կարող մոռանալ ո՛չ Երեւանը, ո՛չ Հայաստանը:

2018-ի գարնանը ես վերադարձա Երեւան երկու շաբաթով: Առաջին օրը երջանիկ էի, երկրորդ օրն անդադար հեկեկում էի, որ 12 օրից վերադառնալու եմ: Երրորդ օրը գնացի եւ վեց ամսով բնակարան վարձեցի: Պարզապես ապրել Երեւանում, գրքեր կարդալ զբոսայգիներում, գնել վարդերի խրձեր, ընտրել կանաչի եւ բանջարեղեն, լողալ բաց լողավազաններում, գինի խմել Սարյան փողոցի «Ին Վինո» բարում, ժամերով նստել հայկական ասկետիկ եկեղեցիներումՙ լսելով քարի լռությունը, թափառել ցուցահանդեսներում եւ փողոցներում. դա իմ կյանքի ամենամեծ երջանկությունն էր: Այս վեց ամսվա ընթացքում հանդիպեցի շատ հրաշալի մարդկանց, որոնք ոգեշնչեցին ինձ եւ նոր բաներ սովորեցրին: Բայց ամենակարեւորն այն է, որ հենց Երեւանում ես հանդիպեցի իմ իրական եսին, լսեցի շունչս, հասկացա, թե ո՛վ եմ ես, ինչի՛ համար եմ ապրում եւ ինչպե՛ս պետք է ապրեմ այս կյանքը: Երբեմն ես շաբաթներ շարունակ չեմ զրուցել ոչ մեկի հետՙ բացառությամբ սուպերմարկետներում ասածս «բարեւ ձեզ»-ի եւ «շատ մերսի»-ի: Ես պարզապես դիտում էի Հայաստանն ու ինքս ինձ: Այսպես ծնվեց իմ սիրելի բանաստեղծություններից մեկըՙ «Քաջվարդերի ժամանակը»: Եվ այո՛, այդտեղՙ Երեւանում, ես երկրորդ անգամ ծնվեցի:

— Դու Հայաստանն անվանում ես քո հոգեւոր հայրենիքը: Ստեղծագործող մարդը կարո՞ղ է ունենալ մի քանի հոգեւոր հայրենիք:

— Այո՛, ես ունեմ: Իհարկե, Ռուսաստանն է եւ մասնավորապեսՙ Սիբիրը եւ Հեռավոր Արեւելքը, քանի որ ես շատ ամուր կապ եմ զգում այդ հողի հետ: Եվրոպան է եւ մեծ մասամբՙ Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Գերմանիան եւ Շվեյցարիան. ես հասկանում եմ, որ իմ «մշակութային ծածկագիրը» թերի կլիներ առանց այդ երկրների: Ղազախստա՛նն է, քանի որ իմ առաջին հոգեւոր հենակետը գրականությունն էր, որն ինձ սովորեցրեց Յուլյա Միխայլովնա Օսինսկայան Պավլոդար քաղաքի սովորական միջնակարգ դպրոցում: Եվ վերջապեսՙ Հայաստա՛նն է: Կանխելով ծագման մասին հարցըՙ ասեմ, որ ես յոթ պորտ հայ չունեմ իմ տոհմում, բայց իմ ամենագլխավոր մուսաներից մեկը հաստատ ծնվել է ինչ-որ տեղ Արարատյան դաշտավայրում: Միեւնույն ժամանակ, դա չի նշանակում, որ այս կամ այն երկիրն անվանելով իմ հոգեւոր հայրենիքըՙ ամեն մի բանաստեղծությանս մեջ ես կգրեմ «Ես սիրում եմ քեզ, իմ Սիբիր» կամ «Երեւան, դու միշտ ինձ հետ ես» խոսքերի պես բաներ:

Շատ բան իմ մեջ ծնվում է այլաբանորեն: Ընդհանրապես, ես միշտ ավելի շատ սիրել եմ վերացականությունը, քան շոշափելի պատկերայնությունըՙ երաժշտության, նկարչության, թատրոնի եւ գրականության մեջ: Հետեւաբար, ես շատ բանաստեղծություններ չունեմ, որտեղ ուղղակիորեն նշված են հայկական տեղանուններ կամ հասկացություններ: Բայց կան փոխաբերություններ եւ պատկերներ, որոնք շատ հստակ վերաբերում են Հայաստանին, օրինակՙ «դատարկ լեռների վարդագույն գավաթը»: Իրականում ես կատակում եմ. այն ամենը, ինչ գրվել է Հայաստանից հետո, գրված է Հայաստանի մասին: Այս մշակույթն այնքան հզոր է, որ դրա ազդեցության արձագանքն այս կամ այն կերպ կտարածվի իմ ողջ կյանքի ընթացքում:

— Հետաքրքիր կլինի իմանալՙ դու, որպես նկարիչ եւ բանաստեղծ, ի՞նչ սիրած անուններ ունես հայ գեղանկարչության եւ գրականության մեջ:

— Չեմ փորձի ինքնատիպ երեւալ: Մանկության տարիներին Այվազովսկին էր եւ «Հայֆիլմի» մուլտֆիլմերը: Պատանեկության տարիներինՙ Շառլ Ազնավուրը: Հետագայումՙ Պարույր Սեւակը եւ Սերգեյ Փարաջանովը, նրա կինոնկարները, կոլաժներն ու նամակները:

— Մի բանաստեղծությանդ մեջ դու հիշում ես հայկական հնագույն Դադիվանքի տաճարը, որն, ավա՜ղ, 44-օրյա պատերազմից հետո «գերության մեջ է»…

— Ընդհանրապես, ես ուժեղագույն կապ եմ զգում հայկական եկեղեցիների հետ: Մի անգամ ամբողջ գիշեր անցկացրի աստղազարդ երկնքի տակ Ամբերդի ամրոցի մոտ եւ լուսաբացը դիմավորեցի նրա տաճարում: Այս հոգեւոր փորձառությունները դժվար թե համեմատվեն որեւէ այլ բանի հետ:

Հաղարծինի վանք տանող հոկտեմբերյան ոսկե ճանապարհը դեռ աչքիս առաջ է:

Եվ ամեն անգամ գալով Հայաստանՙ գնում եմ Հաղպատ, որպեսզի մեջքս հենեմ նրա պատերին:

Դադիվանքը նույնպես «ներթափանցեց» սրտիս մեջ: Ինձ բախտ վիճակվեց մեկ անգամ լինել այնտեղ: Երբ մտա տաճար, զգացի, որ կանգնեցի ինչ-որ փափուկ բանի վրա ու ապշեցի. իմ ոտքերի տակի գորգը ծաղկում էր, ինչպես կյանքն ինքը… ու Տիեզերքը:

Դա իմ կյանքի ամենագեղեցիկ գորգն էր, եւ «Գնա՛նք, ես քեզ ցույց կտամ գորգը Դադիվանքում» նախադասությունն առաջին անգամ դարձավ իմ «Անձնական վայր» ինստալացիայի մի մասը: Ես այն իրականացրի «48 ժամ Նովոսիբիրսկ» մեծակտավ արվեստի միջոցառման համար, 2019 թվականին (այն կազմակերպել էր Գյոթեի ինստիտուտըՙ համահունչ Բեռլինի «48 ժամ Նոյքյոլն» փառատոնին): Հետո այս տողից ծնվեց մի բանաստեղծություն եւ, վերջապես, այն դարձավ իմ վերացական նկարներից մեկի հիմքը: Դադիվանքի գորգն ինձ համար ավանդույթի, հոգեւորության, գեղագիտության, զգայականության խորհրդանիշ է: Ի դեպ, Գերմանիայից մի ջազ երգչուհիՙ Լերա Մաուրերը, անգլերեն երգ է գրել Հաղպատի եւ Դադիվանքի մասին իմ բանաստեղծությունների խոսքերով: Յութուբում արդեն կա համերգի ձայնագրություն, եւ ալբոմը շուտով կթողարկվի:

— Հետաքրքրական կլինի լսել: Սա՛շա, դու ամռանը մասնակցեցիր Մոսկվայում կայացած հայկական փառատոնին: Հետաքրքրական կլինի մանրամասն իմանալ այդ իրադարձության եւ քո մասնակցության մասին:

— «ԱրմԱրտՖեստ» փառատոնը կազմակերպել էր Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մշակութային կենտրոնըՙ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Գաբբեի ղեկավարությամբ: Փառատոնին իմ մասնակցությունը բավականին համեստ էր. դաշնակահար-իմպրովիզատոր Արթուր Ֆիլիմոնյուկի հետ միասին մենք հանդես եկանք մելոդեկլամացիոն համերգովՙ զուգակցելով բանաստեղծությունն ու երաժշտությունը: Ես ծրագիրը պատրաստել էի այնպես, որպեսզի ցույց տայի ռուս եւ հայկական պոեզիայի միջեւ առկա կապի ուժգնությունը: Կարդում էի իմ սեփական եւ Պարույր Սեւակի, Օսիպ Մանդելշտամի, Վալերի Բրյուսովի, Էդուարդ Ասադովի ու այլոց բանաստեղծությունները: Ներկայացրի նաեւ իմ աբստրակտ գեղանկարների ցուցահանդեսը, որտեղ բառացի եւ փոխաբերական իմաստով մեջբերումներ կան իմ հայկական բանաստեղծական շարքից: Շատ բարի, անկեղծ արձագանքներ եղան հանդիսատեսներից, այնպես որ, ենթադրում եմ, որ ես եւ Արթուրը լավ աշխատեցինք: Ցավոք, համերգի եւ ցուցահանդեսի աշխատանքն ինձ ամբողջությամբ կլանեց, եւ ես չկարողացա հետեւել փառատոնի մնացած ծրագրերին: Բայց ես գիտեմ, որ այն շատ վառ էր. ընկերներս իրենց ուրախությունն արտահայտեցին բանավոր եւ սոցիալական ցանցերում:

— Քո երկու բնակավայր քաղաքներում կան հայկական համայնքներ, կապ ունե՞ս նրանց հետ:

— Ո՛չ, ես բավականին փակ մարդ եմ, ինչ-որ չափովՙ ինքնամփոփ: Կարելի է ասել, որ իմ ներքին ստեղծագործական «համակարգիչը» գործում է հետեւյալ կերպ. ես քայլում եմ, քայլում եմ, նկատում եմ ինչ -որ բան, դա ինձ ապշեցնում է, եւ ես «ներամփոփվում եմՙ մարսելու համար այն», երկար ժամանակ դրան «կառչած» մնալով: Երկու տարի ես մտածում էի վանքի մի գորգի մասին: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ի՛նչ կլինի ինձ հետ, եթե ես ակտիվորեն «կլանեմ» ամբողջ մշակութային կենտրոնների իրադարձությունները:

Իսկ եթե լուրջ խոսեմ, ապա իմ «չափահասի կյանքը» բավականին սովորական բան էՙ վճարել հիփոթեք, փող աշխատել սննդի համար, գնել ինչ-որ բաներ, պահել ընտանիքս, զբաղվել իմ տնով: Շատ էներգիա է ծախսվում կյանքի տարրական «վերարտադրության» վրա: Կրկին մեջբերեմ Բրոդսկուն. «Ոչ միայն պետք է ապրել, այլեւ պետք է վճարել դրա համար»: Բայց ամեն դեպքում, եթե մի օր ինձ հրավիրեն հայ մշակութային կենտրոն եւ կարողանամ օգտակար լինել Ռուսաստանի եւ Հայաստանի մշակույթների երկխոսությանը, ապա առաջարկը հետաքրքրությամբ կդիտարկեմ:

— Այժմ Ռուսաստանում հայերենից ռուսերեն թարգմանիչները շատ քիչ են: Մտադի՞ր ես հետագայում զբաղվել հայ պոեզիայի թարգմանությամբ:

— Ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, հայ բանաստեղծական ավանդույթն ամենաուժեղներից մեկն է աշխարհում: Համոզված եմ, որ ամբողջ աշխարհում տասնյակ, հարյուրավոր ստեղծագործ մարդիկ ընկնելու են նրա գրավիչ գեղեցկության եւ հնչեղության ցանցը, քանի դեռ մարդկությունը ողջ է: Իսկ տաղանդավոր թարգմանիչներ կգտնվեն:

Սաշա Զայցեւա. Բանաստեղծություններ

***

հասած նուռը կցայտի, հատիկները կընկնեն

կանգնի՛ր Ծիծեռնակաբերդի բլուրի վրա եւ նայի՛ր ուղիղ

նա, ով այդ տարի կորցրեց ամեն ինչ, կտեսնի Արարատը

ինձ համար ավելի հեշտ է, քանի դեռ հնչում է այս երաժշտությունը

տուֆե պատերի քաղաքը ծածկված է մշուշով

ջազը խզվում է, հին դաշնակահարը հեռանում է

դատարկ նարնջագույն տաճարում մի մարդ լաց է լինում

անմխիթար գեղեցկության վրա

այսօր շոգ ամառ էր, հովիտները խունացած էին

ճմռթված մահճակալի վրա այրվում է արեւի քառակուսին

հոկտեմբերը զբոսայգիներում ցանում է կիտրոնի տերեւներ

եթե օրը պարզ լինի, կտեսնես Արարատը

այս երաժշտությունն այլեւս չի կրկնվի

իրականում նշանակություն չունիՙ օրհնված է կամ անիծված

խմի՛ր լեռնային սառը ջուրը, նայի՛ր ուղիղ

թե բախտդ բերի

դու կտեսնես

Արարատը

***

մենք այնքան զգայուն ենք, բավական է

առաջին տերեւը հայտնվի

առաջին անձրեւը

տեղա

գնա՛նք, ես քեզ ցույց կտամ գորգը

Դադիվանքում

գնա՛նք

ես քեզ ցույց կտամ

աստղերը

Հաղպատի վրա

նստի՛ր այս պատի մոտ

մեջքդ հենի՛ր վրան

այստեղ լռությունը

ճոճվում է զանգով

այստեղ

լռություն է

ա՛ռ նրան սրտիդ մեջ

եւ կրի՛ր հավիտյան

քանի դեռ տանում է քեզ

տափաստանային

քամին

ես չեմ կարող քեզ խաբել

չի լինի

ավելի հեշտ

երբեք չի լինի

ավելի հեշտ

նորից չեն սիրում

սիրում են կրկին

հիշեցնում են

ամենապարզ

բաները

կարծում եմՙ կակաչները շուտով կծաղկեն

կմտածեմ այն մասին

ինչպես են նրանք ծաղկում

սիրելը

ջրի վրա

քայլելն է

քայլելը ջրի վրա

քայլելը

ջրի վրա

***

քաջվարդերի ժամանակը

վերցրո՛ւ լռություն այնքան

որքան կարող ես

տանել

Լեոյի փողոցում

ապրել է մի մարդ

նկարում էր հին իրերի

դիմանկարներ,

նրա կինը

լվանում էր ու կախում էր

հագուստի ամրակներով

տիեզերքը,

դուստրը ծաղիկներ էր կտրում

ու դնում

երեք լիտրանոց բանկաների մեջ

աստիճանների վրա

Օֆելյա

նրա անունն էր

Օֆելյա

վերցրու լռություն

այնքան

որքան կարող ես

տանել

Թարգմանությունըՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ