Վերջերս տեղեկություններ են շրջանառվում հեռուստատեսությամբ եւ սոցցանցերում, որ այլազգիները, մասնավորապես արաբները, բարձր գներով տներ են գնում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում եւ հարակից գյուղերում, ինչն էլ անհանգստանալու առիթ է տվել տեղացիներին, որոնք այնքան էլ համոզված չենՙ արդյոք գնորդները արաբներն են, թե ոչ, եւ եթե այո, ապա ի՞նչ նպատակով են Ապարանում տնավորվում:
Հարցի շուրջ զրուցեցի Ապարան համայնքի համայնքապետի տեղակալ Գոռ Աբրահամյանի հետ, որ նշեց, թե կարող է զուտ տեղեկատվություն տալ միայն այն մասին, թե այլազգիների կողմից քանի տուն է գնվել եւ ովքեր են գնորդները:
«Այո՛, գնորդները այլազգիներ ենՙ արաբական անվանումներով: Ապարանի Փոշտեր կոչվող թաղամասում գնել են չորս տուն, բոլորն էլ չբնակեցված, որոնց սեփականատերերը ապրում են կա՛մ արտերկրներում, կա՛մ Ապարանից դուրս, նաեւ տեղյակ եմ, որ սեփականատերերից ոմանք երկար տարիներ է ինչ ցանկանում էին վաճառել իրենց տները, սակայն բավարար գումար չէին առաջարկում գնորդները: Համայնքապետարանը տեղյակ եւ հետեւողական է այն ամենին, ինչ կատարվում է համայնքում, սակայն համայնքապետարանը չի կարող արգելել բնակչին վաճառել այն, ինչը օրենքով համարվում է իր սեփականությունը, իսկՙ ինչու են այլազգիները շահագրգռված այստեղ տներ գնելով, դա արդեն երկրի ազգային անվտանգության ծառայութան զբաղվելիք հարցն է, որի մասին նրանք տեղյակ են» :
Ապարան համայնքի Կայք (Մուլքի գյուղ) համայնքում եւս արաբները շահագրգռված են տներ գնելով: Համայնքի ղեվավար Կարեն Հարությունյանը հաստատեց, որ գյուղում արդեն վաճառվել է մեկ տուն.
«Գյուղում արաբները գնել են մեկ տուն, տեղյակ եմ, որ այժմ էլ շինարարական աշխատանք են կատարում տան ներսում, որեւէ վտանգ դեռ չենք զգացել նրանց կողմից»,- նշեց համայնքի ղեկավարը :
Գյուղի բնակիչներից մեկի հավաստմամբ, գնորդը ոչ թե արաբ է, այլ պարսիկ փախստական, որի նպատակը էստեղ գյուղատնտեսությամբ զբաղվելն ու ապրելն է, իսկ տունը գնել է 17-18 հազար դոլարով:
Փոշտերի թաղամասի բնակիչների տեղեկացմամբՙ արաբները տները բավականին բարձր գներով են գնելՙ 40 000-50 000 դոլարով: Բնակիչներն այդքան էլ շուտ-շուտ չեն հանդիպում իրենց նոր հարեւաններին, քանի որ «արաբները» շատ քիչ են տանից դուրս գալիս, միայն խանութ գնալիս են նրանց տեսնում եւ ցանկություն էլ չեն ունենում խոսելու:
Ապարանի բնակչուհի Ասլի Ստեփանյանի խոսքերով, լսել է, որ արաբներից մեկը 2 կին ունի եւ 8 երեխա, բայց դեռ տեղաբնակների հետ չի շփվում:
Հաշվի առնելով վերջին շրջանում ՀՀ-ում տիրող իրավիճակը, չեմ կարծում, որ նպաստավոր եւ գրավիչ պայմաններ են թանկարժեք գնով բնակարան ձեռք բերելու համար: Միեւնույն ժամանակ հստակ տեղեկություն չկա այդ անձանց ինքնության վերաբերյալ, միգուցե ծպտյալ թուրքե՞ր են եւ ոչ արաբներ: Կարծում եմ անհրաժեշտ է հնարավորինս մեծ ուշադրություն դարձնել այս հարցին, պարզելՙ ովքե՞ր են այդ անձինք եւ ինչ ծրագիր ունեն»,- ինձ հետ զրույցում նշեց բնակչուհին:
«Ապարանի կադաստրում այլազգիները որեւէ գրանցում չեն կատարել: Գրանցումը նրանք կարող են օնլայն ձեւով կատարել կամ էլ այլ տարածաշրջանի կադաստրում: Մենք էլ ձեզ պես նրանց մասին լսել ենք միայն հեռուստատեսությամբ եւ որեւէ տեղեկատվություն նրանց մասին չունենք»,- ասաց Ապարանի կադաստրի կոմիտեի աշխատակից Մուկուչ Քամալյանը:
Վերջին մեկ տարում արաբները բացի բնակելի տներ գնելուց հետարքություն են ցուցաբերել նաեւ Ապարանի տարածաշրջանում անասնապահական ֆերմաներ, գոմեր գնելու, ինչպես նաեւ գյուղատնտեսությամբ եւ ջրի մշակմանբ զբաղվելու գործում:
Բացառված չէ, որ վերջերս Ապարանում դահուկային համալիրների, ճոպանուղիների եւ հանգստյան գոտիների մեծ պրոեկտները հետաքրքրություն են առաջացրել նաեւ այլազգիների մոտ, որոնք էլ կարող են անմասն չմնալ այդ ամենից, որը շահավետության մեծ հեռանկարներ է բացում:
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ, ՀՊՄՀ-ի Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի