ԲԵՌԼԻՆԻ ՀՈՒՅՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՀԱՄԱՅՆՔԸ ՈԳԵԿՈՉՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

4

Բեռլինի հույն ուղղափառ համայնքը ամեն տարի սեպտեմբերի կեսերին ոգեկոչում է Օսմանյան Թուրքիայոմ մեկ դար առաջ կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Ըստ գերմանաբնակ, մեր ընթերցողներին ծանոթ Մուրիել Միրաք-Վայսբախի , այս տարի եւս սեպտեմբերի 11-ին եւ 12-ին այդ համայնքի ներկայացուցիչներն ու համախոհները հավաքվել են Լուիզեն-Քիրչհոֆ III գերեզմանատանըՙ նույն նպատակի համար: Հավաքվածների մեջ են եղել նաեւ հայեր, ասորիներ եւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Գերեզմանատան «Հիշողությունների զոհասեղաններ» անունով ճանաչված հատվածում էկումենիկ ոգին խորհրդանշող հուշարձան է տեղադրված, որը հատուկ տեղ է զբաղեցնում գերմանացիների հիշողությունների պատմության մեջ: Դեպի այդ վայրը խմբակային այցը առաջնորդել է դոկտ. Թեսա Հոֆմանը :

Հաջորդ օրը հիշատակի արարողություն է տեղի ունեցել, որի ընթացքում նա ելույթ է ունեցել եւ անդրադարձել ցեղասպանությունների պատմությանը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ իր գործադրած ջանքերին: Ունկնդիրները այնուհետեւ ծաղկեպսակ են զետեղել հուշարձանի առաջ եւ Քրիստոսի Համբարձման հունական ուղղափառ եկեղեցու արքիմանդրիտ (վանահայր) դոկտ. Ստեֆան Լ. Թոման եզրափակել է երկօրյա միջոցառումըՙ աղոթքներ բարձրաձայնելով առ Աստված:

Հոֆմանն իր խոսքում նշել է, որ 20-րդ դարի սկզբներին վերոնշյալ համայնքներից մոտ 5 միլիոն քրիստոնյաներ էին ապրում Օսմանյան Թուրքիայում: Նրանցից ավելի քան երեք միլիոնը կոտորածների եւ տեղահանությունների միջոցով բնաջնջվել են կառավարության հրամանով: Այդ ժամանակ է, որ Թուրքիայից եւ Միջին Արեւելքի երկրներից հույներ, հայեր եւ այլ քրիստոնյաներ ապաստան են գտել Գերմանիայում: Նրանք շատ քիչ բեռ ունեին, բայց շատ հարուստ կենսափորձ: Իրենց նոր բնակավայրում նրանք կարիք ունեին մի հատուկ վայրի, որը ոչ միայն ողբալու պետք է ծառայեր, այլեւ զգուշացներ աշխարհին, որ այլեւս երբեք չկրկնվեն նման վայրագությունները մարդկության դեմ: 2002-ին ստեղծվել է «Խոսել միասնական մեկ ձայնով» կազմակերպչական մի հանձնախումբ, որն էլ Բունդեսթագին է դիմել ճանաչելու 1912-1922 թվերի Օսմանյան ցեղասպանություններն ընդդեմ քրիստոնյաների: 2008-ին պահանջ է ներկայացվել Բեռլինում ունենալու հիշողությունների մի հատուկ վայր, որն էլ պաշտպանություն է գտել հայ-գերմանական սերտացման հետ կապեր ունեցող Շարլոտենբուրգի քաղաքական էլիտայի կողմից:

2012-ին ստեղծվել է էկումենիկ հուշարձան ունենալու պահանջ ներկայացնող FOGG ընկերությունը, որն էլ 2018-ին ավարտել է «Հիշողությունների զոհասեղանների» կառուցումը: Այժմ այդ վայրը գտնվում է պետական պահպանության ներքո, որպես պատմական հուշակենտրոն:

Հոֆմանն իր խոսքը ավարտել է նշելով, որ 2022-ին լրանում է Իզմիրի կոտորածների հարյուրամյակը, մի տարեթիվ, որը պետք է լուրջ խորհրդածությունների առիթ հանդիսանա: