Հայ-հնդկական ծագումով Քիթ Գարեբյանը (Ղարեբյան), ծնված 1943 թ. Հնդկաստանի Բոմբեյ (այժմ Մումբայ) քաղաքում, մրցանակակիր անգլիագիր հեղինակ էՙ բանաստեղծ, կենսագիր եւ գրականության, պարարվեստի ու թատրոնի քննադատ: 1961-ից ապրում է Կանադայում: Մոնրեալի Սըր Ջորջ Վիլյամսի եւ Քինգսթոնի Քուինզ համալսարաններում մասնագիտացել է անգլերենի մեջ, ապա դասավանդել ՄքԳիլ, Կոնկորդիա եւ Թրենթ համալսարաններում: 1973-ին Քուինզ համալսարանում արժանացել է կանադական եւ բրիտանական համագործակցության գրականության դոկտորի կոչման: Տասը բանաստեղծական հատորի, Կանադայի գրականության եւ թատրոնի վերաբերյալ տասնութ գրքի հեղինակ է, գրել է նաեւ հազարավոր ակնարկներ, հարցազրույցներ եւ հոդվածներ, որ լույս են տեսել 100-ից ավելի միջազգային պարբերականներում, ժողովածուներում եւ համացանցային կայքերում: Նրա բանաստեղծական գրքերից են «Նախնիների ջրամբարը» (2003), «Ֆրիդա. Նկարի՛ր ինձ որպես հրաբուխ» (2004), «Արարատի զավակները» (2010), «Լուսին եւ վայրի խոտեր» (2013), «Ջորջա եւ Ալֆրեդ» (2015), «Պոեզիան արյուն է» (2018), «Ընդդեմ մոռացության» (2019) եւ այլն: Գարեբյանի ոչ գեղարվեստական գրքերի թվում են Բրոդվեյի դասական մյուզիքլների («Իմ չքնաղ լեդին», «Վեսթսայդյան պատմություն», «Գնչուն», «Տղաներ եւ տիկնիկներ», «Կաբարե») պատմությունները, ինչպես նաեւ կանադացի հայտնի դերասան Վիլյամ Հաթի կենսագրությունը:
Նրան շնորհված բազմաթիվ պարգեւներից են Միսիսաուգայի արվեստի մրցանակը գրականության համար (2000, 2008, 2013 եւ 2019) եւ Դեն Սալիվանի հիշատակին նվիրված պոեզիայի մրցանակը (2006), Կանադայի գրողների ընկերակցության (Նիագարայի մասնաճյուղ) պոեզիայի եւ Նաջի Նաամանի անվան (Լիբանան) մրցանակները (2009): Գարեբյանը 2009-ին արժանացել է Կանադայի Գրողների ընկերակցության պոեզիայի մրցանակաբաշխության առաջին մրցանակին («Տիգրանակերտ» բանաստեղծության համար), Օնտարիոյի արվեստների խորհրդի եւ Կանադայի խորհրդի սահմանած գրական դրամաշնորհների եւ բազմաթիվ անվանակարգերի ու մրցանակներիՙ ազգային եւ միջազգային մրցույթներում: Նրա «Էլեգիա Վիլյամ Սարոյանի համար» բանաստեղծությունը «Խորհրդարանական պոետի դափնեկիրն» ընտրել է որպես ամսվա բանաստեղծություն: Գարեբյանի գործերից թարգմանվել են հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն, ռումիներեն, բուլղարերեն եւ հնդկերեն:
– Հարգելի՛ Քիթ, գրողները սովորաբար գրում են գրախոսականներ, դուք գրում եք նաեւ ակնարկներ պարի եւ թատրոնի մասին: Ոմանք անհրաժեշտ են համարում հատուկ մասնագիտական կրթությունՙ այդ թեմաներով գրելու համար: Այնքան էլ համաձայն չեմ, իսկ դո՞ւք:
– Ես ոչ մի բանի համար հատուկ մասնագիտական պատրաստվածություն չունեմ: Ես էկլեկտիկ գրող եւ քննադատ եմ, որը լավ գիտի, որ որեւիցե արվեստի համար չկա մեկ ճշմարտություն, չկա ոչ մի տեխնիկա կամ մեթոդ: Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը կարող է սովորեցնել ձեզ գրել, նկարել, խաղալ կամ պարել, եթե դուք չունեք այդ ամենի ձիրքերը կամ բնազդը: Իմ տաղանդը կամ հմտությունը ծագում են բնազդից, խելացիությունից, զգայունությունից, տարբեր ժանրերի լավագույն նմուշները կարդալուց, դիտելուց կամ ուսումնասիրելուց: Ես լավագույնս սովորում եմ ամեն ինչիցՙ գրականություն, կերպարվեստ, դերասանական խաղ, քննադատություն: Փորձը պետք էՙ որոմը հատիկից առանձնացնելու, նրբությունները գնահատելու, ճաշակը ստուգելու կամ լավ իմաստով քննադատական խտրականությունն ընդլայնելու կարողություն ունենալու համար: Բայց ես նաեւ ընդունում եմ լավ խմբագիրներ ունենալու առավելությունը: Ոչ մի գրող չի կարող թույլ տալՙ ապավինել միայն իրեն:
– Դուք ասում եք, որ պոեզիան արյուն է. արյունըՙ որպես ծագում, պատկանելություն որոշակի մշակույթի եւ ժառանգության: Ձեր հայկական ժառանգությունը վառ արտահայտված է ձեր պոեզիայում: Իսկ ձեր մայրակա՞ն կողմի, անգլո-հնդկակա՞ն ժառանգությունը: Կա՞ն որոշ ոգեշնչումներ, մոտիվներ, տրամադրություններ, որոնք գալիս են ձեր ա՛յդ կողմից:
– Իմ «Ցավը» հուշագրությունը պարունակում է առանձին գաղափարների եւ զգացմունքների մի դաշտ իմՙ «տարօրինակ կենդանակերպի ներքո տարանջատված մի գետ» լինելու վերաբերյալ: Մի մեջբերում անեմ այս հուշագրությունից. «Նույնիսկ Բոմբեյում, որտեղ ծնվել եմ, ես երբեք ամբողջությամբ մեկ տեղից չեմ եղել: ….Ես էկզոգեն էի Հայաստանում ՙ մեծացած լինելով իմ հոր ծագումին ու լեզվին անտեղյակ. ինձ ամաչեցնում էր իմ անգլո-հնդկական կյանքը վատնելը»:
«Մոռացության դեմ» ժողովածուիս մեջ կան առանձին բանաստեղծություններ («վիրավորող» եւ «վիրավորված» բառերով), որ ավելի լայնորեն են ներկայացնում իմ անգլո-հնդկական ծագումն ու 1961 թվականին ընտանիքիսՙ Կանադա արտագաղթի պատմությունը: Ժողովածուն լուսաբանում է հետեւյալ խնդիրներըՙ մշակութային եւ հոգեկան ինքնություն, տեղահանություն, կամավոր աքսոր կամ արտագաղթ եւ օտարության զգացումՙ նոր աշխարհում: Երբեմն ես դեռ զգում եմ, որ նման եմ «այլմոլորակայինի», որ իմ անգլո-հնդկական կողմն առնչվում է պակաս արտահայտված հայկական կողմիս հետ եւ որ իմ կանադական կյանքը շփման մեջ է այս երկու տարրերի հետ: Իմՙ Կանադա գալուց մոտ 60 տարի անց դեռ ինձ հարցնում են. «Որտեղի՞ց ես եկել»: Մետաֆիզիկական առումով հարցը կարեւոր մի բան կնշանակեր, բայց ընդհանրապես դա ենթադրում է, որ հարցը տալիս են Օտարականին:
– Մենք չենք հանդիպել (դեռեւս), բայց տարիներ առաջ դուք ինձ նվիրեցիք ձեր «Արարատի զավակները» բանաստեղծական ժողովածուն: Ես սովորաբար խուսափում եմ Հայոց ցեղասպանության (եւ Հոլոքոսթի) մասին գեղարվեստական գրականություն կարդալ, քանի որ թերահավատորեն եմ վերաբերվում ազգային ողբերգությունների եւ արյունոտ տեսարանների վիպականացմանը, հատկապես փոխհատուցում չստացած «զոհերի» տեսանկյունից: Այնուամենայնիվ, չնայած բազմաթիվ դաժան տեսարաններին կամ պահերին, ձեր գիրքն ինձ համար առիթ դարձավ լսելու Սփյուռքից հնչող մեկ այլ տաղանդավոր ձայն: Ինձ դուր եկան մասնավորապես ձեր այս տողերը (այս եւ հետագա հատվածներն իմ թարգմանությունն են).
Տիեզերքի բոլոր աստղերն ադամանդ չեն:
Ոմանք մեզ այրում են ընկնելիս:
Բայց մյուս կողմից, աներեւակայելի է եռագլուխ հրեշինՙ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին դարձնել բանաստեղծության նյութ, ինչպես դուք եք արել. թույլ տվեք մեջբերել.
Ազա՞տ ես, ուրեմն, Թալեա՛թ, ազատՙ ամեն ինչից,
բացի քո դաժանությունից ու հայ ուրվականներից:
Իսկ դո՛ւ, Էնվե՛ր, մանկասպա՛ն, տակա՛նք հերոս,
դու թաղվա՞ծ ես կույսերի հարեմի հետ:
Ջեմալն ավարտում է մարդասպան եռամիասնությունը:
Ի՞նչ նոր ոճիր եք նախատեսում Դժոխքից:
Գյուղացիներ, պաշտոնյաներ եւ նախարարներՙ ճշմարտությունից շեղված,
Բացատրում են աններելինՙ կաշառված համակիրներին:
Ձեր բողոքն ընդդեմ հայկական արցունքների
ծաղրում են ձեր հավակնությունները մարդկության հանդեպ:
– Այսպիսի ցավոտ թեմայով գրելիս հաջողվո՞ւմ է «չվնասել» պոեզիան:
– Արվեստը կարող է նվաստացվել եւ «դավաճանվել» վատ ձեւի պատճառով, սակայն դիտարկելով «վկայության պոեզիան»ՙ տեսնում ենք, որ քննադատական տեղանքի վրա ազդում են պատմության եւ բռնության ներթափանցման բնույթն ու ընթացքը, ինչպես դա բացատրել է Փիթեր Բալաքյանն իր «Մամլակ եւ ստվեր. էսսեներ քնարական երեւակայության, պոեզիայի, արվեստի եւ մշակույթի մասին» գրքում: «Վկայության պոեզիան» Բալաքյանը հիմնավորում էՙ պնդելով, որ «կապ կա բանաստեղծի կյանքի եւ այն պատմության ուժերի միջեւ, որոնցում նա ապրում է այդ կյանքը եւ որը կարող է նաեւ ազդել բանաստեղծի արվեստի բնույթի վրա»: Ըստ նրա, որոշ պատմական իրադարձությունների (ոճիրների) եւ երեւակայության միջեւ փոխհարաբերությունները կարող են դրսեւորվել տարբեր ձեւերով, օրինակՙ «քնարական առճակատում», «մի թեմայից մյուսին անցնող եւ շեղվող», գրոտեսկորեն ներըմբռնողական, մասնատված, նամակագրական, կատալոգավորված եւ այլն: Ըստ էության, վկա լինելը ճշմարտություն ասել է, եւ երբ գրում էի պատմական տրավմաների մասին, ես օգտագործում էի պատմական վավերագրությունըՙ որպես մի տեսակ բուռն «հետընտրական հիշողություն»ՙ մերկացնելու եւ դատապարտելու համար: Այս բանաստեղծությունը, ինչպես գրքում եղած մյուսները, առերեսվող են, բայց իմ ռազմավարությունը տարբեր է դեպքից դեպք: Ես խառնում եմ հուզիչըՙ կոպիտի, նուրբըՙ համարձակի, ուսուցողականըՙ քնարականի հետ: Երբեմն այս հակադիր տարրերը խառնվում են մեկ բանաստեղծության մեջ:
– Հայոց ցեղասպանությունից փրկվածների համար անսովոր է եղել Հնդկաստանում հայտնվելը, ինչպես որ պատահել է Տիգրանակերտ-Դիարբեքիրում ծնված ձեր հորը: Ես ծանոթ չեմ ձեր «Ցավ. ուղեւորություն ծնողներիս շուրջը» ինքնակենսագրական հուշերին, որտեղ, ենթադրում եմ, կա այս հարցի պատասխանը:
– Հնդկաստանում հայեր ապրել են 1915 թվականի ցեղասպանությունից առաջ նույնպես: Իմ հուշերում նշել եմ, որ հայերը Հնդկաստանում եղել են բրիտանացիներից շատ առաջՙ կարեւոր դեր խաղալով տարբեր մասնագիտությունների, այդ թվումՙ հրատարակչության ոլորտում: Հարավային Հնդկաստանում երկու հայ հեղինակ հրատարակել են շրջադարձային աշխատություններ, այդ թվումՙ հայ քաղաքական փիլիսոփայության առաջին աշխատությունը եւ ապագա ժողովրդավարական Հայաստանի առաջին ձեռնարկը: Այնուամենայնիվ, հայերիՙ այդ երկիր գալու, բնակության կամ հավաքական հնդկական փորձառության վերաբերյալ լայնածավալ գրառումներ չկան:
Ինչ վերաբերում է հորս կյանքին Հնդկաստանում, շատ հարցեր մնում են անպատասխան: Ինձ հայտնի է, որ նրա ավագ քույր Ռոուզը (հավանաբարՙ Վարդուհի) ամուսնացել էր Գոայի բնակչի հետ եւ ընտանիք կազմել Բոմբեյում: Նա երկու նամակ է գրել հորսՙ համոզելով նրան Բոմբեյ տեղափոխվել Բասրայից (որտեղ նա բրիտանացիներից անգլերեն եւ առեւտրի գործ էր սովորել): Չգիտեմ, թե ինչպե՛ս կամ ե՛րբ է հորաքույրս հասել Բոմբեյ, ե՛րբ է հայրս եկել Հնդկաստան, ի՛նչ աշխատանքներ է կատարել, ովքե՛ր էին նրա ընկերներն ու սիրուհիներն այդ ժամանակ: Ես միայն գիտեմ, թե ինչպես է նա հանդիպել եւ ամուսնացել մայրիկիս հետ:
– Ձեր կյանքի առաջին 18 տարիներն անցել են Հնդկաստանում: Այդ ժամանակ ձեր ծննդավայր Բոմբեյում դեռ մի փոքր հայկական կյանք կար: Ի՞նչ եք հիշում այդ ժամանակաշրջանի Բոմբեյի հայությունից:
– Շատ քիչ բան, որովհետեւ, ինչպես ցույց եմ տվել իմ «Ցավ» գրքում, ես թշնամաբար էի տրամադրված հորս եւ, հետեւաբարՙ հայկական ամեն ինչի հանդեպ: Հայրս իսկապես սիրում էր իր կնոջն ու երեխաներին, բայց հինգ տարեկանից որբացած լինելովՙ նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես պետք է արտահայտի իր սերը նրանց հանդեպ: Անշուշտ, նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել այն, ինչն այժմ բնորոշվում է որպես հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Բոմբեյում կար հայկական եկեղեցի, որը մենք հաճախում էինք հատուկ առիթներով, բայց քանի որ ես չգիտեի հայերեն, այնտեղի ծեսերն ինձ համար շատ տարօրինակ էինՙ բացի Սուրբ Պատարագի ընդհանուր կողմերից: Հայ ընկերներ քիչ ունեինք, բացի մեկ ընտանիքիցՙ Սանոսյաններից, որոնք հետագայում հաստատվեցին Բաֆալոյում (Նյու Յորք): Ես սիրում էի տիկին Սանոսյանին, որը կարդում էր (կամ ձեւացնում էր, թե կարդում է) թեյի տերեւների վրայի «գրվածքները» եւ մեզՙ երեխաներիս, անվանում էր «տիկնիկներ»: Ես աղոտ հիշում եմ նաեւ նրա ամուսնունՙ Լեւոնին, որն ինձ համար մի հիանալի գոհարազարդ մատանի է պատրաստել: Այնտեղ էին նաեւ Գյուլհանյան քույրերն ու նրանց հնդկուհի մայրը: Պարոն Գյուլհանյանը նույնպես ոսկերիչ էր, ծնունդով Արեւմտյան Հայաստանից: Ավա՜ղ, նա մահացավ միջին տարիքում, քաղցկեղից, երբ ես շատ փոքր էի, ուստի ես նրան չեմ հիշում:
Փոքրիկ հայկական համայնքում առկա էր ներքին տարաձայնությունների սովորական հայկական միտումը, բայց, ինչպես միշտ, կար ընդհանուր ողբերգական պատմության եւ դրանից բխող կապի արմատավորված զգացում:
– Դուք մեկ անգամ եք այցելել Հայաստանՙ 2013-ին, մասնակցելով Հայաստանի Գրողների միության կազմակերպած օտարագիր հայազգի գրողների 6-րդ համաժողովին եւ Սփյուռքի նախարարությունից ստացել եք Վիլյամ Սարոյանի անվան մեդալ: Դրանից հետո դուք գրեցիք «Իմ անցումը դեպի Արարատ» էսսեն, որը հրապարակվեց Keghart.com կայքէջում: Որո՞նք են ձեր ճանապարհորդության ամենավառ հիշողությունները:
– Այդ հիշարժան այցի մասին գրել եմ «Իմ անձի մասերը» իմ (ոչ ամբողջական) ինքնակենսագրական գրքում, որի հրատարակության հարցը քննում են երեք կանադացի հրատարակիչներ, ուստի չեմ կարող շատ բան «գողանալ» իմ այս անտիպ ձեռագրից, այդ պատճառով կհաղորդեմ միայն Հայաստանում իմ կարճ ժամանակի անցողիկ տպավորությունները: Սահող տեսարաններՙ կտրուկ, խորդուբորդ բնանկարի, բլուրների հարթավայրեր, չեչոտ քարերով եկեղեցիներ, գյուղական գերեզմանոցներում եւ եկեղեցու բակերում գտնվող մաշված խաչքարեր, զանգվածեղ քանդակներ, հովվուհինՙ իր կենդանիների հետ, Ծաղկաձորի մեր բարձրադիր հյուրանոցի նախշազարդ դեկորը: Հետոՙ բազմազանությամբ ու կյանքով աշխույժ Երեւանը: Սովորական զբոսաշրջային տեսարժան վայրերըՙ Էջմիածնի տաճարը, Գառնիի հնագույն տաճարը, Գեղարդի վանքը սեւ ժայռից հոսող իր սառցե քաղցրահամ ջրով, Նորատուսի քայքայվող խաչքարերը, օպերային թատրոնը, Փարաջանովի թանգարանըՙ իր գրավիչ կոլաժներովՙ պատրաստված մազակալներից, տիկնիկներից, կնոջ գլխարկներից եւ կրոնական մասունքներից. Մատենադարանը, Սեւանա լիճը, որտեղ դիմացկուն լողորդները համարձակվեցին սառը ջուրը մտնել, եւ տոնական Հանրապետության հրապարակըՙ իր երաժշտական շատրվաններով: Եվ ապաՙ մարդկային գործոնը. սփյուռքահայերՙ տարբեր ծագմամբ եւ լեզուներով, նոր հայ ընկերներ (Լուսին Գասպարյան, Հերմինե Նավասարդյան, Կինգա Կալի, երջանկահիշատակ Լեւոն Անանյան), Սփյուռքի նախարարության ջերմ հյուրընկալությունը, այն զգալի տարբերությունը, որ կար Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկրներում ապրող ավագ սերնդի սփյուռքահայերի եւ երիտասարդ սերնդի սփյուռքահայերի միջեւ, բնազդային կապ համաժողովի պատվիրակներից շատերի հետ եւ մառախուղի պատճառով Լեռը դիտելու իմ ողբալի ձախողումը:
Եթե ես նշելու լինեի իմ ամենից անսովոր փորձառությունը (բացի Վիլյամ Սարոյանի մեդալը ստանալուց), դա իմ հուզական պոռթկումն էր Ցեղասպանության հուշահամալիրում: Այս մասին ես գրել եմ Keghart.com-ում եւ կրկնել իմ անտիպ ինքնակենսագրության մեջ: Ես նաեւ այն հիշատակել եմ իմ «Պոեզիան արյուն է» գրքում.
….տասներկու հուշաքարեր` դեպի ներս
թեքված
խաչքարեր ՙ խաչերով փորագրված
սգացող կերպարներ, տասներկու
կորսված նահանգներ
բռնած անհանգիստ սիրտը
եւ միտքը,
քարե շրջանակի մեջ,
որտեղ աստիճանները
տանում են ցածՙ դեպի կրակը
խորտակված քարից:
Ոգու բարձրացում քնից,
ցնծացող հանգիստ:
Ինչ-որ բան է ճեղքվումՙ
հորդեցնելով տաք արցունքները,
տակավին չկան բառերՙ
չափելու համար պաթոսը:
Ի՞նչ մակերեսներ են հնչյունները,
որ ճանկռում են թշվառ
հնչյունները, որ կոտրում են
կոկորդը:
Այս կեղտը, որը մենք անվանում ենք
երկիր,
կարո՞ղ եք ճաշակել այն, ինչ ասում եմ:
Այս ռեքվիեմը
հիվանդՙ մարդկանց կոտորածով:
– Եզրափակելովՙ ես կցանկանայի հիշել, որ մի հարցազրույցի ժամանակ դուք ասել եք, որ տեղյակ չեք Գարեբյան ընտանիքի որեւէ անդամի մասին աշխարհի որեւիցե այլ վայրում (բացի ձեր որդուց)ՙ ենթադրելով, որ հավանաբար ձեր հոր ընտանիքից ոչ ոք Ցեղասպանությունից չի փրկվել: Իրականում ձեր ազգանունը կարող էր տարբեր կերպ գրվելՙ Ղարեբյան կամ Ղարիբյան, հայկական տարածված ազգանուն, որի արմատը պարսկերեն ղարիբՙ պանդուխտ բառն է: Սրանից անկախ, մենքՙ հայերս, մեծ ընտանիք ենքՙ որտեղ էլ որ ապրենք, եւ կուզենայի, որ այս զգացումը փոխանցվեր նաեւ ձեր որդուն:
– Հույս ունեմ. Կարծում եմ, որ որդիս ունի այդ զգացումը: