ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա, «Օրեր» ամսագրի հիմնադիր-խմբագիր
Անահիտ եվ Ալեքսանդր Թոփչյաններ
Երբ քեզ հարազատ դարձած մարդիկ անակնկալ հեռանում են, թվում է , թե մի զարհուրելի երազ է, մինչդեռ իրականում դա ճակատագրով նախատեսված վերջաբան է, որ մի օր պետք է տեղի ունենար: Նրանց ճակատագիրը միահյուսել էր դեռ 1969 թվականին, եւ այլեւս բաց չէր թողել: Եվ երկրային կյանքին նրանք հրաժեշտ տվեցին միասինՙ հիվանդանոցի նույն սենյակում պառկած: Անահիտի ծննդյան օրըՙ օգոստոսի 21-ը դիմավորեցին այնտեղ: Մեկ շաբաթ անցՙ սեպտեմբերի 3-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց Ալեքսանդրը, իսկ մեկ ամիս անցՙ սեպտեմբերի 20-ինՙ Անահիտը: Իմ սիրելի դերասանուհուն հասցրեցի հեռախոսով շնորհավորել, իսկ Ալեքսանդրի ծննդյան օրըՙ սեպտեմբերի 6-ին, նա այլեւս չկար: Փոխարենը Պրահա հասավ Թոփչյանի վերջին վեպըՙ «Որոգայթն»ՙ իր ջերմ մակագրությամբ: Կարծիքս էր ուզում իմանալ: Չհասցրեցի հայտնել: Բայց վեպը մի շնչով կարդացի եւ կրկին զարմացա թոփչյանական խոսքի ու մտքի, գնահատականների դիպուկ ու ճշմարտացի արտահայտչականությամբ, ժամանակը ճշգրիտ զգալու եւ գեղարվեստական վարպետությամբ ներկայացնելու հմտությամբ: Նրա հերոսը երկրի նախկին ղեկավար է, որ ըստ էության մարմնավորում է նախկին ու ներկա բոլոր կառավարիչներին եւ փախչում է Եվրոպա, կազմակերպում իր թատերականացված մահը, հետո վիրահատում է դեմքը, եւ մի այլ կերպարով վերադառնում ու հասկանում, թե ինչ աղետալի վիճակի է հասցրել այն երկիրը, որտեղ «թագավորել է» երկար տարիներ: Թեեւ հեղինակը նախաբանում գրում է, որ այս ստեղծագործությունը ծայրեծար հորինվածք է, եւ եղած զուգադիպությունները պատահականության արդյունք են, բայց իրականում այս վեպը դասագիրք է բոլոր ժամանակների ղեկավարների համար, թե ինչպես չպետք է կառավարեն երկիրը:
Վեպի վերջում հերոսը անկեղծանում է. «99 տարի ես, իհարկե, չեմ ապրի, բայց այն մնացած տարիները, որ Աստված պահել է ինձ համար, արդյոք բավական կլինե՞ն այդ փոսը մաքրել կուտակված աղբից եւ այնպես լցնել բարությամբ, որ մարդկային հոգիների վրա ՙ տասնամյակների ու հարյուրամյակների կուտակած կեղտը գոնե մի քիչ պակասի: Իմս արդեն որոշ չափով մաքրել եմ եւ պիտի շարունակեմ մաքրել: Հիմնական աշխատանքն առջեւում է: Միայն թե թողնեն, միայն թե չխանգարեն… Օ, որքան դժվար է ու վտանգավոր իմ երկրում լինել ազնիվ եւ բարիք գործել: Ես դեռ երկար պիտի քայլեմ իմ անապատով : Մենքՙ բոլորս, դեռ երկար պիտի քայլենք մեր անապատներով» :
Հետաքրքրական է, որ վեպը գրվել է դեռեւս 2018 թվականի սկզբին, երբ դեռ իշխանափոխության մասին խոսք չկար եւ գրողն ավարտել է հոկտեմբեր ամսին, երբ ներկա իշխանության կառավարման ձախողումը առկա էր:
Եվ ինչպես Թոփչյանի ամենաազդեցիկ գործերից մեկըՙ «Եվ անգամ մահից հետո» վեպը կարելի էր վերածել ֆիլմի, այդպես էլ «Որոգայթը» լիովին լիամետրաժ ֆիլմի սցենար է: Ալեքսանդր Թոփչյանի մասին մի առիթով արդեն գրել էի, որ մեր ժամանակների հայ մտավորականության բացառիկ դեմքերից մեկն է: Նրա գրական լեզուն վերլուծական ճկուն միտքը բարձրաճաշակ մոտեցումը արվեստի ու գրականության ամենատարբեր հարցերին խորքային գիտելիքները հանրագիտարանային հիշողությունը եւ հայ ազգային մտքի շարունակական արծածումը միայն խորը հարգանքի եւ ակնածանքի են արժանի: Չկար հայ ու համաշխարհային գրականության հետ կապված մի հարց, որի մասին խոսեինք, եւ ինքը խնդրին տեղյակ չլիներ:
Ալեքսանդր Թոփչյանը դարձավ իր երկրին ու ժողովրդիննրա մշակույթին նվիրված մշակ որ ուր էլ գնաց ինչ գործ էլ նախաձեռնեց միայն հարստացրեց հայկական աշխարհըմիաժամանակ ստեղծելով իրՙ թոփչյանական բացառիկ աշխարհը: Նրա ֆրանսիական գրականության թարգմանությունները, նրա խորը գրականագիտական եւ հրապարակախոսական հոդվածները զարդարում էին ցանկացած պարբերականի էջեր: Նրա հայկական շնչով եւ համամարդկային շեշտադրումներով գործերը թարգմանվում էին տասնյակ լեզուներով , տարածվում աշխարհով մեկՙ դառնալով նաեւ այլ ազգերի սեփականություն:
Նրա գեղեցիկ կեսըՙ Անահիտ Թոփչյանը, որին ծանոթ էինք իր հիանալի դերասանական խաղով ու հմայքով, Փարիզում նախ սկսեց հանդես գալ մոնոներկայացումներով, կերտեց Փառանձեմ թագուհու ոգեշունչ կերպարը, ապա խիզախեց եւ 1998 թվականին հրատարակեց պատմվածքների առաջին ժողովածունՙ «LADY S.D.F.»-ը: Նա իր դեբյուտային գրքով ներկայացրեց օտարության մեջ հայտնված հայ կնոջ կերպարը, որը հետագայում զարգացում ստացավ նրա հաջորդ երկու գրքերումՙ 2008-ին հրատարակված «Հայելի» ժողովածուում եւ 2012-ին հրատարկված «Տագնապ» վեպում: Նրա գրական փորձառության մասին գնահատական է տալիս իր «Հաշվեհարդար» վիպակի հերոսուհինՙ «Պատմվածքներիս առաջին ժողովածուն լուրջ հաջողություն ունեցավ: Ես գրել էի առանց գրական մեծ հավակնությունների, պարզապես, որովհետեւ չէի կարող չգրել: Դա յուրատեսակ խոստովանություն էր Աստծո առջեւ: Աշխատել էի ամեն կերպ հավատարիմ մնալ կյանքին: Թվում էր, մի ծանր բեռ էր դրված ուսերիս, որից կկարողանամ ազատվել միայն այդ գիրքը գրելով: Սակայն պարզվեց, որ «ազատվելն» այդքան էլ դյուրին չէ» :
Ըստ էության Անահիտի հերոսուհին ճիշտ էր, նա մնաց գրականության կախարդարական աշխարհի մեջ, ավելինՙ սկսեց նաեւ ռուսերենի թարգմանել իր գործերը, նաեւ ֆրանսերենից թարգմանություններ կատարել: Բեմի բացը նա լրացրեց գրականությամբ: Անչափ ցավալի է, որ անցած երեսուն տարիներին հայ բեմը, կինոն այդպես էլ չկարողացան օգտագործել նրա տաղանդըՙ հմայքը, լեզուն եւ միտքը: Մեր զրույցներից մեկում նա խոստովանել էր, որ «անկախ ամեն ինչից, ես մնում եմ դերասանուհի, գրականությունն ինձ համար դառնում է բեմի շարունակությունը» : Նա իր գրած պիեսների հերոսներին էր մարմնավորում, ներկայացնում էր ժամանակակից հայ կնոջ կերպարըՙ անձնական փորձառությամբ ու բացառիկ հմայքով: Բայց թե՛ իբրեւ դերասնուհի, եւ թե՛ իբրեւ գրող նրա հայացքը մնում էր գամված Հայաստանին: «Էմիգրացիան ինքնասպանություն է: Եվ ինչ պատիվների էլ արժանանաս դրսում, միեւնույն է, հայացքդ դեպի Հայրենիք է լինելու: Եվ անբավարարության զգացումը երբեք քեզ չի լքի, եթե մարդ ես, անշուշտ» ,- ասում էր նրա հերոսուհիներից մեկը:
1990-ականների սկզբին, երբ Անահիտը մեկնեց Փարիզՙ ուսումնառության մեկնած դստերՙ Աննայի կողքին լինելու համար, Ալեքսանդրը դեռեւս Երեւանում էր, եւ այն ժամանակ համացանց ու նորաստեղծ հեռախոսային հնարավորություններ չկային: Եվ նրանք ամեն շաբաթ նամակներ են գրում իրար, որտեղ ներկայացնում էին իրենց ապրումները, կարոտը, Հայաստանում եւ սփյուռքում տիրող իրավիճակը: Երբ 2020-ին սկսվեց համավարակով պայմանավորված փակ կյանքը, Ալեքսանդրը հեռախոսային հերթական զրույցում խոստովանեց, որ որոշել են հրապարակել այդ նամակների ժողովածուն: Այն դառնալու էր նրանց կյանքի որոշակի հատվածի վավերագրությունը: Պատրաստում էին նաեւ թարգմանական նոր հրատարակություններ: Ու Քովիդը չխնայեց նրանց: Գալով Երեւանՙ նրանք ընկան այդ նույն «Որոգայթի» մեջ: Ճակատգիրն էր նախանշել ՙվերջին հանգրվանը Հայաստանում:
Թվում է, թե նրանց տեղը երբեք չի լրացվի: Այո: Այդպես է: Սակայն նրանք միշտ կլրացնեն իրենց տեղը պատմական մեր դարաշրջանը լավագույնս ներկայացնող հրաշալի գրականությամբ: «Եվ անգամ մահից հետո» նրանք կշարունակեն ապրել սերունդների հետ եւ նրանց ապագայի համար:
Մի հարցազրույցում պատասխանելով Աստծուն հանդիպելու հարցիս, Ալեքսանդր Թոփչյանը պատասխանել էր. «Աստծուն հանդիպում ենք ամեն օր եւ հաշիվ տալիս, թե որքանով էր արդար մեր ապրած օրը, իսկ հետո, մեր երկրային կյանքի ավարտից հետո, եթե հանդիպենք նրան այնտեղՙ վերեւում, ապա մենք չէ, որ պիտի խոսենք , այլ պիտի լսենք նրա վճիռըՙ թե որտեղ պիտի հանգրվանեն մեր հոգիներըՙ դժոխքո՞ւմ, թե՞ դրախտում… Հուսանք, որ վերջինը կլինի» :