Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: Այս մասին հայտնել է Հովսեփյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը :

Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյանՙ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում:

Ըստ Հատուկ Քննչական ծառայությանՙ 68-ամյա Աղվան Հովսեփյանը, որը 2004-ից մինչեւ 2018 թվականը զբաղեցրել է նախՙ գլխավոր դատախազի, ապաՙ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերի` 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել 800 միլիոն դրամի գույք:

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը եւ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել:

Փաստաբան Սասուն Ռաֆայելյանը հայտարարել է, որ դատարանի որոշումն ստանալուց հետո դրա դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք:

«Մենք անպայման բողոք ենք ներկայացնելու Վերաքննիչ դատարան, ուղղակի որոշումը դեռ չենք ստացել: Երեկ հրապարակվել է դատարանի որոշման եզրափակիչ մասը: Որոշումը ստանալուն պես կծանոթանանք դրան, ինչից հետո բողոք կներկայացնենք»,- հայտարարել է Ռաֆայելյանը:

Նշենք, որ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: