Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

3 ԶԻՆԾԱՌԱՈՂՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՆԱԵՎ ԴԻՐՔԻ ԱՎԱԳԸ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է երեք զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել են դեպքիՙ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել եւս մեկ ժամկետային զինծառայողիՙ դիրքի ավագիՙ դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել էՙ ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու եւ ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ 2021թ. օգոստոսի 19-ինՙ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի , Լեւոն Ռաֆայելի Հարությունյանի եւ Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերըՙ հրազենային վնասվածքներով:

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր երեք զինծառայողների համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվելՙ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարանՙ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 22-ին բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: