ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բացի վիրավոր զինվորների առողջական խնդիրներից լուծվում են նաեւ նրանց կրթական, սոցիալական վերաինտեգրման, աշխատանքի տեղավորման խնդիրները:
Մեզ հետ զրույցում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի մշակութային բաժնի համակարգող Նարա Սարգսյանը նշեց. «Բազմաթիվ մշակութային ծրագրեր են իրականացվում թե՛ այստեղ եւ թե՛ Կենտրոնից դուրս: Համագործակցում ենք թե պետական բաժնի եւ թե մասնավոր ընկերությունների հետ: Իրականացնում ենք նաեւ կրթական ծրագրերՙ ծրագրավորման դասընթացներ, սոցիալ մեդիա մարքեթինգ, օտար լեզուներ, 3D մոդելավորում, ոսկերչական գործ եւ այլն: Դասընթացների նպատակը վիրավոր զինվորներին նոր մասնագիտություն տալու կամ առկա մասնագիտացման դեպքում վերապատրաստման միջոցով աշխատանքի տեղավորումն է, որպեսզի վիրավոր զինվորն ունենա կայուն եկամուտ, վերաինտեգրվի հանրությանը: Կենտրոնում ամսական բուժում է ստանում միջինում շուրջ 300 վիրավոր զինվորՙ ամբուլատոր եւ ստացիոնար պայմաններում»:
Ներկայացնելով մշակութային ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքներըՙ Ն. Սարգսյանն ընդգծեց Best friend tour արշավների կազմակերպության հիմնադիր Դավիթ Բաբայանի գործուն աջակցությունը:
«Դավիթը ներկայացրեց իր ծրագիրը կենտրոնին, որը զինվորներին պետք է ինտեգրեր մշակութային կյանքին: Դրանք նաեւ ճանաչողական բնույթի այցելություններ են Հայաստանի գողտրիկ վայրեր. Դավիթը ստանձնել էր նաեւ գիդ-էքսկուրսավարի դերը այդ արշավների ընթացքում: Հարկ է նշել, որ ունենք զինծառայողներ, որոնք բացի իրենց բնակավայրից եւ թշնամու դեմ կռված վայրերից, չեն եղել այլ վայրերում, եւ այս նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է նրանց համար բացահայտելու Հայաստանը»:
Լոռիում
Կենտրոնում բուժվող զինծառայող Մեսրոպ Սարիբեկյանը , որ մասնակցել է վերջին պատերազմին, եղել է Հադրութ, Կարմիր Շուկա, Քարինտակ հատվածներում, վիրավորվել է եւ վիրահատական միջամտությամբ բուժվել Ստեփանակերտի, այնուհետեւ «Աստղիկ» բժշկական կենտրոնում: «Վիրահատությունից հետո եկել եմ այստեղՙ մեր տուն, չնայած որ բուժում էլ չեմ ստանում, բայց այցելում եմ իմ զինակից ընկերներին, կենտրոնի աշխատակիցներին, բուժանձնակազմին, որոնց հետ մեր շփման սահմանները դուրս են եկել կենտրոնի հիմնական գործառույթներից»: Մեսրոպը ցավով նշեց, որ դեռեւս 90-ականներին, երբ չկար այսպիսի կառույց, հաշմանդամություն ունեցող զինծառայողները պատշաճ բժշկական օգնություն չէին ստացել: «Էլ չեմ խոսում սոցիալ-մշակութային կյանքին վերաինտեգրվելու մասին, որն այսօր մեզ տալիս է այս կենտրոնը»,- ասում է նա:
Նարա Սարգսյանը ներկայացրեց Մեսրոպի ձեռքբերումները կենտրոնի աջակցության միջոցով. «Մեսրոպը դրամաշնորհային ծրագրի է մասնակցել եւ շահել այն»: Նարային ընդհատեց Մեսրոպըՙ ասելով. «Կենտրոնը ոտքի է կանգնեցրել ինձ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իմ կյանքը բաժանվեց երկու փուլի. Պատերազմից առաջ, երբ ես աշխատում էի որպես զոդող, եւ հետպատերազմյան կյանք, երբ ես արդեն լուսանկարիչ եմ: «Շառլ Ազնավուր» հիմնադրամը առաջարկեց այդ դրամաշնորհային ծրագիրը, որն ընդունվեց կենտրոնի կողմից: Դրանք տարբեր ոլորտների զարգացման ծրագրեր էին, ես ընտրեցի լուսանկարչությունը»: Նարա Սարգսյանն ընդգծեց Մեսրոպի առանցքային դերը վիրավոր զինվորներին իր ստուդիայում աշխատանքի ընդունելու հարցում: «Այո, դա Ղազարյան Արմենն է, որն արդեն տեխնիկան ձեռք է բերել»,- ավելացրեց Մեսրոպը: Ն. Սարգսյանն ասաց, որ իրենք եւս իրենց մոտ աշխատանքի են ընդունում վիրավոր զինվորներին: «Օրինակ, վիրավոր զինվորներն աշխատում են «Զինվորի տան» «Մեկ պատուհան» ծրագրում, գնահատում են մյուս վիրավորների կարիքները, լուծում նրանց առողջական, սոցիալական, կրթական խնդիրները: Զինհաշմանդամ է նաեւ Կենտրոնի իրավաբանը»:
«Դեռեւս 2016թ.-ի քառօրյա պատերազմից հետո մտածում էի «Բացահայտենք Հայաստանը զինվորի հետ» ծրագիրն իրականացնել, եւ ահա 2020թ. վերջին պատերազմից հետո այն ոչ միայն իրականություն,այլ նաեւ անհրաժեշտություն դարձավ»,- իր հերթին նշում է Best Friend tour-ի հիմնադիր Դավիթ Բաբայանը:
Դիլիջանում
«Առաջին ուղեւորությունը Գյումրի է եղել, որտեղ մենք ունեցանք հագեցած օր: Ապարանի Գնթունիքը, Գյումրու Old Armenia ռեստորանը, Ջազ պիցցան, Դիլիջանում Ուռենի, Լոռիումՙ Աթոռիկ ռեստորանները ջերմորեն հյուրընկալեցին մեզ իրենց հարկի տակ, որի համար շնորհակալություն եմ հայտնում: Առաջիկայում, օգոստոսի 24-ին, մենք պատրաստվում ենք գնալ Խոր Վիրապ, Նորավանք, սեպտեմբերինՙ Թիֆլիս, որտեղ մեզ սպասում են վիրահայերը, հոկտեմբերինՙ Մակարավանք, Գոշավանք, Գոշի լիճ վիլիսներով կբարձրանանքՙ մի փոքր էքստրիմ ֆոն տալով մեր շրջագայություններին: Նոյեմբերինՙ Խնձորեսկ, Տաթեւ, Շաքիի ջրվեժ, դեկտեմբերին կմեկնենք Ծաղկաձոր: Իսկ տարեմուտին կունենանք տարվա ամփոփում խնջույքի տեսքով»,- պատմում է Դավիթ Բաբայանը :
Գյումրիում
Կենտրոնում բուժում ստացող Դանիել Դավթյանը պատմեց իրեն կենտրոնի հետ կապող մի շարք դրդապատճառների մասին եւ նկարագրեց ընտանեկան մթնոլորտին ոչ մի կերպ չզիջողՙ կենտրոնի առաքելությունը: «Դավիթի կազմակերպած շրջագայություններին մասնակցել եմ եւ անչափ շնորհակալ եմ նրան մեր օրը գեղեցիկով լցնելու համար»,- ասաց նա: