Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՐՀԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՈՒԺԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Աշխարհը ճանաչել ու ճանաչում է ուժի իշխանությունը: Այդպես էր Մակեդոնացու ժամանակ, այդպես էր Տիգրան Մեծի ժամանակ, այդպես էր կոնկիստադորների նվաճումների արդյունքում ստեղծված Նոր աշխարհի դեպքում, այդպես էր հարյուր տարի առաջ հայկական դժբախտությունների պարագայում, եւ այդպես է հիմա: Ամենօրյա ապացույցների պակաս չկա, ահա եւս մեկը.

«Թալիբանը» հաղթել է պատերազմը, այդ իսկ պատճառով մենք պետք է խոսենք Քաբուլի նոր իշխանությունների հետ, ովքեր էլ նրանք լինենՙ միգրացիոն եւ մարդասիրական ճգնաժամերը կանխելու համար», Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցով ԵՄ երկրների ԱԳ նախարարների տեսակոնֆերանսի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը :

Այսինքնՙ հաղթողի ձեռքն են ի վերջո համբուրում ու դնում գլխներին: Մյուս կողմից էլՙ ովքեր են աֆղանները, հիմա նաեւՙ թալիբները (վերջիններս ՙ իրանական խմբի փուշթուն ժողովուրդն են), մեր տարածաշրջանն այժմ տրանսֆորմացիայի տանող բոլոր մյուս ուժերիՙ տարածաշրջանային շահեր ունեցողների գործիքները, որոնք այս կամ այն կարգախոսով փոխում են տարածաշրջանի դեմքը, նպաստում ազդեցությունների վերաձեւմանը (դրանց թվում նաեւ Թուրքիան է). ահա եւ ԵՄ պաշտոնյայի արձագանքի խորքային շարժառիթն է պարզ: Ու այդ առումով մենք պետք է հիմա արդեն հասկանանք, որ տարածաշրջանը փոխում է իր դեմքը, փոխվելու են առաջնահերթությունները, ազդեցություն գեներացնողները, եւ մենք պետք այդ ողջ գործընթացում շարժվենք հաշվարկված, զգուշորեն, որպեսզի նվազագույն կորուստներով դուրս գանքՙ պատերազմի աղետը մեզ հերիք էր:

Իսկ մերոնք այս նոր իրավիճակում շարունակում են անիրական բաներից խոսել, հույս կապել եվրոպական օրենքի, մեծ երկրների ու բարեկամ ձեւացողների հումանիզմի հետ, այլ երկրներին ուղղել սեփական երկիրը պաշտպանելու պարտականություններըՙ զիջելով նաեւ սեփական երկրի հարցերը լուծելու իրավունքները: Տեսնես այս բոլոլրը մերոնք հասկանալո՞վ են անում, թե՞ առանց դրա, որովհետեւ հասկանալովը այլ ծանրացուցիչ հանգամանք է, չհասկանալովըՙ ուրիշ հոդված:

Մեր սահմանային բնակավայրերը գնդակոծող թշնամու հետ ներկա իշխանությունն ուզում է խաղաղություն հաստատել, մենք շարունակում ենք զոհ ու վիրավոր տալ, հարեւան երկրի անմեղսունակը շարունակում է հոխորտալ, Սյունիքն ու Սեւանն իր նախնիների երկիրն անվանել, Բասարգեչար անվանել Վարդենիսըՙ այն եւս իր անտոհմ նախնիների չունեցած տարածքներին վերագրելով, դրանց գրավումը պատերազմի հաջորդ փուլում պլանավորելով, Զանգեզուրի միջանցքի կառուցում երազելով: Ամեն ինչ իրոք ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, այն աստիճան, որ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն է ստիպված եղել պատմական ապացույցների դիմելՙ անցյալ չունեցող չազգի անմեղսունակին պատասխանելու համար: Այսինքնՙ դեռ պիտի ապացուցենք, որ ուղտ չենք:

Մեր սահմաններում լարվածության ու սադրանքի ֆոնին, որում մեր ռազմավարական գործընկերն ուղղակի համր դիտորդի դեր է ստանձնել, հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խումբըՙ փոխվարչապետների մակարդակով չգիտես ինչ է քննարկում, թե բաՙ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը , ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը վերսկսել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքներըՙ հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում: Հա՞:

Բա ի՞նչ է ասում մեր ԱԳՆ-ն, թեՙ ադրբեջանական սադրանքների նպատակն է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսումն ու վիժեցնել տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացը: ԱԳՆ-ն վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողն իր հայտարարությամբ անվանում է տարածաշրջանային ապաշրջափակման ու խաղաղության հաստատման դեմ ուղղված սադրիչ գործողություններ եւ խոստանում, որ ՀՀ-ն հետեւողականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իր հայրենիքում ապրելու իրավունքը:

Այս ֆոնին մեկ օր առաջ վերլուծական հանրույթը փորձում էր գլխի ընկնել, թե իր էջում հազվադեպ գրառումներ անող Լեւոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ է ակնարկելՙ հիշեցնելով 2010 թ. հուլիսի 17-ին իր ասածը. «Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ եւ, մանավանդ, խաբել ժողովրդին: Ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քաղաքականության համար իր վճարելիք գինը»: Բնական էՙ ենթադրությունների պակաս չկա առ այն. որ իշխանությունը գաղտնի բանակցում է, ինչպես որ միշտ արել են բոլոր նախկինները, որՙ բանակցային նյութ է հայերիս վճարելիք նոր գինը, պատերազմիՙ ահռելի մարդկային եւ զինական կորուստներն առ ոչինչ են, եւ որՙ հայերիս հերթական անգամ կորուստների փաստի առաջ են կանգնեցնելու:

Բա վերը հիշված ԱԳՆ հայտարարությունը բուտաֆորիա՞ է, իրոք, ի՞նչ ենք բանակցում, ի՞նչ գին ենք վճարելուՙ իբր տարածաշրջանային ապաշրջափակման եւ սահմանային լարումների դեէսկալացիայի դիմաց: Վերջապես որեւէ իշխանություն իր իշխելու ընթացքոըւմ կատարելո՞ւ է սեփական ժողովրդին իրազեկելու իր անմիջական պարտականությունը:

Ճիշտն ասածՙ վերջերս իշխանության կողմից պատեհ-անպատեհ կրկնվող այն միտքը, թե ժողովուրդն իրեն նորից մանդատ է տվել, որ խաղաղության հարցը լուծի, հենց իշխանության ամենախոցելի արգումենտն է, եթե նա որոշի հարց լուծել ոչ հայկական պատկերացումներով: Քանի որ բոլորս գիտենք ընտրությունների պատկերը-ընտրողների մասնակցության չափըՙ հայկական ընտրական համակարգի ողջ աճպարարությամբ համեմված, ու այլ անհարմարություններ, եւ Հայաստանի շահերը ստորադասող ամեն մի որոշում, որ լինելու է իշխանության միանձնյա որոշումը, առանց քննարկումների ու կոնսենսուսի, բնականաբար չի ընդունելու Հայաստանի հայության այն ահռելի զանգվածը, որն ընտրության չի գնացել, եւ ողջ արտերկրյա հայությունը: Դեռ հարց է նաեւ, որ իշխանությանը մանդատ տվածներն արդյոք նկատի ունեի՞ն սահմանների գծումՙ ի վնաս ներկա Հայաստանի, կամ ինչ-որ միջանցքի տրամադրում օտարին, Արցախի հարցի մասնատում հայկական լուծումների ընդհանուր փաթեթից: Եւ ինչ-որ պահից, եթե Իլհամի երազած համաձայնագիրը ստորագրվի, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունըՙ մեզ համար խոցելի սահմաններով, Արցախն էլ ընդհանրապես այդ պարագայում կմնա շրիշակին, ու առավել հավանական էՙ Ադրբեջանի կազմում, արդյոք ներկա իշխանությանը մանդատ տվածները ոտքի չե՞ն կանգնի ու ոտքի տակ չեն գցի նույնՙ իրենց ընտրած իշխանությանը: Այս իմաստով չենք կարծում, թե վարչապետ Փաշինյանը չի հասկանում, որ որեւէ համաձայնագրի ստորագրումը իր իշխանության վերջն է, որքան էլ խաղաղության հռետորաբանություն հնչեցնեն իշխանության տարբեր միավորներ, եւ որՙ այդպիսի համաձայնագրի չստորագրումն է իրՙ իշխանության մնալու երաշխիքը (իշխանություն ասում եմ, դրա կողքին դրված այլ բառերը դուք հասկացեք): Այնպես որՙ ԱԳՆ հայտարարությունը, ՊՆ վերջին շրջանի կոշտությունը Փաշինյանի այդ ըմբռնման արտացոլանքն են, միեւնույն ժամանակ, նոր զոհերի ֆոնին, դեռ մնալով չիրականացված:

Սակայն, մյուս կողմից, ինչո՞վ է զբաղված իշխանությունը: Փոխանակ ամեն ինչ արագորեն ուղղի երկրի ռազմական, պաշտպանական մոբիլիզացմանը (այդ թվումՙ ԱԺ քննարկումները). ներուժը վատնվում է ամեն ավարա բանի վրա, իշխանական կառույցների օրակարգերն այնպիսին են, որ ասես պատերազմը մեր դռանը չէ, ամեն օր նոր զոհեր չենք ունենում, եւ իրենց կարելի է հանգիստ ժպտալ ու խոսել մյուս թեմաներից, անիմաստ մեղադրանքով կին փոխքաղաքապետ ու կին աշխատակիցներ կալանավորել: Խափանման միջոց կալանքը որ պատիժ եք դարձրել, բա ո՞վ էր այլընտրանքային խափանման միջոցների կիրառման խոստումով իշխանության գալիս: Չնայած խափանման միջոցիՙ քննիչին տրված հայեցողական կիրառման իրավունքը, որի օրենսդրական փափոխությունը նոր իշխանությունների օրոք էր ընդունվում, ժամանակին հենց քննադատվեց կամայական կիրառման դուռ բացելու տեսակետից, ահա՛ եւՙ կամայական էլ կիրառվում է:

Կամՙ դատական իշխանության ամեն օղակ հիմա պետք է թշնամու հանցագործությունների լայնամասշտաբ իրավական հիմքի նախապատրաստմամբ զբաղվեր, ոչ թե ընկներ սահմանամերձ շրջանի կին փոխքաղաքապետի հետեւից. լրիվ ամոթ-աբուռ մի կողմ եք դրել: Դեռ գերազանցում եք ինքներդ ձեզՙ առողջապահության միջազգային կազմակերպության հանձնարարությունները կատարելիսՙ պարբերական վճարովի ՊՇՌ թեսթավորման պահանջով սպառնալով ՀՀ քաղաքացիներին հոկտեմբերից, եթե մինչ այդ չպատվաստվեն թագավարակի դեմ, այս մասին Պետրոսի եթերում գուժեց էքսցենտրիկ ձայնով նախարարուհին: Բայց ո՞վ է երաշխավորում, թե փորձաքննությունների ողջ լիարժեք փուլն անցած պատվաստանյութ ենք ներս լցնելու, ախր բոլոր մյուս հիվանդությունների պատվաստանյութերը տասնամյակով փորձաքննություններ, պրակտիկայով փորձարկումներ են անցել, մի տարվա փորձարկում էլ չանցած պատվաստանյութ պարտադրելը ո՞րն է: Բա մարդու իրավունքներ, բա անձի ազատություն, թե՞ թագավարակին հասցեագրված ֆինանսական շարժերը լրիվ փակում են տեսադաշտը:

Ասենք, որ ԱԺ-ն, այնուամենայնիվ, երկրի սահմաններում ստեղծված իրավիճակը փակ քննարկումներ մեր տեղեկություններով սկսում էՙ «Հայաստտն» խմբակցության ղեկավար , նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առաջարկով, երեկ օրվա երկրորդ կեսին այդ թեմայով Ազգային ժողովում փակ քննարկում էր, հետո նաեւ լսումներ կլինեն տարբեր հանձնաժողովների նախաձեռնությամբ:

Սակայն ամեն օր ինչ-որ նոր սադրանք է լինում մեր սահմաններին եւ Արցախում. ասենքՙ ադրբեջանցիք ոչ միայն թիրախավորում են Հայաստանի դիրքերը, այլեւ հրդեհներ առաջացնում հատուկ հրդեհավտանգ գնդակոծությամբ, հետո էլ կրակում հրշեջ մեքենայի վրա Արցախում: Այսինքնՙ Հայաստանի եւ Արցախի սահմաններին տեղի ունեցողի պարագայում, բացի գերատեսչական կառավարումից, օպերատիվ եւ համակարգված, հատուկ լիազորություններով օժտված կառույցի կողմից կառավարման եւ համակարգման կարիք է առաջացել: Ձեւը պետք է գտնել: Ինչ-որ չենք տեսնում իրավիճակի նպատակասլաց կառավարում, որի իմաստն ամեն վայրկյան պատերազմին պատրաստ լինելն է: Թե չէ սահմաններին կրակում ու գնդակոծում են, մերոնք խոսում են խաղաղությունիցՙ շփոթեցնելով հանրությանը, պաշտպանության նախարարն ասում էՙ ամեն սահմանախախտ ոչնչացվելու է, բայց չենք տեսնում մեր զինծառայողներին սպանողների ոչնչացում: Ու Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանության համակարգված կառավարման բացակայության ապացույց է նաեւ այն, որ երեկ Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը հանդիպել էր Արցախի նախագահի հետ, որ հասկանա, թե ինչ է տեղի ունենում Արցախում:

Նախորդ գրառումը

ԱԼԻԵՎԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ «ՖԱՇԻԶՄԸ»

Հաջորդ գրառումը

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՅԱԼ ՔԱՈՍ Է, ԻՍԿ ՔԱԲՈՒԼԻ ՕԴԱԿԱՅԱՆՈՒՄՙ ՄՂՁԱՎԱՆՋ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՅԱԼ ՔԱՈՍ Է, ԻՍԿ ՔԱԲՈՒԼԻ ՕԴԱԿԱՅԱՆՈՒՄՙ ՄՂՁԱՎԱՆՋ

Լրահոս

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Քրգործերը նոր չեն, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից չի եղել. Գյումրու փոխքաղաքապետ

15/07/2026

Արդեն 9 ամիս է՝ կառավարում եմ, քրգործերը նոր չէ, որ հարուցված են, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից...

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով. Թուրքիայի ԱԳՆ

15/07/2026

Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է։ Ըստ ադրբեջանական պետական «APA» լրատվական գործակալության՝ այս...

Մեր ուժը հայտարարել է, որ վերցնելու է մանդատները. իմ հարցով դեռ ժամանակ կա. Ավետիս Առաքելյան

15/07/2026

Մեր քաղաքական ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները։ Իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ այդ մասին...

ՔՊ-ն շարունակում է բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը

15/07/2026

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօրվա արտահերթ նիստին ևս չեն ներկայացել՝ բոյկոտելով այն։ Գրանցվել է ավագանու 18 անդամ, քվորումն ապահովված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական