ԱԺ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈՂՋ ՀՄԱՅՔԸ

7

Լսում էի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջադրման ելույթով հանդես եկած Անդրանիկ Քոչարյանին, թե բաՙ բարեփոխումները շարունակվելու են, ԱԱԾ-ն իրոք պետք դառնա ազգային կառույց /ուղիղ այսպես չէր խոսքը, բայց տրամաբանությունն այս էր/, նրա մասնագետներին պատրաստելու համար զուտ հայկական ուսումնական հաստատություն է ստեղծվելու եւ այլն: Ու մտածում եմՙ հայ գիտի հայ, պատերազմ, պարտություն, անհասկանալի իշխանափոխություն, գծած ընտրություն ունենալուց եւ եռակողմ նվաստացնող թուղթ ստորագրելուց հետո մերոնք խելքի ե՞ն եկել, թե բոլոր ազդեցության գործակալները կատարեցին մինիմում ծրագիրը, մեր սահմանները այլ պետության զինուժի հույսին են մնում, Ազգային ժողովը հավաքվեց նախկին երեք նախագահների պատկերով ու նմանությամբ, ու այս պահին «Ազաա՜տ» հրամա՞նն է տրված:

Բացի այդՙ որ ԱԱԾ-ը ազգային դառնալու խնդիր ունի, ուրիշների ազդեցության ենթակա աշխատակիցներն, ուրեմն, որքան վնաս տված կլինեն Հայաստանի անվտանգությանը: Չնայածՙ այդտեղ, իրոք, թաքցնելու բան չկա, հետխորհրդային երկնրերի հաըուկ ծառայությունները, այդ թվում մեր ԱԱԾ-ն, այդպես էլ չեն կարողացել պորտալարը կտրել ռուսական կենտրոնից: Պաշտոնական համագործակցությունը նկատի չունեմ:

Իհարկե, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի հարցերի նախագահի պաշտոնում իշխող մեծամասնությունից Անդրանիկ Քոչարյանի թեկնածության քննարկումները /ինչպես ի դեպՙ պետաիրավալկան հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված Վլադիմիր Վարդանայանի թեկնածության քննարկումները/, ինչպես եւ սպասվում էր , կրկին վերածվեցին վերջին պատերազմի եւ մի շարք թեմաների վերաբերյալ փոխադարձ մեղադրանքների, մեղքերը միմյանց վրա բարդելու կռիվների, այնպես որ օրը օրի վրա դեռ ոչինչ չի փոխվում նոր Ազգային ժողովում, մինչդեռ այդ ընթացքում, օրինակ, Արցախում թշնամին Շոշ-Մխթարաշեն հատվածում արկեր է նետում հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ պաշտպանության նախարարն էլ հետաքրքական հայտարարաութուններ է անում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը: Այնպես որՙ միգուցե տասներկու հանձնաժողովի ձեւավորումից հետո ԱԺ խմբակցություններըը կմտնեն բուն աշխատանքի տրամաբանության մեջ ու այդ տրամաբանությունից ելնելով մինյանց սխալները մատնացույց կանեն:

Առայժմ արդեն օրեր Աժ-ն, ղեկավարություն ընտրելուց հետո, ձեռնամուխ է եղել 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկմանը, որոնցից երեքը ներկայացնելու է ընդդիմությունը ՙ «Հայաստան» խմբակցությունն արդեն Վահե Հակոբյանին առաջադրել է տնտեսական ուղղվածության երկու հանձնաժողովներից մեկի նախագահի թեկնածու, եւ նրա թեկնածության քննարկումը եւս միմյանց ոչնչացնելու տրամաբանության մեջ է, ու այդ իմաստով նոր խորհրդարանը ցուցադրում է իր ողջ հմայքը:

Իսկ եթե լուրջ, վերադառնալով անվտանգային բարեփոխումներին, որտե՞ղ են ԱԱԾ տնօրեն աշխատած Դավիթ Շահնազարյանը /նախկին ԱԱԾ-ական, ինչպես գիտեք, չի լինում/, ֆեյսբուքում ամեն օր ցունամի անող Միքայել Մինասյանը, Նարեկ Մալյանը, ուրիշ շատերը, որոնք սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում կարծիքներ էին գեներացնում, այդ թվումՙ անվտանգային խնդիրների վերաբերյալ, բայց հիմա անհետացել են: Հա, երեւի շատ աշխատեցին, ուղարկել են հանգստանալու, ու դաշտը մնացել է քաղաքագետ ու քաղտեխնոլոգ նշանակված մի քանի հոգնածի, որոնք դամ կպահեն մինչեու նոր ու մեծ հանձնարարությունՙ գործընթացները տարածաշրջանային սցենարով տանելուն նպաստելու համար:

Մինչ այդ Ազգային ժողովը լիարժեք ստանձնել է այն դերը, որ զբաղեցնի ժողովրդին, մինչեւ մեծ դիրիժորները շունչը հաջորդ արարի համար հետ կբերեն: Օրինակՙ 12 հանձնաժողովների նախագահների ներկայացման հարցի քննարկումները վերածվել են նախկին-ներկա սխեմայով թամաշայի նոր ռաունդիՙ մե բացահայտումներ են արվում, մե միմյանց չոր գետնի վրա դուրս բերելու գերմարդկային ջանքեր են գործի դրվում, մոռանալով իրենց նայողների նյարդային համակարգիՙ արդեն պատերազմով վնասվածության մասին:

Դե կողքից էլՙ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կգա ու գլուխը կտմբտմբացնի, մինչ մեր պաշտպանության նախարարը կասի, թե պաշտպանելու ենք մեր հողը, կրակելու ենք, ոչնչացնելու ենք: Մենք էլ չենք իմանաՙ ի՞նչ են քննարկում ոչ հրապարակային մակարդակում, ինչո՞ւ են դրանից հետո մեր պաշտպանության նախարարին Մոսկվա կանչել:ԱՄՆ դեսպանը կգնա հերթական սահմանային բնակավայր /հատկապեսՙ Սյունիք, որտեղ բախվում են հատկապես մեծ շահեր/ կժպտա ու կնկարվի, ճոպանուղի կնստիՙ Աստված գիտի, թե տակից ինչ գործեր կարգավորելով:

Թույլ ե՞ն տվել արդյոք մեր պաշպանության գերատեսչության ղեկավարին այդպիսի ելույթ ամեն ինչ վերահսկող ռուսական ուղղությունից: Հիշեցնենքՙ մեր պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ասել էր.«Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձեւավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը, երկու ուղղությամբ, ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որեւէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միեւնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրըՙ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միեւնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, եւ մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»:

Գովելի է, բայց պետք է հասկանալՙ ի՞նչ կա դրա տակ, ի՞նչն է փոխվել, արդյոք Ռուսաստանը վերջապես հասկացել է, որ մեր սահմանների անձեռնմխելիությունը հենց իր անձեռնմխելիությունն է: