Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանասիրաբար մղած մշակութային ցեղասպանությունը բաղկացուցիչ մասն է հայ ժողովրդի ֆիզիկական ցեղասպանության։ Դրանով այդ երկու երկրների իշխանությունները մտադիր են անմնացորդ ջնջել իրենց այդ պապենական երկրներում հայերի գոյության ամեն մի հետք։
Համաձայն Ստամբուլի Հայոց պատրիարքարանի պատրաստած մի զեկույցի, նախքան Առաջին համաշխարհային պատերազմը 2538 եկեղեցիներ եւ 451 վանքեր կային պատմական Հայաստանի հողատարածքներում, որոնց տեր դարձավ օսմանյան կայսրությունը։ Այսօր, բացի Ստամբուլում գործող եկեղեցիներից, այդ կայսրության ժառանգորդ պետությունը` ներկայի Թուրքիայի հանրապետությունը թույլատրել է բաց պահել որպես ցուցանմուշ դրանցից միայն մեկը` Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցին, որտեղ հայերին թույլատրվում է կրոնական արարողություններ անցկացնել մեկ անգամ տարեկան։ Եկեղեցիներ կան նաեւ Կեսարիայում եւ Վաքըֆլի շրջանում, որոնցում պարբերաբար արարողություններ տեղի ունենում են, բայց Դիյարբեքիրի հայկական մեծ եկեղեցին դարձյալ գտնվում է թուրքական կառավարության վերահսկողության ներքո։
Աղթամար կղզու վերոնշյալ «մեծահոգությունը» ավելի շատ Թուրքիային է ձեռնտու, քան հայ ժողովրդին, նախ որպես զբոսաշրջությանը նպաստող եկամուտի աղբյուր, իսկ երկրորդ` ավելի կարեւոր, որպես թուրքական իշխանությունների հանդուրժողականության խորհրդանիշ միջազգային հանրության աչքերին։
Մնացած եկեղեցիների եւ վանքերի մեծամասնությունը ենթարկվել է համակարգված կործանման` նպաստելու համար կառավարության այն պնդումներին, որ ոչ մի քրիստոնեական ազգություն չի ապրել այդ տարածքներում։
Քանի Թուրքիան զարգացնում է իր քաղաքական եւ ռազմական իշխանությունները եւ արտահանում այլ շրջաններ, հայկական քրիստոնեական ժառանգության հետքեր գտնելը շատ ավելի դժվար է լինելու։ Այժմ վիրավորանքը լկտիության աստիճանի հասցնելով, Ադրբեջանն է նույն անարգալից վերաբերմունքը ցուցաբերում` քանդելով կամ «ալբանական» ծագում վերագրելով հայկական եկեղեցիներին եւ վանքերին։ Ալբանացիները բնիկ քրիստոնյաներ էին, որոնք դարերի ընթացքում շփվելով հայերի հետ` ձուլվել էին նրանց, բայց ադրբեջանցիները պնդում են, որ նրանք իրենց նախնիներն են։ Դա պատմությունը աղավաղելու հարմար միջոց է, որ կարող է երկու նպատակի ծառայել։ Նախ դրանով իրավական հիմք են ցանկանում տալ այն պնդումներին, որ այդ տարածքի հնագույն պատմության մեջ են իրենց արմատները, եւ երկրորդ` աղավաղել այդ երկրի տարածքում քրիստոնեական ժառանգության ինքնությունը հայկական կրոնական կոթողները ներկայացնելով որպես կովկասյան ալբանա՚ցիների շինություններ։
Եվրոպական եկեղեցիների համագումարի շրջանակներում մարդու իրավունքների 8-րդ ամառային դպրոցում հուլիսի սկզբներին դասախոսելիս դոկտ. Քրիստինա Մարանջին նշել է «սոցցանցերում տեղ գտած Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների եւ վանքերի ալբանացման գործընթացի» մասին։
Ադրբեջանցիներն արդեն ժամանակին քարուքանդ էին արել Նախիջեւանի հայկական խաչքարերը։ Այժմ, 44-օրյա պատերազմի հետեւանքում նրանց ձեռքն են անցել ղարաբաղյան տարածքներ, որոնցում գտնվող հուշարձաններն ու կրոնական շինությունները անցել են իրենց վերահսկողության տակ, ինչպես օրինակ Ամարասը, մի գերեզմանատուն եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի թոռան` Գրիգորիսի շիրիմը, Ծիծեռնավանքը, վաղ շրջանի քրիստոնեական մի բազիլիկա եւ Դադիվանքը` 13-րդ դարի ուղենշային կարեւորության եւ խճանկարներով հարուստ ճարտարապետական հուշարձանախումբը։
Դադիվանքը երկար ժամանակ թաղված է եղել շրջապատի խիտ անտառների մեջ եւ միայն հայկական զորքերի գրավումից հետո, 1994-ին է բառացիորեն պեղվել եւ վերանորոգվել։
Գանձասարը, 13-րդ դարի այդ վանքը, առաջնորդարան է եղել եւ Խաչենի իշխանների տոհմական տապանատունը, որտեղ թաղված են եղել 12-րդ դարի Արցախի եւ Սյունիքի Հասան Ջալալյան գերդաստանի իշխանները։ Այն դեռեւս գտնվում է Արցախի հանրապետության վերահսկողության ներքո, բայց նրա գոյությունը նույնքան վտանգված է, որքան մյուս հուշակոթողների գոյությունը, որոնցից մեկն է Ամարասը` հայկական ճարտարապետության մեկ այլ գոհարը։
Ավելի ցավալի է լինելու Աղդամում, որն այժմ ադրբեջանցիների ձեռքերում է, Հելլենական շրջանի արցախյան Տիգրանակերտ հայկական խորտակված քաղաքի ամբողջական ոչնչացումը։ Այն հայտնաբերվել եւ ուսումնասիրության էր ենթարկվել հայ հնագետների կողմից 1994-ից հետո։ «Նյու Յորք Թայմսի» հուլիսի 25-ի համարում գեղեցիկ, բայց միաժամանակ ողբերգական լուսանկարներով մի հոդված էր տպագրվել, որտեղ հեղինակը փորձում էր հակամարտության երկու կողմերին դիտարկել միեւնույն հարթությամբ։
Ադրբեջանի իշխանություները չեն թույլատրում իրենց ժողովրդին բնակվել նոր զավթված տարածքներում, պատճառաբանելով, որ ականները կարող են սպանել կամ վնասել նրանց։ Բայց փաստն այն է, որ այդ փախստականները, որոնք մոտ 30 տարի է ինչ պատանդ են դարձել երկրի քաղաքականությանը, արդեն իսկ տեղավորվել են Ադրբեջանի այլ քաղաքներում եւ նրանց զավակները չեն ձգտում տեղափոխվել այլ շրջաններ, որոնք իրենց չեն պատկանում։
Ադրբեջանի կառավարությունը մի քանի ընտանիքի է միայն թույլատրել տեղավորվել Շուշիում, որպեսզի հոգ տանեն բանակին։ Նրանց թվում են երկու գործարար ընկերներ` Գազանֆար Դադաշովն ու Իֆթիհար Ալիեւը, որոնք հացի փուռ են աշխատացնում։ Վերոնշյալ հոդվածի հեղինակ Անտոն Տրոյանովսկին գրում է. «Հայերի տները տեղափոխվելով նրանք ոչ մի տարօրինակ բան չտեսան։ Չէ՞ որ, ասացին նրանք, հայերն էլ նույն բանն էին արել 1990-ականներին, երբ վռնդեցին ազերիներին»։ Այս վերջին նախադասությունն է, փաստորեն, արտահայտում հոդվածագրի ոգին, էությունը։ Նա նաեւ Ղարաբաղը ներկայացնում է որպես «հիմնականում հայերով բնակեցված մի տարածք, որը գտնվում է միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի հանրապետության սահմաններում»։
«The Crux» պարբերականի հուլիսի 23-ի համարում մի ուրիշ լրագրող` Ջոն Լավենբուրգ անունով, նույն «հեքիաթն» է պատմում` Ղարաբաղը ադրբեջանական տարածք համարելով։ Նա գրում է. «Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես ադրբեջանական, չնայած հայերն են այդ շրջանը կառավարել 1994-ից սկսյալ»։
Ազնիվ մտադրությամբ գրված հոդվածն, այնուամենայնիվ, ադրբեջանական պնդումներին է տուրք տալիս։ Հեղինակը թանգարանային մի նմուշ ներկայացնելով գրում է. «Ընդհանուր առմամբ թվացյալ (virtual) այս ցուցադրությունը սոսկ նախապատրաստական աշխատանք է «Աստվածաշունչը Հայաստանում» (Bible in Armenia) խորագրով ավելի ընդգրկուն մի ցուցադհանդեսի, որ թանգարանը մտադիր է կազմակերպել 2022-ի մարտին։ …Ահա մի ազգ, որն իր քրիստոնեական ինքնությունը պահպանել է եւ տարբեր ձեւերով պայքարել է դրա համար, գոյատեւել եւ դարեր շարունակ հավատարիմ մնացել այդ ինքնությանը»։ Սովորականի նման անտեսված է այն փաստը, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի տարածքի մի մասը։ Խորհրդային օրենքներով Ղարաբաղը «ինքնավար մարզ» (oblast) էր Ադրբեջանի կառավարության խնամատարության ներքո։ «Ինքնավար մարզ» սահմանում էր տրված, որովհետեւ պատկանում էր էթնիկական մի այլ խմբավորման` հայերին եւ այն անջատվեց Խորհրդային միությունից միեւնույն օրենքներով, որ օգտագործել էր Ադրբեջանը։
Հստակ է, որ Ադրբեջանի նավթադոլարները ազդեցություն եւ օրինականություն են գնում ամենուրեք, նույնիսկ Վատիկանի եւ Յունեսկօ-ի հարթակներում, որոնք դարձել են իշխող ալիեւյան ընտանիքի առատաձեռնությունից օգտվողները։ Այդ պատճառով էլ ոչ մի հակազդեցություն չցուցաբերվեց, երբ ահազանգը հնչեց, որ կործանվում են Ջուղայի, Նախիջեւանի հազարավոր խաչքարերը։
Նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է պնդում, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, որոնք պնդում են, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ բանակցությունների միջոցով։ Սա նշանակում է, որ ԼՂ-ն Ադրբեջանի մասը չէ։
Պուտինի դիրքորոշումը մեզ հիշեցնում է Հարավային Օսիայում եւ Աբխազիայում նրա կիրառած քաղաքականությունը նախքան այդ տարածքներին տիրանալը։ Մոսկվան ռուսական քաղաքացիություն տրամադրեց այդ շրջանների բնակչությանը, որպեսզի հետագայում նրանց պաշտպանելու իրավունք ունենա։ Նույն գործընթացն այժմ կիրառվում է Ղարաբաղում։ Եթե հինգ տարիների ավարտին Բաքուն պահանջի ռուսական խաղաղապահ զորքերի դուրսբերումը, Մոսկվան այնտեղ մնալու պատրվակ կունենա` իր քաղաքացիներին պաշտպանելու քողի տակ։ Այս քաղաքականությանը խթանելու է ծառայում նաեւ այն, որ Ղարաբաղի խորհրդարանը վերջերս որոշում ընդունեց, անշուշտ Կրեմլի հորդորներով, պաշտոնական կարգավիճակ հաղորդել ռուսերեն լեզվին։
Նախիջեւանի ճակատագիրը կարծես արդեն վերջնականապես կնքված է։ Ադրբեջանի կառավարությունը կործանելու համակարգված քաղաքականություն է կիրառել` արհամարհելով համաշխարհային հասարակայնության կարծիքը։ Մեկ խիզախ գիտնական միայն խաչակրաց արշավանք ծավալելով համարձակվել է առնվազն փրկել այդ խորտակված հուշակոթողների պատմությունը։ Դա Հայաստանում բնակվող հմուտ նախիջեւանագետ, պատմաբան եւ հնագետ Արգամ Այվազյանն է, որ 1970-ականներին դիմել էր Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամին դրամաշնորհ ստանալու, որպեսզի փաստագրեր իր ծննդավայրի հայկական հուշարձանները։ Նա գուշակում էր, որ Նախիջեւանը շուտով կդառնա համաշխարհային քննարկման առարկա։ Ոչ ոքի մտքով չէր անցնում այդ ժամանակ, որ օրերից մի օր կփլուզվի Խորհրդային միությունը։ Նույնիսկ խորհրդային իշխանության օրերին Ալիեւների կլանը արգելել էր Այվազյանին մուտք գործել Նախիջեւան։ Այդ պատճառով էլ Այվազյանը ստիպված է տրամադրված դրամաշնորհը օգտագործել վարձելու տարբեր ազգությունների լուսանկարիչների, որպեսզի կարողանար իրագործել իր առաքելությունը։ Նրան ի վերջո հաջողվեց հրատարակել հայերեն մի պատկերագիրք, որը հետագայում թարգմանվեց նաեւ անգլերենի։ (1)
Բայց մենք ավելին ենք իմանում Այվազյանի գործունեության մասին «Hyperallergic» պարբերականի 2019 թվի փետրվարի 18 համարում տպագրված Սիմոն Մաղաքյանի եւ Սառա Պիկմանի ընդարձակ հոդվածից, որի վերնագիրն է «A Regime Conceals Its Erasure of Indigenous Armenian Culture» (Իշխանություն, որը թաքցնում է բնիկ հայկական մշակույթի խորտակումը)։ Հոդվածից քաղում ենք հետեւյալ տեղեկությունը. «1964-ից 1987 թվականներին նա այնքան փաստագրական տվյալներ հավաքեց, որ կարողացավ հրատարակել ավելի քան 40 գիրք եւ 200 հոդված։ Նրա լուսանկարչական առաքելությունները տպագրվեցին իր իսկ միջոցներով, թաքուն, վտանգավոր պայմաններում իր կնոջը աջակցությամբ։… Մինչեւ Բեռլինյան պատի փլուզումը Այվազյանը փաստագրել էր 89 հայկական եկեղեցիներ, 5840 գեղազարդ խաչքարեր, 22000 հորիզոնական տապանաքարեր եւ այլ հայկական հուշակոթողներ»։
Այվազյանն արդարացի կսկիծով ողբում է. «Այն ամենը, ինչ մնացել է Նախիջեւանի հայկական եկեղեցիներից եւ խաչքարերից, որոնք դիմակայել են երկրաշարժեր, խալիֆաներ, Լենկթեմուր եւ Ստալին, իմ այս լուսանկարներն են»։
Ադրբեջանն արհամարհել է դատապարտման բոլոր ջանքերը եւ փորձել արդարացնել մշակութային ցեղասպանության իր գործողությունները։ 2011-ի ապրիլին Ալիեւի կառավարությունը արգելեց Մ. Նահանգների դեսպանին Ջուղա այցելել` որոնելու խաչքարերի մնացորդները։ Այդ երկիրը նույնիսկ պատժում է իր սեփական քաղաքացիներին, որոնք քննադատում են այդ քաղաքականությունը։ Դրա հանրահայտ օրինակներից է Նոբելյան մրցանակի թեկնածության արժանացած ադրբեջանցի գրող Ակրամ Այլիսլիի պարագան, որի «Քարե երազներ» խորագրով գիրքը խոր ցավով է արձագանքում հայկական հուշարձանների կործանման փաստին։ Ադրբեջանի կառավարությունը այրել է տվել նրա գրքերը եւ նրան էլ ենթարկել տնային կալանքի իր «անհայրենասիրական» վերաբերմունքի համար։
Թուրքիայի կառավարությունը նույնպես չափազանց զգայուն է որեւէ տեսակի քննադատությունների (հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ) նկատմամբ։ Այդ զգայունակությունը կրավորական չէ։ Ընդհակառակը, շատ ագրեսիվ բնույթ է կրում եւ նպատակաուղղված է արգելելու որեւէ անհատի կամ որեւէ երկրի կառավարությանը գործողություններ ծավալել ընդդեմ իր ցեղասպանական քաղաքականությանը։ Այդ ագրեսիվության մեկ օրինակ է 2021-ի հունվարի 19-ին` Թրամփի նախագահության վերջին օրը, վերջինիս եւ Էրդողանի միջեւ կայացած համաձայնությունը վավերացնելու MOU-ի «Թուրքիայից ազգագրական եւ հնէաբանական կատեգորիաների ապրանքների վրա դրված ներմուծման սահմանափակումներ» վերնագրով Ըմբռնողության Հուշագիրը։
Թուրքիան իրեն է վերապահում երկրի բոլոր փոքրամասնությունների ժառանգությունները։ Կործանումից փրկված եւ Մ. Նահանգներում պահպանված հայկական եւ հունական բոլոր ցուցանմուշները վտանգված են այդ հուշագրի դրույթների համաձայն, քանի որ որեւէ ժամանակ դրանք կարող են պահանջվել Թուրքիայի կողմից։ Հայերիս պարտքն է զգոն լինել եւ պայքարել։ Թուրքիայում ապրող կրոնական եւ աշխարհաքաղաքական հարցերի փորձագետ եւ միջազգային կրոնական ազատությունների Ամերիկյան հանձնաժողովի նախկին հանձնակատար դոկտ. Էլիզաբեթ Պրոդրոմուն պնդում է, որ «MOU-ն» ամբողջովին հակասում է ամերիկյան օրենքներին։
Հեգնական է եւ կեղծ բարեպաշտական Թուրքիայի կառավարության այն դիրքորոշումը, որ մի կողմից թույլ է տալիս տեղացի գանձ որոնողներին թալանելու հայկական հուշարձանները, որը դարձել է եկամտաբեր աղբյուր, եւ մյուս կողմից ձեւացնում, որ պաշտպանում է երկրից դուրս գտնվող այդ գանձերը։ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը միտված հայերի եւ հույների պայքարը պետք է իր մեջ ընդգրկի նաեւ մշակութային ցեղասպանությունը։
Թուրքերն ու ազերիները հայերին կոտորելուց բացի, թիրախավորել են նաեւ նրանց մշակութային ժառանգությունը` որպես իրենց ցեղասպանական քաղաքականության բաղադրիչ մասնիկը։
Անգլ. թարգմ.` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (Arm. Mirror-spectator)
1) Ջուղա, Եր. 1984, Ջուղայի խաչքարերը (հայ եւ անգլ.), Եր. 1993, Ջուղայի կործանված խաչքարերի սիմֆոնիան, Եր. 2007 (հեղինակային հրատարակություն)։