ԷԴԴԻ ՎԻԳԵՆ. ՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՎ ՀՌՉԱԿԱՎՈՐՆԵՐԻՆ, ՎԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

6
Կինովավերագրող Էդդի Վիգենը ծնվել է 1976 թվականին, Փարիզում, այժմ բնակվում է Լոս Անջելեսում: 1995-1998 թվականներին ստացել է բակալավրի կոչում Փարիզի Լսատեսողական ուղղության բարձրագույն դպրոցում, իսկ 1995-ին` տնտեսագիտության բակալավրի աստիճան: Աշխատել է որպես բեմադրիչի օգնական, մոնտաժող եւ օպերատոր: 2017 թվականից մի շարք թողարկումներ է պատրաստել ֆրանս-գերմանական «Արտե» հեռուստաընկերության «Ճանապարհորդության հրավեր» հեռուստածրագրի համար (հեռարձակվում է ամեն շաբաթ, աշխատանքային օրերինՙ 2017-ի մարտից)ՙ ներկայացնելով երկրագնդի տարբեր վայրեր, այդ թվումՙ Հայաստանը, Իտալիան, Հորդանանը, Հունաստանը, Իսրայելը, Պաղեստինը եւ այլն: «Տե Վե 5 Մոնդ» եւ «Տե Պե Էս Սինէտուալ» հեռուստաընկերությունների համար Էդդի Վիգենը նկարահանել է դիմանկարների շարք, որ ներկայացնում են ֆրանսիական կինոյի ոսկեդարի գործիչներինՙ Քրիստիան-Ժաք, Անրի-Ժորժ Կլուզո, Մարսել Կառնե, Ռոժե Վադիմ եւ այլք: Ֆրանսախոս «ԿՏՕ» կաթոլիկ հեռուստաընկերության համար Վիգենը վավերագրական ֆիլմեր է նկարահանել մի շարք վանական կենտրոնների եւ կրոնական կյանքի մասին: Նրա ֆիլմագրությունը ներառում է նաեւ «Կոսովոՙ փոշու մի տակառ Եվրոպայում» (փաստագրությունը Կոսովոյի սերբ փոքրամասնության մասին), հարցազրույցներ Բրիջիտ Բարդոյի, Կլաուդիա Կարդինալեի, Ռոբեր Հոսեյնի, Աննի Ժիրարդոյի, Ջեյն Ֆոնդայի, Սյուզի Դելերի եւ այլոց հետ, նաեւ վավերագրական ֆիլմեր անցյալի հայտնի արվեստագետների (Հովարդ Հյուզ, Էլվիս Փրեսլի, Ջոն Հյուսթոն եւ այլն) մասին:- Է՛դդի, քո ֆիլմագրությունն աչքի անցկացնելովՙ կարելի է մտածել, որ դու միշտ շարժման մեջ ես:- Վերջերս հիմնականում զբաղված եմ «Ճանապարհորդության հրավեր» հաղորդաշարի համար կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի նկարահանումներով: Ես սիրում եմ ավելի երկար ձեւաչափըՙ 52 րոպե կամ ավելի, որ պահանջում է երկար աշխատանք, ավելի հետեւողական բյուջե, բայց ամենօրյա հաղորդաշարի այդ կարճ վավերագրությունները հնարավորություն են տալիս ավելի ճկուն լինել ներկայացվող թեմաների մեջ: Կինոյում իմ նախապատվությունը եղել են վավերագրական ֆիլմերըՙ անկախ ձեւաչափից: Ես սիրում եմ դրա իրական տեսանկյունը, որ այն թույլ է տալիս ցուցադրել վայրեր, իրականությանը կապված թեմաներՙ թեեւ ոչ հեշտ հասանելի: Դա մարդկանց տալիս է գիտելիք, մշակույթ, իսկական հարստացում, որովհետեւ օտար երկրներ տեսնելը եւ մարդկանց ինքնարտահայտվելու մղելը մեր աշխարհն ընկալելու լավագույն միջոցն է: Ես բառացիորեն կխենթանայի, եթե չկարողանայի հայտնաբերել անհայտ վայրեր եւ փորձել ընկալել մարդկությանը այն թեմաների միջոցով, որոնք նախընտրում եմ ուսումնասիրել: Ես սիրում եմ ունկնդրել մարդկանց պատմությունները եւ դրանք հնարավորինս հասցնել հանդիսատեսին:- 2009-2019 թվականներին դու ղեկավարել ես «Վիգեն փրոդաքշընս» լսատեսողական արտադրական ընկերությունը: Ի՞նչ նախագծեր է իրականացրել ձեր ընկերությունը:- Ֆրանսիայում բնակված ժամանակ, այլ ընկերություններում աշխատելուց բացի, ես միշտ ինձ ազատության մի փոքր տարածք եմ թույլ տվել: Դա նշանակում էրՙ ունենալ իմ սեփական ընկերությունը եւ ավելի շատ անձնական նախագծեր կամ վավերագրական ֆիլմեր նկարահանելՙ ղեկավարելով դրանք սկզբից մինչեւ վերջ: Ես ուզում էի հնարավորինս կրճատել որոշումների շղթան: Ես գիտեմ իմ աշխատանքի յուրաքանչյուր կողմը, կարող եմ նկարահանել, գրել, մոնտաժել եւ սիրում եմ կինոնկարահանման բոլոր այդ քայլերը: Ընդհանրապես, ես աշխատում եմ լուսանկարիչների, մոնտաժողների, յուրաքանչյուր բաժանմունքի գործընկերների հետ, առաջարկում եմ մեկ այլ տեսակետ: Դա ընդհանուր գործ է: Բայց երբեմն, մենք չենք կարող ամենուր մուտք գործել լիարժեք թիմով: Պետք է լինել զուսպ, շատ ավելի ժամանակ հատկացնել, քան սովորական արտադրությունը կարող է ընձեռնելՙ հնարավորինս լավագույն ֆիլմ ստեղծելու համար: Հենց այդտեղ էլ որոշիչ է փոքր ձեւաչափով աշխատելը: Դա օգնում է ֆիլմեր նկարահանել, ինչն այլ կերպ հնարավոր չէր լինի: Այդպես եղավ Սիրիայում, երբ ես նկարահանման էի գնացել 2017-ին, պատերազմի ժամանակ: Ես հետս չէի տանի որեւէ մեկին, որը չգիտի, թե ինչ կարող է պատահել անվտանգության առումով:- Ես հիշում եմ քո «Աթոս լեռըՙ վանականների հանրապետությունը» ֆիլմը, որը ներկայացվել էր Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում 2008 թվականին: Գիտենք, որ Աթոս լեռան վանքը փակ տարածք է. այդուհանդերձ, ինչպե՞ս քեզ հաջողվեց այնտեղ նկարահանումներ կատարել:- Աթոս լեռան մասին վավերագրությունս առաջինն է իմ սեփական նախաձեռնությամբ ստեղծված ֆիլմերի շարքում: Այնտեղ ինձ ոգեւորեց նկարահանումներ կատարելը, քանի որ ինձ հոգեհարազատ է հունական մշակույթը եւ գիտեի, որ այս նախագիծն անհնար է կատարել, քանի որ Աթոսի հանրապետությունը երկար տասնամյակներ շարունակ արգելել է տեսախցիկների մուտքն իր տարածք: Այն աշխարհից կտրված մի վայր է, որտեղ 11-րդ դարից ի վեր միայն վանականներ են ապրել: Կնոջը երբեք թույլ չէին տալիս այնտեղ ոտք դնել: Որպես երիտասարդ բեմադրիչՙ ես պատրաստ էի ցույց տալ եւ բացատրել քրիստոնեական ուղղափառ հավատքի այդ հիանալի վայրը, որը դարերի ընթացքում կարողացավ անփոփոխ մնալ: Բայց արտադրական ընկերությունների համար այն կարծես կինովավերության Սուրբ Գրաալը լինի: Ոչ ոքի չէր հաջողվում այնտեղ նկարահանել, եւ ես ուզում էի փոխել դա: Այսպիսով, ես ավելի քան 10 անգամ գնացի այնտեղ, որպեսզի տեղն անթերի իմանամ եւ մի քանի վանքերի ղեկավարությունների հետ պարզեմ, թե ինչպես կարելի է տեսախցիկ ներս տանել ու նկարահանել տեղի վանական կյանքը: Դա ժամանակատար էր, բայց ես հավատում էի հաջողությանս: Տեղի մաքսային ծառայության կողմից բռնվելը խնդրահարույց կլիներ Աթոսի կառավարության համար, մեր գլխին մի քանի վերահսկող կար: Բայց մենք ի վերջո նկարահանեցինք մեր ֆիլմը: Կարծում եմ, որ այն ամենից շատ դիտել հետաքրքրված էին կանայք, քանի որ լիովին արգելված է նրանց մուտքն այդ վանական հանրապետություն:- Կրոնական վայրերը կարծես հատուկ հետաքրքրում են քեզ: Թե՞ դրանք բոլորը պատվերներ էին «ԿՏՕ» հեռուստաալիքից:- Աթոս լեռան մասին ֆիլմից հետո մի բենեդիկտյան վանք Ֆրանսիայում հետաքրքրվեց մեր աշխատանքով, ուստի իմ համահեղինակն ու ես առաջարկեցինք նրանց մեզ ցույց տալ վանական առօրյան: Սա էլ մեկ այլ արգելված տեղ էր, մի փակ մենաստան, գրիգորյան երգեցողություն… դա ինձ ավելի, քան հետաքրքրական էր: Քանի որ տեսախցիկներն ավելի հստակ պատկերներ էին տալիս եւ կարիք չունեին բնական լույսի, մենք կարողացանք տեղավորվել վանականների առօրյա կյանքումՙ առանց որեւէ անհարմարություն պատճառելու նրանց: «Գիշերով դիտողները» ֆիլմը ցուցադրվել է «ԿՏՕ»-ովՙ դառնալով նրանց տարվա նախընտրած կինոնկարը: Այն «առաջին կինոնկար» անվանակարգով ուղարկվեց «Ֆրանսիական հեռուստատեսության դափնիներ» տարեկան մրցանակաբաշխությանը, որի ընթացքում ֆրանսիական հեռատեսիլի եւ լրատվամիջոցների մասնագետները մրցանակներ են հանձնումՙ «Սեզարի» կամ «Օսքարի» պես: Ես շատ զարմացաՙ ստանալով մրցանակը, քանի որ մյուս ֆիլմերի համեմատՙ մենք փոքր բյուջե ունեինք: Ենթադրում եմ, որ այստեղ դեր խաղացին ֆիլմում առկա տրամադրությունը, լուսանկարչության հանդեպ մաքուր մոտեցումը, մեջբերումները Սուրբ Բենուայի Կանոններից եւ շարադրանքի ընթերցումը Մայքլ Լոնսդեյլի պես հրաշալի մի դերասանի կողմից: Դա հաջող նախագիծ էր: Մի քանի շաբաթ մենք ապրում էինք վանական կյանքի ռիթմով:- Ի՞նչ հիշարժան պահեր կարող ես հիշել վանքերում նկարահանվելուց:- Ես հիանալի պահեր եմ ունեցել այդ հոգեւոր վայրերում: Որպես հայ քահանայի ծոռՙ ինձ համար դրանք անսովոր վայրեր չէին: Նույնիսկ եթե խոսքը կաթոլիկ վանքերի մասին է. դրանք այնքան մոտ են հայ հոգեւորականությանը, որ ես ինձ զգում էի ինչպես տանը: Ես հրաշալի հարցազրույցներ եմ ունեցել տարբեր տղամարդկանց եւ կանանց հետ, որոնք անցել են անհավատալի ուղիներով, ինչը նրանց մղել է ներամփոփ եւ արմատական կյանք ընտրել քրիստոնեական ավանդույթի մեջ: Դա բացառիկ է արդի ժամանակների համար: Աստծո մարդկանց եւ այս հրաշալի վայրերի լույսն ու ոգին «որսալը» մեզ խորապես հուզեց: Առկա է եղբայրության զգացում, որը մեզ տալիս է ներքին խաղաղություն եւ ոգեշնչում:- Է՛դդի, դու հարցազրույցներ ես վարել աշխարհահռչակ անձանց հետ; Ենթադրում եմ, որ բոլորը շատ հիշարժան էին, սակայն ո՞ր մեկը կառանձնացնեիր:- Որպես երիտասարդ բեմադրիչՙ ինձ զարմացրեց հանդիպումներս Բրիջիտ Բարդոյի, Ջեյն Ֆոնդայի եւ Կլաուդիա Կարդինալեի հետ: Ինձ արտոնյալ էի զգում: Ինչ էլ որ մտածենք նրանց գաղափարների եւ խնդիրների մասին, նրանք մնում են ուժեղ կանայք, սրբապատկերներ, էկրանի աստվածուհիներՙ կինոյի գագաթնակետին: Մենք փոխակերպվում ենքՙ նրանց հանդիպումների արդյունքում: Ես ցնցված ու գերված էի նրանց ձգողական ուժով: Պատահական չէ, որ նրանք համաշխարհային աստղեր են: Նրանցից ինչ-որ անորսալի բան է ճառագում, ինչն անսովոր է:- Եվ ի՞նչ վառ (տարօրինակ, արտասովոր) դրվագներ կարող ես պատմել քո հարցազրույցներից:- Բրիջիտ Բարդոն ֆրանսիական կինոյի սրբազան հուշարձան էՙ հռչակված ողջ աշխարհում: Առաջին անգամ, երբ համաձայնվեց հարցազրույց անել, ասաց. «Ես ասում եմՙ այո, բայց չեմ ասումՙ երբ»: Ես ստիպված էի սպասել մեկ տարի, մինչեւ որ նա զանգահարեց արտադրիչին ու ասաց, որ համաձայն է հարցազրույց անել երկու օր անց: Իսկ այդ պահին ես Աթոս լեռան վրա էիՙ հեռավոր մի վանքում: Ես ստիպված էի անել անհնարինըՙ երկու օրում հասնել Փարիզ: Ժամանեցի հարցազրույցը սկսվելուց երկու ժամ առաջ: Բարդոն ասաց. «Ես քեզ կես ժամ եմ տալիս», բայց ի վերջո 90 րոպեանոց հարցազրույց արեց: Ես շատ տպավորված էի նրանով, վախենում էի որեւէ սխալ անել: Նա հիանալի բնավորության տեր կին է: Բարդոն ինձ ասաց. «Դու գիտե՞ս մեկին, որը կարողանա ինձ ստիպել անել մի բան, որը ես չեմ ուզում անել»:Ջեյն Ֆոնդան այնքա՜ն հմայիչ էր: Նրա սահուն ֆրանսերենըՙ անգլերեն «համեղ» առոգանությամբ, կարծես հիպնոսացրեց ինձ: Կանայք ուժեղ տպավորություն են թողնում ինձ վրա, եւ խոսքս միայն հռչակավորների մասին չէ: Ինձ շատ են հուզել այն կանայք, որոնց ես հանդիպեցի Ռուանդայում եւ որոնք պատմել են ցեղասպանության ընթացքում իրենց ողջ մնալու պատմությունները: Ես ուղեւորվեցի այնտեղ, քանի որ ուզում էի հասկանալ, թե ինչպես է այնտեղ եւս ցեղասպանություն կատարվել: Եվ ի թիվս այդ պահերի, որոնք միշտ հիշելու եմ, ես նաեւ հիշում եմ մի միանձնուհու խոստովանությունը: Նա պատմեց ինձ, թե որքան անհավատ է եղելՙ մեծանալով հրեական ծագմամբ աթեիստ ընտանիքում, լինելով չափազանց պրագմատիկ … Սակայն մի անգամ Զատկի օրը եկեղեցի է մտել Իտալիայում ու լցվել է գերբնական զգացողությամբ, որն անհնար է բառերով արտահայտել… մի տեսակ մետաֆիզիկական փորձառությունն ակնթարթորեն փոխել է նրա միտքը, ու նա հայտնվել է կաթոլիկ վանքում: Միաբանության վանամորից բացի միանձնուհիներից ոչ մեկը երբեւէ չէր իմացել նրա անձնական պատմությունը: Ես շատ հուզվեցի ՙ լսելով նրա խոստովանությունը:- Քո գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանը: Քանի՞ անգամ ես այցելել նախնիներիդ երկիր:- Առաջին ճանապարհորդությունս կատարեցի 2001-ինՙ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ, երկրորդ անգամՙ 2002-ին, մեկ այլ կինովավերագրողի հետ, որը ցանկանում էր նկարահանել Արցախի բնակչությանը: Այդ նախագծում ես միայն օպերատոր էի: Այդ ժամանակվանից ի վեր ես փորձել եմ կարողացածիս չափ վերադառնալ Հայաստան եւ հնարավորության դեպքումՙ վավերագրական նախագծերով: «Արտեի» հետ համագործակցությամբ երեք տարի առաջ հնարավորություն ունեցա խոսելու երկրի, նրա մշակույթի եւ պատմության մասին:Վերադարձա 2020-ի աշնանըՙ ստեղծելու Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի, Ռոբեր Գեդիգյանի (Կետիկեան) եւ Շառլ Ազնավուրի դիմանկարները: Երբ վայրէջք կատարեցի Հայաստանում, պատերազմի մեկնարկի հաջորդ օրն էր: Իմ թռիչքը մեկ օրով հետաձգվել էր, բայց արտադրող ընկերությունը, որի հետ ստորագրել էի պայմանագիրը, համաձայնեց մեզ բաց թողնել: Ես կուզեի նկարահանել այս պատերազմի վայրագությունը, բայց արդեն պայմանագրով կապված էի մի հեռուստաալիքի հետՙ կինոդիմանկարներ նկարահանելու պայմանով եւ պատասխանատու էի իմ օպերատորի համար, որը պատերազմական վավերագրություն նկարահանելու պայմանագիր չէր կնքել: Դա կյանքի հեգնանքն է: 2017-ին, պատերազմական ժամանակաշրջանում, ես նկարահանումներ եմ կատարել Սիրիայում, բայց նույնը չէի կարող անել Արցախում: Դա սարսափելի զգացողություն էր, մղձավանջ յուրաքանչյուր հայի համար: Իմ պարագայում դա նույնիսկ ավելի վատ էր, քանի որ իմ ազգականներն անցնում էին պատերազմի միջով: Մենք կարծում էինք, թե կորցրել էինք նրանց: Համենայն դեպս, այն ամենից հետո, ինչ հայերը կրել են 19-րդ եւ 20-րդ դարերում, յուրաքանչյուր երեխա, մեր կորցրած յուրաքանչյուր կյանքՙ անտանելի է: Իմ ազգականները միշտ բնակվել են Հադրութի փոքրիկ գյուղերից մեկում: Դա վերջին վայրն էր, որտեղ ես դեռ նախնիներ ունեիՙ պատմական հայկական հողում թաղված: Հիմա այն թշնամու ձեռքին է: Մի քանի օր մտածում էի. ի՞նչ կարեւորություն ունի այդ մշակութային ֆիլմերը նկարելը: Հայ մշակույթի այդ վկայությունները, որոնք մենք փորձում ենք ցույց տալ աշխարհին, օգուտ չեն տալիս, երբ ի վերջո տիրում է դաժանությունը, եւ նավթը զենք է տրամադրում բռնապետությանը, ինչպիսին Ադրբեջանն է, իսկ, այսպես կոչված, «քաղաքակիրթ աշխարհը» մնում է անարձագանք: Գիտեի, որ շատ իրատես եմ, ուստի այդ անքուն գիշերներից մեկի ժամանակ իմ զգացածն արտահայտեցի սոցիալական ցանցում: Քանի որ հայերը մեկ անգամ եւս պետք է հույսը դնեն միմիայն իրենց վրա:- Հադրութում արմատներ ունեցող սփյուռքահայը հատուկ դեպք է. խնդրեմ մանրամասնի՛ր:- Իմ ընտանեկան արմատները մի կողմից սկիզբ են առել 7-րդ դարում, Պոլսի հարավում գտնվող Յալովային մերձ մի գյուղից: Այնտեղի բոլոր բնակիչները գիտեին, որ իրենց նախնիները Յալովա են եկել Հայաստանում մահմեդականների արշավանքներից հետո եւ բյուզանդական կայսրության ժամանակ հաստատվել են հարակից շրջանի յոթ գյուղերում: Մյուս մասն Այնթապ քաղաքից էր, Կիլիկիայից, որ հաստատվել է Ֆրանսիայում մի քանի տասնամյակ Հալեպում ապրելուց հետո: Այս ամենին ավելացնենք արցախցի պապիկիս, որը Երկրորդ աշխարհամարտում մարտնչել է Կարմիր բանակում եւ Սմոլենսկի ճակատամարտում ծանր վիրավորվելովՙ գերի է ընկել եւ բանտվել գերմանական ճամբարներում: Նրան հաջողվել է փախչել եւ միանալ Ֆրանսիայի օտարազգի լեգեոնին: Պապիկս պատերազմն ավարտեց ֆրանսիական համազգեստով, բայց չկարողացավ վերադառնալ Արցախ, քանի որ նրան նախազգուշացրել էին, որ Ստալինը գերմանացիների կողմից գերեվարված յուրաքանչյուրին ուղարկում է գուլագ: Նա ստիպված էր երկար տարիներ սպասել, նախքան կկարողանար կրկին տեսնել իր ընտանիքը: Այսպիսով, ընտանիքում մենք 3000 տարի հայ ենք, 100 տարիՙ ֆրանսիացի, իսկ զավակներս լրացնում են այս հայկական էկլեկտիկ համայնապատկերը, քանի որ կնոջս ընտանիքը պարսկահայեր են, որոնք մի քանի տասնամյակ ապրել են Հայաստանում:- Էդդի Վիգենը քո իսկակա՞ն անունն է:- Դրանք իմ առաջին եւ քրիստոնեական անուններն են: Էդդիՙ քանի որ ծնողներս գուցե ավելի «ժամանակակից» անուն էին ուզում, քան պարզապես Էդվարդը: Եվ ես ստորագրում եմ իմ մկրտության անունովՙ Վիգեն, քանի որ այն լիովին հայկական է: Իմ ազգանունը պարզապես անընթեռնելի է կինոէկրանին: Դա Գասպարյանի կամ Թովմասյանի նման պարզ հայկական անուն չէ:- Այժմ ապրում ես ԱՄՆ-ում, բայց շարունակում ես աշխատել ֆրանսիական հեռուստատեսությունում: Ինչպե՞ս է ընթանում մասնագիտական եւ ընդհանուր կյանքը Նահանգներում, հատկապես «հայկական» Գլենդեյլում:- Ես Կալիֆոռնիա տեղափոխվեցի ընտանեկան, այլ ոչ մասնագիտության բերումով: Դա վերջերս էր, ես դեռ չեմ ընդգրկվել ամերիկյան կինոարդյունաբերության մեջ եւ մտադիր էլ չեմ դա անել: Ինձ դուր է գալիս այն ազատությունը, որն ինձ տալիս է ֆրանսիական եւ եվրոպական մշակութային միջավայրը: Արվեստը բիզնես չէ. դրա համար անհրաժեշտ է հարաբերական, եթե ոչ բացարձակ ազատություն: Այսպիսով, այդ ազատությունը պահպանելու համար ես կշարունակեմ ճամփորդել Ֆրանսիա, անգամ եթե կովիդն ամեն ինչ ավելի բարդացնի: Ես ապրում եմ առնվազն երկու երկրում: Այժմ աշխատում եմ Վիլյամ Սարոյանի մասին վավերագրական ֆիլմի վրա: Ես կարող եմ գտնել համարյա այն ամենը, ինչ կարող եմ մտածելՙ Գլենդեյլում ապրելու հայկական եղանակների մասին, բայց դա երբեք չի կարող զբաղեցնել իսկական հինավուրց քարերի եւ պատմական միջավայրի տեղը, որը ես այնքա՜ն փայփայում եմ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ընկած երկրներում: Այսպիսով, ես կշարունակեմ շարժվել: Իմ հետագա նախագծերն ավելի շատ կապված են գեղարվեստական վեպերի եւ պատկերապատումների հետ: Որպես փաստավավերագրողՙ ես արեցի շատ բան, ինչ որ ուզում էի…