ՎԱՉԵՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՐ ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ ԴԱՍԵՑ

12

Օրեր առաջ Վահան Զատիկյանի անվան Հ. 90 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի նախկին աշակերտներ, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Վաչագան Մուրադյանին , Դավիթ Հակոբյանին եւ Նարեկ Արտուշյանին նվիրված «Փառք հերոսներին» խորագրով հուշ-ցերեկույթ,որի ընթացքում կատարվեց անվանական ծառատունկ, իսկ դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց ի պատիվ անմահ հերոսների:

Հերոս Վաչագան Մուրադյանը, կամ ինչպես նրան մտերիմներն էին սիրում ասել` Վաչեն, պատերազմից գրեթէ մեկ տարի առաջ էր զորացրվել: Ծառայությունն անցկացրել էր Ջաբրայիլի զորամասում,լինելով օրինակելի եւ բանիմաց սերժանտ: Նա ռազմաճակատ մեկնեց կամավոր, չլսելով ընտանիքի անդամների խնդրանքները: Նա պատերազմեց հենց այն նույն վայրում,որտեղ ծառայել էր: Վաչեն պատերազմ գնալու որոշումը կայացրել է ծառայողական ընկերներին վիրավոր վիճակում տեսնելուց հետո. «Ծառայողական ընկերները վիրավորվել էին եւ նա գնացել էր տեսակցության ու նրանց այդ ծանր,վիրավոր վիճակում տեսնելուց հետո տուն գալով հայտնել էր Ղարաբաղ գնալու որոշման մասին: Չնայած հարազատների հակադարձումներին եւ խնդրանքներին, Վաչեի որոշումը անփոփոխ մնաց: Միասին գնացինք զինկոմիսարիատ, որտեղ նրա տվյալները վերցնելուց հետո խոստացան զանգահարել: Սակայն անցել էր երկու օր, բայց ոչ մի զանգ չկար: Չնայած մեծ ցանկությանը, նրա գնալը ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր: Այնուամենայնիվ հոկտեմբերի 4-ին նա մեկնեց ռազմաճակատ: Վերջին անգամ ավտոբուսի մեջ գրկեցի ընկերոջս, հույս ունենալով, որ վերադառնալուց ավելի ամուր եմ գրկելու»,- պատմում է Վաչեի մանկության ընկեր Էրիկ Ավագյանը :

Վաչեն բնավորությամբ փակ եւ համեստ մարդ է եղել,ամենքի հետ չէր կարողանում շփվել. «Նա քչախոս էր, որեւիցե բան անելուց առաջ շատ երկար էր մտածում: Խելացի էր,հավասարակշռված, համեստ, սակայն այդ համեստության հետ մեկտեղ խիզախ: Եվ հենց այդ խիզախությունն էր, որ նրան տարավ ռազմաճակատ: Շատ նվիրված էր իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եւ ամենքին սիրում էր յուրովի: Նա հարգալից էր փոքրից մինչեւ մեծահասակ բոլորի նկատմամբ: Իր հասուն ու խելացի տեսակի համար բոլորը սիրում էին իրեն»,-ասում է Էրիկը:

Վերջին խոսակցության ընթացքում, որը տեղի է ունեցել Վաչեի պատերազմ գնալու նախորդող օրվա գիշերը, եկեղեցու բակում, նա ընկերոջն ասել է, որ իր համար կյանքում ամենաթանկը` դժվարությամբ որեւէ բան ձեռք բերածն ու պահպանածն է եւ այն ինչին դժվարությամբ ես հասնում, առավել գնահատելի է դառնում քեզ համար: Էրիկը սկզբում չէր ընկալել Վաչեի ասածը, սակայն նրա սխրանքից հետո ամեն բան հասկանալի էր դարձել:

Վաչեն մասնագիտությամբ հաշվապահ էր, ցանկանում էր ավելի զարգացնել մասնագիտական գիտելիքները եւ չէր դադարում սովորել: Ուսման հետ մեկտեղ հասցրել էր սեփական ուժերով իրեն լավ աշխատանքով ապահովել: Նա երազանքներ չուներ, սակայն ուներ նպատակներ, որոնց ճիշտ եւ խելացի քայլերով հասնում էր: Սակայն դրանք անկատար մնացին:

Պատերազմ մեկնելուց եւ չորս օր թշնամու դեմ ռազմաճակատի ամենաթեժ կետում մարտնչելուց հետո, հոկտեմբերի 8-ին, թշնամու արկը խլեց 21-ամյա Վաչեի կյանքը եւ նրա բոլոր նպատակները:

Այսպիսին էր Վաչեն, որը հայրենիքը իր կյանքից առավել դասեց: Նա երբեք բարձրաձայն չէր խոսում հայրենիքից, հայրենասիրական ճառեր կամ կենացներ չէր ասում,սակայն գործով ցույց տվեց, թե ինչ է նշանակում իր համար հայրենիք ասվածը: Մեր պարտքն է ճանաչել եւ հիշել մերօրյա անմահ հերոսներին, որոնք գիտակցաբար գնացին մահվան հայրենի հողի պաշտպանության համար: