ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՄԵՐ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ Է

3

Այն, ինչ կատարվում է մերօրյա Հայաստանում, տարօրինակից մինչեւ ցնցող կարելի է որակել: Խոսքն անշուշտ առաջին հերթին ազգային ժողովի արտահերթ ընտրություններին է վերաբերում, որի արդյունքներն ամրապնդեցին հանրային որոշակի շրջանակների մասամբ սասանվող սպասումներն ու հուսապնդեցին այլոց ակնկալիքները: Այլ պայմաններում ու պարագայում այսօրինակ վիճակները գրեթե սովորական գործընթացներ են, որոնց հարկ է առնվազն վերլուծողի մտքով ու աչքերով նայել, այլ ոչՙ արմատական կոչեր հնչեցնել: Չէ՞ որ բոլորս ենք ընդունում,որ Հայաստանը մեկն է եւ այն կիսելու խնդիր չունենք:

Իրավիճակի պարզ, այսպես կոչված սիրողական մոտեցման համաձայն, խնդիրներն ստեղծվեցին ու հասունացան հաղթելու վճռականությամբ ոգեւորված կուսակցապետերի սպասվածից առավել թեկնածուների պատճառով: Ըստ ոմանց ինչպես միշտ վերջում ճիշտ դուրս եկող ՀՀ առաջին նախագահը փորձեց մասամբ կանխել հիշյալ գործընթացը, որը փոխըմբռնում չստացավ: Թերեւս սովորական պատճառով, քանզի բազմաթիվ են փաստերը, երբ երկիրը փոքր լինի թե մեծ, այնտեղ իշխանության գալով մարդկանց ծառայելու ցանկություն ունեցողների սահմանափակումը ողջունելի չէ. օրենքներն այս տրամաբանությամբ են կազմվում եւ ընդունվում:

Փորձենք դիտարկել Երկիր մոլորակի գերհզոր պետություն ԱՄՆ-ի օրինակը: Այստեղ նախագահական ընտրություններինՙ դեմոկրատ ու հանրապետական երկու հիմնական թեկնածուներից բացի մասնակցում են նաեւ 2-3 տասնյակ այլ հավակնորդներ: Ասենք 2016-ի Հ. Քլինտոն-Դ. Թրամփ մրցակցությանը զուգահեռ իրենց պայքարն էին ծավալել եւս 29 թեկնածուներ: Նրանցից 3-րդ տեղը զբաղեցրած ազատական Գարի Ջոնսոնը վերջնական արդյունքում հավաքեց 4,5 մլն ձայն, 4-րդը կանաչների ներկայացուցիչ Ջիլ Սթեյնն էր, 1,5 մլն ձայնով: Վերջին 22 տեղերը զբաղեցրածներից յուրաքանչյուրը ստացավ ընտրություններին մասնակցածների 0,01 տոկոսը, զավեշտալի է նշելՙ 300-400 ձայն: Անգամ այսօրինակ ծիծաղելի փաստը նրանցից ոմանց հետ չպահեց ընտրվելու հերթական փորձն անել 2020-ի ընտրություններում: Ասենք, հանրահայտ ազգանվամբ սոցիալիստ Ալիսոն Քենեդին, որը 2016-ին հազիվ 12,5 հազար ձայն էր ստացել, մասամբ իսկ նշմարելի ցուցանիշ չարձանագրեց 2020-ի ընթացքում. առավելագույնը, որ նրան հաջողվեց, որոշ նահանգներում 1500-2500 ձայն ստանալն էր, երբ Բայդենի ու Թրամփի քվեները միլիոններով էին հաշվվում: Ամերիկացի ընտրողները համանման պատկերներ են տեսնում մի շարք այլ պարագաներում, որը երբեւէ տարօրինակ չի դիտարկվում, որպիսի իրողություն արձանագրվում է մեր պայմաններում: Կարելի է անգամ կատակել մերոնց ցանկության համար, որը մի այլ առիթի թողնենք: Իսկ հիմաՙ ի՞նչ:

Նիկոլ Փաշինյանն իր կիրակնօրյա կեսգիշերային ուղերձում շեշտադրեց հանրային ու ազգային միասնության արժեքներով առաջնորդվելու խնդիրը, որն ինչ-որ առումներով հուսադրող էր կոշտ ընտրապայքարից հետո: Թե ինչպես կընթանան իրադարձությունները, ցույց կտա առաջիկան: Ամեն դեպքում ցանկալի է, որ հուսադրող խոսք հնչի Մայր Աթոռից: Այն, ուզենք թե ոչՙ կխաղաղեցնի մարդկանց ալեկոծումները, սթափության հուն կմտցնի, ողջախոհության սերմեր կսփռի: Վստահ եմ, ինչ էլ ասվի, հայասեր հոգեւոր հանրություն ենք, պատրաստՙ ունկնդիր լինելու եւ առաջնորդվելու: Առավել եւս, որ դրա օրինակը տվեց ընտրյալ վարչապետը: Մինչ կշարադրեի մտահոգություններիս այս մասը, եղավ Մայր Աթոռի հայտարարությունը, որին պարտավոր ենք ամենայն պատասխանատվությամբ արձագանքել, առաջնահերթըՙ առաջարկվող հանրային համերաշխության միջավայր ձեւավորել:

Անշուշտ դժվար, երբեմն ուղղակի անհնարին է վերաիմաստավորվելը: Յուրաքանչյուրն իր տեղում, իր չափով ու նվազագույնից-առավելագույն գործողություններով պետք է առերեսվի մեր վիճակի հետ, որը գնահատելն իրոք բարդ, եթե բարդագույն չորակենք: Գուցե իր օգնությունն առաջարկի դարերով կուտակված, մի փոքր մոռացության տրված, գեներից եկող իմաստությունը, որը մեր միսն ու արյունն է, գոյատեւելու մեր երաշխիքը: Կանգնած ու ամուր մնալ, երբեք չհաշտվել գրեթե անհեթեթ «երկիր ենք կերցնում» մտայնության հետ: Երկիր մոլորակի արեւելքից-արեւմուտք լինի թե հյուսիսից-հարավ, այդ ո՞ր մասում է գեթ մեկ երկիր վերացել, որ ընտրություն հորջորջվող խաղի արդյունքում մենք մեր պետությունն ու պետականությունը կորցնենք: Չի լինի նման բան, քանզի աշխատանքը հայ հողագործից օտարելու յուրօրինակ փորձերի պայմաններում էլ մեր վաճառասեղանները կարող են առատ լինել: Այնպես որ, փոքր-ինչ աշխատելու ու շարժվելու պարագայում հուսահատությունն անցյալում կմնա, անցնելիք ճանապարհի էլ սահմանը կուրվագծվի, որը թերեւս հավերժի անսահմանություն կոչենք:

Նայենք մեր ընտրությունների առիթով կազմավորված կուսակցությունների անվանումներին: Ինչքան ոգեւորող ու գրավող են դրանք, հուսադրող ու հուսապնդող, ապրել-արարելու մղող: Նաեւ արժանապատվության զգացումով մոտենանք ոչինչ չասող ու չակնարկող կուսակցապետերին ու նրանց հռչակած ծրագրերին, ինչքան էլ դրանք բարի նպատակներ հետապնդեն: Ամենահզոր ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Անշուշտ, մեր տառապանքը փորձ ունի, որի հաղթահարումն էլ մեր ուժերի ու ունակության սահմաններում է:

Եվ ոչինչ ավելին, քանզի Աստված մեզ հետ է:

22.06.2021թ.