«ԻՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԸ ՔՎԵԱՏՈՒՓԸ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՈՒՄ ՄՐԳԵՐԻ ԱՐԿՂԻՑ». ԽԱՄԵՆԵԻ

6

2021 թ. հունիսի 18-ին նախագահական 13-րդ ընտրություններում Հոջաթոլէսլամ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին ընտրվեց Իրանի 8-րդ նախագահՙ 28,9 միլիոն քվեիցՙ ստանալով 17,9 միլիոնը: Ռայիսիի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած Իրանի քաղաքացիների 62 %-ը:

Այդուհանդերձ ընտրողների մասնակցության ցուցանիշը ցածր է եղելՙ մոտ 48%, բայց սպասելի: Դրա պատճառը Իրանի Պահապանների խորհրդի կողմից բոլոր ազդեցիկ բարեփոխական թեկնածուների որակազրկումն էր, որը նպաստավոր պայմաններ է ստեղծել գերագույն հոգեւոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեիի հովանավորությունը վայելող Ռայիսիի հաղթանակի համար:

Հիշարժան է Իսլամական հեղափոխության առաջնորդ Խամենեիի խոսքնՙ ուղղված ԱՄՆ-ին եւ Իսրայելին. «Ոմանք, ովքեր քննադատում են Իրանի ընտրությունները, քվեատուփը չեն տարբերում մրգերի արկղից»:

Քվեատուփի արժեքը լավագույնս գիտակցելով եւ պատասխանատվությամբ մոտենալովՙ իրանական հոգեւոր-քաղաքական էլիտային հաջողվեց հմտորեն սրբագրել նախորդ ընտրությունների բացթողումներն այդ ուղղությամբ եւ խուսափել միջադեպերից, որն էլ այս ընտրության համար հաջողություն համարել: Խոսքը վերաբերում է Իրանի թյուրքախոս բնակչության հատվածում հետընտրական բողոքների բացառմանը:

Ավելին, թեեւ զտման գործընթացի արդյունքում հարյուրավոր թեկնածուներ դուրս մնացին մրցապայքարից, իսկ հաստատված յոթ թեկնածուներից երեքըՙ Ջալիլին, Զաքանին եւ Մեհրալիզադեն ինքնաբացարկ հայտնեցին, այնուամենայնիվ, իրանական քաղաքական մշակույթի ձեռքբերումն է ներկայիս հետընտրական խաղաղ իրավիճակը եւ ժողովրդի միասնականության պահպանումը:

Այդ առիթով քաղաքական ձեւակերպումով է հանդես եկել հակաիրանական դիրքորոշմամբ հայտնի իսրայելական «Haaretz» օրաթերթը, որի գնահատմամբՙ ընտրությունների կարեւոր պատգամը ժողովրդի վստահության քվեն էր իսլամական հանրապետության համակարգին եւ այն, որ ժողովուրդն իր սոցիալ-տնտեսական խնդիրները չի վերագրում իսլամական հանրապետությանը, դրանք համարում է արտաքին ճնշման եւ մարդկային սխալ գործելակերպի հետեւանք:

Հետաքրքրական է, որ «New York Times» օրաթերթն էլ նկատել է, որ ավելի քան 42 տարի Իրանի Իսլամական Հանրապետության գոյատեւման գաղտնիքը հեղափոխական կառավարությունն է:

Եվ ահա պահպանողական հայացքներով հայտնի, Իրանի դատական համակարգի ղեկավար, 60-ամյա նորընտիր նախագահ Ռայիսին հայտարարել է, որ ձեւավորելու է գործնական, հեղափոխական ու հակակոռուպցիոն կառավարություն: Նշենք, որ Ռայիսին կստանձնի իշխանության ղեկը միայն օգոստոսի սկզբին:

Իսկ մինչ այդՙ մամուլի ասուլիսի ընթացքում, Ռայիսին հայտնել է, որ պատժամիջոցների վերացումից հետո պատրաստ չէ հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Բայդենի հետ: Ըստ Ռայիսիիՙ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայն ԱՄՆ-ը պարտավոր էր չեղարկել բոլոր պատժամիջոցները:

Նշելի է, որ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն էլ հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ անելիքը քաղաքական որոշում է, այլ ոչ թե երկխոսություն, եթե որոշումներ կայացվեն, Իրանը բանակցությունների վերջին փուլում կլինի: Ըստ այդմ, կարելի է պնդել, որ ատոմային քաղաքականության հարցում Իրանը կշարունակի իր մոտեցումը առավել կոշտ ձեւակերպմամբ նաեւ առաջիկայում:

Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիի խոսքովՙ «Իրանի ժողովրդի մասնակցությունն ընտրություններին մեծ «ոչ» էր ընտրությունները բոյկոտելու քարոզիչներին, որոնք գտնվում էին տնտեսական պատժամիջոցները մշակողների շարքերում»:

Ինչեւէ, հարկ է նշել, որ նորընտիր նախագահը ստանձնում է գործադիր իշխանության ղեկավարումը այնպիսի պայմաններում, երբ երկրում առկա է մինչեւ 45 % գնաճ, որը տնտեսության մեջ ռեկորդային ցուցանիշ է, չնայած իշխանությունների որոշ քայլերին, օրինակՙ վերջերս Իրանի առեւտրի ազատ գոտիներում, այդ թվումՙ Հայաստանին սահմանակից «Արաս»-ում, ազգային նախագծերի շնորհանդեսի բացումը ԻԻՀ գործող նախագահ Հասան Ռոհանիի հրամանով:

Անդրադառնալով հայկական արտահերթ խորհրդարանական եւ իրանական հերթական նախագահական գրեթե միաժամանակյա (2 օրվա տարբերությամբ), ընտրություններին, ապա դրանք ընթացան կողմերի փոխադարձ շնորհավորանքներով: Իրանի նորընտիր նախագահին շնորհավորագրեր են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Իրանի Հայոց թեմերի առաջնորդները: Ի դեպ, հունիսի 12-ին Արամ Ա. կաթողիկոսը hատուկ նամակով hորդորել է Իրանի երեք թեմերի առաջնորդներինՙ քաջալերելու իրենց հովանու ներքո գտնվող հավատացյալներին մասնակցելու ԻԻՀ նախագահական ընտրություններին:

Նշենք, որ Իրանի արտգործնախարարության խոսնակ Խաթիբզադեն էլ շնորհավորել է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը:

Այսպիսով, երկու հարեւան երկրների նորընտիր իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն իրենց ծրագրերի իրականացմանըՙ հաշվի առնելով այն բարդ խնդիրները, որոնք առաջացել են տարածաշրջանում, հատկապես Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում եւ Հայաստանի հարավային հատվածում, որտեղ էլ կարող են բախվել գերտերությունների շահերը: