Գերմանիայում, որտեղ ժամանակավորապես բնակվել եմ, խոսքն արժեք ունի։ Գրավոր խոսքն առավել զտված, բանավորըՙ այն արտաբերողի շեշտով վահանապատ, քաղաքացուն առիթ է տալիս խորհելու, թե զենքի արդիականՙ առավել արագ ոչնչացման մեր ժամանակներում, խոսքը, բառը դեռ ուժ ունեն։ Ավելի ճիշտՙ դա է հենց այն զենքը, որի ճիշտ կիրառումը կարող է կանգնեցնել ամեն մի բախում։ Գերմանիան խորհրդարանական երկիր է, ժողովրդի ընտրյալները, բնական է, Բունդեսթագում խոսում են իրենց քվե տված մարդկանց համար եւ փոխարեն, հետեւաբարՙ շատ, կանցլերըՙ զեկուցում է արած եւ անելիք գործի մասին, հետեւաբարՙ առավել քիչ է խոսում, իսկ երկրի գլուխըՙ նախագահը խոսում է այն ժամանակ, երբ չի կարող լռել, երբ բարոյական չէ «լռության ոսկին» մտքում պահելով բերան կոճկելը, երբ երկրի զարկերակը խփում է ուժգին։
Խորհրդարանական կառավարումն ընտրեց ՀՀ-ը 2015 թվականի սահմանադրությամբ, եւ մեր երկրում, երբ հարմար է, անհաջողությունների մասին խոսելիս, շատերը հղում են անում սահմանադրությանը, թե Հիմնական օրենքը թերի է։ Այն չի ամրագրել անշուշտ, որ մեր երկրիՙ գիրք հեղինակած վարչապետը, կարող է գեղարվեստական գրականություն ստեղծել իր ուզած բառապաշարով, բայց պատասխանատվության պիտի ենթարկվի, երբ մեզ մատուցած պաշտոնական լեզվում հայհոյանքն ամենախիտ, սիրելի շերտն է։ Իսկ նախագահի խոսքին կարոտ պիտի մնանք…Ստորեւ մեր զրույցը սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ։
– Պարոն Պողոսյան, դուք 2015-ի սահմանադրության համահեղինակ եք։ Այս օրերին հաճախ ենք լսում, ինչպես են տարբեր առիթներով քննադատում Մայր օրենքը։ ՀՀ նախագահն էլ քննադատում է Հիմնական օրենքնՙ ասելով, թե իր լիազորությունները, իրավասությունները սահմանափակ են։ Մեր երկրում կատարվող վերջին իրադարձություններն այլեւս տեղ չեն թողնում սպասելու, թե ե՞րբ կարձագանքի ՀՀ պետության գլուխը։ էլ ի՞նչ պիտի պատահի, որ ՀՀ նախագահը խոսի, դրա իրավունքը սահմանադրությամբ վերապահվել է նրան։ Կարծում եմ չեմ սխալվումՙ խորհրդարանական երկրում նախագահի կարեւորագույն գործն իր խոսքն էՙ գրավոր, թե բանավոր։
– Դուք իրականում արդեն տվեցիք հարցի պատասխանը։ Հանրապետության նախագահը պետության գլուխն է, առաջին պաշտոնատար անձն է, իրավասու է խոսել Հայաստանի Հանրապետության անունից, ժողովրդի անունից եւ իր սահմանադրական պարտականությունն է բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որ գոյություն ունեն ՀՀ-ում։
Ցավոք սրտի, հանրապետության նախագահն իր անգործությունը բացատրում է սահմանադրությամբՙ իբր իր լիազորությունների բացակայությամբ։ Իրականում սահմանադրությունը պառլամենտական հանրապետության նախագահին տվել է բավարար լիազորություն, որպեսզի նա իր առաքելությունը կատարի։ Հանրապետության նախագահը (այսուհետՙ ՀՆ) , երբ համաձայնեց դառնալ ՀՆ-ի թեկնածու եւ երբ ընտրվեց նախագահ, բնականաբար մինչ այդ պիտի կարդացած լիներ սահմանադրության տեքստը։ Եթե երազում էր լինել այնպիսի հանրապետության նախագահ, որն ուներ 2005 թվականի սահմանադրական լիազորություններ, ապա նա չպետք է համաձայներ գնալ այդ պաշտոնին։ Բայց նա համաձայնել է եւ երբեւէ չի բարձրաձայնել, որ իրեն ինչ -որ լիազորություններ պակասում են։ Հիմա, երբ ըստ էության դարձել է վարչապետիՙ այսօրվա ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանի հանցակիցը, փորձում է իր անգործությունն ընդհանրապես բարդել սահմանադրության վրա։ Երբ 2015 թվականին սահմանադրությունը փոփոխվեց եւ անցում եղավ պառլամենտական հանրապետության, ՀՆ բնականաբար ստացավ ավելի քիչ լիազորություններ, քան դրանից առաջ 2005-ի սահմանադրությամբ էր։ Դա շատ բնական է, քանի որ խորհրդարանական հանրապետությունում գործադիր իշխանությունը ղեկավարում է կառավարությունը, կառավարության ղեկավարն ու նախարարներն են կառավարության անդամներ, եւ նախագահն ունենում է ավելի շուտ արարողակարգային լիազորություններ, բայց պառլամենտական յուրաքանչյուր հանրապետությունում բացի այդ լիազորություններից, ՀՆ- ն ունենում է խոսքի, ծանրակշիռ խոսքի իրավունք։ Նա, ունենալով այդ հնարավորությունը, գրեթե չի օգտվել դրանից։ Կարող էր ԱԺ- ին ուղերձ հղել, կարող էր ցանկացած հարցի վերաբերյալ (որ իր տեսանկյունից այնպես չէր, ինչպես պիտի լիներ) վարչապետին հրավիրել իր մոտ, պահանջեր, ստանար անհրաժեշտ տեղեկատվությունը, ծանոթացներ հանրությանը։ Բայց նա դարձել է մի դիտորդ, որն երբեմն- երբեմն հիշում է, որ ՀՆ-ն է եւ ինչ-որ հարցերի մասին է բարձրաձայնում, որոնք, ենթադրում եմ, ավելի շուտ իր քաղաքական կարիերայի հետ են կապված, քան մեր երկրի ճակատագրի։ Իսկ մեր երկրի այսօրվա վիճակն իսկապես այնպիսին է, որ մենք շատ մեծ կասկածներ ունենքՙ ՀՀ-ն որպես անկախ պետություն պահպանելո՞ւ է իր գոյությունը, թե՞ ոչ։ Այս պայմաններում, երբ ՀՆ-ն չի օգտվում իր ունեցած լիազորություններից, եւ ընդամենը փորձում է սահմանադրությունը որպես քավության նոխազ օգտագործել, այդ երեւույթը անհարիր է հայ որեւէ պաշտոնատարի համար, առավել եւսՙ համար առաջին պետական պաշտոնը զբաղեցնող անձի համար։
Սահմանադրությունը շատ կարեւոր լիազորություն է տվել ՀՀ նախագահինՙ ստորագրելու կամ չստորագրելու օրենքները, պաշտոնատար անձանց նշանակման հետ կապված լիազորություն է տվել դիմել Սահմանադրական դատարան։ Ցավոք սրտի, ՀՆ-ն այդ լիազորություններից չի օգտվում։ Միայն այն փաստը, որ հանրապետության նախագահը որեւէ բան չձեռնարկեց, երբ տեղի էին ունենում հակասահմանադրական սահմանադրական փոփոխություններ, եւ ինքը չդիմեց Սահմանադրական դատարան, արդեն հանցակցություն է, եւ այդ քայլով այսօրվա ուսապարկերով լցված ԱԺ-ն եւ կառավարությունը ըստ էության ուզուրպացրին ՍԴ-ի լիազորությունները։ ՀՆ-ն հիմա, երբ բողոքում է, թե լիազորություններ չունի, իր սեփական նախաձեռնությամբ հրաժարվեց իր այն լիազորությունից, որ ամրագրված էր ԱԺ կանոնակարգ օրենքում, ըստ որի ի՛նքը պիտի ստորագրեր սահմանադրական փոփոխությունները։ Ինքը հրաժարվեց դրանից, կարծես ձեռքերը լվացՙ իր այդ քայլով նպաստելով, որ երկրում այդ ժամանակ գործող եզակի պետական կառույցներից մեկըՙ ՍԴ- ն դառնա սահմանադրությամբ չնախատեսված դատարան։ Նա այդ ամենը կատարել է, իսկ սահմանադրությունն ի դեպ նախատեսում է, որ հանրապետության նախագահին կարելի է պատասխանատվության կանչել ոչ միայն ծանր հանցագործության, հայրենիքին դավաճանության համար, ինչպես 2005 թվականի սահմանադրության նախագծով էր նախատեսված, այլ նաեւՙ սահմանադրության կոպիտ խախտման համար։ Դա սահմանադրության կոպիտ խախտում էր, եւ իրեն հարգող որեւէ ԱԺ պետք է պատասխանատվության կանչեր ՀՆ-ին իր այդ անգործության համար։
Խորհրդարանական հանրապետությունում հանրարապետության նախագահը երկրի բարոյական ձայնն է նաեւ, եւ այդ ձայնը բազմաթիվ առիթներով նա պետք է օգտագործեր։ Ե՛ւ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր վայրագ հարձակումները դատական իշխանության դեմ, պետք է օգտագործեր պատերազմի ժամանակ, պատերազմից հետո, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն, առանց իրավական հիմք ունենալու, հակառակ նոյեմբերի 9- հայտարարության հրամայեց զորքերը հանել Կուբաթլիի եւ Զանգելանի շրջաններից, եւ դրանով ուղղակիորեն հարվածի տակ դրեց Սյունիքըՙ բուն ՀՀ տարածքը։ ՀՆ-ը կարող էր պահանջել, հրապարակայնորեն պահանջեր պարզաբանել, թե ինչի հիման վրա Փաշինյանը դա արեց։ Հիշո՞ւմ եք, Բագրատյանը պատահաբար ռուս զինվորականից ստացավ այն փաստաթուղթը, որ մինչեւ հիմա բաց հարցեր է հարուցում ՙ ի՞նչ փաստաթուղթ է, ո՞վ է ստորագրել, ո՞վ է լիազորել ՀՀ ինչ -որ պաշտոնատարի նման փաստաթուղթ ստորագրել։ ՀՀ նախագահը ինչո՞ւ էր լռում, չէ՞ որ նա սահմանադրության առաջին պահապանն է։ ՀՆ-ն, նորից կրկնեմ, չունի այն լիազորությունները, որ նախկին 1995, 2005 թթ խմբագրությամբ սահմանադրություններն էին արտոնում, բայց ունի բավականաչափ հնարավորություն, լիազորություն իր ձայնը հասանելի դարձնելու երկրի բնակչության համար։ ՀՆ- ը իր լիազորությունները չի կատարում եւ որեւէ հիմք չունեմ կասկածելու, որ նա պատասխանատվություն է կրելու իր այսպիսի՛ նախագահության համար։
– Երբ հեղինակում էիք սահմանադրությունը, մտածում էիք, որ դրանով լուսավոր մի հանգրվանի պիտի հասնի պետությունը։ Քանի որ Հիմնական օրենքը միտված պիտի լինի պետականության ամրապնդմանը։ Հիմա,երբ մեր պետության հիմքերը վտանգվածՙ գրեթե գետնամած են, չե՞ք խորհելՙ եթե հիմա խմբագրելու լինեիք օրենքը, ինչպե՞ս կամրացնեիք այն, որ այսպես չոտնահարվեին մեր պետության հիմքերը, մարդու իրավունքները, մեր երկրի անվտանգությունն այսպես խարխուլ վիճակում չլիներ։ Դուք արձանագրեցիք, որ խոսքի իրավունքը չի գործածում հանրապետության գլուխը, իմաՙ նախագահը, միգուցե սա պայմանավորված է նաեւ նրանով, որ գործադիրի ղեկավարըՙվարչապետըՙ այժմՙպաշտոնակատարը այնքան է շահարկել խոսքը, այնքա’ն է խոսել, որ արժեզրկել է այն։ Ի՞նչ կփոխեիք, ինչպե՞ս կխմբագրեիք Հիմնական օրենքը, որ մեր պետությունը շարունակի իր գոյությունը։
– Բարդ հարց է։ Հնարավոր չէ միանգամից պատասխանել, թե ինչը կարելի էր այնպես անել, որ այսպիսի իրավիճակ չառաջանար։ Երբ ներկայացնում էի սահմանադրության նախագիծը 2015 թվականին ԱԺ- ում, ասացի, որ որեւէ սահմանադրություն կատարյալ չէ, կատարյալ գործ աշխարհում չկա։ Միշտ կարելի է կատարելագործել։ Հիմա էլ համոզված եմ, որ 2015 թվականի սահմանադրության մեջ չկան այնպիսի կոնստրուկտիվ դեֆեկտներ, որ հանգեցրել են այսօրվա իրավիճակին։ Բայց կան բազմաթիվ դրույթներ, որ եթե իմանայինք, որ այսպիսի չարաշահումներ էին լինելու, այլ կերպ կգրեինք։ 2015 թվականի սահմանադրության մեջ ունենք դրույթ, որ պառլամենտի մեկ հինգերորդն իրավունք ունի դիմել ՍԴՙ այսպես կոչված սահմանադրական վեճերով։ Մտածում եմՙ եթե գրած լինեինքՙ որեւէ խմբակցություն իրավունք ունի դիմելու, մենք միգուցե սահմանադրական դատարանի սահմանադրությամբ նախատեսված կազմով, կառուցվածքով ՍԴ կունենայինք։ Հիմա չունենք այդ ՍԴ, որովհետեւ «Լուսավոր Հայաստանի» պատճառով, մեղավորությամբ, չբավարարեցին ձայները, եւ այդ ժամանակ դիմում չեղավ ՍԴ, եւ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ՍԴ-ն որպես ինստիտուտ վերացնել, ոչնչացնել։ Ունենք ապօրինի ՍԴ։
2015-ին քննարկվող տարբերակներից մեկն այն էր, որ երբ ընտրություններ են նշանակվում, կառավարությունը չգործի, այլ լինի մի վերազգային, վերկուսակցական կառավարություն, որ կիրականացնի առաջիկա ընտրությունները։ Դա աշխատանքային մի տարբերակ էր, որ ինքս նույնիսկ չներկայացրի սահմանադրական հանձնաժողովի պլենար նիստին, հիմա դրա համար ափսոսում եմ։ Եթե ժամանակին արած լինեինք եւ եթե համաձայնություն լիներ սահմանադրական հանձնաժողովում, այսօր չէինք ունենա այն իրավիճակը, երբ հրաժարական տված վարչապետը շարունակում է իրականացնել իր լիազորությունները եւ անխնա օգտագործում է վարչական ռեսուրսըՙ ընտրություններում հաղթելու համար։
– Ի դեպ, երբ ԱԺ-ն 2 անգամ մերժել է վարչապետին, չկա՞ օրենսդրական մի կետ, որով կարելի է նրան հռչակել իրավասություններից զրկված պաշտոնյա, որ չի կարող որեւէ բան գծել, ստորագրել, Փարիզ հրավիրվել։
– Կա 2 տարբերակ. Կա՛մՙ հրաժարական տված կառավարությունը ժամանակավորապես շարունակում է իր լիազորությունների իրականացումը, մինչեւ նոր կառավարության կազմավորումը, դա այն է, ինչ ունենք գործող սահմանադրությունում, ընդ որումՙ այդ դրույթը չի փոփոխվել, նույնն է, ինչ 2005 թվականի սահմանադրության խմբագրությամբ։ Կա՛մՙ այն տարբերակը, որն արդեն նշեցի, որը ցավոք սրտի, ժամանակին չգտա, թե այդքան կարեւոր է ներկայացնելու համար, եւ դա մնաց իմ թղթերում, արխիվային նախագծերում։ Գաղափարը վերցրել էի իտալական սահմանադրական իրավունքի պատմությունից, այնտեղ էլ էր նախագծի տեսքով մնացել, չէր ընդունվել, բայց դա լավ գաղափար էր։ Եթե մտածեինք, որ այդպիսի իրավիճակ կարող է առաջանալ, բնական է, կգնայինք այդ ճանապարհով։
Այսօր սահմանադրությունը հնարավորություն տալիս է, որ կառավարության հրաժարականից հետո կառավարության անդամները շարունակեն իրենց լիազորությունները։ Իհարկե նրանց վրա պարտականություն չի դնում, եւ նա, ով հրաժարվում է, իրավունք ունի հրաժարվելու։ Այդ պարագայում նա որեւէ ձեւով ո՛չ վարչապետի պաշտոնակատար է, ո՛չ էլ նախարարի պաշտոնակատար է, ինչպես ասենք, Արա Այվազյանի պարագայում։ Վերադառնալով նախորդ հարցին նշեմՙ մի քիչ շտապեցինք դատավորների անձեռնմխելիության ծավալները նվազեցնելու տեսանկյունից. Եթե իմանայինք, որ քննչական մարմինները այդպիսի անխնա ձեւով, արհամարհելով օրենքը, պարզապես գործեր կսարքեն դատավորների նկատմամբ, որ ազատվեն նրանցից, վստահ եմ, որ սահմանադրական հանձնաժողովը կթողներ այն ավելի մեծ ծավալով անձեռնմխելիությունը, ինչը կար 2005 թվականի սահմանադրության մեջ։
Կրկնում եմՙ սահմանադրությունը չի կարող կատարյալ լինել, եւ պրակտիկայում փորձարկվելուց հետո հասկանում ես այն խնդիրները, որ առաջանում են, եւ դրանք կարելի է շտկել։ Բայց մեր այսօրվա իրավիճակը սահմանադրությամբ պայմանավորված չէ։ Որեւէ սահմանադրություն, այն պարագայում, երբ պառլամենտում կա երկու երրորդ մեծամասնություն ունեցող ուժ, անզոր է այդ ուժի դեմ, եթե այդ ուժը տրամադրված է սահմանադրության տառին եւ ոգուն հակառակ, ժողովրդավարական չէ, իրավական պետության դեմ է, պոպուլիզմով է զբաղվում։ Ցավոք սրտի, մեր երկիրը, մեր ժողովուրդը քաղում է 2018-ի ճակատագրական սխալի պտուղները։