Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԵՔՍՊԻՐԸՙ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇՆՉՈՎ

28/05/2021
- 28 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Տասներկուերորդ գիշեր կամ Ինչ կամենաք» պիեսը Շեքսպիր-կատակերգուի գլուխգործոցներից է: Մայիսի 17-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական Թատրոնը երկրորդ անգամ ներկայացրեց հենց այս գործը (առաջինը մայիսի 5-ին էր), ինստիտուտի ավարտական կուրսի (Շուշան Ղազարյանի արվեստանոց) եւ բեմադրիչ Ժիրայր Բաբազյանի (Փափազյան) մատուցմամբ:

Եգիպտոսում ծնված Բաբազյանը մի ամբողջ կյանք է անցկացրել ներկայացումներ տալով միջազգային բազմաթիվ բեմերում որպես դերասան եւ ռեժիսոր: Սակայն այս ուսանողական նախագիծը նրա համար առանձնահատուկ արժեք ուներ, քանի որ նա նույն ինստիտուտն է ավարտել 1976 թվականին: 45 տարի շրջելով ողջ աշխարհումՙ նա առաջին անգամ էր հրավիրվում ինստիտուտում դասավանդելու: Խորհրդային Հայաստանում թատրոն սովորած սփյուռքահայի համար սա, իրոք, ուշագրավ, հուզական եւ եզակի ամբողջական շրջանակ էր:

Այնուամենայնիվ, Բաբազյանը բախվեց մի մեծ, թեկուզեւ սովորական դարձած խնդրի, այն է ՙ զգեստների եւ բեմահարդարման համար հատկացված բյուջեի սահմանափակումներին: Բաբազյանի առաջարկած լուծումը հնարամիտ էր եւ… անխուսափելի: Նա որոշել է գնալ մինչեւ վերջ: Հանել է տվել բեմի կողմնակի բոլոր վարագույրներըՙ ստեղծելով ամբողջովին բաց տարածք մինչեւ ետնաբեմերի պատերը եւ օգտագործելով նվազագույն բեմիրեր եւ բեմական հարդարանքՙ ստացել է մի պատրաստի ու գրավիչ ներկայացում: Բայց ամենից կարեւորըՙ դա հանդիսատեսին ստիպեց կենտրոնանալ դերասանների խաղի վրա, նրանց հնարավորություն տալով բացահայտել իրենց տաղանդը եւ ունակություններն ամենատարբեր իրադրություններում:

«Տասներկուերորդ գիշեր» հեքիաթ-կատակերգության գործողության վայրն Իլլիրիա երկիրն է: Գրվել է 1601-1602 թթ., Սբ Ծնունդին հաջորդող տասներկուերորդ օրվա առթիվՙ Մկրտման գիշերը, որը նշվում էր դիմակահանդեսներով, զվարթ տոնակատարություններով: Պիեսը ներառում է զուգահեռ ընթացող ռոմանտիկ պատմություններ եւ ունի մի քանի առանցքային կերպարներ, որոնք անընդհատ հայտնվում են կայծակնորեն փոփոխվող իրադրություններում ու զավեշտական իրավիճակներում:

Բեմադրական հմուտ միջոցներով եւ արագ տեմպով Բաբազյանին հաջողվեց փոխանցել Շեքսպիրի նախատեսած ուրախ եւ տոնական տրամադրությունը: Ինչ վերաբերում է դերասան-դերասանուհիներին, նրանք փայլուն ներկայացումներ տվեցին եւ բոլորն ավարտեցին գերազանցության դիպլոմներով:

Վահե Վարդանյանը դուքս Օրսինոյին ներկայացնում է հռոմեական արտաքինով (հայկական բեմում փնտրված մի տիպար)ՙ կերտելով համոզիչ հոգեբանական պատկերՙ պատանեկան անմիջականության եւ եսակենտրոնության զուգադրմամբ: Տպավորիչ է նաեւ Սըր Թոբի Բելչիՙ առավել հասուն եւ բազմերանգ գործող անձի կերպարավորումը Սարգիս Շողունցի կողմից:

Կոմսուհի Օլիվիայի կերպարում ընդգծված է ազնվականությունը, սառը շարժուձեւը, որի ներքո աղջնակի զգայուն սիրտ է բաբախում: Դերակատարըՙ Միլենա Ղազարյանը , իր հմայիչ, արտիստիկ դիմագծերով, վերամարմնավորելու ձիրքով ըստ ամենայնի կարող է կայանալ որպես լայն երանգապնակի դերասանուհիՙ հայ բեմում փայլելով թե՛ կատակերգական, թե՛ դրամատիկ դերերում: Հասմիկ Գեւորգյանը վարպետությամբ եւ վարակիչ հումորով կարողացել է կատարել Վիոլայի դերը, որը երբեմն հանդես է գալիս իբրեւ գեղանի աղջնակ, իսկ երբեմն կերպարանափոխվում է պատանի Կեսարիոյի:

Խեղկատակ Ֆեստեն պիեսի հանգույցային կերպարներից է. Բաբազյանի մեկնաբանությամբ այստեղ շեշտված են տիպաոճային զուգահեռները «Համլետ» ողբերգության գերեզմանափորների հետ: Ավետ Զոհրաբյանին հաջողվել է արտահայտել կերպարի թե՛ փիլիսոփայական, եւ թե՛ կատակերգական դարձերեսները:

Հանդիսատեսին լիաթոք ծիծաղի պահեր պարգեւեց դեղնագուլպա Մալվոլիոն ( Տիգրան Բարսեղյան ):

Իրենց տեղում էին նաեւ Հարութ Բեգ-Վանյանը (Սըր Էնդրյու) եւ Էվելինա Ստեփանյանը (Մարիա, առաջին ներկայացման մեջՙ Վերժինե Վարդանյան ), իսկ Արեգ Տոնոյանը հաջող կատարեց նաեւ իր սովորական ամպլուային հակառակ դեր (Սեբաստիան): Միակ դրսից հրավիրված դերասանըՙ Վովա Մսրյանը , հաջողապես կատարեց Անտոնիոյի, Նավաստու եւ Քահանայի դերերը:

Ներկայացման երաժշտությունը եւ կատարվող շեքսպիրյան ավանդական երգերը օգնում են միջնադարյան անորոշ, աբստրակտ կոմսության մթնոլորտի ստեղծմանը:

Նկատելի են էպիկական կամ բրեխտյան թատրոնի տարրերՙ հանդիսատեսին դիմող կերպարներ եւ բաց տարածություն, որը ցույց է տալիս բեմի մեխանիկան` դրանք իլյուզիոնիստական գեղագիտության հետեւում թաքցնելու փոխարեն:

Բեմադրական հնարքների, հստակ բեմական խոսքի ու արտահայտիչ ինտոնացիաների շնորհիվ ընդգծվում են շեքսպիրյան ոճը, ռիթմը, տոնական տրամադրությունը, աֆորիստականությունը, սրամիտ բառախաղերի կիրառումը, այնպես, որ անտեղյակ հանդիսատեսն էլ կարող է իսկույն ճանաչելՙ սա «Համլետի» հեղինակի գործն է (ի դեպ, այս երկու պիեսները գրվել են միեւնույն ժամանակահատվածում):

Ուշադիր հանդեսատեսը կարող է հետաքրքրական հղումներ նկատել. օրինակ, Խեղկատակը հագնված է Լեոնիդ Ենգիբարյանի ոճով, իսկ քահանան «հայացված» է:

Պիեսը հայ բեմում հարուստ պատմություն ունի, իսկ վերջին տասնամյակների ներկայացումներից հիշարժան են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում (բեմադրիչՙ Երվանդ Ղազանչյան, 2008) եւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում (բեմադրիչՙ Գրիգոր Խաչատրյան, 2014) իրականացվածները: Սակայն առավել նշանավորը Երկրորդ աշխարհամարտի օրերինՙ 1944 թ., Լենինականի դրամատիկ թատրոնում Վարդան Աճեմյանի կատարած բեմադրությունն էր, որը ներկայացվել է համամիութենական շեքսպիրյան փառատոնին ու արժանացել թատերագետների բարձր գնահատականինՙ դառնալով հայ թատրոնի խոշոր նվաճումներից մեկը:

Բաբազյանը նախկինում մարմնավորել է շեքսպիրյան բազում կերպարներ, ինչպես նաեւ առնչվել մեծ դրամատուրգի աշխարհի հետ որպես բեմադրիչ. հայաստանյան հանդիսատեսը, կարծում ենք, չի մոռացել 2009 թ. Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ներկայացված «Ամառային գիշերվա երազի» Իրինա Բրուքի բեմադրությունը, որի համար Բաբազյանն արժանացավ «Վահան Թեքեյան» մրցանակինՙ «թատրոն» անվանակարգում:

Բաբազյանի ղեկավարությամբ շրջանավարտ կուրսի նորահաս դերասաններն ու դերասանուհիները վայելեցին արվեստագետի կեանքի փորձը փոխանցելու առատաձեռնությունը: Նա ոչ միայն ամիսներ շարունակ դասավանդում եւ մարզում էր նրանց, այլեւ երբ լսեց իր մոր մահվան լուրը ԱՄՆ-ում, բացման գիշերից ընդամենը երկու օր առաջ, հրաժարվեց մեկնել հուղարկավորությանը, չնայած իր ուսանողների պնդմանը, որ նա ճանապարհորդի: Բաբազյանի մոր հուղարկավորությունը տեղի ունեցավ ԱՄՆ-ում, մայիսի 5-ին, հենց այն պահին, երբ բարձրանում էր բացման գիշերվա վարագույրը Երեւանում…

Միայն չենք կարող չափսոսալ, որ ներկայացումը ցուցադրվեց ընդամենը երկու անգամ ու այդպես էլ անհասանելի մնաց մայրաքաղաքի լայն հանրությանը, այլեւս չասածՙ մարզերի բնակչությանը: Ի վերջո, այս դժվարին ժամանակներում որքա՜ն անհրաժեշտ են նման կատակերգությունները մեր հանդիսատեսին:

Մաղթում ենք ապագա դերասաններին հաջողություններ իրենց մասնագիտական կյանքում, եւ շնորհակալություն ենք հայտնում Ժիրայր Բաբազյանինՙ Հայաստանի երիտասարդ սերնդին իր նվիրվածության համար:

Իսկ ամենից առաջ, շնորհակալություն Շեքսպիրին, որի մեծ վարպետությունը եւս մեկ անգամ հասավ մեզ օգնության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

«ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԵՐՈՍԸ»

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

«ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԵՐՈՍԸ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

22/09/2025

Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը։ Նման հայտարարությամբ է հանդես եեկել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ  Փափազյանը։...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական