«Իմքայլականների» ցինիզմն այն աստիճանի է հասել, որ նորաթուխ պատգամավոր Էմմա Պալյանը համարձակություն ունեցավ հայտարարելու, թե զոհված եւ գերեվարված զինծառայողների ընտանիքները հիմնականում չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին: Ֆեյքաֆաբրիկան ամիսներ շարունակ անարգանքի սյունին էր գամում այն ծնողներին, որոնք մասնակցում էին ընդդիմության միտինգներին եւ պահանջում պատասխանտվության ենթարկել իրենց զավակների սպանության մեղավորներին ու հորդորում Փաշինյանին հեռանալ:
Մարդու մարմնով սարսուռ է անցնում, երբ կարդում է, թե նիկոլապաշտների ճամբարն ու ֆեյքաֆաբրիկան հայհոյանքների, ծաղրանքի ինչ բառամթերք են օգտագործումՙ փորձելով լռեցնել զոհվածների ու գերեվարվածների հարազատներին, թեՙ գնացեք տուն ու ձեր լացը լացեք, Նիկոլի հետ գործ չունեք, մի խառնվեք քաղաքականությանը:
Լրատվամիջոցներն ու սոցցանցերը լուսաբանում են մեր հերոսների սխրանքները, անձնազոհության պատմությունները: 5000-ից ավելի անհատական պատմություններ, ողբերգական դիպվածներ ու հերոսապատումներ կանՙ մեկը մեկից փշաքաղեցնող, մեկը մեկից վեհ ու անանձնական: Համաշխարհային կինեմատոգրաֆիան մի ամբողջ դար փառահեղ ֆիլմերի նյութ ու թեմա ունիՙ հանձինս մեր դեռատի պատանիների առասպելական սխրանքների:
18 տարեկան Գարիկը չի լսել հրամանատարի «նահանջ» հրամանը, ինքն է հրամայելՙ ես թուրքերին կպահեմ, զորքը հետեւի կողմից արագ հանեք: Եվ գնդացրորդ Գարիկն իր վրա է վերցրել թշնամու կրակըՙ փրկելով 120 զինվորի կյանք: Զոհվել էՙ ապրեցնելով 120 հոգու, վառ պահելով 120 ընտանիքի տան ճրագը, թույլ չտալով, որ 120 մայրերի աչքերն արցունքոտվեն, մինչդեռ իր 40-ամյա մայրը վշտից խելագարվում է արդեն: Գարիկը ծնողների միակ զավակն էր: Մայրը շոյում է որդու մեդալն ու ասումՙ ես չեմ ուզում հերոսի մայր լինել, մինուճարիս վերադարձրեք: Սպասում է գիշերը գա, որ երազում Գարիկին տեսնիՙ ողջ-առողջ, մոր ուսը պինդ գրկած, նրան զորավիգ: Գարիկի տատն ասում է. «Ես ամաչում եմ, որ 74 տարեկան եմ, ապրում եմ, իսկ իմ 18-ին հողն եմ դրել»:
Գարիկի տատը, որի բերանից բացի «ջան»-ից ուրիշ ոչ մի խոսք մինչեւ հիմա չի լսվել, հիմա ամեն օր Աստված է կանչում, որ մինուճար թոռան զոհվելու պատճառ-մեղավորները պատժվեն: Իսկ նա մեղավոր է համարում Փաշինյանին:
Փոխգնդապետ Ստեփան Համբարձումյանը մարմնով ծածկել է ժամկետային մի զինծառայողիՙ փորձելով փրկել նրա կյանքը. երբ մի քանի օորով տուն է եկել, կնոջն ասել է. «Աչքերս փակում եմ, որ քեզ ու երեխաներին տեսնեմ, բայց 18 տարեկաններին եմ տեսնում, ի՜նչ խիզախ ու անվախ են: Մեկըՙ մի պրպտուն տղա, խրամատի երկայնքով մեկ կրակում էր ու կրակում, աչքս թարթեցիՙ խփեցին: Վազքով մոտեցա, տեսնեմՙ զոհվել էՙ ժպիտը դեմքին, աչքերը հառած կապույտ երնքին, երկու ձեռքի բութ մատները վեր պահած: Չեմ կարող մնալ, Հասմիկ, պիտի գնամ, էդ երեխեքը սպասում են, ո՞վ գիտեՙ հիմա ինձ նման մեկն էլ իմ որդուն է հոգ տանում Եղնիկներում, ախր բոլորը Սուրենիս տարիքի են»: Գնաց ու էլ չեկավ Ստեփանը: Կապի փորձառու մասնագետը, ԶՈՒ կադրային սպան, որ թշնամու թիկունքն էր անցնում ու կարեւոր լուրեր բերում, մահապարտ էր, գիտակցված գնաց մեռնելու:
Երկու եղբայրները նույն ջոկատում են կռվել: Մեկը զոհվել է, մյուսը եղբոր մարմինը դրել է քնապարկի մեջ ու շարունակել կռվել, ուր որ գնացել է, եղբորն էլ հետն է տարել, որ մարմինը թուրքը չպղծի: Բայց ինքն էլ է զոհվել: Նրանց տունը հիմա դատարկ է: Հայրը թույլ չի տվել, որ Փաշինյանն իր տուն ոտք դնի, ասել էՙ որպես ի՞նչ գա իմ տուն:
5 լեզվի տիրապետող, Ֆրանսիական համալսարանի ուսանող 18-ամա Սուրենի ծնողները, լույսը բացվում էՙ որդու նկարը գրկած են, մութն ընկնում է, նկարն էլի բաց չեն թողնում: Կապուտաչյա, համարյա 2 մետր հասակով Սուրենից մի բուռ մոխիր, մարմնի կտորտանքներ են հանձնել հարազատներին: Երկու օր առաջ են Պաշտպանության նախարարության երեք սպաները եկել Սուրենենց տունՙ ծնողներին հետմահու մեդալ հանձնելու: Նրանք մեդալը հետ են ուղարկել, չեն վերցրել: Սուրենի մայրն ուզում է պարզելՙ ինչո՞ւ են գնդի հրամանատարները ողջ, իսկ բոլոր զինվորներըՙ զոհված: Հետաքրքրվել է, հազար ու մի պատմություններ լսել ու համոզվելՙ քիչ կորուստներ են ունեցել այն վաշտերը, գնդերը, որոնց հրամատարները չեն փախել ու կարողացել են մարտը ճիշտ վարել: Տիկին Նարինեն չի՛ լռելու:
Չի լռելու Արմենի մայրը, չի լռելու Սամվելի մայրը, չեն լռելու Իլյայի, Հակոբի , Իսրայելի , Տիգրանի , Սեւակի , Խաչատուրի , Դավիթի , Հարութի , Մխիթարի , հազարավոր անմեղ զոհերի, ո՛չ, սպանվածների՛ մայրերը, քույրերը, կանայք: Մինչեւ հիմա նրանք լուռ սգում էին իրենց վիշտըՙ մխիթարվելով, որ իրենց կորյունների մասին հոդվածներ ու գրքեր են գրվում, ռեպորտաժներ պատրաստվում: Նրանք սաստիկ, անչափ, անբովանդակ կարոտում են իրենց որդիներին, եղբայրներին ու ամուսիններին: Վեց ամիս է անցել պատերազմից, բաց վերքից դեռ արյուն է ծորում, դեռ սրտեր են մխում, արցունքներ են հոսում: Հերոսածին մայրերի ամենօրյա հանգրվանը Եռաբլուրն է, ինչպես իրենք են ասումՙ իրենց որդիների տունը: Այդ տուն մտնելովՙ նրանք կծկվում, մի բուռ են դառնում, բայց եւ միմյանց պատմություններ լսում, համեմատում, վերլուծում, հետեւություններ անում: Վիշտը կամաց-կամաց տեղի է տալիս սթափ դատողության, ընդվզման, պայքարի:
Չեն կարող այդքան շատ զուգադիպություններ լինել: Շուշիում մինչեւ նոյեմբերի 9-ը մարտեր են եղել, Շուշին մեր տղերը պահել են, այդ ինչպե՞ս, ո՞ր ճանապարհով են թուրք գրոհայինները մտել անառիկ Շուշի: Տղերքը ծնողներին պատմել են, որ իրենք դիրքերը պահում են, պահում են Հադրութը, Մարտունին, Մարտակերտը, Քարվաճառը, Եղնիկները, Դիզափայտը, Հին Թաղերը, սպասում են խոստացված օգնական ուժին, տղերը դիմացել են, առանց մի վայրկյան վարանելուՙ արյուն են թափել, անձնազոհության դիմելՙ վստահ, որ հայրենիքին հենց հիմա դա է պետքՙ վստահ, որ հաղթում են:
Քանի՞ նահատակված հայորդի կա, այդքան էլ բացահայտված ու չբացահայտված պատմություն կա: Հայ մայրերը կամաց-կամաց բացահայտում են այն, ինչը ռազմաքաղաքական վերնախավի, սպաների, հրամանատարների, նախարարների, պատգամավորների կարծիքով մնացել է թշնամուն հանձնված Արցախում: Նրանք թյուրիմացաբար կարծում են, թե բազում գաղտնիքները, դավաճանության, դավադրության հազարավոր դեպքերը այլեւս կորսված են, քանի որ մեռածները չեն խոսում, իսկ հանցագործությունների վայրերը թշնամու տիրապետության տակ են:
Փաշինյանը հանրությանը հիմա էլ բաժանում է գայլերի ու գելխեղդների: Նա հաշվի չի առել, որ Եռաբլուրում հասունանում է առյուծների ընդվզումը: Իրենց կորյունին կորցրած մայր-առյուծները հավերժ լաց չեն լինելու, պայքար է հասունանում. թվում է, թե հսկա սարը լուռ սգում էՙ իր ճակատագրի հետ հաշտված, բայց ոչ, սարի սրտում լավան սկսել է եռալ: Հատուցման ժամը մոտենում է, պատրաստվե՛ք, ուսապարկային ռեֆլեքսներով առաջնորդվող պատգամավորնե՛ր, կառավարության անդամնե՛ր ու գլխավոր ճամպրո՛ւկ: Դուք առյուծներից խլել եք նրանց կորյուններինՙ խաբեությամբ, դավադրաբար, անգթորեն: Կարո՛ղ էիք ազնվազարմ կորյունների սպանդը կանխել, չկանխեցիք ու դեռ բորենիների պես սպասում եք, որ առյուծները կատվի՞կ կդառնան, կամ ցավից կխելագարվեն եւ քաղաքական նոր որոգայթների նկատմամբ անտարբե՞ր կլինեն: Ավելինՙ բորենիներն առյուծներից քվեաթերթիկ են ակնկալում:
Մեդալներով փորձում եք լռեցնել առյուծներին, բայց ոչ միշտ է ստացվում, մեդալները ձեր երեսին են շպրտում: Սեւազգեստ կանայք փորձում են պարզել իրենց որդիների, ամուսինների, եղբայրների զոհվելու հանգամանքները, պատճառները: Նրանք իրե՛նց հետաքննությունն են սկսելՙ գտնելու մեղավորներին: Գալո՛ւ է հատուցման ժամանակը:
Կասկած չկա, որ հիմա էլ փորձելու եք որդեկորույս մայրերի նոր նախաձեռնություններըՙ հասարակական կազմակերպությունների ստեղծումն ու աշխատանքները խոչընդոտել: Գելխեղդներ, դեռ չե՞ք հասցրել դավեր նյութել, տեղեկություններ հավաքել, թե որ մայրն ինչ է պատրաստվում անել, հանցագործության մասին ինչ տեղեկություններ է հավաքել, ում է ներկայացնելու դրանք: Դուք բորենիների քինախնդիր ոհմակ եք, նրանքՙ հազարավոր առյուծների բանակՙ հզոր փրայդ: Դուք կորցնելու շատ բան ունեք, նրանքՙ այլեւս ոչինչ:
Թե գայլերի ու գելխեղդների բանակների բաժանվելը դեռ ուժի մեջ է, ուրեմն նկատի ունեցեքՙ առյուծներին թերագնատում եք, առյուծներին մոռացել եք: Նրանց պատերազմը դեռ նոր է սկսվում, պատերազմՙ բորենիների դեմ: