Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պլակատի արվեստը որպես ժամանակի եւ գաղափարի համադրության եզակի հյուսվածք

22/01/2021
- 22 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Մինչ այժմ միայն թատրոնի մասին է ասվել, թե իր ժամանակի հայելին է, ծնվում է նույն ժամանակի մեջ, կայանում հանդիսատեսի հետ հանդիպման պահին, եւ ասես օրվա էջը թերթվելու հետՙ թատրոնի այդ էջն էլ թերթվում է: Սակայն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում իր տեսակի մեջ եզակի ցուցահանդեսի բացումը դեկտեմբերի 22-ին ինձ մղեց այս առումով զուգահեռ անցկացնել արվեստի այս երկու տեսակների միջեւՙ պլակատի արվեստը փաստորեն նույնպես ժամանակ-իրականություն-արվեստագետ-հասարակություն միմյանցից բխող տրամաբանական շղթայի արդյունք ու հետեւանք է, ծնվում է օրվա հրատապ հարցի հետքերով, ընկալվում եւ վերապրվում է խնդիրը կրող անձի կողմից, թերթվում խնդրի այլեւս օրավուր հարց չլինելու հետ: Մի տարբերությամբ միայն, որ կերպարվեստը հարթության վրա կշարունակի գոյատեւել, ասելիքն էլ կդառնա վավերագիրն իր ժամանակի, խոսուն պատմություն:

Թվում է, թե ցուցահանդեսի ո՛չ ժամանակն է, ո՛չ էլ հնարավոր է ստեղծագործելու սիրտ ունենալ, սակայն Արթուր Մանուկյանի «ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ԵՐԿՈՒ ԱՐՀԱՎԻՐՔՆԵՐԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ» խորագիրը կրող ցուցահանդեսը լավագույնս ապացուցում է, որ հնարավոր է, այն էլՙ ամեն օրվա իրադարձություններին զուգահեռ, անմիջապես արձագանքելով դրանց: Մեր իրականության երկու արհավիրքներըՙ պատերազմ եւ համավարակ, նկարչի պրպտուն, սրտացավ հայացքի ներքո վավերացնում են ժամանակըՙ պլակատի արվեստի լեզվով: Դիզայներ, նկարիչ Արթուր Մանուկյանի արվեստը մի քանի ճյուղ ունիՙ հարթաքանդակ, գրաֆիկա, պլակատի արվեստ եւ դիզայն (թանգարանների, հեռուստատաղավարների եւ այլն):

Արթուրն արդեն երկու տասնամյակից ավելի էՙ հայ ժամանակակից կերպարվեստի ամենավառ ու ինքնատիպ ներկայացուցիչներից է, տեղի եւ արտերկրյա բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից, ունի մի շարք միջազգային մրցանակներՙ հատկապես պլակատի ոլորտում: Ստեղծագործություններն ընդգրկված են տասնյակ կատալոգներում ու ձեռնարկներում, պահվում են մասնավոր հավաքածուներում (ԱՄՆ, Ռուսաստան, Կանադա), ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Ստեփանակերտի պետական պատկերասրահում, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում: Ի դեպ, Արթուրիՙ Շուշիի թանգարանում ցուցադրվող «Սպասում» հարթաքանդակի ճակատագիրը, մի շարք արվեստի բարձրարժեք գործերի հետ, այդպես էլ անհայտ մնաց:

Արթուր Մանուկյանի հարթաքանդակները ըստ էության այնքան ինքնատիպ են, որ կարելի է ասել, թե Արթուրն իր ճյուղն է ստեղծել: Նախագծումից մինչեւ իրագործում, գաղափարից մինչեւ նյութականացում նկարչի երեւակայության եւ մտքի արգասիքն ենՙ լուծված պոստմոդեռնիստական արվեստի բանալիներով: Տարբեր նյութերի (փայտ, հյուսվածք, մետաղ, քար եւ այլն) համադրությամբ, սիմվոլիստական բովանդակությամբ այս գործերն աչքի են ընկնում բացառիկ էսթետիզմով, ինքնատիպ գաղափարական խորագրերով, մտքի ու կատարման ներդաշնակությամբ եւ ոգեղենությամբ եւ դիտողի մեջ միաժամանակ արթնացնելով արքետիպային հիշողություններՙ վերջինիս զարմանալիորեն մղում են մոդեռն արվեստի ընկալման դաշտ:

Արթուրի դիզայնով նախագծված հեռուստատաղավարները տպավորվում են հեռուստադիտողի մոտ իրենց վառ արտահայտչականությամբ, գործառույթայնությամբ, թեմատիկ տիպականությամբ: «Հայ ասպետ», «Ժողովրդական երգիչ», «Էկոհարթակ» եւ այլ հաղորդաշարերի խորագրերը լսելիս շատերիս աչքի առջեւ միանգամից գալիս է դրանց տաղավարների պատկերը, սա գնահատման չափանիշ է: Իսկ մի շարք թանգարաններիՙ Արթուրի էքսպոզիցիոն աշխատանքներըՙ համահեղինակությամբ Կարեն Աղամյանի («Դիզայն կենտրոն»), աչքի են ընկնւմ մասնագիտական գրագիտությամբ, բծախնդրությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով եւ ճաշակով: Առավել հայտնի աշխատանքը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի չորս հարկերի ձեւավորումն է (ինտերիեր եւ էքսպոզիցիա)ՙ դարձյալ «Դիզայն կենտրոն»ի հետ համատեղ, որի մասին շատ բարձր կարծիքներ են արահայտում այցելուները, արտերկյա թանգարանների տնօրեններ ու թանգարանային գործի մասնագետներ:

Պատահական չէ, որ Արթուրի հինգերորդ անհատական ցուցահանդեսը հենց այս թանգարանում է բացվել: Թանգարանի հետ համագործակցությունն Արթուրը սկսել է 2005-ից, այնուհետեւՙ շարունակական բնույթ է կրել, վերաճել բարեկամության Սարյան ընտանիքի հետ: Թանգարանի հյուրընկալ դռներն այս անգամ բացվեցին Արթուրի ցուցահանդեսի այցելուների առջեւ մեր ազգի համար ողբերգական այս օրերին, բնականաբարՙ արտասովոր, ոչ տոնական տրամադրությամբ, սակայն բարձր գիտակցությամբ, ազգային ցավով համակված, մտահոգ ու մտածող այցելուների համար, ովքեր չէին շնորհավորում միմյանց, ինչպես արվում է սովորաբար ցուցահանդեսների կամ շնորհանդեսների բացմանը, այլ շնորհակալ էին արվեստագետինՙ ներհայեցողության մղելու, եղածը ամփոփելու, ինքնավերլուծության հնարավորություն տալու համար:

Թեման 2020-ի երկու արհավիրքներն ենՙ կովիդը եւ պատերազմն իրենց ենթաթեմաներովՙ պատվաստանյութ, առողջապահություն, արտագաղթ, մեկ ազգ, մեկ բռունցք, հաղթանակի ոգեկոչում եւ այլն: Եվ դրանց միջեւ հայտնված մարդըՙ անորոշության մեջ, պայքարող, միայնակ, սակայն հաղթող մարդը, որը արվեստագետի սուր մտքի շնորհիվ միշտ ելքեր է առաջարկում ու լուծումներ գտնում արհավիրքից: Հայաստանի քարտեզի կենտրոնում նույն գույնով, հուժկու, սահմաններից դուրս եկող բռունցքը ո՛չ միայն մեկ ազգ-հայրենիք-բանակ գաղափարն է առաջ մղում, այլ ասես երկրի բաբախող ու առողջ սիրտն է: Պատերազմի օրերին արված այլ պաստառի վրա WAR չարաբաստիկ բառը մեջտեղից ճեղքող հայկական դրոշի հետագծով սուրացող գնդակը հաղթանակ է խոստանում, դա տվյալ օրվա արվեստագետի արձագանքն ու հավատն է: Հաջորդ պահին արդեն, մեկ այլ պլակատի վրա, Արցախի դրոշի բեկոր-բեկոր փշրվող ցավագին պատկերին Մանուկյանը կցում է «Լուծումը մեր ձեռքերում է» կոնցեպտուալ տողը. այլեւս հավատն էլ բեկորների է վերածվել, սակայն լուծում միշտ կաՙ ասես հուշում է նկարիչը: Կովիդի թեմաներով պլակատները երկու խմբի են բաժանվումՙ ուտիլիտար եւ խոհական: Դրանցից մի քանիսը հորդորում են հանրությանը համավարակի դեմ ճիշտ պայքարի միջոցները, մյուսները հարցեր են բարձրացնում, ինչպես, օրինակ. «Pandemic or Politics?» բովանդակությամբ պաստառը, որ արտահայտում է պատվաստումները որպես համաշխարհային բիզնես շահի կենտրոնում հայտնված հարց լինելու մասին կասկածները:

Արվեստաբան Տաթեւիկ Համբարձումյանը, որ նաեւ ցուցահանդեսի բացման խոսքն է ասում, նկատում է, որ սովորաբար արվեստագետները չեն նախընտրում պլակատով զբաղվել, քանի որ արվեստի այս տեսակը պահանջում է հատկապես մտքի սրություն, խորատեսություն եւ շատ այլ հատկություններ,եւ միեւնույն ժամանակ ոչ ձեռնտու արվեստի ենթատեսակ է, քանի որ վաճառել չես կարող, հաճախակի ցուցադրություններ անել չես կարող, ակտուալ է տվյալ խնդրի ժամանակ: Նաեւ ցավով նկատում է, որ ցուցադրության երկու բովանդակությունները մեր ներկան ու ապագան են, մեր ցավն ենՙ գուցե դեռ երկար ժամանակ:

Թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզան Սարյանը, ընդգծելով ժանրի յուրահատկություններըՙ մետաֆորիզմը, հակիրճ միջոցներով արդիական իրավիճակը ներկայացնելու եւ իհարկեՙ դիտողի հանգամանքը հաշվի առնելու ունակությունը, ընդգծում է նաեւ Արթուրի ստեղծագործությունների բարձր արժեքը, որոնք պարունակում են վերը թվարկված բոլոր հատկանիշները: Հետեւաբար կարծում է, որ այդ հանրությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով, Արթուրի արվեստը հասկանալի եւ ընդունելի կլինի նաեւ աշխարհի համար:

Ցուցահանդեսի եզակի լինելը փաստում է նաեւ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանը: Իսկապես, վերջին երեսուն տարում պլակատի ցուցահանդես չի եղել Հայաստանումՙ նշում է վերջինս իր խոսքում: Աղամյանը ցուցահանդեսի մասին բարձր կարծիք ունի.»Պլակատիստները միշտ եղել են էլիտար, որովհետեւ այստեղ բացի նկարչական ճաշակից, գիտելիքներից, պահանջվում է նաեւ որոշակի բարդ, ինտելեկտուալ մակարդակ: Պլակատի լեզուն շատ հետաքրքրական է, շատ խորն է, եւ ո՛չ բոլոր նկարիչներին է հասու: Այդ իմաստով ես այստեղ տեսնում եմ, թե ինչ որակյալ եւ ինչ խելացի մտածելակերպով պլակատներ են: Այսօր ասացիՙ Արթո՛ւր, դու համար մեկն ես Հայաստանում, հետո ասացիՙ չէ, միակն ես: Իսկապես այդպես է, մեկն ես,եւ միակը»,- հաստատում է անվանի նկարիչը:

Ցուցահանդեսի ներկաները Վահան Արծրունու հոգեթով երաժշտությունն ունկնդրելու հնարավորությունն ունեցան նաեւ: Արծրունին եւ նկարիչ ընկերը երկար են քննարկելՙ իրագործե՞լ այս օրերին ցուցահանդեսը, թե՞ ժամանակը չէ: Պատասխանը միանշանակ է եղել Արծրունու կողմիցՙ եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: «Ինձ թվում է, որ այդ գիտակցումը յուրաքանչյուր արվեստագետի մոտ պետք է լինի,- նկատում է երգիչ-երգահանը,- քանի որ մենք մեր բոլոր դրսեւորումներում միշտ ուշանում ենք: Արթուրը ժամանակը բացառիկ զգացող արվեստագետ է. նա հասցրեց ձեռքը պահել ժամանակի զարկերակի վրա, եւ այսօրվա ցուցահանդեսն ամենավառ ապացույցն է»,- ասում է Արծրունին:

«Ինձ համար պլակատը ոչ միայն արվեստ է, այլեւ արվեստագետի քաղաքացիական դիրքորոշման արտահայտության կերպ: Եվ այս տրամաբանության եւ գիտակցումի մեջտեղում գտնվելովՙ որպես նկարիչ ես չէի կարող կերպարվեստին հատուկ արտահայտչամիջոցներով չստեղծել այս աշխատանքները: Չարձագանքել այս արհավիրքներին պարզապես հնարավոր չէր, հնարավոր չէր չգտնել որոշակի լուծումներ, որոշակի ընդհանրացումներ»,- ամփոփում է ցուցահանդեսի բացման արարողությունը նկարիչ Արթուր Մանուկյանը: Հանդիսատեսը ցուցահանդեսը դիտելու հնարավորություն ունի մինչեւ հունվարի 31-ը: Նա դեռ կհասցնի քայլերն ուղղել դեպի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (4-րդ հարկ)ՙ հաղորդակիցը լինելու մտքի եւ արվեստի համադրության այս եզակի հյուսվածքին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՆԱՃ Է ՆԿԱՏՎՈՒՄ ՆԱԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական