Նոյեմբերի 20-ին Արցախի Աղդամի շրջանը նույնպես հանձնվեց Ադրբեջանին: Եռակողմ համաձայնագրի ստորագրման պահից սկսածՙ ամբողջ հայությունը սարսափում էր այն մտքից, որ հայկական երկրորդ պետությունը կորցնելովՙ կորցնում ենք նաեւ այնտեղ դարերով ձեւավորված ու դրոշմված հայկական պատմամշակութային ժառանգությունը: Աղդամ ասելովՙ սրտի սուր ցավ էինք զգում հենց Տիգրանակերտի համար: Շատերս ենք գնացել Աղդամՙ հենց Տիգրանակերտը տեսնելու, պեղումների ընթացքի վկան լինելու, հիացել ու հպարտացել ենք Տիգրան արքայի ստեղծած հինավուրց քաղաքով, որը քաղաքակրթության, ճարտարապետության, մշակույթի ու պատմության համալիր դրսեւորում է:
Տիգրանակերտի պեղումները սկսվել են 14 տարի առաջ: Արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն այդ տարիների ընթացքում պարբերաբար ներկայացրել է պեղումների արդյունքներըՙ մանրամասնելով, թե որ փուլումՙ ինչ արդյունքներ են գրանցել: Ու հիմա հայ հնագետների արշավախումբը մեկ վայրկյանում կորցրեց մեկուկես տասնամյակի իր վաստակը, սիրո ու նվիրումի, հպարտության ու հիացմունքի Տիգրանակերտըՙ պեղված, հազարամյակների փոշուց ու գաղտնիքներից մաքրված ու այդ հնագիտական հուշարձանի հետ որեւէ առնչություն չունեցող ադրբեջանցիներին հանձնած: Քաղաքական որոշման զոհ են Արցախն էլ, Հայաստանն էլ, հայ ինքնության ու մշակույթի հուշարձան-վկաներն էլ: «Ազգ»ը զրուցել է Համլետ Պետրոսյանի հետ Տիգրանակերտն Ադրբեջանին հանձնելուց երկու օր անց: Զգացմունքներն ու հույզերը զսպելովՙ հնագետը փորձեց սառնասրտորեն ներկայացնել այն իրողությունը, որի առջեւ հայտնվել ենք ազգովին:
– Պարոն Պետրոսյան, եռակողմ համաձայնագրի ստորագրման պահից սկսածՙ Տիգրանակերտը կորցնելու մտավախություն ունեի՞ք արդեն: Ճիշտ է, Արցախի կապիտուլյացիայի փաստը գիտակցում էինք բոլորս, բայց դեռեւս հստակ պատկերացում չունեինք, թե խոսքը որ շրջանները հանձնելու մասին է:
– Ներքին վախ ունեի, որ եթե Աղդամը հանձնվի, ուրեմն Տիգարանակերտն էլ է հանձնվելու: Դեռ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, երբ նույն Աղդամում հայկական Տիգրանակերտն ենք հայտնաբերել եւ քաղաքի մի մասըՙ բաց երկնքի տակ, իր պատմությամբ ու անցյալով վկայում է հայկական լինելու մասին: Վտանգը զգալովՙ փորձում էինք ամեն բան անել, որ այս օրը չմոտենա: Ցավոք, հայ իշխանավորները, քաղաքական ուժերը Տիգրանակերտիՙ հայկական լինելու փաստը բացարձակապես չօգտագործեցին: Չեմ հիշում, որ որեւէ քաղաքական ուժ Տիգրանակերտի հարցով քայլ արած լինի, ընդհակառակըՙ անգամ ասել ենՙ Տիգրանակերտը Ստեփանակերտ չէ, մշակութային փաստարկներն այսօրվա դարում որեւէ արժեք ունենալ չեն կարող: Գուցե նրանց ասածի մեջ ճշմարտություն կար, բայց ինձ համար ցավալի է, որ նրանք չէին ոգեւորվում մեր հայտնաբերած հայկական հինավուրց քաղաքից, ավելինՙ մեզՙ հնագետներիս, հիասթափեցնում էին: Գիտության կոմիտեն Տիգրանակերտի հետազոտության հայտն անընդհատ մերժում էր: ՀՀ ԳԱԱ-ն տասը տարվա մեր պեղումներից հետո միայն որոշեց մեկ անգամ նիստ գումարել ու լսել մեզ. հապաղման, վախվորած պահվածքի պատճառն այն էր, որ Սերժ Սարգսյանը մի անգամ ասել էրՙ Աղդամը մեր հայրենիքը չէ, եւ ակադեմիայի նախագահությունը դողում էր այդ խոսքերից: Կոնֆորմիզմը, անտարբերությունը միայն Տիգրանակերտի վերաբերմամբ չէր, մեր ակադեմիկոսներն ադրբեջանցիներին չզիջող թերահավատ հոդվածներ էին գրում: Ի հեճուկս այս ամենիՙ մենք աշխատել ենք, պեղել ենք, քաղաքը շարունակաբար հայտնաբերել ենք: Դրսում մեզ ավելի շատ են գնահատել, լսել, հրավիրել տարբեր գիտաժողովների: Հայկական շրջանակներից հաճախ եմ լսելՙ Տիգրանակետ ես գտել, դե աչքդ լույս: Ինչքա՜ն վնասակար, հակազգային վերաբերմունք եմ տեսել: Ես հաղթահարել եմ ամենը: Ո՞վ էր խանգարում, որ ամեն մեկն իր Տիգրանակերտն ունենար: Ինչո՞ւ չմիավորվեցին, ջանք չգործադրեցին, որ Տիգրանակերտը մնար:
– Հետադարձ հայացքով հիշենք առաջին պեղումները, ընթացքը: Կպատմե՞ք…
– Մինչեւ 2008 թվականը, պեղումներն արել ենք «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության ֆինանսավորմամբ, որի ակունքներում կանգնած է եղել Սեւակ Արծրունին: Նա է ինձ առաջարկել պեղումներն սկսել: Մինչ այդ, ես միշտ մտածում էիՙ Տիգրանակերտն առասպել է, ինչպե՞ս գնամ առասպելի հետեւից: Հնագիտորեն Տիգրանակերտը մինչ այդ տեղորոշված չի եղել, հետքերն էլ որեւէ մեկը չէր տեսել, այդ մենք ենք առաջին անգամ 2005 թվականին հայտնաբերել ու հաջորդ տարի պեղումներն սկսել:
Բուն Տիգրանակերտ քաղաքի մոտավոր տարածքը 80 հա է, իսկ արվարձաններով չորսուկես կմ երկարություն ունի: Միջին մեծության քաղաք էՙ շատ լավ պահպանված: Մենք պեղել ենք երկու հա: Պեղել ենք կարեւոր կառույցները: Տարեկան 15-20 միլիոն դրամ է ծախսվել պեղումների , գծագրման, գրչանկարման, ուսումնասիրությունների համար: Դե հաշվեք, թե 15 տարում որքան գումար է ներդրվել, ու հիմա ամբողջ արդյունքը հանձնվում, ավելի ճիշտՙ նվիրվում է ադրբեջանցիներին:
– Ենթադրում եմ, որ առաջին պեղումներից սկսածՙ ադրբեջանական կողմից բացասական արձագանքներ եք լսել:
– 2006 թվականի օգոստոսն էր. երկու շաբաթ էր, ինչ պեղումները սկսել էինք, մեկ ամիս անցՙ սեպտեմբերին, Ադրբեջանի ակադեմիան որոշում ընդունեց, թե իբր մենք սուտ, անօրեն աշխատանք ենք անում մեր պեղումներով, իբր ոչ մի Տիգրանակերտ էլ չկա, ու հայ օկուպանտներն այդ ամենը հնարում են: Նույն արձագանքը տարածեց Ադրբեջանի ԱԱԾ-ը: Հետո լուսանկարներ էին տարածում, թե իբր հայ հնագետները գիշերով քարեր են տանում-տեղադրում, պարսպի պես շարում ու առավոտյան հայտարարում, թե քաղաք են հայտնաբերել: Բայց ինչպե՞ս էր դա հնարավոր, եթե որոշ քարեր մեկ տոննա քաշ ունեն ու տեղաշարժելն անգամ անհնար է: Թող ադրբեջանցիները գային, տեսնեմՙ կկարողանայի՞ն Տիգրանակերտի քարերը տեղից շարժել: Սկզբում հեգնանքով, սարկազմով էին վերաբերվում մեր պեղումներին ու հայտնագործություններին, իսկ որոշ ժամանակ անցՙ 2008-10 թվականներին, արդեն սկսեցին կարդալ հետազոտությունների արդյունքները, հայտարարեցին, թե մեր հայտնաբերածը աղվանական Տիգրանակերտն է: Անիրական բան. ինչո՞ւ պետք է Աղվանքում Տիգրանակերտ անունով քաղաք լինի, Աղվանքումՙ հայկական թագավորի անունով քաղա՞ք: Ադրբեջանցիներն ի՞նչ է թագավոր չունեի՞ն, որ հայ արքայի անունով են քաղաք կառուցել: Զավեշտ է սա ուղղակի:
– Իսկ նման արձագանքներն ու հարձակումներն առանձին անհատների կողմի՞ց էին, թե՞ ադրբեջանցիները համակարգված քաղաքականությամբ էին ուղղորդվում:
– Անկախ մեր ապացույցներից, անկախ մեր աշխատանքիցՙ ադրբեջանական մեքենան պետք է աշխատերՙ ըստ ծրագրվածի, թե իբր այս ամենը կեղծ է, իբր մենք ուրիշ պետության ժառանգությունը թալանում ենք, յուրացնում: Մինչեւ այսօր այդ քարոզչությունը շարունակվում է. ասել, թե ադրբեջանական ակադեմիական շրջանակներում ինչ-որ բան է փոխվել, իհարկե, սխալ կլինի: Դա պետական քաղաքականություն էՙ լավ ծրագրված ու ուղղորդված: Դա առանձին մարդկանց դիրքորոշում ու քարոզչություն չէ, այլ համակարգված պետական քաղաքականություն:
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանիՙ Փոլադ Բյուլբյուլօղլուՙ Ադրբեջանի մշակույթի նախարար եղած ժամանակ Նոր Ջուղայի հայկական խաչքարերն ադրբեջանական զորքը ոչնչացրեց. ի՞նչ կարող ենք սպասել այդ երկրից, որ նա մի օր ճշմարտությո՞ւնն է հայտնելու, պատմական արդարությո՞ւն է պաշտպանելու, հայտարարելու է, որ Տիգրանակերտը հայկակա՞ն քաղաք է ու հայոց Տիգրան թագավո՞րն է այն հիմնադրել: Իհարկե, այդպիսի բան չի լինի երբեք: Միջազգային մակարդակով նման դեմագոգիան ամեն կերպ, ամեն միջոցով աջակցություն է ստացել: Անգլիայում ստեղծվել է Նիզամու անվան ադրբեջանական հետազոտությունների ամբիոն, որը 2020 թվականինՙ ընդամենը մի քանի ամիս առաջ, լույս է ընծայել մի գիրք, որը վերնագրված է «Ալբանիայից միչնչ- Առան»: Ֆրանսիացի, կանադացի հետազոտողները կեղծ բաներ են գրում ադրբեջանական պատմության մասին, ի՞նչն է ստիպում նրանց այդ քայլն անել: Չգիտեմ: Սա արվում է համաշխարհային մակարդակով. նույնը վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԻԿՕՄՕՍ-ին: Ինչպես պատերազմի ժամանակ թույլ տվեցին Արցախում բնաջնջել հայերին, այնպես էլ թույլ են տալիս, որ հայկական մշակույթը բնաջնջվի:
– Տիգրանակերտի հայկական լինելը վաղուց է ապացուցվել: Կնշե՞ք որոշ վկայություններ ու փաստեր, որոնք հայկական քաղաքակրթության ու մշակույթի մասին են պատմում:
– Տիգրանակետը հիմնվել էՙ օգտագործելով փոքրասիական ամրաշինական հնարավորությունները: Տիգրանակերտի ամրաշինական կոնցեպտը մշակվել է Ալեքսանդրիայում, Ք.ա. 3-րդ դարում: Փիլոն Բյուզանդացին իր գրքում ներկայացնում է Տիգրանակերտի պարիսպների նկարագուրությունը: Տիգրան արքան քաղաքն ստեղծել է Ք.ա. 80-ական թվականներին, երբ նախազգում էր, որ պարթեւները Հյուսիսային Կովկասի ցեղերին հրահրելու են, որ նրանք արշավեն դեպի հայկական բնօրրանը: Այդ պատճառով էլ նա ստրատեգիական համակարգ է ստեղծել, այսինքնՙ գետաբերանների բարձունքներին ամրոցներ է տեղադրել, որոնք ամբողջ տափաստանըՙ մինչեւ Կուր գետ, կառնեին հսկողության տակ: Դա Տիգրան արքայի ստրատեգիական մտածելակերպն էր: Տիգրանակերտում ամեն ինչ ժայռափոր է: Տիգրանը կայսր էր, – Տիգրանակերտը փոքրասիական ու հայկական քաղաքակրթության նվաճումների մարմնավորումն է: Եթե Արցախի մյուս հուշարձանները դիտարկենք, կտեսնենք, որ այնտեղ ուրարտական որոշ ավանդույթներ կան: Տիգրանակերտը քաղաքակրթական դրսեւորում է, որն ընդգրկում է ակնհայտ հայկական դրոշմ ու ձեռագիր:
Տիգրանակերտի հայկականության մասին հստակ ապացույցներ կան, ըստ որոնց, երբ վաղ քրիստոնեության շրջանում հայերը գրեր են ստեղծել, Տիգրանակերտում հայատառ արձանագրություններ են գրվել: Մենք պեղումների ընթացքում 15 հայերեն արձանագրություն ենք հայտնաբերել , որոնք տարբեր դարերի են թվագրվումՙ սկսած 5-6-րդ դարերից մինչեւ 9-10-րդ դարեր: Արցախի ամենավաղ հայերեն արձանագրությունները Տիգրանակերտի պեղումների ժամանակ են հայտնաբերվել: Տիգրանակերտի ամրոցի մուտքը չհասցրեցինք բացել: Ակնկալում էինք, որ առաջիկայում կհայտնաբերենք ու նոր արձանագրություններ կգտնենք:
Տիգրանակերտում ծիծեռնակապոչ շարվածքով շինություններ կան. ճարտարապետական այդ մեթոդը թույլ չի տալիս, որ երկրաշարժերը քանդեն պարիսպներն ու պատերը: Ամբողջ Կովկասում Տիգրանակերտը կրաշաղախի օգտագործման առաջին օրինակն է:
– Դժվար չէ պատրերացնել Ձեր անձնական ցավը.այդքան ջանք ու եռանդ, այդքան ներդրում ու հույսեր: Ու այդ բոլորը նվիրվում է մի երկրի, որը մշակութային, պատմական, հոգեկան, ֆիզիկական ոչ մի առնչություն չի ունեցել այդ արժեքների հետ:
– Տիգարանկերտն Ադրբեջանին հանձնելն ինձ համար առանձին ցավ ու ողբերգութուն չէ, Տիգրանակերտը հայերի հայրենիք Արցախի ու հայկական պատմամշակութային ամբողջական ժառանգության մի մասն է ու ցավալի է, որ ամբողջը հանձնվում է Ադրբեջանին: Տիգրանակերտը սիմվոլիկ հուշարձանների շարքում է, ինչպես Դադիվանքը, Ծիծեռնավանքը. ադրբեջանցիները կշարունակեն դրանք հանրահռչակել ու ավելի շատ գումարներ կներդնեն դրա համար, կհայտարարեն, թե դրանք իրենց պատմական հուշարձաններն են, որ հայերն են յուրացրել: Թշնամին հաղթելուց հետո ոչ թե բարեհոգություն է դրսեւորելու, այլ անցնելու է մեր ստեղծածը յուրացնելուն ու մեզ ծաղրելուն: Դա կասկածից վեր է: Հետաքրքրական է, որ այս օրերին օտարերկրյա համալսարաններում գիտաժողովների ժամանակ օտարազգի գործընկերներս անդրադառնում են նաեւ Տիգրանակետին, զեկուցումներ են ներկայացնում: Կարծում եմՙ այդկերպ փորձում են օգնել, որպեսզի ադրբեջանցիները գոնե չքանդեն հազարամյակների պատմական շերտերի տակից պեղված ու գտնված քաղաքը, գոնե պահպանեն այն:
Հ.Գ. ինչպես կվարվեն ադրբեջանցիները հայկական Տիգրանակերտի հետ, հետո կիմանանք, բայց նոյեմբերի 20-ին նրանք պահը չկորցրին ու Աղդամը հենց իրենց հանձնվեց, Ադրբեջանի դրոշն անմիջապես տեղադրեցին Տիգրանակերտի պարսպի վրա: