Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) համանախագահների միջնորդությամբ առաջին երեք հրադադարի ռեժիմի խափանումից հետո շատ քչերն էին հավատում, որ Ժնեւում համաձայնեցված չորրորդը պահպանվելու է:
Հրադադարի մասին բոլոր համաձայնագրերը ձեւական էին, քանի որ Ադրբեջանը խախտել է պայմանագրերը կնքման հենց նույն օրը, նույն ժամին:
Ռմբակոծությունները շարունակվեցին եւ նույնիսկ ավելի սաստկացանՙ օգտագործելով միջազգայնորեն արգելված կրակակիր ֆոսֆատային (սպիտակ ֆոսֆոր) ռումբեր անտառների եւ խաղաղ բնակիչների վրա:
Հետադարձ հայացք գցելով, երբ վերանայում ենք ավելի վաղ զինադադարի պայմանները, հիմնականում 1994 եւ 2016 թվականներին, մենք գտնում ենք, որ դրանք արդյունավետ էին երկու պատերազմող կողմերի վրա Ռուսաստանի ունեցած ազդեցության պատճառով:
Այս անգամ նախագահ Իլհամ Ալիեւը արհամարհում է ռուսական ազդեցությունը, քանի որ Ռուսաստանը Ադրբեջանը կորցրեց ի հաշիվ Թուրքիայի: Անգամ ինքը ՙ Ալիեւը, կորցրեց իր երկիրը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատճառով, որը որոշում է ամեն ինչ:
Մարդիկ մահանում են Ղարաբաղում, եւ ջիհադիստ ահաբեկիչները քաոս են սերմանում իրենց առաքելությամբ եւ գլխատում հայերին (մեկ շնչի հաշվով $ 100), մինչդեռ միջազգային հանրությունը, որը զայրացել էր, երբ ալ-Բաղդադին հայտարարեց իր խալիֆայությունըՙ օգտագործելով նույն իսլամական ահաբեկիչներին, հիմա ուղղակի արջի ծառայություն է մատուցում,
Այդ իսլամական ահաբեկիչները դարձել են Էրդողանի բոլոր պատերազմների մշտական զորաբաժինը, վերապատրաստվել են Սիրիայի գրավյալ տարածքներում եւ տարվել Թուրքիայի ցանկացած ռազմի դաշտ: Նրանք օգտագործվել են Սիրիայում, այնուհետեւ տեղափոխվել են Լիբիա, եւ ներկայումս գտնվում են Ադրբեջանում ՙ դիմակայելով ղարաբաղյան բանակին, որը պատերազմում հարյուրավորների սպանելուց հետո գերեվարել են նրանցից մի քանիսին:
Հարցաքննությունների ժամանակ գերի ընկած ջիհադիստները կոմպրոմատային փաստեր են ներկայացրել իրենց հավաքագրման, թուրքական բանակում մարզվելու, թվաքանակի եւ ծրագրերի վերաբերյալ: Ե՛վ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը կտրականապես հերքեցին այդ ջիհադականների գոյությունը, ովքեր կռվում են թուրք-ազերիական զորքերի հետ միասին:
Սիրիացի ջիհադականները միացել են ադրբեջանական բանակին ամսական շուրջ 2000 ԱՄՆ դոլարի փոխհատուցման խոստումով, գումարած, ինչպես նշվեց վերեւում, եւս 100 դոլար «պարգեւավճար«ՙ ամեն «գյավուրի» գլուխ կտրելու համար:
Վերջերս լրատվամիջոցները հայտնեցին, որ ահաբեկչության օջախ հանդիսացող Պակիստանը գտել է Աֆղանստանից եկած ջիհադիստներին, որոնք ավելի «էժան» են, քան Սիրիայից բերվածները: Իրոք, կարծում են, որ Պակիստանը ահաբեկիչներ է հավաքագրում Աֆղանստանից, ովքեր համաձայնել են կռվել Ղարաբաղյան ճակատում ՙ ամսական 800 դոլար, ավելի ցածր վարձատրության դիմաց:
Էրդողանի բարեկամներն ու թշնամիները հստակ տեսնում են, որ այդ երկիրը զբաղվում է ահաբեկիչների ստեղծման եւ արտահանման համաշխարհային բիզնեսով ՙ որպես իր աշխարհաքաղաքական պատերազմական մեքենայի մի մաս, եւ, այնուամենայնիվ, նրանք այլ կողմ են նայում:
Էրդողանը Ուսամա Բեն Լադենի ավելի կատարելագործված տարբերակն է: Իրոք, ԱՄՆ քաղաքականություն մշակողները հիանում էին Բեն Լադենով, երբ վերջինս դաշնակից էր, խփելով սովետական ՄիԳ (Mikoyan-Gurevich MiG-15) կործանիչ ինքնաթիռները Աֆղանստանի երկնքում զենիտահրթիռային դյուրակիր «Ստինգեր» համալիրով, մինչեւ որ նրանք ի վերջո քնից արթնացան, երբ նա պայթեցրեց Նյու-Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնը:
Էրդողանը գնում է նույն ճանապարհով: Նա ֆինանսավորում է ամբողջ աշխարհում 100 մզկիթի կառուցումը, ինչպես իսլամական երկրներում, այնպես էլ Արեւմուտքում: Բացի այդ, ամբողջ աշխարհում կառուցվում են հազարավոր մեդրեսեներ (կրոնական դպրոցներ)ՙ իսլամի արմատական տարբերակը խթանելու համար:
Կարելի է համարել, որ իր կրոնական հավատքի քարոզը անմեղ ձեռնարկ է, բայց ինքըՙ Էրդողանը, եւ իր «Արդարություն եւ Բարգավաճում» կուսակցությունը (AK) կրոնը որպես զենք օգտագործեցին իրենց քաղաքական նպատակների համար:
Երկու տարի առաջ Էրդողանը Գերմանիային սպառնաց քաղաքական անկարգություններով ՙ շահարկելով երեք միլիոն թուրք ներգաղթյալների առկայությունը այդ երկրում: Նույն սպառնալիքն ուղղված էր Ռուսաստանի դեմ, որի 15 միլիոն մահմեդական քաղաքացիներին Էրդողանը համարում է դանդաղ գործարկվող ռումբ: Հայտնի են նրա վերջին վեճերը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ:
Փարիզում ֆրանսերենի ուսուցչի գլխատումը, Լիոնում հույն քահանայի սպանությունը, Նիցցայի կաթոլիկ եկեղեցում երեքի դանակահարությունն ու սպանությունը, Գերմանիայում եւ Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչություններն արդեն իսկ ցույց են տալիս, թե ինչ կարող է պատահել: …Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի Թուրքիայի դաշնակիցները հիանում են Էրդողանով, որ տեղափոխվեց Կովկասՙ Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու: Հաշվեհարդարի օրը հեռու չէ. Էրդողանը խնդիրներ ուներ Արեւելյան Միջերկրական ծովի բոլոր երկրների հետ: Եթե այսօր արեւմտյան երկրները չզարթնեն օգնելու համար գոյութենական պատերազմ մղող հայերին, նրանք վաղը կարթնանան նույնը իրենց մաշկի վրա զգալով:
Ահմեթ Դավութօղլուն ՙ Էրդողանի վաղեմի հանցակիցը, որն զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, Թուրքիայիՙ «հարեւանների հետ առանց խնդիրներ» արտաքին քաղաքականության հեղինակն էր:
Նա բաժանվեց Էրդողանից եւ ստեղծեց իր սեփական «Gelecek» (Ապագա) կուսակցությունը: Ելույթ ունենալով իր կուսակցության ֆորումում ՙ Դավութօղլուն դաժանորեն հակադարձեց իր նախկին ղեկավարինՙ մեղադրելով նրան «կրակի հետ խաղալու» մեջ: Նա Էրդողանին մեղադրեց երկրի ռազմական տնտեսությունը թալանելու մեջՙ սեփական ռազմական մեքենա կառուցելով: Բացի այդ, նա ասաց, որ սուլթանն այնքան շատ երկրներ է շուռ տվել իր դեմ, որ վաղ թե ուշ նրանք ընդդիմանալու են Թուրքիային եւ մասնատելու են այն:
Այս պահին Էրդողանը Կովկասում էՙ Ռուսաստանին խառնաշփոթի մեջ գցելու համար, որը կարող է ժամանակավորապես համահունչ լինել ՆԱՏՕ-ի ծրագրերին, բայց ոչ երկար: Միեւնույն ժամանակ, Հայաստանը տառապում է այն փաստից, որ Թուրքիան պատերազմ է մղում Ղարաբաղում ՙ օգտագործելով Ադրբեջանի բանակը եւ ջիհադիստները, որոնք հայտնվում են նաեւ Կովկասի այլ երկրներում եւ Ռուսաստանում:
Եթե դա թողնեին Ալիեւի հույսին, ապա նա պատերազմի բռնկումից անմիջապես հետո կհամաձայնվեր խաղաղության ՙ կրելով մեծ կորուստներ: Իրոք, ենթադրվում է, որ տարիներ շարունակ միլիարդավոր նավթադոլարների հաշվին կուտակված Ադրբեջանի ռազմական տեխնիկայի զգալի մասը ոչնչացվել է պատերազմի ընթացքում: Սակայն Ալիեւի համառությունը ՙ չնայած վնասին, շարունակելն իր մեջ կրում է Էրդողանի ամբարտավանության ստորագրությունը:
Էրդողանը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանը խոչընդոտ է իր կայսերական ծրագրերի իրականացման ճանապարհին: Ուստի նա հայացքը հառել է Ղարաբաղի սահմաններից այն կողմ: Դաժան մարտերի մեծ մասը մղվում է Ղարաբաղի տարածքում ՙ փորձելով մոտենալ Հայաստանի հարավային մասինՙ Մեղրու տարածաշրջանին, որը բաժանում է մայրցամաքային Ադրբեջանը Նախիջեւանի էքսկլավից: Հայաստանի տարածքին սպառնացող պատերազմի վարումն առաջացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված 1997 թ. «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ պաշտպանության մասին» պայմանագրի դրույթները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հայաստանի տարածքում պատերազմի վերահաս վտանգի մասին:Չնայած հակամարտության հարցում իր դժկամությանը եւ չեզոք դիրքորոշմանը ՙ Պուտինը պատասխանեց, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա բարեկամական ուխտի պայմաններին: Խորհրդակցություններ են անցկացվել նաեւ օժանդակության բնույթի եւ ծավալների վերաբերյալ:
Ռուսաստանին Սիրիայում եւ Լիբիայում փակուղի մտցնելով` Թուրքիան մարտահրավեր է նետել այդ երկրին` Կովկասում ավելի մոտ կանգնած առճակատման մեջ: Էրդողանի կառավարությունը բազմիցս հասկացրել է, որ Թուրքիան է ղեկավարում ռազմական գործողությունը: Ռուսաստանը փորձում է ապահովել խաղաղապահ ուժեր, որոնց Թուրքիան կցանկանար հավասարվել քանակով: Վերջերս Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը, խոսելով Լոս Անջելեսում կայացած տեղեկատվական ֆորումում, ասաց, որ բանակցություններ են ընթանում սկանդինավյան երկրներից խաղաղապահներ ներգրավելու համար: Նա նաեւ միանշանակ բացառեց, որ Թուրքիան կարող է մասնակցել խաղաղապահ գործողություններին: Առայժմ պետք է գոհանա եղածով:
Բայց ԱՄՆ-ն նախագահական ընտրության մեջ ընդունակ է ավելին անել: Նախագահ Թրամփը նշել էր Կոսովոյի մոդելը, որը մինչ այժմ համարվում է եզակի նախադեպ, որը հնարավոր չէ կրկնել:
Ուգո Դանթեն, «National Interest»-ում, «ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են թուլացնել լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» վերնագրով հոդվածում ասում է. «ԱՄՆ-ն ունի լարվածությունը թուլացնելու գործիքներ, բայց Ադրբեջանն ու Թուրքիան ստուգում են ԱՄՆ-ի քաղաքական ազդեցության արդյունավետությունը եւ ռազմավարական խճճվածությունըՙ անտեսելու զանգվածային քաղաքացիական տեղահանությունն ու հնարավոր ջարդերը»:
Նա ավելացնում է. «Միացյալ Նահանգները եզակի դիրք ունի լարվածությունը թուլացնելու եւ խաղաղություն հաստատելու համար: Հաշվի առնելով, որ թուրքական զենքն ու ազդեցությունը բռնություն են առաջացնում, Վաշինգտոնը կարող է կրճատել օգնությունը, զենքի վաճառքը եւ կիրառել պատժամիջոցներՙ որպես խոչընդոտ Անկարայի պատերազմական հարվածային գործիքին»:
Բայց ԱՄՆ վարչակազմը պայքարում է հանուն իր կյանքի, եւ Արցախի հայերի կոտորածն այս պահին առաջնահերթ խնդիր չէ:
Իլհամ Ալիեւը, որ երեք անգամ անտեսեց ԵԱՀԿ համանախագահների նախաձեռնությունները, պետք է պատասխանատվության ենթարկվի հրադադարի ռեժիմը խախտելու համար: Էրդողանը, որ հետապնդում է իր թուրանական երազանքները, պետք է կանգնեցվի: Օսմանյան կայսրության ստեղծումը պահանջում է համաշխարհայնացման այս դարաշրջանում այլ երկրների ենթակայություն: Երբ 25 միլիոն քրդերը, որոնք ներքաշվել են ազատագրական պատերազմի մեջՙ որպեսզի խուսափեն Թուրքիայի կազմի մեջ ընդգրկվելուց, ապա ո՞ր ժողովուրդը, իր բանականության մեջ, կհանդուրժի արյունարբու Սուլթանի իշխանությունը:
Թուրքիան եւ Էրդողանը այս առումով խոցելի են, այդ իսկ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են տրամադրել ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ժխտմանը:Վերջապես, Հայաստանի նախագահն ու վարչապետը սկսեցին արդյունավետ օգտագործել այս հարցը իրենց հրապարակային հայտարարություններում: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այս թեման շարունակում է իր դիվանագիտական լեզվում ներառել:
Իսրայելն ու հրեաները վաղուց կապիտալացրել են այդ հարցը: Bloomberg.net-ում Զեվ Չավեցը լավագույն ձեւակերպումը տվեց այս հարցի. «Իհարկե, ավելի մեծ նմանությունն այն է, որ հրեաներն ու հայերը 20-րդ դարի ցեղասպանության զոհ են դարձել: Բայց փոխանակ նրանց միասին դիտարկելու, փոխադարձ փորձը դարձավ վիճաբանության առարկա: …Իսրայելը գիտի զոհի կարգավիճակի օգտագործման առավելությունը եւ 1948 թվականից ի վեր Հոլոքոստը դարձրել է իր դիվանագիտության առանցքը: Առավելություններն ակնհայտ են: Այն Իսրայելին բերեց ֆինանսական հատուցումներ Գերմանիայից ու եվրոպական այլ ոճրագործներից, հաշվի առնելով այլ փոքր երկրներին մերժված նմանատիպ գործողությունների ազատությունը, Հոլոքոստը Իսրայելի ձեռքին բարոյական հաղթաթուղթ է դարձել ընդդեմ ժխտողների, ինչպիսիք են Իրանը եւ պաղեստինցիները»:
Ինչպես ցույց տվեց ներկա պատերազմը, հայերը շատ ընկերներ չունեն: Նրանք կարող են նաեւ լավ օգտագործել իրենց ունեցած բարոյական արդար կապիտալը:
Թարգմ. ԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, The Armenian Mirror Spectator