Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԻԲՐ ՄՏԱՀՈԳ ԵՆ, ՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ

Հ.Ա.

Երեկ մեր լայն հասարակությունը վրդովմունքով տեղեկացավ, որ Եվրոխորհրդարանում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հարցերով զեկուցողները համատեղ հայտարարությամբ «մտահոգություն» են հայտնել, որ Հայաստանը նորՙ 3-րդ ճանապարհն է ծրագրում բացել դեպի Արցախՙ Կապանից Հադրութ ուղությամբ: Զեկուցողների համար հատկապես մտահոգիչ է եղել այն հանգամանքը, որ Հայաստանն իր այդ քայլը չի համաձայնեցրել… Ադրբեջանի հետ: Ժամանակակից աշխարհում մեզ ծանոթ չէ նման որեւէ դեպք, երբ ինչ-որ մի կազմակերպություն «մտահոգվի» որեւէ երկրում ճանապարհ կառուցելու առթիվ, մանավանդ այն պայմաններում, երբ Ադրբեջանը, խորհրդային խաղաղության պայմաններում, 70 տարի շարունակ, ոչ մի ճանապարհային կապ չի թողել Հայաստանի եւ Արցախի միջեւ: Եվ ոչ միայն միջեւ, այլեւ Արցախի ներսում:

Եվրոխորհրդարանի որեւէ զեկուցող երբեւէ համարձակություն ունեցե՞լ է «մտահոգություն» հայտնելու, օրինակ, Իսրայելին, որ ամեն ամիս նոր ճանապարհներ ու կամուրջներ է սարքում դեպի Պաղեստինյան ինքնավարության ենթակա Արեւմտյան ափ, հատկապես նախագահ Թրամփի տխրահռչակ որոշումից հետո: Իսրայելացիք իրենց նմանատիպ քայլերը երբեւիցե համաձայնեցրե՞լ են Մահմուդ Աբբասի հետ: