§Ազգի¦ նախորդՙ մայիսի 29-ի համարում §ԳԴՀ ԱԳՆ շատ բան է հասկացնում, բայց Արցախն է հաստատում, որ դե ֆակտո կա¦ հրապարակման մեջ իրազեկել էինք, որ Գերմանիայի արտգործնախարարությունը, անսալով ադրբեջանական կողմի անդուլ բողոքներին, դեմ է արտահայտվել իր երկրի տարածքում ԼՂ միջազգային սուբյեկտ լինելը ներկայացնող ցանկացած առերեւութականության: Ադրբեջանական կողմը ցնծում է, որ Բեռլինում կասեցվել է Արցախի ներկայացուցչության եւ նրա ղեկավար Հարություն Գրիգորյանի գործունեությունը: Բայցՙ անարդար կլինի, եթե չարձանագրենք, որ ԳԴՀ երբեւէ չի ճանաչել ԼՂ-ն կամ Արցախը, իսկ Բեռլինում §ԼՂ կամ Արցախի ներկայացուցչություն¦ անվամբ ցուցանակ չի եղել որեւէ գրասենյակի դռան վրա: Ուրիշ բան, որ դե ֆակտո գոյություն ունեցող երկրիՙ Արցախի §պարտադրանքով ¦, նման ձեւակերպումը գոյության իրավունք է նվաճել բանավոր խոսքում, եւ տարիներ ի վեր շրջանառվելով, §վախի մթնոլորտ¦ է ստեղծել ադրբեջանցիների համար, թե գերմանացիների գիտակցության մեջ խարիսխ նետելովՙ իհարկե իրական կդառնա, մանավանդ, երբ գերմանացիներից շատերը հաճույքով Արցախ են մեկնում ու զգում այդ երկրի սուվերենությունը: Վտանգն այստեղ էՙ իրական Արցախում լինելը, ինչը, ըստ ադրբեջանցիների հաջողել է Հարություն Գրիգորյանն իրականացնելՙ գերմանացի զբոսաշրջիկների դեպի Արցախ ուղղորդելով: (Այս մասին առավել մանրամասն կծավալվենք հաջորդ համարում): Հունիսի 2-ին ադրբեջանական պետական լրատվական գործակալությանՙ§Ազերթաջի¦ գերմաներեն տարբերակը ակնհայտ ձեւակերպում է Բաքվի ակնկալիքըՙ Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ ԱՄՆ- ում գործում են ԼՂ ներկայացուցչություններ, այդ երկրները պիտի հետեւեն ԳԴՀ ԱԳՆ նախադեպային որոշմանը, իսկ Ադրբեջանը պիտի պնդի, որ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից մեկը Գերմանիան դառնաՙ ներգրավվելով բանակցային գործընթացում: Հիշյալ գործակալության Բեռլինի թղթակից Վուգար Սեիդովն այսպես է ձեւակերպումՙ §քանի որ համանախագահող երկրներումՙ Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ ԱՄՆ- ում ազդեցիկ հայկական լոբբի կա¦: Իսկ ԼՂ հակամարտության լուծման համար Սեիդովն առաջարկում է §ամենապարզ միջոցը¦. Այն էՙ ՄԱԿ-ը, միջազգային այլ կազմակերպություններ տնտեսական պատժամիջոցներ կիրառեն Երեւանի դեմ, իսկ գերտերությունները խստագույնս հետեւեն դրանց կատարմանը: Տեղի սղության պատճառով այս տարողունակ թեմային կանդրադառնանք նաեւ տպագիր §Ազգի¦ առաջիկա համարներում:
Գերմանիայում ավելի բաց են ցուցադրում այն, ինչ, մեր կարծիքով, պայմանավորված է Ռուսաստան- Ադրբեջան-Թուրքիա, Արեւմուտք-Ադրբեջան-Թուրքիա, Արեւմուտք- Ռուսաստան մրցակցային շահերով, գրել էինք §Ազգի¦ մայիսի 29-ի համարում:
Բնավ պատահական չէ, որ մայիսի 27-ին Մոսկվայում գրանցված ostexperte.de գերմանալեզու կայքը, որ անդրադառնում է Ռուսաստանի, Չինաստանի, Արեւելյան Եւրոպայի, Կենտրոնական Ասիայի արդի տնտեսական, քաղաքական լրատվությանը, Ադրբեջանի Հանրապետության 102 ամյակին նվիրված հոդված է հրապարակել:
Նույն տոնը նշող ո՛չ Վրաստանին են հիշել, ո՛չ էլ Հայաստանին: Պետք է ընթերցել կայքի գլխավոր խմբագիր Թորսթեն Գութմանի հոդվածները, որ առավել հասկանալի լինի այս լրատվամիջոցի հետաքրքրությունների եզրագիծըՙ Մետաքսի նոր ճանապարհի երկրների տնտեսական, բիզնես լուրեր: Հայաստանը բնականաբար այս երկրների շարքում չկա, եւ նրա մասին առկա խամրած հոդվածներն առավել սակավախոս են, քան Ադրբեջանին նվիրված գունեղ հրապարակումների մեջ կարող ենք գտնել մեր երկրի դաշնակից չունենալունՙ նրանց գազի շուրջը պտտվելու հակադրությունը: Այս կայքում Ադրբեջանի մասին բազմաթիվ հոդվածներ է գրել իրավաբան քաղաքագետ Մաթթիաս Դորնֆելդը (Matthias Dornfeldt): Նա, ըստ կենսագրականի, մեծ փորձառություն ունի եւ այն, ինչ գրում է, չիմացության արդյունք չէ: Վերոհիշյալ հոդվածի հեղինակը Դորնֆելդն է, որից հատված ենք ներկայացնում ստորեւ:
§102 տարի առաջ Ադրբեջանն առաջին ազատ եւ ժողովրդավար պետությունը եղավ իսլամական աշխարհում: Այսօր կրկին Հարավային Կովկասի ամենամեծ պետությունը հաջողակ ապագայի լավագույն պայմաններն ունի, այդ թվում նաեւՙ Covid 19-ի համավարակի հաղթահարման տեսակետից¦: 2018-ի մայիսի 28-ին հիմնադրված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության պառլամենտի մասին իրազեկելովՙ հեղինակը շեշտում է, թե բոլոր էթնիկ փոքրամասնությունները օրենսդիր մարմնի մաս են կազմել, ամեն 6-րդ պատգամավորը հայ է եղել: Ավելի ուշ ընդգծում է, թե ի հեճուկս այն իրողության, որ Հայաստանը ԼՂ եւ հարակից 7 վարչատարածքային միավորները գրավել է, հարուստ ավանդույթներով Ադրբեջանը զարգացել եւ բարգավաճ երկիր է դարձել: 20-րդ դարը նավթինն էր, 21-երորդըՙ CO2-ով բնական գազինը, այդ պատճառով էլ Ադրբեջանը Եւրոպայի համար կարեւորագույն գործընկեր է, նշում է հեղինակը:
Նրա նվիրվածությունն Ադրբեջանին այնքան հեռուն է գնացել, որ 2020-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների առիթով իր հոդվածում գրում է, թե նրանք, որ դատապարտում են ընտրախախտումներըՙ իրենց երկրների մեդիայում ուրիշների պատմելով, առանց դրանց ականատես լինելու, պիտի իմանան, որ իրենց երկրներում սինագոգները գործում են ոստիկանական շուրջօրյա հսկողությամբ, իսկ քննադատվող Ադրբեջանում հրեական հոգեւոր այդ կենտրոնները գործում ենՙ առանց ոստիկանական ուժերի պաշտպանության:
Դառնանք ծանոթ պատմության. 2018-ին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այց կատարեց: Հայաստանում չեն մոռացել, որ Մերկելի պատվիրակության անդամ Վայլերի առջեւ Բաքուն մուտքը փակեցՙ պատճառաբանելով, թե վերջինս բազմիցս այցելել է Ղարաբաղ: Մերկելը Վայլերին փոխարինեց կուսակից այլ պատգամավորով: Իսկ Բաքվում Մերկելը խոսեց դեպի Եւրոպա ուղղվելիք գազից: Հարավկովկասյան 690 կմ-անոց Բաքու-Թիֆլիս-Էրզրում գազամուղը, Թուրքիայի 1850 կմ տարածքով շարժվելով, 2020 թվականին կագուցվի Տրանս Ադրիա գազամուղինՙ կապույտ վառելիք մատակարարելով Հունաստանին, Ալբանիային, Իտալիային, որից էլՙ Արեւմտյան Եւրոպա մուտք կունենա: Մաթթիաս Դորնֆելդը ակնարկում է, թե այս տարի նախատեսված է Կասպից ծովի Շահ Դենիզ 2-ից գազի դուրսբերումը:
Ադրբեջանի հանդեպ Արեւմուտքիՙ Եւրոպայի հետաքրքրությունն աննկատ չէ Ռուսաստանի համար: Գազի պաշարները Եւրոպա հասցնող այս երկրի շահերից է բխում Ադրբեջանին չթողնել Թուրքիա-Արեւմուտք առանցքում: Եւ բնավ բացառված չէ, որ Ռուսաստանը լուռ ունկնդրելով Բաքվիՙ Հայաստանի հասցեին հոխորտանքն ու սպառնալիքը, կարող է համրանալ, երբ վերջինս դիվերսիա իրականացնի Արցախի կամ Հայաստանի հանդեպ:
Այն հանգամանքը, որ Բեռլինը չի թաքցրել իր գերհոգատարությունը Ուկրաինայի հանդեպ, կարծես ընկալելի է եղել բոլորին, սակայն վերջին շրջանում նկատելի է դառնում, որ Բեռլինը սկսել է ակտիվացնել նաեւ Մինսկի հետ հարաբերությունները: Գերմանիան ուզում է թուլացնել Բելառուս-Ռուսաստան կապը, տնտեսական ներկայություն ունենալ Մինսկում:
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի շուրջ ակնհայտ հյուսիս-հարավ-արեւմուտք-արեւելք քամիներին, դրանք հովիկ ու զեփյուռ երբեք չեն դառնա, իսկ պտտահողմի վերածելու դրսի ջանքերը կառավարելի կդառնան, եթե մենք թուղթ ու գրիչ առածՙ ծրագրենք մեր անելիքը նախօրոք, համախոհների թիմ կազմենք ու ամեն օր աշխատենքՙ առանց դրա մասին շեփոր փչելու, թմբուկ զարկելու: Երբ Արցախի բարեկամ գերմանացի իմ ծանոթին մի անգամ առաջարկեցի թերթում հոդված գրել ադրբեջանասեր կեղծարար գերմանացիներից մեկին ի պատասխան, հուշեցՙ §մենք մեր կարեւոր գործից չկտրվենքՙ ժամանակ չկա, օգնենք, որ Արցախը շեն մնաՙ ճանապարհ, տուն, եկեղեցի նորոգենք, գնանք, այցելենք, ապրենք¦: Այս գերմանացին մեզ խանդավառելու, համախոհության լավագույն օրինակն է տալիս, եւ ճիշտ է գնահատումՙ §դե ֆակտո Արցախը կա, կարեւորը փաստացի լինելն է¦:
Անզորության, տկարության լացուկոծը, որ երբեմն անտանելի է դառնում, իրականում նախընտրելի միջոց չէ մի ժողովրդի համար, որ անհնարինն իրական դարձնելու փորձությունն անցել է դարեր ի վեր: Վկա՛ Սարդարապատը, Շուշին: