ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ
Թե ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը կորոնավիրուսի հետեւանքով, ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ https://www.archive.azg.am/AM/2020040222 Այժմ ներկայացնենք, թե ի՞նչ է առաջարկում Հայաստանի կառավարությունը սպասվող ճգնաժամը մեղմելու նպատակով, որքանո՞վ են այդ առաջարկները արդյունավետ եւ ինչո՞վ են տարբերվում այլ երկրների հակաճգնաժամային միջոցառումներից։
Կառավարությունը հայտարարել է 150 մլրդ դրամ արժողությամբ աջակցության ծրագրերի մասին, որոնք պետք է ուղղվեն բիզնեսին եւ բնակչությանըՙ կորոնավիրուսի պատճառով կրած վնասները մեղմելու համար։
Նախՙ սպասվող ճգնաժամին աջակցության համարժեք լինելու մասին ։
Հայաստանի համախառն ներքին արդյունքը անցյալ տարի կազմել է մոտ 6,5 տրլն դրամ։ Եթե այս տարի ունենայինք 5 տոկոս աճ, ապա տնտեսության ծավալը կավելանար մոտ 300 մլրդ դրամով։ Եթե աճ չունենանք, մեր տնտեսության ծավալը չի ստանա վերոնշյալ հավելյալ 300 մլրդ դրամը։ Կառավարության ներարկած 150 մլրդ դրամը անգամ այդ չստացված հավելյալ արժեքի կեսն էլ չի կազմում։ Տնտեսական անկման պարագայում այդ գումարը պարզապես աննշան ազդեցություն կարող է ունենալ։
Նշված գումարի արդյունավետ լինել-չլինելու մասին։ Խոսքն ըստ էության երեք ուղղություններով ծախսերի մասին է։
Առաջին եւ հիմնականըՙ տնտեսվարողներին տրվող անտոկոս վարկեր, երկրորդՙ սոցիալական աջակցություն աշխատանքից զրկված մարդկանց մեկանգամյա գումարի տեսքով, երրորդըՙ գյուղատնտեսության եւ կարեւոր ապրանքների բիզնես ծրագրերի վարկավորում եւ համաֆինանսավորում զրոյական տոկոսադրույքներով։
Առաջին եւ հիմնական ուղղության մասին։ Առաջարկվող վարկը լինելու է ծախսեր կատարելուՙ աշխատավարձեր վճարելու, վարկեր մարելու, հարկեր վճարելու համար։ Մինչդեռ, բիզնեսը վարկ է վերցնում գործարար ծրագրերի իրականացման համար, որպեսզի շահույթ ստանա, վերադարձնի վարկն ու դրա տոկոսները։ Այսինքն, կառավարության առաջարկած թեկուզ անտոկոս վարկով չի ստեղծվելու նոր արժեք եւ ընկերությունը չի ստանալու շահույթ։ Այսինքն, կառավարությունը ոչ միայն իր վրա չի վերցնում բիզնեսի համար առաջացող բեռը կամ կիսում, այլ ընդհակառակըՙ տնտեսվարողներին գցում է նոր վարկային բեռի տակ։ Այն պարագայում, երբ հայտնի չէ, թե որքա՞ն կշարունակվի տնտեսական վիճակի վատթարացումը եւ ընկերությունները ե՞րբ դուրս կգան այդ վիճակից։
Սոցիալական ծրագիրըՙ միանվագ գումարային աջակցության տեսքով իրավիճակային խնդիր է լուծում։ Ստացած գումարը մասամբ կմեղմի անցած մեկ ամվսա ընթացքում աշխատանքից զրկվածների եւ անհատ ձեռնարկատերերի մի մասի կացությունը։ Մինչդեռ, նրանք եկամուտներ չեն ստացել նաեւ այս ամիս եւ հայտնվել անորոշ հեռանկարի առջեւ։
Գյուղատնտեսության աջակցության ծրագրերը նույնպես վարկային ծրագրեր են։ Դրան զուգահեռ ոչինչ չի առաջարկվում գյուղմթերքի տեղափոխման, իրացման կամ մթերման ուղղությամբ։ Այստեղ հատկացվող գումարն չնչին է եւ անգամ հնարավոր հաջող օրինակները եղանակ չեն ստեղծելու։
Ինչպե՞ս են այլ երկրներում աջակցում բիզնեսին եւ բնակչությանը։ Բերենք մի քանի օրինակներ։
Մի դեպքումՙ աջակցություն են տրամադրում բնակչությանը եւ բիզնեսինՙ խրախուսելով սպառումը եւ ընկերություններին թողնելով հավելյալ գումարներ (ԱՄՆ)։ Մյուս դեպքումՙ մեղմում են կորուստները, հետաձգում հարկերը, խթանում կոնկրետ ոլորտների եւ հատկապես փոքր բիզնեսի գործունեությունը (Ռուսաստան)։ Մեկ այլ դեպքումՙ պետությունն իր վրա է վերցնում ընկերությունների ծախսերը, հետաձգում հարկային եւ կոմունալ վճարումները, գումարներ տրամադրում շրջանառության անկում ունեցած ընկերություններին (Ֆրանսիա)։ Մեկ այլ դեպքումՙ տրամադրում հարկային արձակուրդներ եւ ազատում կոմունալ վճարումներից (Վրաստան)։ Եվ ոչ մի դեպք չկա, երբ պետությունը տնտեսվարողներին առաջարկի նոր վարկեր «շալակել» ինչպես Հայաստանում եւ դա ներկայացնի որպես աջակցություն։