Նախապես հայտնի էր դարձել, թե մի շարք օրենսդրական փոփոխություններով հրավիրելիք Ազգային ժողովի արտահերթ նիստով ՍԴ մի շարք լիազորություններ վերապահվելու էին Ազգային ժողովին, իսկ Հայաստանի նախագահի որոշ իրավասություններ էլ պետք է սահմանափակվեին` հեռանկարում ունենալով այս գործող կազմով ՍԴ-ն անիրավազոր դարձնելու հեռանպատակը: Սակայն երեկ առավոտյան այդ օրակարգով արտահերթ նիստը տեղի չունեցավ` հեղինակները հետ էին կանչել նախաձեռնությունները, իսկ ավելի ուշ` կեսօրից հետո գումարված արտահերթ նիստում էլ միայն մեկ հարց էր`«Իմ քայլը » խմբակցության նախաձեռնած Սահմանադրության 213 հոդվածի նոր փոփոխությամբ մինչեւ 2015 թվականն ընտրված ՍԴ հին կազմի լիազորությունները դադարեցումը:
Թե ինչն է պատճառը, որ մեծամասնությունը հրաժարվեց իր ավելի ծավալուն նախաձեռնություններից, կարելի է ենթադրել, քանի որ նախորդել են եւ Վենետիկի հանձնաժողովի երկու հայտարարությունները` ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակին անդրադարձով, ընդդիմախոսների ագրեսիվ դիմակայությունն այս նախաձեռնություններին, միգուցե նաեւ վարչապետ-նախագահ հանդիպումը` նույն թեմայով, կամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումները Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ դեսպանների, Եվրոմիության ներկայացուցիչների հետ` նույն խնդրով:
Համենայնդեպս` երեկ օրվա երկրորդ կեսին ի վերջո գումարված արտահերթ նիստով հինգժամյա ռեժիմով սկսեց քննարկվել միայն «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկությունը, որով նախատեսվում է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի եւ ՍԴ անդամների պաշտոնավարման դադարեցումը, ընդ որում` նախագիծն առաջին ընթերցումից հետո դրվելու է համաժողովրդական հանրաքվեի:
Սա երեւի հատուկ պլանավորված է այնպես, որ փոփոխություններն առաջին ընթերցում անցնելուց հետո հանրաքվեի դրվելու պատճառով նախագծի հետ անհամաձայն պատգամավորները չկարողանան ՍԴ դիմել` այս փոփոխությունների սահմանադրականությունը ստուգելու համար, իսկ հանրաքվեով անցած նախագիծն արդեն իմպերատիվ պետք է ընդունվի: Ահա սա էր իշխանության պատասխանը երեւի ՍԴ անդամների եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի` վաղ կենսաթոշակի անցնելու օրենքին «Ոչ» ասելուն:
Նախաձեռնության հեղինակ Վահագն Հովակիմյանը երկար նախապատմություն արեց այն մասին, թե ինչպես են Ազգային ժողովից խլվել եւ ՍԴ-ին տրվել լիազորություններ` թաքնված նպատակներով, ինչպես է այդ բոլորը կազմակերպել նախկին իշխանությունը, իսկ ՍԴ ներկայիս նախագահն իրականացրել է դրանք: Հովակիմյանը խնդիր համարեց նաեւ ՍԴ վստահության ցածր մակարդակը հանրության մոտ` դա եւս համարելով փոփոխությունների պատճառ, որին հաջորդելու է ՍԴ նոր դատավորներին իշխանության տարբեր ճյուղերից համամասնորեն առաջադրման ընթացակարգը:
Նախաձեռնության իրավական կողմը խորհրդարանական ընդդիմությունը թերի է գնահատում, նախաձեռնության մեջ հակասահմանադրական տարրեր տեսնում, հենց այդ բովանդակությամբ էլ ակտիվորեն ընդդիմախոսեց նախագծին: Այնպես որ` երեկ խորհրդարանում միմյանց մի լավ նախշում էին`բոլորն էլ իրենց խոսքը կառուցելով ազգային եւ պետական շահերի ելման կետից:
«Նախորդ ռեժիմի վերջին որջը մաքրելու որոշում է» ( Գայանե Աբրահամյան ), «Լավ եք անում պայքարում եք, բայց օրենքով պայքարեք, լրագրողական ելույթով կարող ե՞նք սահմանդարական փոփոխություններ անել» ( Տարոն Սիմոնյան ), «Գնացեք, հեռացեք , ուշքի եկեք, տղերք, հեռացեք խաղաղությամբ, Հրայր Թովմասյանն ընկել ա ծուղակը, չեք թողնում հեռանա» ( Սասուն Միքայելյան ), «Մարդակերները կանգնում են ոստիկանության պատի տակ ու խոսում ժողովրդավարությունից` գժվելու բան է» ( Ալեն Սիմոնյան ), «Արդարությունն է վերականգնվում, ընթացակարգային խնդիրներն էլ հետեւանքներ չեն կարող առաջացնել» ( Նիկոլայ Բաղդասարյան ), «ԱԺ եք, որից ՍԴ-ն լիազորություն է խլել, ու դուք ձայն չեք հանել» ( Սուրեն Գրիգորյան ), «Իմ քայլը փոխում է Սահմանադրությունն առանց հարկավոր ընթացակարգերի` անում է այն, ինչում մեղադրել է Հրայր Թովմասյանին» ( Գեւորգ Գորգիսյան ):
Այս փոփոխությունը կարող էր իրականացվել պատգամավորների թվի երկու երրորդով, բայց մեծամասնությունն այն, փաստորեն, թողնում է ժողովրդին, մի տեսակ քաղաքական պատասխանատվությունը թողնելով ժողովրդին, ինչպես ձեւակերպում էր «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը :
Պատկերավորումների պակաս ընդհանրապես չկար` մեծամասնությունն ու ընդդիմությունը հարցի առիթով ի գործ դրեցին ողջ երեւակայությունը: Վերեւի մեր մեջբերումներից անգամ երեւում է, որ ավելի շատ ընդդիմախոսում էր «Լուսավոր Հայաստանը», («Սեւ-սպիտակի մեջ մոլորվել եք», ակնարկեց ԼՀԿ-ին իմքայլական Քրիստինե Պետրոսյանը ), իսկ «Բարգավաճ Հայաստանը» համարյա լուռ էր:
Էդմոն Մարուքյանը վստահ էր, որ տեղի է ունենում հակասահմանադրական գործընթաց, քաղաքական խնդիր է լուծվում, բայց դա ժողովրդի քաղաքական խնդիրը չէ. «Բա սեւերի մեդիան ամեն օր քարոզարշավի մեջ ա լինելու, էս ինչ դավադրություն է, Սերժ Սրգսյանին վաթսուն օր հանրաքվեի քարոզարշավի մեջ եք մտցնելու, Արցախի ընտրություններին զուգահեռ, արժե՞ր, ոչ: Քաղաքացիներ, ձեզ անիմաստ տանում են տեղամասեր, մի անգամ գնացել-տվել եք բացարձակ իշխանություն, Հրայր Թովմասյանին էլ անիմաստ հերոս եք դարձրել»:
Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց Մարուքյանին. «Ես ձեզնից գլուխ չեմ հանում, գլուխ չէի հանում հեղափոխությունից առաջ, հետո եւ հիմա, կողմնորոշվեք»:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ փոփոխության առաջարկվող հոդվածը անցումային դրույթ է, վերաբերում է դատական իշխանությանը, եւ ԱԺ-ն այն չի կարող փոխել, այդ պատճառով էլ հանրաքվեի է դրվելու` ընտրվել է շիտակ, ժողովրդին ուղիղ հարցնելու ճանապարհը:
Խմբակցությունների անունից ելույթներում խտացան մոտեցումները: Մանե Թանդիլյանը ԼՀԿ-ից նշեց, թե մարդ ասելով իշխանություններն հասկանում են սեփական կողմնակիցներին միայն `չլսելով մյուսներին, եւ նշեց, թե մարդու իրավունքին վերաբերող դրույթները չի կարելի դնել հանրաքվեի, ժողովրդին չի կարելի ներքաշել հակաիրավական գործընթացի մեջ:
ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը նշեց, որ հանրաքվեին դեմ չեն, բայց իրավական անթերի ընթացակարգերով պետք է անել ամեն ինչ, հիմնական քաղաքական ուժերն էլ պետք է կոնսենսուս ունենան հանրաքվեի դրվող հարցերում, այնպես որ ԲՀԿ-ն չի կարող այս ընթացակարգերով օրինագծի քաղաքական պատասխանատվությունը կրել:
Իսկ «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը մատնանշեց ժողովրդի իշխանության իրացման կանխավարկածով հարցի լուծման անհրաժեշտությունը:
Արտահերթ ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցրեց նորացված Սահմանադրության մոդելի մի շարք բարեմասնություններ, այդ թվում ՍԴ նախագահի պաշտոնավարման սահմանափակ ժամկետը, անցյալում ՍԴ-ի` կեղծված ընտրությունների տանիք դառնալու սովորույթը: Անցյալի դաժան եւ անպատասխան հարցերի ծանր բեռն անցյալում թողնելու համար ՍԴ նոր մոդելը կարելի էր երազանքի սահմանադրություն անվանել, սակայն դրան ոչ համապատասխան է ՍԴ ղեկավար կազմը, նոր կազմ է պետք, երբ կունենանք այնպիսի ՍԴ, որը չի լինի մի քաղաքական ուժի կրնկի տակ եւ չի ունենա մինչեւ 2035 թվականը զանազան հնարքների արդյունքում պաշտոնավարող ՍԴ նախագահ, համոզված էր վարչապետը: Եւ հիշեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանի նշանակած ՍԴ անդամներին, որոնց լիազորություններն ավարտվելու են շատուշատ տարիներ հետո, եւ Հրայր Թովմասյանին, երբ Սահմանադրության տեքստը նրա սեփական պլաններին եւս հարմարեցվել է: Նա վերհիշեց ավելի վաղ եւ այլ առիթներով իր ասածը`տասնյոթ տարով է ընտրվել ՍԴ նախագահը, երբ ընդամենը տասնինն օրից չէր կարող այդ ժամկետով առաջադրվել, քանի որ նոր Սահմանադրությունն էր ուժի մեջ մտնելու, Գագիկ Հարությունյանին իր պաշտոնավարման ավարտից քսան օր առաջ հրաժարականի համոզելով, նոր ՍԴ ունենալու համար հայ ժողովուրդը պետք է սպասի մինչեւ 2035 թվականը: Այս հարցը ժողովրդով պետք է լուծենք, Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունը հանրաքվեի դնելով, նշեց նա` գծելով նաեւ ՍԴ նոր կազմի առաջադրման տեսլականը:
Նիկոլ Փաշինյանը նաեւ ՍԴ ներկա կազմին հիշեցրեց, որ մինչեւ Հայաստանի նախագահի կողմից հանրաքվեի մասին որոշման ստորագրումը նրանք դեռ ժամանակ ունեն հրաժարական ներկայացնելու եւ օգտվելու վաղ կենսաթոշակի երաշխիքներից:
Օրվա վերջում պարզ դարձավ, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները կոչ են արել Հայաստանի իշխանություններին` Սահմանադրության փոփոխություններ նախատեսող նախագծերի վերաբերյալ ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը:
Հարցը առաջին ընթերցմամբ քվեարոկության դրվեց` հավաքելով զրո ձայն: Ոչ ոք կողմ չքվեարկեց` մեծամասնությունն այդպես էլ պլանավորել էր, որի հետեւանքով միայն պետք է կայացվեր ՍԴ նախագիծը հանրաքվեի ուղարկելու որոշումը: Մինչեւ այդ որոշման քվեարկությունը ելույթ ունեցավ Էդմոն Մարուքյանը, որն իր խոսքում մտահոգություններ հնչեցրեց վարչապետ Փաշինյանի ելույթի առթիվ, ասելով, որ նրա ելույթի մեջ հնչած մոտեցումները, սպառնալիքի ոճը լավ տեղ չեն տանելու:
Քվեարկությունը պետք է կայանար պատգամավորների 3/5-ով: 88 պատգամավոր` «Իմ քայլն» ու Արման Բաբաջանյանը կողմ քվեարկեցին: Այսպիսիով` իշխանությունը ՍԴ հարցով գնում է հանրաքվեի, եթե, իհարկե, ՍԴ անդամները չանսան վարչապետի խոսքին եւ ժամկետի մեջ հրաժարական չներկայացնեն:
Արդյոք այս բոլորը նաեւ նրա համա՞ր էր, որ ՍԴ անդամները հրաժարական ներկայացնեն, թե հանրաքվեն անհրաժեշտ է իշխանությանը` մի շարք այլ նպատակներով նաեւ, դիտարկելու բան է:
Մ.Խ.