Սովորել ես խոսել, ուրեմն մեծացել ես, սովորել ես լռել, ուրեմն իմաստնացել ես: Ես իհարկե չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել Բեռնարդ Շոուի շուրջը, երբ նա ասել է այս նախադասությունը, բայց ամենայն հավանականությամբ, այն ինչ տեսել է Բեռնարդ Շոուն, մենք չենք տեսնում: Չնայած, արդարացի լինելու համար հիշեցի, որ իմաստնությունը միշտ չէ, որ գալիս է տարիքի հետ, երբեմն տարիքը գալիս է միայնակ: Ինչպես օրինակ հիասթափությունըՙ մեծ սիրուց հետո…
Բայց թողնենք խոհափիլիսոփայությունը, մանավանդ որ եթե հնարավոր լիներ դրանով տուն պահել, ապա մեր երկրում բոլորիս տներն առնվազն եռահարկ կլինեինՙ երկինք հասնող պարիսպներով, սառնարանները լեփ-լեցուն կլինեինՙ Ատլանտյան օվկիանոսում ծնված-մեծացած սաղմոն ձկան եւ պերուական ընտիր պլանտացիաներում աճող ավոկադոյի պաշարներով նաեւ, ու բոլորս մեր տան դիմացի պարտեզում կարմիր գինի կխմեինք ու կպառկեինքՙ լսելով Սերժ Թանկեանի հոգեթով երաժշտությունը: Ու չնայած Զիգմունդ Ֆրոյդը վստահ էր, որ մասսաները երբեք էլ ճշմարտության ծարավ չեն եղել, քանի որ պահանջում են պատրանքներ, առանց որոնց ուղղակի չեն կարող ապրել, ավա՜ղ, խոհափիլիսոփայությամբ ոչ երկիր են զարգացնում, ոչ էլ տուն են պահում, եւ ուրեմնՙ բարի գալուստ իրականություն:
Իսկ իրականում Հայաստանում իրավիճակը ես նմանեցնում եմ օգոստոսի 17-ին Մոսկվայում տեղի ունեցածի հետ: Այդ օրը Ռուսաստանի մայրաքաղաքի Սախարովի հրապարակում, ինչպես հայերս կասեինքՙ հուժկու հանրահավաքի ժամանակ, ելույթ ունեցավ Ռուս ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Վսեվոլոդ, ներողություն, Չապլինը: Նա հովվաբար դիմեց հավաքված հազարավոր կարմիր գառնուկներին եւ ասացՙ Աստված թող իր աջակցությունը ցուցաբերի բոլորի բարի գործերում: Այս ամենը նորմալ կլիներ, եթե այդ օրը Մոսկվայի այդ հրապարակում հանրահավաք չաներ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը: Դե, այսինքն, արքեպիսկոպոս Չապլինը Աստծու աջակցությունն է հայցել հենց ռուս կոմունիստների հանրահավաքի ժամանակ, անձամբ 75-ամյա Գենադի Անդրեեվիչ Զուգյանովի առջեւ:
Մոտավորապես նման աբսուրդ էլ մեր ներքաղաքական կյանքն է: Նախ այն չկա, եւ որքան էլ Արա Պապյանն ասի, թե Ամուլսարի հարցը հայ ժողովրդի առջեւ ծառացած կարեւորագույն հարցն է ներկայումս, եւ Ամուլսարն անգամ ավելի կարեւոր է, քան Արցախը, քանի որ ըստ Պապյանիՙ Հայաստանն առանց Արցախի գուցեեւ կարող է ապրել, բայց առանց ջրի հաստատ չի կարող, ես ուզում եմ օգտվել առիթից ու շնորհավորել Արցախի անկախությունըՙ մաղթելով որ այն ջրի պես երկար կյանք ունենա:
Նույնը մաղթում են նաեւ բոլոր դպրոցականներինՙ անկախ զբաղեցրած պաշտոնից եւ կամ պաշտոն զբաղեցնելու երազանքից: Ու չնայած վերջերս ինչ-որ անծանոթներ են նկատվում հայոց լեզվի սուրբ տաճարում, թախանձագին խնդրում եմ մեր ամենասուպեր նախարարին, որպեսզի մայրենիի ու հայրենի պատմության ճակատագիրը բուհերին վստահելուց առաջ հանրակրթական դպրոցներում պարտադիր դարձնի Վանո Սիրադեղյանին, իսկ նրաՙ «Արածեք ձեր խոտը» փոքրիկ ակնարկը համատարած անգիր հանձնարարվի, որ Հայաստանում դպրոց ավարտած յուրաքանչյուր քաղաքացու քնից էլ արթնացնես ասիՙ մի մտեք մեր հայոց լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ:
Ես իհարկե հասկանում եմ, որ որքան հիմար է դպրոցական ծրագիրը, այնքան խելացի է իշխանությունըՙ երիտասարդության համար: Այդ պատճառով էլ առաջարկում եմ մտածելՙ մենք ուզում ենք ունենալ խելացի իշխանությո՞ւն, թե՞ ազատ քաղաքացի, որը Փարիզ ընկնելիսՙ անպայման չի մտնի արեւելյան ռեստորան ու այնտեղ քյաբաբ չի պատվիրի, որի տեսած Եվրոպան չի սկսվի Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ չի ավարտվի Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով, որն աշխարհի համաժողովներում էլի անխոցելի կլինի, բայց ոչ տխմար մտքերով, եւ որը գիշերը ոչ թե կդողաՙ վախից, որ վաղն էլ կարող են իրեն մորթել, այլ կհաշվի աստղերըՙ նախ զարթուն, ապա երազում: