Ազգային խորհրդանիշները` դրանց թվում նախ զինանշանը, տվյալ երկրի, պետության, այնտեղ ապրող ժողովրդի բնութագիրն են, նկարագիրը, ինքնության արտացոլումը: Հատկապես զինանշանը իր մեջ խտացնում է տվյալ ազգի մտածողությունն ու նպատակները, առարկայացնում անցյալն ու ներկանՙ անցած ճանապարհ- պատմություն, տեսակի առանձնահատկություն, հետագա նպատակ: Կա՞ այդ բոլորը մեր զինանշանում, կամ` ավելի ճշգրտենք հարցը` Սահմանադրությամբ նկարագրված մեր զինանշանն այսօր նույնակա՞ն է իր նկարագրությանը:
Հիմա, երբ գիտնականները նորանոր անհավանական հայտնագործություններ են անում, ու երբեմն ավանդույթով միայն հայտնի կամ միստիկ բացատրություն ուսած երեւույթը հանկարծ ու հիմնավորվում է նաեւ գիտական ապացույցներով, փոխվում է նաեւ մարդու հայացքը անցյալից ժառանգված խորհրդանիշների ուժի մեջ համոզվելու օգտին: Օրինակ`ըստ նոր գիտական տվյալների`մարդու ԴՆԹ-ի վրա ազդում են ինչպես ասվող խոսքի բովանդակությունը, այնպես էլ բացասական կամ դրական զգացողությունները, գույները, մեղեդիները, դրանք բոլորը ուղղորդում են մարդուն եւ նրա ԴՆԹ-ին` այս կամ այն կերպ ներքին ծրագիր կազմելու եւ այն իրագործելու: Այսինքն` մարդու աչքի ու ականջի ընկալած գույներն ու պատկերները, մեղեդիներն ու խոսքը ընդունակ են կանխորոշել մարդու առողջությունն ու վարքը, նայած բացասական կամ դրական ուղղվածության: Հասկանում եք երեւի, թե այդպիսով որքան կարեւոր են խորհրդանիշները, կարգախոսները, հիմնը, դրոշը, զինանշանը, նրանց ազդեցությունն անձերի եւ ժողովուրդների կյանքում, ինչպես կարող են ուղղորդել եւ ընթացք կանխորոշել դրանքՙ ըստ իրենց բնույթի:
Որպես լավ օրինակ կարելի է հիշել, թե ինչպես է Հայոց էպոսի հերոսը Թուր Կեծակին ձեռքը վերցնելու, Քուռկիկ Ջալալին հեծնելու կամ Խաչ պատերազմին կրելու, այսինքնՙ որոշակի խորհրդանշանական ատրիբուտներով օժտվելու պայմաններում դառնում անխոցելի ու հաղթող: Չերկարացնենք, խորհրդանիշները, փաստորեն, սոսկ դատարկ պայմանականություն չեն, այլ ստուգված ուղենիշներ: Մեր դեպքում ավելի խոսուն օրինակ էլ կա`բոլորս զգացած կլինենք, թե մարդկության օրրան Արարատի պատկերը ինչպիսի մոգական ազդեցություն է ունենում ամեն հայի վրա, ուր էլ նա գտնվի: Այսինքն` դրոշը, զինանշանը, հիմնը, ազգային այլ խորհրդանիշներ ամենեւին էլ սոսկ դատարկ նշաններ չեն, այլ էներգիա, բովանդակություն եւ անցյալ խտացնող, համարյա գործող զենքի նշանակություն ձեռք բերած անհրաժեշտ ուղեկիցներ եւ պահապաններ, որոնք օգնում են ինչպես առանձին անհատին, այնպես էլ հավաքական ժողովրդին իրենց խնդիրների լուծման, ի սկզբանե հաղթելու կանխավարկածով առաջ շարժվելու, գործը հաջողությամբ պսակելու, երկիրը հաջողակ նշանի տակ պահելու ճանապարհին:
Տեղն է արդեն ասելՙ մի անգամ չէ, որ բարձրաձայնվել է, որ Սահմանդրությամբ նկարագրված Հայաստանի հանրապետության զինանշանի` գործածության մեջ գտնվող պատկերները աղավաղված են, նույնական չեն նկարագրված խորհրդանիշների իրական պատկերներին:
Խնդիրը քննարկեցինք այս մտահոգությունը շատ անգամներ հանրության հետ կիսած նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, պետական մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ Կարեն Աղամյանի հետ, որը վերջին տասնամյակում զբաղվել է Հայաստանի զինանշանի վրա պատկերված խորհրդանիշների ակունքներն ուսումնասիրելով եւ տարիների ենթացքում բազմաթիվ էսքիզներով դրանք բյուրեղացնել-մաքրելով:
Կարեն Աղամյանի համոզմամբՙ մեր զինանշանն աղավաղված է եւ շտկումների կարիք ունի: Հայաստանի պետական զինանշանի մասին օրենքը Հայաստանի Գերագույն Խորհուրդն ընդունել է 1992 թ. ապրիլի 19-ին, մեր զինանշանը 1918 թվականի Հայաստանի առաջին հանրապետության զինանշանի կատարելագործված տարբերակն է : Ժամանակին երբ զինանշանի համար մրցույթ էր հայտարարվել, հանձնաժողովի անդամ Կ. Աղամյանը չմասնակցեց դրան, թեեւ մասնագիտությամբ հենց կարող էր դա անել` մանկավարժական համալսարանի դիզայնի ամբիոնի վարիչն էր: Չմասնակցեց, քանի որ կարծում էր, թե չի կարելի նկարչին հանձնարարել զինանշան ստեղծել, պետք է զինանշանի հայեցակարգ մշակվի, նկարագրվի, դա պետք է անեն պատմաբանները, քաղաքագետները եւ այլ նեղ մասնագետներ, նկարագրությունը դրվի մրցույթի` ընտրելու համար, թե ով դա լավ կիրականացնի:
Մրցույթը երկու փուլ ունեցավ, հարյուրավոր նախագծեր ներկայացվեցին, ի վերջո երկրի այն ժամանակվա նախագահի ընտրությամբ առանձնացվեց ներկայացվածների մեջ ամենագրագետ արվածը` Ռուբեն Ղեւոնդյանի տարբերակը: Հետո հանձնարարեցին մի ուրիշ հեղինակի` գրաֆիկական դարձնելու զինանշանը, որի արդյունքում, ըստ Կ. Աղամյանի, մեր զինանշանն ուղղակի փչացել է: Զինանշանն այդպիսով մտավ կյանք, իսկ Կարեն Աղամյանը հետագայում, ուսումնասիրելով հայոց նիշագիտությունն ու թագավորական զինանշանները`գործածվող զինանշանի հինգ-վեց տարբերակներում աղավաղումներ ու Սահմանադրությամբ նկարագրվածին անհամապատասխանություններ նկատեց: Ի դեպ` Ռ. Ղեւոնդյանի արած բնօրինակը, որի վրա կան պատասխանատուների ստորագրությունները, ոչ մի կերպ հնարավոր չէ գտնել, իսկ հրապարակի վրա արդեն աղավաղված զինանշաններն են: Կ. Աղամյանը հարյուրավոր էսքիզներ է արել, մաքրել զինանշանի դետալներն աղավաղումներից, ուսումնասիրել զինանշանում գործածված բոլոր մանրամասների նշանակությունը սկզբնաղբյուրներով, նիշագիտության կամ գերբագիտության (հերալդիկայի) կանոններով, արդյունքում բազմաթիվ շտկումներով ստեղծել ավարտուն տարբերակներ, որոնցից մեկն էլ մեզ հետ զրույցում համեմատության մեջ դրեց հրապարակի վրա գտնվող զինանշանի տարբերակներից մեկի հետ (լուսանկարները` հրապարակման մեջ):
Նրա կարծիքով մեր զինանշանում ոչ միայն նկարչական սխալներ կան, այլեւ միտումնավոր աղավաղումներ, ասես աղավաղողները հատուկ իմաստ են դրել դրանց մեջ, ու անգամ դա կարելի է անվանել դիվերսիա մեր զինանշանի դեմ: Կան դետալներ, որոնք հակասում են ինչպես գերբագիտության, այնպես էլ նկարչական ունակ գծագրության եւ գրագետ կատարման կանոններին:
2012 թվականին Կ. Աղամյանը կազմել է մի ալբոմ, որտեղ զինանշանի վերաբերյալ իր անհանգստությունները վերլուծել է: Ալբոմը հասել է երկրի նախորդ նախագահին, որը հանձնարարական է տվել Վիգեն Սարգսյանին` զբաղվելու խնդրով: Բայց գործն այդպես էլ քնեց:
Արդյոք հիմա ժամանակն է այս հարցը վերստին բարձրացնելու: «Ուշացած է», պնդեց Կ. Աղամյանը:
Նա նշեց, որ Առաջին հանրապետության զինանշանի երկու տարբերակ է տեսել, զինանշանն ընդունվել է 1920 թվականի հուլիսին, եւ հենց Հովհաննես Քաջազնունին այդ ժամանակ ասել է, որ դա ժամանակավոր է, հետո ավելի հիմնավոր անդրադարձ կարվի զինանշանին: Այդ զինանշանում հաղթողական ոգին պահպանված է, իսկ ահա դրա հիման վրա ստեղծված Հայաստանի հանրապետության այսօրվա զինանշանում, ըստ Կ.Աղամյանի, այդ ոգին պարտվողական է, քանի որ բոլոր դետալներն այնպես են աղավաղված, որ ասես հատուկ դրանք իմաստափոխվել են. «Իմ առաջարկում զինանշանը նույնական է Սահմանադրությամբ նկարագրվածին, ես ոչ թե զինանշանը փոխել եմ առաջարկում` թյուր կարծիք չստեղծվի, այլ կատարման մոտեցումն է տարբեր, սիմվոլիկան է ճշտված եւ համապատասխանում է հերալդիկայի օրենքներին: Բացի այդ` իմ առաջարկած տարբերակը դրական լիցքեր ունի, եւ ոչ թե բացասական, ինչպես այսօրվանը» :
Ըստ Սահմանադրության Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում, վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով, վահանի վրա պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշաններն են (Արտաշիսյանների, Արշակունիների, Բագրատունիների եւ Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն): Վահանը պահում են արծիվը ու առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն: Առյուծն ու արծիվը խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության եւ արիության ուժը, սուրըՙ հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության եւ անկախության, փետուրն ու հասկերըՙ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը եւ խաղաղասիրությունը: Սաՙ ըստ օրենսդրությամբ եւ Սահմանադրությամբ նկարագրվածի:
Կարեն Աղամյանը մատնացույց է անում օգտագործվող զինանշանի տարբերակներից մեկն ու հարցնում. «Ինչպիսի առյուծ եւ արծիվ են մեր զինանշանի վրա, ըստ կանոնների` նրանց լեզուները պետք է երեւան, բերանները պետք է բաց լինեն, նրանք հարձակվելու, երկիրը պաշտպանելու պատրաստ պետք է լինեն: Զինանշաններում պատկերված կենդանիների եւ թռչունների բերանները սովորաբար բաց ենՙ հարձակողական, մարտական ոգով: Մինչդեռ մեր զինանշանի առյուծը լացակումած մի էակ է, որը ոչ թե մեզ կպաշտպանի, այլ կարծես թե ինքն է հիվանդ ու խղճահարության արժանի. բաշը չկա, ականջներն էլ սեղմված են մարմնին` վախեցած կենդանու պես: Հիվանդ առյուծը չի կարող բացասական լիցք չսփռել» :
Ինչու է այդպես ստացվել, գիտակցված է դա արվել, թե՞ անփութության հետեւանք է: Ըստ Կարեն Աղամյանի` կան բաներ, որ նկարիչը չի կարողացել անել, բայց գլխին սեղմված ականջ նկարելը գիտակցաբար արված բան է, չի կարող որեւէ նկարիչ գոնե մեկ անգամ առյուծի ականջ տեսած չլինել. «Սատանայի ականջ է նկարված: Արծվի թեւը ջարդածի տպավորություն է թողնում, էլ չեմ ասում, որ արծվի թեւը վզից է սկսում: Ճանկն էլ ոչ թե ճանկ է, այլ առյուծի թաթ` սա էլ նկարչական անգրագիտություն համարենք ուղղակի, մի թեւը կպած չի մարմնին, մյուս թեւով էլ գրկել է առյուծին» :
Վահանի վրա պատկերված չորս թագավորական զինանշաններից Արշակունների երկգլխանի արծիվը ոչ ոտք ունի, ոչ մարմին, թղթից կտրած պատկեր ոնց որ լինի: Բագրատունիների իբր ընձառյուծն ինչ կենդանի է, պարզ չէ: Ձախ կողմի ներքեւի` Արտաշիսյանների զինանշանի արծիվները (Տիգրան մեծի սաղավարտից) մեր զինանշանում կարծես թութակ լինեն, իսկ արեւի նշանը շրջափակված է: Ավելի ծիծաղաշարժ է զինանշանի վրա պատկերված Կիլիկիո թագավորության առյուծի արտաքինը, ծաղրանքի նման մի բան է ուղղակի…
Զինանշանի կենտրոնը պետք է նարնջագույն լինի` մինչդեռ հանդիպում է մի տեղ կապույտ , մի տեղ` դեղին, անգամՙ սեւ տարբերակներով: Արարատի վրա անհասկանալի է Նոյան տապա՞նն է, թե ամպ կամ մի գիծ, Նոյան տապանն ակնարկում է մեր երկրի` քաղաքակրթության բնօրրան լինելը, ու դրա համար հստակ ու ճանաչելի պետք է պատկերված լինի:
Գործածական մի ուրիշ տարբերակում սուրը նկարված է վահանի վրա դրված եւ ջարդած` դա չի կարող միտումնավոր չլինել` ո՞վ է ջարդել մեր սուրը:
Զինանշանի ներքեւի հատվածում պատկերված են սուր, շղթա, ժապավեն, հասկեր եւ ճյուղ. «Գերբագիտության մեջ ամեն մի դետալ իր նշանակությունն ունի: Ինչ կամ ինչի ճյուղ է` ոչ ոք չգիտի: Սուրը` ծայր չունի, միայն կոթն է երեւում վահանի տակից, իսկ սրի էությունը նրա ծայրն է, ոչ թե կոթը: Դրանից հետո ավելի սարսափելի բան ես նկատում` մեր սուրը շղթայակապ է, շղթայված է, չի կարող աշխատել, չի կարող պաշտպանել մեզ: Ժապավենը հերալդիկայի օրենքներով կարգախոս բովանդակելու համար է, եթե երկիրն ունի կարգախոս: Առանց կարգախոսի` ժապավեն չեն պատկերում ոչ մի դեպքում, եւ ոչ մի գերբի վրա: Այսինքն` ինչ, մենք կարգախոս չունեցող ազգ ու երկիր ե՞նք: Կան այդպիսի երկրներ, որ կարգախոս չեն գրել, այո, բայց նրանք իրենց զինանշանի վրա ժապավեն չեն նկարել: Բացի այդ` մեր ժապավենը թարս է նկարված, տպավորություն է` կարգախոս կա, բայց մյուս կողմում է մնացել: Սա չէր կարող հենց այնպես, անփութության հետեւանք լինել, կարծես միտումնավոր ժապավենը թարս է նկարված» :
Հայաստանում ոչ թե մեկ, այլ հինգ- վեց տեսակի զինանշան է գործածվումՙ եթե հավաքես տարբեր կառույցներում տեղադրված գերբերի պատկերները, դրանցում ակնհայտ տարբերություններ կնկատես: Անգամ պետական կառույցներն են իրարից տարբերվող զինանշաններ գործածում` չիմանալով: Ովքեր են դրանց աղավաղողները` ոչ ոք չգիտե: Կան ամբողջովին միտումնավոր նշաններով լցված զինանշաններ. «1992-ին ընդունվածը ճիշտ է, լավը չի, բայց հաստատված է, հետո սկսեցին այն պղծել, ու դրանց հեղինակները հայտնի չեն: Դրանով իրավապահ մարմիններն արդեն պիտի զբաղվեն: Այս ամենը բոլոր իշխանավորներին պատմել եմ` ԱԺ ղեկավարություն. վարչապետ: Նոր ղեկավարությանն էլ եմ ասել: Միշտ երեւի մտածել են` դրա ժամանակը չի: Հիմա մի բան կպատմեմ` կզգաք, թե որքան է դրա ժամանակը» : Կ. Աղամյանը մեզ պատմեց ռուսական կայսրության գործածած 38 զինաննշանների պատմությունը. ամեն տիրակալ, ամեն ցար եկել ու նախ զինանշանն է շտկել, ու այնպես է պատահել, որ այդ տերության մեջ դրան հաջորդել են զինանշանի բովանդակությամբ կարծես նախորոշված իրադարաձություններ, միստիկա համարվի դա, թե ոչ: Ասենքՙ եթե սուրը կպած է եղել երկգլխանի արծվի թեւին այնպես, կարծես մտած լիներ դրա մեջ, այդ երկրում ներքին երկպառակություններ են սկսվել, երբ սուրն արծվից հեռու է եղել`ծայրն ուղղված արտաքին աշխարհին, այդ երկիրը տարածքներ է գրավել, եւ այլն: «Մեզ հարկավոր է հաղթողական ատրիբուտներով, սեփական պաշտպանությունն ու ինքնիշխանությունը շեշտող զինանշան, ոչ թե վախեցած արծվով ու առյուծով, շղթայված սրով եւ անկարգախոս ժապավենով` անհասկանալի ուղերձներով ինչ-որ բան» , եզրակացրեց Կ. Աղամյանը:
Մեր զինանշանը շտկելու հարցը երկու անգամ Հանրային խորհրդում քննարկվել է, ԶԼՄ-ները մեկ անգամ չէ, որ գրել են խնդրի մասին: Վերջերս նաեւ Ազգային ժողովի կրթության, գիտության մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովում են լսել Կարեն Աղամյանին, խոստացել են քննարկել. «Հույս ունեմ, որ ինչ-որ բան շարժվում է, հուսով եմ: Թե չէ`սատանայական ձեւափոխումներ են արել` կարծես մեր գերբը հատուկ թուղթուգիր արած լինեն: Զինանշանն ազգի կյանքում խորհրդանիշ է, որ ազդում է երկրի տեսակի, ընթացիկ գործընթացների, կատարվող իրադարձությունների ուղղվածության վրա: Կոնֆուցիոսը դեռ 2500 տարի առաջ էր ասում`«Աշխարհը կառավարում են ոչ թե մարդիկ եւ օրենքները, այլ նշաններն ու խորհրդանիշները: Երեւի ճշմարիտ է» :
Կ. Աղամյանը զինանշանի մաքրման եւ հայեցակարգային ողջ փաթեթը պատրաստէլ է, առկա է եւ գունային լուծումը, եւ սեւուսպիտակ տարբերակը: Քննարկման արժանի է զինանշանի ժապավենի վրա զետեղելիք կարգախոսը: Հարյուրավոր մարդկանց հետ քննարկվելուց հետո Կ. Աղամյանն առաջարկում է «Ազգ, միասնություն, հայրենիք» կամ «Ազգ, միասնություն, պետություն» կարգախոսները: Սակայն պատմաբանները կարող են քննարկել ու իրենց առաջարկն անել: Նա նաեւ առաջարկում է Հայաստանում էլ ունենալ, ասենք, նախագահին կից Զինանշանագիտության խորհուրդ, որը կհետեւի բոլոր զինանշաններին ու խորհրդանիշներին, որոնք կիրառվում են պետական կառույցներում:
Նկար 1. Կարեն Աղամյանի հստակեցրած-մաքրած տարբերակներից մեկը:
Այժմ գործածական տարբերակներից մեկը:
Սուրը կոտրված եւ վահանի վրա: