Թուրքական ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջաններ, հասկանալի կերպով էմոցոնիալ մեծ արձագանք է գտել Հայաստանում: Նման մոտեցումը անսպասելի չէր` հաշվի առնելով մեր անցած պատմությունը, ցեղասպանության փաստը եւ այլն:
Սակայն փորձենք զերծ մնալ զգայական ֆոնից եւ հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցողը ազդում մեր տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա ընդհանրապես եւ Հայաստանի վրա մասնավորապես: Գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասի անվտանգային հավասարակշռությունը հենվում է Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված ստատուս-քվոյի վրա եւ, հետեւաբար, բնական հարց է առաջանումՙ արդյոք սկսված աշխարհաքաղաքական այս խաղը կազդի՞ մեր իրավիճակի վրա:
Շատերը այս իրավիճակը համեմատում են հարյուր տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակին, երբ մեծ տերությունները մեզ խոստումներ էին տալիս, սակայն վճռական պահին լքեցին, թողնելով մեզ դարավոր թշնամու դեմ մեն-մենակ: Քրդերի քաղաքականությունը եւս ինչ-որ առումով նման է ՀՀ առաջին հանրապետությանը, երբ իրական գործընթացները թողած, հայությունը երազում էր ծովից-ծով Հայաստանի մասին, արդյունքում կորցնելով գրեթե այն ամենը, ինչ ուներ:
Ներկայումս էլ քրդերը Սիրիայում գործող իրական ուժերիՙ ասադա-ռուսական դաշինքի հետ համագործակցության փոխարեն, դաշնակցում էին ամերիկացիների հետ, իսկ վերջիններս նրանց լքեցին: Միայնակ դիմակայել թուրքական ներխուժմանըՙ քրդերը չէին կարող եւ հասկանալի էր, որ ստիպված էին ընդունել Ասադի գերակայությունը իրենց տարածքների նկատմամբ, որտեղ, հիշեցնենք, վերջիններս ինքնավարություն էին ստեղծել:
Թուրքական ներխուժումը Սիրիայի հյուսիս, եթե դիտարկենք զուտ Թուրքիայի անվտանգության տեսանկյունից, սպասելի քայլ էր: Ի դեպ, այդ մասին գրում էին անվտանգության թեմաներով զբաղվող շատ մասնագետներ, նշելով, որ Թուրքիան իր սահմանների մոտ չի հանդուրժի քրդական երկրորդ ինքնավարությունը: Հիշեցնենք, որ առաջինը Իրաքի Քրդստանն է:
Եվ Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը այն քայլն էր, որին Թուրքիան սպասում էր եւ չհապաղեց օգտվել: Այս իրավիճակը որոշակիորեն հաշվարկված էր նաեւ Ռուսաստանի կողմից, որը սպասելով կանխատեսելի այս քայլին, ուժեղացնում էր իր դիրքերը Սիրիայում, այնտեղ երկարատեւ ժամանակով հաստատվելու համար:
Իսկ մինչ մեծ տերությունները եւ նրանց արբանյակները ռազմավարական ու մարտավարական խաղեր են խաղում, կոտորվում է անմեղ ժողովուրդ, եւ ինչպես վերջին տարիների բոլոր պատերազմներում, հարձակումների ու հրթիռակոծության հիմնական զոհ են դառնում անմեղ քաղաքացիները: Զգայական այս ֆոնն էլ օգտագործում են շատ պետություններ ու նրանց սպասարկող ԶԼՄ-ներ, սեփական քարոզչության համար:
Սակայն եկեք վեր կանգնենք հոգեցունց այս իրավիճակից եւ հասկանանք, թե ի՞նչպես է այն ազդում մեր անվտանգության վրա եւ ի՞նչ հետեւություններ կարող ենք անել: Սա առավել քան կարեւոր է այսօր, հասկանալու ու վերագնահատելու համար անվտանգային այն իրավիճակը, որը ստեղծվել է ՀՀ-ի շուրջ նոր իրողությունների լույսի ներքո:
Մեկ անգամ եւս պետք է փաստենք, որ տարածաշրջանում մեր իրական թշնամին (օգտագործում եմ հենց թշնամի բառըՙ առկա իրողությունները չխեղաթյուրելու համար) կա եւ մնում է Թուրքիան, այլ ոչ թե Ադրբեջանը: Վերջինիս հաշիվները ինքներս կարող ենք մաքրել, սակայն առաջինին դիմակայելու համար մեզ պետք է ռազմավարական դաշնակից:
Այստեղ հարկ է շեշտել, որ պետությունը կարող է ունենալ բազմաթիվ ռազմավարական գործընկերներ, սակայն որպես կանոն մեկ ռազմավարական դաշնակից: Իսկ այդպիսինՙ ռազմավարական դաշնակից, այս պահին Ռուսաստանն է, ինչը նշանակում է նաեւ, որ կարիք կա վերանայել հայ-ռուսական ռազմավարական ու ռազմական համագործակցության մասին եղած պայմանագրերը տարածաշրջանում թուրքական ագրեսիայի աճի լույսի ներքո:
Թուրքական ներխուժումը եւ ընդհանրապես հարձակողական քաղաքականությունը կարող է «ոգեւորել» նրա դաշնակից Ադրբեջանին, տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելով: Սակայն սա միաժամանակ նշանակում է, որ այդ պետության հարավային սահմանների անվտանգությունը նրա համար գերակա է, եւ պաշտոնական Անկարան իր ուշադրությունը եւ ռազմական ռեսուրսները կենտրոնացնում է այս ուղղությամբ:
Սա որոշակիորեն դրական գործընթաց է, քանի որ հնարավորություն է տալիս հետեւել, վերլուծել եւ հասկանալ թուրքական բանակի իրական հնարավորությունները, ռեսուրսները եւ պատերազմ վարելու հմտությունները: Եվ ընդհանրապես, Սիրիայի հյուսիսային շրջաններ թուրքական բանակի ներխուժման եւ այնտեղ երկարատեւ ու արյունալի բախման մեջ հայտնվելը, ինչը ֆինանսական, ռազմական ու տնտեսական լուրջ կորուստներ է նշանակում նրա համար, բխում է մեր շահերից:
Ընդհանրապես Սիրիայի վիետնամացումը Թուրքիայի համար այն է, ինչը կարող է տեղի ունենալ, եթե քրդերը կարողանան կազմակերպված եւ խորքային դիմադրություն ցույց տալ, անցնելով պարտիզանական պատերազմի: Այս հարցում քրդերին օգնելը բխում է նաեւ մեր շահերից, հետեւաբար, եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակի կերպով այս գործընթացը պետք է կազմակերպել, օգտվելով նաեւ դրսում մեր ունեցած հնարավորություններից:
Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցած բազմաթիվ բախումները եւ ռազմական գործողությունները վերջնականապես ցրեցին «քրդերը կռվող ազգ են» միֆը: Վերջիններս չկարողացան դիմադրություն ցույց տալ, երբ «իսլամական պետության» գրոհայինները հարձակվեցին Սինջարի ուղղությամբ եւ խուճապահար փախան, երբ իրաքյան կանոնավոր բանակը շարժվեց Բարզանիի, իսրայելյան հրահանգիչների կողմից պատրաստված, փեշմերգա կոչվող զորախմբերի վրա:
Կկարողանա՞ն արդյոք քրդերը քիչ թե շատ կազմակերպված դիմադրություն ցույց տալ Սիրիայի հյուսիսում, դա միայն ժամանակը ցույց կտա, սակայն, որ նմանատիպ դիմադրություն պետք է եւ կարեւոր է, որ թուրքական բանակը երկար ժամանակով «խրվի» սիրիական անապատներում, սա արդեն մեր շահերից բխող խնդիր է: Այս իրավիճակը նաեւ հնարավորություն կտա Ռուսաստանին ուժեղացնել իր դիրքերը այդ պետության հյուիսիսում եւ Հալեպի շուրջ ստեղծել անվտանգության մեծ գոտի, մանավանդ որ հայաբնակ այդ քաղաքը պարբերաբար ռմբակոծվում է տարբեր ահաբեկչական կառույցների կողմից, եւ վաղ թե ուշ զբաղեցնի Իդլիբի նահանգը:
Ռուսաստանի, հետեւաբար նաեւ Ասադի դիրքերի ուժեղացումը Սիրիայի մեծ մասում բխում է թե՛ սիրիահայության եւ թե ՀՀ-ի շահերից: Ռուսաստանը այսպիսով ընդլայնում է ռազմական ազդեցության իր արեալը, որտեղ Գյումրու ռազմաբազան զուտ տեղային կառույցից կարող է վերածվել ռազմավարական նշանակության օբյեկտիՙ պաշտոնական Մոսկվայի համար:
Այս պայմաններում ՀՀ-ն կարիք ունի անվտանգային ռազմավարության նոր հայեցակարգի, որտեղ ոչ միայն կարտացոլվեն ստեղծված իրողությունները, այլեւ կնախանշվեն այն զարգացումներն ու սցենարները, որոնք կարող են ի հայտ գալ Մերձավոր Արեւելքում ընթացող ռազմական գործողությունների ֆոնի ներքո: Հասկանո՞ւմ են արդյոք գործող իշխանությունները այս իրողությունները եւ արդյոք կարո՞ղ են զսպել հակառուսական ֆոնդերից սնվող իրենց ֆեյքերին ու հ/կ-ներին, սա արդեն այլ հոդվածի թեմա է: