Անցնող շաբաթվա իրադարձությունները տարողունակ էին` կառավարությունը մի շարք կարեւոր որոշումներ ընդունեց, այդ թվում` հաստատեց իր հակակոռուպցիոն ռազմավարությունը, որի շրջանակում ստեղծվելու է հակակոռուպցիոն կոմիտե եւ հանձնաժողով: Ազգային ժողովն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ սահմանելու մասին օրենքը` ի թիվս այլ կենսական օրենքների: Սակայն հետագայի համար իրենց նշանակությամբ ավելի կարեւոր երկու իրադարձություն մի փոքր կմանրամասնենք, քանի որ դրանք պարզապես չի կարելի շրջանցել` ԵԱՏՄ բարձրագուն խորհրդի երեւանյան նիստը եւ ՍԴ լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու` ԱԺ մեծամասնության նախագծի քննարկումն Աժ-ում:
Հայաստանը` ԵԱՏՄ-ն սոսնձող
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ճանապարհելով ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Հայաստան եկած բարձրաստիճան հյուրերին` իր էջում տեղեկացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օդանավակայանում տեղի ունեցած եւս մի` մեկուկես ժամ տեւած հանդիպման մասին.«Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են», հավաստիացրել էր այդ հանդիպումից հետո արված գրառման մեջ Փաշինյանը: Դրանից առաջ նա ՌԴ նախագահի հետ նիստի շրջանակում էլ էր հանդիպել, հետո էլ համատեղ ասուլիս տվել:
Տեսնես սխալ տեղեկատվության համար ամաչո՞ւմ են արդյոք այն ԶԼՄ-ների ղեկավարները, որոնք իրենց «ստույգ» աղբյուրները վկայակոչելով` ավելի վաղ գրում էին, թե Պուտինը Հայաստանի վարչապետի հետ առանձին չի հանդիպի, իսկ այ, Ռոբերտ Քոչարյանին բանտում տեսակցելու է: Չնայած տարբեր տեղեկություններով` Քոչարյանի ներկայացուցիչների հետ Պուտինն ի վերջո հասցրեց շփվել (Բելա Քոչարյանի եւ, ըստ տարբեր տեղեկությունների, ՌԴ դեսպանատանը` Լեւոն Քոչարյանի):
Այսպիսով պատմության համար մեկ անգամ եւս փաստենք`Հայաստանում միաժամանակ ներկա էին ՌԴ եւ Իրանի նախագահները, երկու երկրներն էլ ամերիկյան պատժամիջոցներից տուժած, եւ մեր տարածաշրջանի գլխավոր խաղացողներ: Ի դեմս Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի` կարելի է ասել, որ ոչ միայն ներկայացված էր բարձր տեխնոլոգիաների այդ երկիրը, այլ նաեւ չինական ուղղությունը:
Եւ, իհարկե, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, գումարած` ԵԱՏՄ դիտորդ-երկիր Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
Որ քաղաքական տեսանկյունից ԵԱՏՄ-ում իր գոյության չորս տարվա ընթացքում այնպիսի մասշտաբային իրադարձություն տեղի չէր ունեցել, ինչպես կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ գնահատեց վարչապետ Փաշինյանը, ակնհայտ տեսանելի էր նաեւ ԵԱՏՄ երեւանյան նիստին բոլոր հետեւողներին: Հայաստանը, դերաբաշխմամբ, թե իր սեփական նախաձեռնողականությամբ, իր նախագահության ավարտին իրոք հանդես եկավ ԵԱՏՄ արդյունավետությունը խթանող պատմական եւ հատկապես Հայաստանի դերակատարությունը ընդգծելու կեցվածքով, որը հավանաբար այս պահին ոչ միայն Հայաստանի շահերից էր բխում, այլ նաեւ հարմար բացվածք էր ԵԱՏՄ-ն ընդլայնելու ռուսական ցանկության, ԵԱՏՄ-ի մեծ շուկայով նոր թթվածին ստանալու Իրանի եւ Սինգապուրի մտադրությունների համար: Ընդ որում` վերջիններս դրա համար ստիպված չեն եղել ռուսական կամ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տարածքներ մեկնել եւ դրա համար լրացուցիչ քաղաքական բացատրություն գտնել, այլ գերադասել են Հայաստանի միջնորդավորված կապը. համաձայնեք` այստեղ աշխարհաքաղաքական բարենպաստ ենթատեքստեր կան մեզ համար:
Բոլոր դեպքերում` Հայաստանի կրավորական կեցվածքի փոփոխությունը նախաձեռնողական դիրքորոշմամբ հուսադրող է, իսկ Հայաստանի հանդեպ նիստի մասնակիցների ընդհանրական դրական վերաբերմունքի ակնհայտ ցուցադրությունը եւս վկայում է բարդ քաղաքական հանդիպման կարեւոր որոշումները ճիշտ վայրում եւ ճիշտ ժամանակին կայացնելու առթիվ գոհությունը:
Մի քանի արդյունք` ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական, բայց արտասովոր` ԵԱՏՄ-Իրան-Սինգապուր առանցքով նիստից:
Դա նախ Սինգապուրի եւ ԵԱՏՄ անդամների ստորագրած ազատ առեւտրի համաձայնագիրն էր, որով առանց մաքսատուրքի մուտքի իրավունք սահմանվեց ԵԱՏՄ պետությունների ապրանքը սինգապուրյան շուկա մտնելու համար: Սինգապուրի պես երկրի մասնակցությունը ԵԱՏՄ նիստին առհասարակ ներշնչող էր, ու նաեւ` մեր եւ այդ երկրի տնտեսությունները ինտեգրելու հեռանկարի, հետագայում նաեւ Չինաստանի հետ կապերն ընդլայնելու առումով եւս:
Փաստորեն Հայաստանի նախագահության օրոք Սինգապուրը ազատ առեւտրի եւ տնտեսական համագործակցության երկու համաձայնագիր կնքեց ԵԱՏՄ-ի հետ, իսկ սա իսկապես վատ ցուցանիշ չէ ե՛ւ ԵԱՏՄ-ն ավելի գործուն կառույց դարձնելու, ե՛ւ Հայաստանի հեղինակությունը բարձրացնելու տեսակետից:
ԵԱՏՄ պետությունները ստորագրեցին փաստաթուղթ միասնական ֆինանսական շուկայի մասին` սա եւս, եթե իրագործվի, Հայաստանի մի շարք խնդիրներ կթեթեւացնի: Իհարկե, սրա իրագործումը դեռ այնքան էլ առարկայական չէ, քանի որ գազային եւ էներգետիկ գործիքներով օժտված Ռուսաստանը հնարավորություն ունի խոչընդոտելու այդ փաստաթղթերը կյանքի կոչելուն: Այս իմաստով Հայաստանի համար զսպող գործիք էին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պատրաստակամությունը` ընդլայնելու «Գազՙ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները, առհասարակ` Հայաստանի եւ Իրանի` այդ օրը կնքված համաձայնագրերը:
ԵԱՏՄ նիստն ընդհանրապես նվիրված էր Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժի բացահայտմանը, տրանսպորտային-լոգիստիկ ցանցի զարգացմանը եւ տարածաշրջանի թվային միջանցքների խոչընդոտները վեր հանելուն:
Շատ շուտով ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ երկրների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը: Հայաստանը շահագրգռված է այդ համաձայնագրի իրականացմամբ, ԵԱՏՄ-ի եւՙ բարեկամ Իրանի միջեւ համագործակցության զարգացմամբ` դառնալով կապ Իրանի եւ ԵԱՏՄ-ի, Սինգապուրի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, դառնալով քաղաքական գործոն այդ կառույցում, տնտեսական շահի տեսակետից միջնորդավորված շահ ստանալով: Իսկ որ ավելի կարեւոր է` իր դերակատարումն ու հեղինակությունը բարձրացնելով մի կառույցում, որը ճիշտ է, առայժմ առանձնապես արդյունավետ չի աշխատել, բայց դա չի նշանակում, որ այդպիսին էլ մնալու է:
Մի քանի այլ նկատառում:
Արարարողակարգային թերությունների մասին. այն խոսակցությունները, որ օդանավակայանում այլ երկրների գոնե նախագահներին արարողակարգային դիմավորում չի ապահովվել, քանի որ նրանց ստատուսով շատ ավելի ցածր պաշտոնյա է դիմավորել, ամբիցիաների ինչ-ինչ հակադրոււթյուն է եղել վարչապետի ու նախագահի միջեւ, մեր կողմից անհասկանալի են, որովհտեւ միջազգային նշանակության եւ մեր երկրի համար գերկարեւոր այս կարգի իրադարձության համեմատ` բոլոր տեսակի անձնական հավակնություններն առ ոչինչ են: Ու այդպիսի հակադրությունը պետք է մի կողմ թողնեին երկու բարձր պաշտոնյան էլ: Երկրի շահի համեմատ ինչ- որ ամբիցիա պարզապես փոշի է: Բոլոր դեպքերում կարծում ենք դա չխանգարեց ԵԱՏՄ նիստի արարողակարգային ընդհանրության, ինչպես նաեւ բարձր հյուրերի տրամադրության վրա:
Մի ուրիշ նորություն էր այն, որ տարբեր կադրերից սպրդում էր սովորաբար այսպիսի հանդիպումներում մինչ այս տեսանելի չեղած մարդկային շփման ու փոխհարաբերությունների անկաշկանդ պահեր, որոնք վկայում են այդ տեսակ հանդիպումներից տարբերվող միգուցե ազատականացման տարրերի մասին: Ու կասկած ունենք, որ դրա համար նպաստող միջավայր էր ստեղծում Հայաստանի վարչապետի անպաճույճ պահվածքը: Մարդկային պարզ շփումը երբեմն ավելին է անում, քան տասնյակ արարողակարգային սառը պահանջների պահպանումը:
ԵԱՏՄ նիստի տարողունակ համաձայնագրերը դեռ երկար կվերլուծվեն:
ՍԴ կնճիռը
Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգում էր ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշման նախագիծը` իշխանական «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության աջակցությամբ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի միանում նախաձեռնությանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ նախագծի հիմքերը թույլ են, ու ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ շփումներում նշել էր, որ նախագծին զուգահեռ ավելի խորքային լուծումների ուղղությամբ քայլերը եւս չեն բացառվում: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ԱԺ քննարկման նախօրեին հեռուստահարցազրույցում եւ քննարկման օրը տարածած հայտարարությունում մի շարք պնդումներ էր արել, որի վրա էլ «Իմ քայլի» պատգամավորները կառուցել էին իրենց ելույթները: Իսկ գլխավոր հիմնավորումը ԱԺ պատգամավորների համար նրանք էին, որ Թովմասյանը ներկայացնում է անցյալ, վստահություն չվայելող իշխանությունների շահերը եւ չի կարող ՍԴ անաչառ դատավոր եւ նախագահ լինել:(*) Նախկին իշխանությունների «վերջին դիրքապահ» , այսպես անվանեցին «Իմ քայլի» պատգամավորները Հ. Թովմասյանին: Անգամ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նրան սատանայի փաստաբան անվանեց` նշելով. որ նա Սահմանադրություն եւ Ընտրական օրենսգիրք գրել Սերժ Սարգսյանի համար, որպեսզի նա կարողանա վերարտադրվել: Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նրան կոչեց անցյալի ռեժիմի թոփ-5 փաստաբաններից մեկը, քաղաքական շարժառիթ ունեցող, որը չի կարող ՍԴ նախագահ լինել: Մի խոսքով «Իմ քայլի» պատգամավորների խոսքի գլխավոր շեշտադրումը. տարբեր հիմնավորումներով, այն էր, որ Հ. Թովմասյանն անաչառ չի կարող լինել ՍԴ որոշումները կայացնելիա, եւ ճգնաժամի լուծման միակ տարբերակն այն է, որ ՍԴ-ն որոշի դադարեցնել նրա լիազորությունները: Այդ պահանջով ՍԴ դիմելու համար էլ հենց ԱԺ քննարկումն էր նախաձեռնվել: Հ. Թովմասյանը չէր ներկայացել ԱԺ քննարկմանը, փաստորեն ինքնակամ հրաժարվելով դիրքապահ-սահմանապահ լինելու իր իսկ բնորոշումից: Որոշումը ԱԺ-ն կընդունի ուրբաթ` փակ-գաղտնի քվեարկությամբ:
*) Տեղին է հարցնել, թե ներկա իշխանությունը, առավել եւս վարչապետը ո՞ւմ համաձայնությամբ եւ ո՞ր խորհրդարանի ձայներով են իշխանության եկել: Իրե՞նք էլ են անօրինական: Խմբ.: