Վերջին 1-2 տարում պետությունը մանկատների, գիշերօթիկ եւ հատուկ դպրոցների նկատմամբ քաղաքականությունը փոխել է եւ մտադիր է երեխային պահել ընտանիքում կամ ուժեղացնել խնամատար ընտանիքների ինստիտուտը: Այդ նպատակից ելնելովՙ հանրապետության տարբեր վայրերում շուրջօրյա խնամքի հաստատությունների, գիշերօթիկ եւ մասնագիտացված դպրոցների փակման գործընթացն սկսվել է:Անվիճելի է, որ մանկատներն ու գիշերօթիկ կամ հատուկ դպրոցները երեխաների խնամքի եւ պաշտպանության լավագույն ու կատարյալ տարբերակը չեն: Այդ հաստատությունները սովետական հասարակարգում են ձեւավորվել, մեթոդաբանությունն ու մոտեցումներն էլ ժառանգել ենք նույնությամբ: Ըստ էությանՙ հատկապես գիշերօթիկ դպրոցները կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների համար պետք է միջանկյալ դեր կատարեինՙ իրականացնելով մասնակի խնամք: Բայց այնպես է ստացվել, որ տասնամյակներ շարունակ այդ հաստատություններն իրենց վրա են վերցրել երեխաների հիմնական խնամքը: Թե որքանով է իրականացվել այդ խնամք կոչվածը, ինչ որակով ու արդյունավետությամբ, այլ հարց է, բայց գիշերօթիկների գոյությունը երեխայից հրաժարվելու գործընթացը հեշտացրել է: Սա եւս անվիճելի է:Պետությունը գիշերօթիկն ավարտած քաղաքացու նկատմամբ որեւէ պարտավորություն չունի: 18 տարեկանում ընտանիք վերադառնալով, կյանքի բարդություններին դեմ-հանդիման կանգնելովՙ ինչպես կվարվի գիշերօթիկի սանը, կկարողանա՞ արդյոք գլուխ հանել հազար ու մի խնդիրներից, պետության խնդիրը չէ: Մանկատան սաների հանդեպ դեռ որոշ պարտավորություններ պետությունն ունի, օրինակՙ բնակարանով ապահովելը, բայց բոլորիս է հայտնի, որ դա էլ չի կատարվել: Մի խոսքովՙ գիշերօթիկն ու մանկատունը ընդամենը ժամանակավորապես հետաձգել են երեխայի ու կյանքի ցավոտ հանդիպումը: Բնական է, որ երեխան լավ կյանքից չէ, որ հայտնվում է մանկատանը կամ գիշերօթիկ դպրոցում: Երեխայի համար ծանր պայմանները մեծահասակներն են ստեղծում եւ գլուխ չհանելով իրենց իսկ ստեղծած իրավիճակիցՙ երեխային հանձնում են խնամքի հաստատություններ: Այդ հաստատությունների պատերից ներս կյանքը, բնականաբար, ծափ-ծիծաղով, մեղրուկարագով, համուհոտով չի անցնում: Ընտանեկան խնդիրները ժամանակավորապես հետեւում թողնելովՙ երեխան հայտնվում է իր նման բազում խեղված ճակատագրերի, բախտակիցների միջավայրում, որտեղ նրա բարոյահոգեբանական, կրթամշակութային, հոգեհուզական ճիշտ հիմքերի ու զարգացման մասին ավելորդ է խոսել: Այդ երեխաները մեծանալովՙ հասարակության մեջ սովորաբար տեղ չեն ունենում, հաջողակ մարդ, պահանջված մասնագետ չեն դառնում. նրանց կյանքը չի ստացվում ու մնում են կյանքի լուսանցքում: Մանկությունից թիրախավորվածՙ նրանք այդպես էլ մեծանում ենՙ «խոցելի խումբ» պիտակավորմամբ: Դեռ սովետական ժամանակներից այդպես եղել է, այդպես մնում է արդեն մեկ դար: (*)Պետությունը գիշերօթիկ դպրոցների վրա տարեկան 500 միլիոն դրամ է ծախսում, մանկատներին հատկացվող գումարն անհամեմատ շատ էՙ 2 միլիարդ դրամ: Գիշերօթիկի ամեն երեխայի վրա օրական ծախսվում է 5720, մանկատան սանի վրաՙ 7000 դրամ: Գիշերօթիկներում ներգրավված է ընդհանուր առմամբ 260 երեխա, մանկատներումՙ 630: Այս թվերը մեկ ուրիշ երկրի համար կարող են ծիծաղելի թվալ, բայց մեզ համար լուրջ հոգս են: Մեր պետությունը, փաստորեն, այս երեխաների խնամքի ու պաշտպանության համար գումար ծախսելն անարդյունավետ համարելով, որոշել է երեխաների խնամքի հաստատությունները փակել: Բայց իրականում իսկապես այդ գումարներն անարդյունավետ են ծախսվում: Եթե խնամքի հաստատությունում հայտնված երեխայի խնամքն ու պաշտպանությունը, կրթությունն ու դաստիարակությունը թերի է կատարվում, երեխանՙ որպես առանձին միավոր, մարդ, քաղաքացի, լիարժեք կյանքով չի ապրում, ուրեմն պետական գումարներն ուղղակի վատնվում են եւ վատնվել են տասնամյակներ շարունակ: Ի վերջո, 500 միլիոն կամ 2 միլիարդ դրամը գոյանում է մեր հասարակության հարկերից. այդ հարկերն ամեն ամիս անխախտ գանձվել են, ուղղվել խոցելի խմբերի երեխաների խնամքին, կրթությանը, դաստիարակությանը, բայցՙ ապարդյուն: Այդ երեխաների կենսապայմանները նվազագույն մակարդակով են ապահովվել, իսկ որպես անհատՙ կայացման մասին նորից ավելորդ է խոսել: Այդ երեխաների խնդիրները չեն պակասում տարիների ընթացքում, մինչ նրանք մանկատանը կամ գիշերօթիկում են, ընդհակառակը, ավելանում են: Ու գիշերօթիկից, մանկատնից դուրս գալովՙ նրանք, որպես կանոն, բախվում են այդ ավելացած, դեզ ու սար դարձած խնդիրներին:Հիմա պետությունը, ինչպես նշվեց, որոշել է երեխային վերադարձնել ընտանիք. ի վերջո, յուրաքանչյուր երեխայի իրավունքն է ապրել ընտանիքում, հոգեհուզական կապ ունենալ ընտաիքի անդամների հետ: Խնամքի հաստատությունները փուլ առ փուլ փակելովՙ պետությունը կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաներին վերադարձնում է ընտանիք: Մեծ մասամբ այդ ընտանիքները կան, այսինքնՙ գիշերօթիկի ու մանկատան սաների զգալի մասըՙ 80-90 տոկոսը, ընտանիք ունի: Մյուսների համար պետությունը որոշել է ստեղծել խնամակալ ընտանիքներ: Ամեն երեխայի վրա ծախսվող 5720 կամ 7000 դրամն էլ պետությունն ուղղելու է նրանց ընտանիքներին: Թվում է, թե հրաշալի, մարդասիրական, երեխայակենտրոն ծրագիր է. ի՞նչ վատ էՙ այս բարեփոխմամբ պետությունը երեխային վերադարձնում է ընտանիք, երեխան մեծանում է ընտանիքում, պետությունն էլ նրա օրական ծախսը տալիս է: Բայց մինչ բարեփոխումն իրականացնելը պետությունը պետք է անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծեր, չէ՞որ ո՛չ ընատնքիներն են պատրաստ ընդունել իրենց երեխային, ո՛չ էլ երեխաներն են պատրաստ վերադառնալ ընտանիք: Այդ ընտանքիները բազմաթիվ, բազմաշերտ խնդիրներ ունենՙ է՛լ սոցիալ-տնտեսական, է՛լ հոգեբանական. միայն օրվա ծախսը տալովՙ այդ խնդիրները չեն լուծվում: Մանկատների 630 սաներից 450-ը հաշմանդամություն ունեն. նրանց հատուկ պայմաններ, վերականգնողական ծառայություններ են պետք: Գիշերօթիկների ու հատուկ դպրոցների սաների մեծ մասը եւս հաշմանդամություն ունի. բացի այդ, երբ ասում ենքՙ գիշերօթիկներում կա 260 երեխա, պետք է նկատի ունենալ, որ մի քանի երեխա նույն ընտանիքից են. արդյո՞ք այդ երեխաների ընտանիքը տուն կամ գլխին գոնե ծածկ ունի, եւս երկու-երեք երեխա ավելանալովՙ պայմաններն ավելի չե՞ն ծանրանա:Նուբարաշենում երկու եղբայրներին գիշերօթիկ դպրոցից վերադարձրել են ընտանիք: Ընտանիք ասվածն էլ միայն հայրն է, այն էլՙ թմրամոլ: Այդ ախտից առավոտից երեկո ոտքերը ծռած-կծկածՙ պառկած է: Երկու տղաներըՙ 13 եւ 14 տարեկան, առավոտից երեկո աշխատում են, իրենց անդամալույծ հորը պահում: Հայրն, իհարկե, շատ գոհ է: Առաջ բախտի քմահաճույքին էր հանձնված, հիմաՙ անչափահաս որդիների խնամքին: Տղաները սեւագործություն են անում, իրեն պահում: Ստացվեց, որ հայրը թմրամոլության պատճառով երեխաներից հրաժարվել է, նրանց հանձնել խնամքի հաստատություն, այսինքնՙ երբեք նրանց խնամքով չի զբաղվել, նրանց նկատմամաբ ծնողական պարտավորություններ չի ունեցել: Երեխաները մինչեւ հիմա խնամքի հաստատությունում պետության փողերով մեծացել են: Նոր բարեփոխման համաձայնՙ պետությունը նրանց վերադարձրել է «ընտանիք» ու հիմա երեխաներն իրենց թմրամոլ հորն են պահում: Այս պատմության մեջ միակ տուժողն ո՞վ է. երեխան, այս դեպքումՙ երկու երեխա: Նրանք տուժել են ի սկզբանեՙ թե՛ խնամքի հաստատություն հանձնվելով, թե՛ այնտեղից դուրս գալով:Այսպես թե այնպես, պետության բարեփոխումից առաջ, թե բարեփոխումից հետո, տուժողը երեխաներն են, նրանք են կրում բոլոր հարվածների, նաեւ բարեփոխման հարվածի ցավն ու տառապանքը: Երեխաների հարազատներից շատերը հոգեկան խնդիրներ, ալկոհոլի, թմրանյութի նկատմամբ թուլություն ունեն, բնակարանային, կենցաղային նվազագույն պայմաններից զուրկ են. բայց նրանք վերադարձվում են ընտանիք: Պետությունը խոստացել է յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերել, ուսումնասիրել բոլորի կենսական պայմաններն ու խնդիրները արձանագրել, ստեղծել ցերեկային խնամքի, հոգեբանական, վերականգնողական ծառայություններ: Բայց չէ՞որ այդ ենթակառուցվածքները ստեղծելուց հետո միայն կարելի էր փակել գիշերօթիկներն ու մանկատները: Բայց արվել է ճիշտ հակառակըՙ վերջից. փակվել են, հետո են սկսվել ուսումնասիրությունները, թե ո՛ր երեխային ինչ է անհրաժեշտ, ո՛ր ընտանիքն ինչի կարիք ունի: Ամիսներ շարունակ այդ երեխաներն ապրում են «վերադարձված» ընտանքիներումՙ բարդ ու դժվար խնդիրների կույտի մեջ. համայնքներում անգամ սոցիալական աշխատողի, հոգեբանի, անհրաժեշտ այլ մասնագետների հաստիքներ չեն ներդրվել: Ամեն ինչ արվել է հակառակ տրամաբանությամբ. փակելը հեշտ է, փակենք, հետո ենթակառուցվածքներ ստեղծելու մասին կամաց-կամաց կմտածենք:Քանաքեռի հատուկ դպրոցը փակվել է: Հատուկ խնդրով երեխաներից մեկին մայրն ամեն օր տանում է իր համայնքի սովորական հանրակրթական դպրոց, որտեղ ներառական դասարան չկա: Պետությունն ասում էՙ ամեն երեխաՙ անկախ ֆիզիկական, մտավոր խնդիրներից, իրավունք ունի սովորել իր նախընտրած դպրոցում, ֆիզիկական ու մտավոր խնդիրներ չունեցող երեխաների հետ կողք կողքի: Դարձյալ թվում է մարդասիրական, երեխայակենտրոն մղում է, բայց պետությունը խնդիրներ ունեցող երեխայի ծնողին հարցրե՞լ էՙ ուզո՞ւմ եք, որ ձեր երեխան սովորական դպրոց հաճախի: Եթե հարցներ, մեծ մասը կասեր. «Ո՛չ, չեմ ուզում, որովհետեւ իմ երեխայի համար այդ դպրոցում ոչ մի պայման չկա, ո՛չ ես եմ պատրաստ դրան, ո՛չ երեխաս, ո՛չ էլ այն աշակերտները, որոնց հետ կողք կողքիՙ նույն դասարանում, պետք է սովորի երեխաս»:Քանաքեռի հատուկ դպրոցը փակելուց հետո հատուկ կարիքներով երեխային սայլակի վրա նստեցրած ՙ մայրն ամեն օր տանում է իր համայնքի դպրոց ու ամբողջ օրըՙ մինչեւ դասերի ավարատը, մնում երեխայի հետ դասարանում: Պատկերացնո՞ւմ եքՙ դասարանի վերջին շարքում նստած է մայրը, կողինՙ հաշմանդամ երեխան, ու դասն ընթանում է: Ի՞նչ է հասկանում այդ դասից հատուկ կարիքներով երեխան: Ոչինչ: Ի՞նչ հոգեվիճակում է նրա մայրը: Սարսափելի: Դպրոցում ներառական դասարաններ չկան, ոչ էլ հատուկ մասնագետներ: Նախարարությունն այդ հաստիքը դպրոցում չի ներդրել: Իսկ տնօրենը չի կարող հատուկ կարիքներով մեկ աշակերտի համար մասնագետ ընդունել: Խախտվեցի՞ն երեխայի իրավունքները. խախտվեցին: Եվ ոչ միայն երեխայի, այլեւ նրա ծնողի:Պետական բարեփոխման արդյունում ո՞վ տուժեցՙ դարձյալ ամենախոցելինՙ երեխան: Մենք հարկերը դարձյալ ժամանակին մուծում ենք, բայց դրանք ոչ թե ուղղվում են հատուկ կամ գիշերօթիկ դպրոցներին կամ էլ մանկատներին, որտեղ անարդյունավետ էին ծախսվում, այլ այն ընտանիքներին , որտեղ վերադարձել են երեխաները: Բայց ոչինչ չի փոխվել. մեր հարկերը դարձյալ անարդյունավետ են ծախսվում, ուղղակի վատնվում ու մսխվում են: Որովհետեւ նորից ամեն ինչ թերի է, չուսումնասիրված ու ճիշտ հետեւությունների չհանգած: |