Առաջիկա երեք տասնամյակի ընթացքում Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասական խոհերի տեղիք է տալիս: Կյանքը ցույց տվեց, որ անկախ Հայաստանի երեք նախկին նախագահներից եւ ոչ մեկը իրենց կառավարման տարիներին այդպես էլ նույնիսկ մտահոգություն չհայտնեցին աղետաբեր արտագաղթի կապակցությամբ, ինչ մնար մտածեին բնակչության աճի մասին (*): Եվ այստեղ չկան պետական-իրավական-բարոյական կարգի երաշխիքներ, որ գալիք առաջնորդները կխախտեն այդ արատավոր «ավանդույթը»: Ճիշտ է, ի տարբերություն նախորդների, Փաշինյանը գոնե գործում է հրապարակայնորեն եւ խոսում է նաեւ հենց բնակչության թվաքանակի ավելացման մասին: Սակայն նման գործելակերպը ընդամենը նրա անձնական նախաձեռնության դրսեւորումն է եւ ոչ թե այնպիսի օրենսդրական ակտի իրագործում, որը երկրի ղեկավարին իսկապես պատասխանատու դարձներ պետության ու ժողովրդի առջեւ:
Մյուս կողմից, ժամանակակից քրիստոնեական աշխարհը, որի մի մասնիկն ենք նաեւ մենք, գլոբալիստական ուժերի առաջնորդությամբ բռնել է ինքնակործանման ճանապարհը ազգ-ընտանիք-մտավոր անհատ հասկացությունների վերացման միջոցով, ինչի ակնբախ վկան ծերուկ մայր ցամաքն է իր բազում այլասերիչ «եվրոպական արժեքներով» ու «կոնվենցիաներով»:
Աշխարհ չենք հայտնագործի, եթե հիշեցնենք, որ ազգի գոյության կարեւորագույն գործոններից մեկը հենց բնակչության աճն է: Եվ այս առումով իմաստ կունենար կրկին անդրադառնալ Ռուսաստանում անցկացված խիստ խորհրդանշական սոցիոլոգիական-վիճակագրական մի հետազոտության արդյունքներին: Խոսքը վերաբերում է Խորհրդային Միության քայքայումիցՙ 1990 թվականից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակահատվածում նախկին խորհրդային հանրապետություններում նկատված ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունների վերլուծությանը: Ծանոթանում ես արդյունքներին եւ ապշում, թե ինչպես այստեղ էլ քրիստոնյաները ինչ մեղսավոր ապաշնորհությամբ են տանուլ տալիս մուսուլմանների հետ քանակական կազմի ապահովման հակամարտությունը:
Եվ այսպես, եթե ԽՍՀՄ-ում բնակչության կայուն աճ ունեին առանց բացառության բոլոր հանրապետությունները, ճիշտ էՙ տարբեր չափերով, ապա 2018 թվականին բնակչության թվաքանակի դինամիկայի առումով բացասական ցուցանիշներ ունեն բոլոր հետխորհրդային քրիստոնեական երկրները: Նույնիսկ Ռուսաստանը, որն ընտանենպաստ միջոցառումների ու ներգաղթի շնորհիվ կարողանում էր կայունացնել իրավիճակը, 2018 թվականն այնուամենայնիվ փակեց -1 տոկոս ցուցանիշովՙ 765 հազար մարդու նվազումով: Առաջատարն այս ասպարեզում Վրաստանն էՙ -31 տոկոսՙ 1695 հազար մարդ: Սոցիոլոգիան հավաստում է, որ բնակչության քառորդ կամ գրեթե երրորդ մասի կորուստը խաչ է քաշում երկրի ապագայի վրա: Կոնկրետ Վրաստանի պարագայում գործում է տարածքների կորուստը, Աջարիայի սրընթաց թրքացումը եւ այն նորագույն «հայտնագործությունը», որ Վրաստանի ադրբեջանցիները ապրում են իրենց… պատմական հողում:
Երկրորդ բացասական հորիզոնը զբաղեցնում է Լատվիանՙ -27 տոկոսՙ 734 հազար մարդ: Առհասարակ մերձբալթյան հանրապետությունների կապակցությամբ արժե փոքր-ինչ մանրամասնել: Հայտնի է, որ այդ երեք երկրները հատկապես տենչում էին ազատագրվել «ռուսական լծից» ու վերածվել իսկական եվրոպացու: Ի վերջո հասան իրենց նպատակին: Եվ ինչ, ոչ միայն տեղում չեն բազմանում, ոչ թե պարզապես արտագաղթում են այլ երկրներ, այլ ճողոպրում են: Լիտվայի ցուցանիշըՙ -24 տոկոսՙ 885 հազար մարդ, Էստոնիայինըՙ -15 տոկոսՙ 242 հազար մարդ: Երջանի՞կ են այդ ժողովուրդները, որ իրենց երկրները դատարկվում են, որ երբեմնի ինդուստրիալ պետությունները սոսկ շուկա են դարձել:
Շարունակենք տխուր վիճակագրությունը: Մոլդովան կորցրել է 812 հազար մարդՙ -19 տոկոս, Ուկրաինանՙ 9340 հազար մարդՙ -18 տոկոս, Բելառուսըՙ 697 հազարՙ -18 տոկոս: Եվ վերջապես մեր անտեր Հայաստանը. Եթե ըստ նշյալ ցուցակի 1990 թվականին մեր երկրում ապրում էր 3515 հազար մարդ, ապա 2018 թվականին մնացել է 2973 հազար մարդՙ 542 հազարով պակասՙ -15 տոկոս:
Իսկ հիմա դառնանք մեր նախկին «եղբայրական» մուսուլմանական հանրապետությունների ցուցանիշներին: Համրանում ես, երբ խորանում ես դրանց մեջՙ համատարած գերդրական միտումներ: Տաջիկստանՙ +70 տոկոսՙ 3683 հազար մարդ, Թուրքմենստանՙ +62 տոկոսՙ 2228 հազար, Ուզբեկստանՙ +61 տոկոսՙ 12331 հազար, Ղրղզստանՙ +43ՙ 1890 հազար, Ազերիաՙ +39 տոկոս, 2766 հազար, Ղազախստանՙ +9 տոկոսՙ 1467 հազար մարդ: Զգո՞ւմ եք քրիստոնեական մինուսների եւ մուսուլմանական պլյուսների ահավոր տարբերությունը:
Իսկ մենք երազում ենք մոտակա մի քանի տասնամյակի ընթացքում բնակչության քանակն ավելացնել մոտ 2 միլիոնով: Ի դեպ, քանի՜ տարի Տաջիկստանում քաղաքացիական պատերազմ էր մոլեգնում, բայց դա բնավ էլ չխաթարեց բնակչության աճը: Հայրիշխան բազմանդամ ընտանիքը մուսուլմանական կրոնի անկյունաքարերից է, թերեւս ազգի գոյության հիմնաքարը: Իսկ ահա փոխարենը հեռուստատեսությամբ օրերս ցուցադրվեց վավերական ֆիլմ այն մասին, թե քաղաքակիրթ քրիստոնեական Ֆինլանդիայում ոստիկանները ինչպես են բավականին հաճախ նույնիսկ ոչ փաստական հիմնավորման երեխաներին բռնի ծնողազրկում են ու հանձնում ուրիշ ընտանիքների: Ընդամենը բիզնես է, երեխաներին կենդանական բնույթի անհատների վերածելու եվրոպական քաղաքականության իրականացում:
Կարելի է բազմաթիվ հանրահայտ տեսական դատողություններ անել այն մասին, որ մեծ եւ աճող բնակչությունը մարդկային հզոր ռեսուրս էՙ տարածքներ գրավող աշխատուժ, ինքնաբավ շուկա, ինչը հրապուրում է ներդրողներին, մարդկանց ու կորպորացիաների մրցակցություն, որն առաջընթաց է ապահովում, զինվորական անփոխարինելի պոտենցիալ հավանական պատերազմների համար եւ այլն, եւ այլն: Ֆրանսիայի ավելի քան 7 միլիոն մուսուլմանները մեկ սերունդ հետո կարող են առնվազն կրկնապատկվել: Էրդողանը գերմանաբնակ մոտ 4 միլիոն թուրքերին բուն Գերմանիայում միշտ նույն միտքն է սրսկումՙ բազմացեք ու գրավեք Եվրոպան:
Մինչդեռ Եվրոպան հույսը դրել է ներգաղթող մուսուլման տղամարդկանց վրա, մոռանալով, որ մուսուլմանը երբեք քրիստոնյա չի արտադրի: Ինչպես ռուսներն են ասում, հետնորդներ չունեցող Անգելա տատիկը սա էլ չի հասկանում: