ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Երբ ժպիտը ճակատագիր է
Սկիզբը` թիվ 26, 27, 28 համարներում
«Վաղարշյանի «ցասումը»
Մեր հնարամիտ Հենրիկը ծանր երիտասարդություն էր ունեցել. ծնվել էր Երեւանում, իրապես չքավոր ընտանիքում, 1918 թվականին: Ո՞վ էր կուշտ այդ շրջանում Հայաստանում, ով որ ուղղակի կարողացավ դիմակայել կյանքին, կենդանի մնալն արդեն մեծ հաջողություն էր: Հենրիկը պատանեկության երկու սեր ուներՙ թատրոնը եւ կինոն: Պատահական չէ, որ նա իր ջանքերով դեռեւս 1937 թ. մուտք է գործում Սունդուկյանի անվան հայկական պետթատրոն:
Հենրիկը խաղում էր երկրորդական, փոքր դերեր, էպիզոդներ, (հիմնականումՙ անխոս), բայց նրա համար կարեւորը մթնոլորտն էր, կուլիսների կախարդական աշխարհը, միաժամանակ բեմի վրա գտնվելըՙ Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Դավիթ Մալյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Օլգա Գուլազյանի հետ:
Բայց կինոն առավել էր նրան քաշում: Մասնակցում է սկզբում Հայ կինոյի «Զանգեզուր», «Դավիթ Բեկ» ֆիլմերին, աշխատում Համո Բեկնազարյանի մոտ որպես նկարահանման բրիգադիր, լույս գցող: Հենց այդ շրջանում է ծանոթանում հորսՙ Վիգենի եւ մորսՙ Բելլայի հետ: Մերոնք անկեղծ սիրում են կյանքով լեցուն, հսկայական հումորի տեր այդ երիտասարդին:
Հին սունդուկյանցիները միշտ ժպիտով էին հիշում Հենրիկի այսպես կոչվող «թատերական» գործունեության շրջանը մայր թատրոնի բեմում եւ կուլիսներից այն կողմ: Ինչպես ասացինք, Հենրիկը հայտնվեց Սունդուկյանում 1937 թվին: Իհարկե, ինքը ոչ մի թատերական կրթություն չուներ. 19 տարեկանում, պարզապես բեմի երկրպագու, ընդունվել էր աշխատանքի որպես «մասսովկայի» դերասան, բեմում պետք է երեւար, բայց ձայնազուրկ: Աշխատում էր բացարձակապես էնտուզիազմով, որովհետեւ ստացածը կոպեկներ էին:
Ապագա անվանի կինոբեմադրիչի մեջ արյունը եռում էր: Վաղարշ Վաղարշյանը բեմադրել եւ ինքն էլ Համլետ էր խաղում. սա իրադարձություն էր, երկրումՙ ստալինյան «չիստկաներ», բեմումՙ դանիական պալատական կրքեր: Մի բան էլ Հենրիկն է իր կողմից ավելացնում: Որտեղից որտեղ ներկայացումից առաջ մի կատվի ձագ է գտնում: Բերում եւ աննկատ տեղավորում է այն դագաղի խորքերում, որ նախատեսված էր Օֆելյայի դերակատարուհու համար: Եվ ահա սգո այս խորհրդանիշը պետք է բեմով անցկացնեն: Օֆելյայի դերում է հայտնի դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը, պահը ծանր է ու հանդիսավոր, մեկ էլ բեմով մեկ կատվի մլավոց, էլ չեմ ասում չանգռոցի մասին:
Իսկ դագաղը տանողների նոսր շարքերում էր մեր Հենրիկը… Ներկայացումը մի մազ էր մնացել, որ տապալվեր, եթե սգո խորհրդանիշը արագ տեմպերով դուրս չտանեին:
Համլետըՙ նույն ինքը Վաղարշ Վաղարշյանը, որն այդ շրջանում նաեւ թատրոնի տնօրենն էր, սարսափելի ցասման մեջ էր: Հետախուզական տվյալներով իմանում է, որ այս միջադեպի հեղինակը Հենրիկն է: Կանչում է եւ Եգորբուլիչեւական ոճի բարկությունը թափում մեր նորաթուխ դերասանի գլխին.
– Ուրեմն դու բեմում ոչ միայն պիտի լռես, այլեւ ողջ ներկայացման ժամանակ անշարժ պիտի կանգես, քանզի դու հաշվետու չես արածներիդ համար: Ուստի ես քեզ պիտի պատժեմ: Որքա՞ն է քո աշխատավարձը:
Հենրիկն իսկույն ասում էՙ
– 80 ռուբլի, Վաղարշ Բոգդանովիչ (իսկ իրականում նրա աշխատավարձը 50 ռուբլի էր):
– Այսօրվանից այն դարձնել 60 ռուբլի, գնա՛…
«Սեւ դաշնամուրը»
Պատերազմի տարիներ են: Սունդուկյանի թատրոնը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով: Այս բեմի վրա են հայ աստղերըՙ Հրաչյա Ներսիսյան, Վահրամ Փափազյան, Վաղարշ Վաղարշյան, Ավետ Ավետիսյան: Թատրոնի գլխավոր բեմադրիչն է ստալինյան ոգու աչալուրջ պահապան Արմեն Գուլակյանը: Ամառային երեկոները թատրոնի մուտքի մոտ մշտական թոհ ու բոհ է: Նման երեկոներին թատրոնի երկրորդ հարկի ֆոյեում, ներկայացումից առաջ, ունկնդիրները ականջալուր էին լինում սիրված դաշնակահարուհի Նելլի Դանիելբեկի նվագին:
Սեւ, շողշողուն դաշնամուրը վաղուց էր գրավել Հենրիկի ուշադրությունը: Այդ շրջանում նա հեռվից հեռու սիրահարված էր Կոնսերվատորիայի ավագ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Յոլյանին: «Ախ, եթե ես հնարավորություն ունենայի իմ անուրջների տիրուհուն պարգեւել այս տեսիլային դաշնամուրը», մոտավորապես նման կրքեր են բորբոքվում Հենրիկի ջահել հոգում: Ու նա մի հնարամիտ ծրագիր է մշակում:
Սունդուկյան թատրոնից ոչ հեռու գտնվող նշանավոր Ղանթար շուկայի բեռնակիրների (համբալների) հետ Հենրիկը պայմանավորվում է, որ երեկոյան ութի կողմերը (երբ ֆոյեն դատարկվում է), չորս պնդակազմ բեռնակիրներ թատրոնի երկրորդ հարկից դուրս հանեն դաշնամուրը եւ այն հասցնեն Աբովյան փողոցի այսինչ համարի տունը: Բնականաբար համապատասխան վարձատրության դիմաց: Եվ նախապես զգուշացնում էՙ եթե ձեզ հարցնեն, թե ուր եք տանում այս գործիքը, կպատասխանեքՙ մենք կատարում ենք ընկեր Գուլակյանի հանձնարարությունը:
Բեռնակիրները լուրջ-լուրջ բարձրանում են դաշնամուրի հանգրվանատեղը, կապկպում թոկերով, քաշում իրենց չվալները ուսերին ուՙ հայդա, բարի ճամփա:
Առաջին հարկի մուտքի մոտ մի մարդ փակում է նրանց ճանապարհը եւ խստադեմ հարցնում.
– Կանգնե՛ք, այդ ո՞ւր եք տանում դաշնամուրը:
– Մենք կատարում ենք ընկեր Գուլակյանի հրամանը:
– Ինչպե՞ս թե, այդ ընկեր Գուլակյանը ես եմ…
«Մեյերհոլդ – Առնո – Հենրիկ»
Շրջադարձային դեր է խաղում Հենրիկի կյանքում հայտնի կինոբեմադրիչ, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Էրազմ Մելիք-Քարամյանը, որն ունենալով ընկերական հարաբերություններ «Մոսֆիլմի» հայտնի բեմադրիչ Գերասիմովի հետ, խնդրում է վերջինիս, որ իր ձեռքի տակ առնի երիտասարդ Հենրիկ Հովհաննիսյանին: Այս գործին նպաստում է եւ ականավոր կինոբեմադրիչ Համո Բեկ-Նազարյանը: Այնպես որ 1943 թվականից Հենրիկն աշխատում է սկզբում Գերասիմովի միջնորդությամբ որպես վախտյոր «Մոսֆիլմ» ստուդիայում: Եվ այդ պարտականությունները նա հիանալի էր կատարում, անգամ Գերասիմովին չէր թողնում, որ նա ստուդիա մտնի առանց անցագրի: Այնպես որ «Մոսֆիլմի» օդը նա շնչել է դեռ ջահել տարիներից: Իհարկե, նրա կյանքում հսկայական դեր է խաղացել նաեւ Սերգեյ Գերասիմովը, այդ նա 1954 թվականին Հենրիկին օգնեց ընդունվել ՎԳԻԿ հենց իր արվեստանոցը: Մարդիկ կան, որ իրենց ձեռքով, քրտինքով, աննկուն աշխատասիրությամբ են իրենք իրենց անունը ստեղծել:
Կինո եւ հետո կյանք…
Կանանց հարցում այնքան էլ բախտը չէր բերել, պատահաբար ամուսնացել էր մի ռուս կնոջ հետ, որն իր հերթին արդեն մի հիվանդագին աղջիկ ուներ մի հրեա լրագրողից: Այդ աղջիկը հետո տեղափոխվեց Իսրայել եւ սկսեց կինոսցենարներ գրել, Գաննա Սլուցկի անվամբ: (Նախորդ համարում «Ազգ»ը անդրադարձել է վերջինիս գործունեությանը, կինոգետ Ա. Բախչինյանի գրչով):
Տնային ջերմություն, ընտանիք, երեխա Հենրիկը չի ճանաչել: Գուցե հենց դրա համար նա հոգով միշտ դուրսն էրՙ ընկերներ, կինո: Հենրիկը արտաքինից շատ նման էր իր սիրելի ընկերոջըՙ Առնո Բաբաջանյանին, ընդգծված խոշոր հայկական քիթ, հայի տխուր աչքեր: Անմնացորդ նվիրում իր ընկերությանը: Հենրիկը հպարտանում էր Առնոյով, թերեւս իր ամենասիրելի ընկերոջով: Իր հերթին Առնոյին ավելի հետաքրքրում էր կենսասեր Հենրիկը, հումորի անսպառ մարտկոց Հենրիկը, կյանքի ամենաբարդ իրադրություններում ճամփա գտնող Հենրիկը:
1960-ական թվականների երկրորդ կեսին մոսկվաբնակ անվանի քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը Մոսկվայի քաղաքապետարանից պատվեր է ստանում ստեղծելու թատերական մեծ բեմադրիչ Մեյերհոլդի պղնձե բարելյեֆը այն շենքի պատին, ուր ապրել է ստալինյան ռեժիմի զոհը:
Լավ զգալով Մեյերհոլդի նմանությունն իր ընկերոջըՙ Առնո Բաբաջանյանին, առաջին հերթին նրանց առասպելական մեծության քթերի շնորհիվ, Նիկողոսյանը զանգահարում է Առնոյին, խնդրում, որ նա մի երկու օրով գա իր արվեստանոցը եւ օգնի, որ քանդակի արվեստագետի համանման դիմագծերը:
Առնոն, ասելով որ ինքը շատ զբաղված է, խոստանում է իր փոխարեն ուղարկել Հենրիկ Հովհաննիսյանին: Հենրիկը սիրով գնում է Նիկողոսյանի մոտ.
– Ինձ պատիվ է, Նիկոլայ Բագրատիչ, բնորդ լինել Ձեր համար, մանավանդ որ ճշմարիտ բնորդըՙ Մեյերհոլդը, մի չքնաղ ռեժիսոր է:
– Հենրիկ ջան, ես կուզենայի մի օր քանդակել Առնոյին, քեզ էլ պիտի քանդակեմ, մանավանդ որ վերջերս նայեցի քո շատ տաղանդավոր կինոկոմեդիանՙ «Երեք պլյուս երկուսը»: Էդ ինչ համով կնանիք էիր գտել նկարահանման համար, երանի քեզ:
Հենրիկն ասաց.
– Բագրատիչ ջան, խոսակցությունները ռեժիսորների կնամոլության մասին իրականում փոքր-ինչ չափազանցված են:
– Շատ իզուր, Հենրիկ ջան, մեղք է նման կանանց ծովի ափին ամիսներով նկարահանել ու նրանց համը չառնել: Դա նման է դուրս գալ ձկան որսի, իսկ բռնելուց հետո իշխանները ցանցից դուրս նետել, իսկ համն առնել կարասների. արի տեղներս փոխենք, Հենրիկ ջան:
Կոլյան, իհարկե, քանդակեց Հենրիկին եւ նրա արվեստանոցի բավիղներում պետք է որոնել եւ գտնել Հենրիկի քանդակը, բայց Մեյերհոլդի հուշաքարի համար Նիկողոսյանը, իհարկե, վերստեղծեց ճիշտ եւ ճիշտ Բաբաջանյանի քիթը:
«Անուրջներ Երեւանի մասին»
Վերջին անգամ ես հանդիպեցի Հենրիկին 1964 թվի ամռանը, Հայկինոյի բակում, որը սիրելի հավաքատեղին էր մեր կինոաշխարհի գործիչների: Հենրիկին շրջապատել էին ջահելներն ու ահելները, այստեղ էին Էդմոն Քյոսայանը, Ներսիկ Հովհաննիսյանը, Լաերտ Մովսիսյանը, Ռադիկ Ջանազյանը, Լերմոնտը, Վիդոկը, եկան Վիգեն Ավետիքիչը, Յուրի Երզնկյանը, Գրիշա Սարկիսովը, Էրիկ Մելիք-Քարամյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Արշավիրը, Արտյուշա Ջալալյանը, Ստեփան Կեւորկովը եւ էլի շատ կինոաշխատողներ:
Բանն այն էր, որ «Հայֆիլմի» կինոցուցադրումների մեծ դահլիճում մի կես ժամից առաջին անգամ պետք է ցույց տային Հենրիկ Հովհաննիսյանի կնոկատակերգությունըՙ «Երեք գումարած երկուսը»: Ում հասցրելՙ հրավիրել էր, շատերն էլ եկել էինՙ դրդված իրենց պրոֆեսիոնալ հետաքրքրությունից: Եվ, այսպես, դիտումը խոստանում էր լինել շատ հետաքրքրական: Կային եւ բավական չափով դերասաններ Սունդուկյան թատրոնից: Ուղիղ, մինչեւ բակի մեջտեղ եկան իրենց սեւ «Վոլգա» մեքենաներով Կինոկոմիտեի նախագահ Գեւորգ Հայրյանը, Կենտկոմից Կիմ Պողոսյանը: Մեկն էլ հանաքով հարցրեց, իսկ Անտոն Երվանդիչը չի՞ գալու: Չէ, նա իր փոխարեն ուղարկել էր Սերգեյ Փարաջանովին: Եվ իսկապես, հրավիրվածների մեջ երեւաց մեր կինոյի լեգենդը, որը վերջերս էր դուրս եկել բանտից եւ փոքր-ինչ մոլորված ու իրեն անսովոր համեստ տեսք ուներ: Առաջինը նրան մոտեցավ Հայրյանը, ընկերաբար մտավ թեւը եւ առաջինն էլ նրանք երկուսով մտան դահլիճ: Մարդիկ բազմեցին իրենց տեղերում: Հենրիկը եւ Ստեփան Կեւորկովը, որպես կինեմատոգրաֆիայի միության նախագահ բարձրացան բեմ: Խոսքը տրվեց Հենրիկին.
– Ես այսօր խոստանում եմ ձեզ, որ իմ հաջորդ ֆիլմը նկարահանելու եմ Երեւանում, իմ հարազատ «Հայֆիլմում», ձեր կողքին, եւ այդ ֆիլմը լինելու է նոր Երեւանի մասին, այդ ֆիլմի սցենարը գրել է մեր արաբկիրցի Հեմինգուեյըՙ Պերճ Զեյթունցյանը, երաժշտությունը գրելու է իմ սիրելի ընկերըՙ Առնո Բաբաջանյանը, ֆիլմի նկարիչն է լինելու Վալյա Պոդպոմոգովը: Ֆիլմը ամբողջությամբ նկարահանվելու է Երեւանում, բայց իմ իմացած Երեւանումՙ Կոնդում, Կոզերնում, Սարի թաղում, Արաբկիրում, Շիլաչիում, Երրորդ մասում եւ Բաղրամյան փողոցում: Եվ բոլոր գլխավոր դերերը խաղալու են դեռ անուն չհանած, բոլորովին երիտասարդ դերասանները:
Ու վերջում Հենրիկն ասաց.
– Իսկ հիմա դուք կտեսնեք մի փոքրիկ կինոհեքիաթ, որ մի փոքր հանգստանաք աշխարհի ղալմաղալից: Այստեղ մի էպիզոդիկ դերումՙ Եվգենի Ժարիկովին եւ Ֆատեեւային գինի ու խաղող մատուցելիս հանդես եմ գալիս եսՙ Հենրիկ Հովհաննիսյանս: Գուցե այդպես ես կմնամ ձեր հիշողության մեջ…
Այս ամենը կատարվում էր 1964 թվականի օգոստոս ամսին: Մեկ ամիս անց Մոսկվայում նա Առնո Բաբաջանյանի հետ կհանդիպի մեծանուն գրող Վիլյամ Սարոյանին: Պահպանվել է մի հրաշալի լուսանկարՙ արված Մոսկվայում 1964 թ. սեպտեմբերին, սեղանի շուրջՙ երեքովՙ Առնոն, Վիլյամը, Հենրիկը, գինու բաժակները ձեռքերին, երեւի խմել են մեր ժողովրդի կենացը:
Բոլորի դեմքին ժպիտ է: Նա այդպես էլ ժպիտը դեմքին հեռացավ կյանքից 1964 թ. դեկտեմբերի 5-ին, սակայն հասցրեց իր վերջին կամքը հռչակել. հանձնել իրեն հողին իր սիրելի Երեւանում: Իսկ նրա երազած ֆիլմը Երեւանի մասին այդպես էլ մնաց նրա բարի անուրջների շարքում:
2019, մայիս-հունիս, Երեւան
(Շար. 4 եւ վերջ)