ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Թերթի նախորդ համարում անդրադարձել էի Սեւանա լճի ջրի «կանաչելուն» ու դրա հետ կապված հասարակական տեղի-անտեղի աղմուկին: Այսօր արդեն լիճը մաքուր է, ալեկոծվեց-ալեկոծվեց ու մաքրվեց: Զուգահեռ այդ մաքրմանը, լռեցին նաեւ Սեւանի ճակատագրով «մտահոգ» մարդիկ, լրատվամիջոցները: Այնինչ, հիմա ոչ թե լռելու, այլ աշխատելու ժամանակն է: Ինչեւէ, քանի լիճը հանդարտ վիճակում է, դառնանք նրա հետագա ճակատագրին, որովհետեւ պարտադիր չէ ամեն անգամ բժշկի մոտ գնալ այն ժամանակ, երբ արդեն դանակը ոսկորին է հասել, ու բուժվելու համարյա շանսեր չկան: Լճի կարեւոր հիմնախնդիրըՙ մակարդակի բարձրացումն է: Դեռ անցյալ դարում Կարեն Դեմիրճյանը գտնում էր, որ լճի մակարդակը պետք է բարձրացվի վեց մետրով, որը դառնալու է Հայաստանի կապիտալը, եւ հետագայում ավելի թանկ է գնահատվելու, քանՙ ադրբեջանական նավթը:Իհարկե, գլոբալ տաքացմանը զուգահեռ նավթն իր տեղը կամաց-կամաց զիջելու է ջրին: Այսօր արդեն Իրանում ու Արաբական աշխարհում կան շատ վայրեր, որտեղ մեկ լիտր ջուր ստանալու համար ծախսվում է մոտ հինգ լիտր նավթ: Այս պատկերի կողքին պատկերացրեք ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա գտնվող քաղցրահամ ջրով լի Սեւանը, եւ պատկերացրեք, թե ինչ հսկայական ռեսուրս է դա մեզ համար. թափազանցություն չլինիՙ իսակական զենք: Օրինակՙ Թուրքիան իր ջրային ռեսուրսներով անընդհատ կախվածության մեջ է պահում իր հարեւաններին, ասենքՙ Սիրիային, իսկ Իսրայելըՙ զենքի ուժովՙ Լիբանանին: Ապագան մեզ էլ է տալու այդ հնարավորությունը, եթե այսօր ըստ պատշաճի խնամենք Սեւանը, որովհետեւ եթե 20-րդ դարավերջն ու 21-րդ դարասկիզբը պատկանել են նավթին, դրանից հետոն պատկանելու է ջրին: Իսկ ջուրը մեզ է պատկանում:Ցավոք սրտի, եթե այս տեմպերով շարունակենք, մենք ոչ միայն չենք կարողանա Սեւանի ջուրն օգտագորել միջազգային շուկայում, այլեւՙ երկրի ներսում այն օգտագործելու հնարավորությունից կզրկվենք: Խնդիրները շատ են: Դրանիցիցՙ լճի տակ մնացած անտառների մասին արդեն նախորդ համարում խոսել եմ: Հիմա անդրադառնանք մյուս կարեւոր կետերին: Լճին բավականին մոտ կառուցված են բազմաթիվ հանգստյան գոտիներ, հյուրանոցներ, ռեստորաններ եւ այլն: Իսկ որտեղ են թափվում այդ հարյուրավոր օբյեկտների կոյուղաջրերը: Եթե դրանք նույնիսկ թափվում են հատուկ փորված տարածքների մեջ, միեւնույն է, լճից հեռավորությունն այնքան շատ չէ, որ հասցնի ֆիլտրվել:Հաջորդ կարեւոր վտանգը, որը կարծես ոչ ոքի չի հուզում, լճի ավազանում գտնվող ցանքատարածություններին տրվող պարարտանյութերի խնդիրն է: Գաղտնիք չէ, որ այսօր, ի տարբերություն խորհրդային տարիների, դաշտերն ավելի շատ ու չափազանց են պարարտացվում, քանՙ անհրաժեշտ է: Գիտության զարգացմանը զուգահեռ երեւան են եկել այնպիսի նյութեր, որոնք, կոշտ ձեւակերպումով, թունավոր են: Գարնանն ու ամռանը ցանքատարածությունների նմանօրինակ պարարտացումից հետո միանգամից տեղացող հորդառատ ու երկարատեւ անձրեւների միջոցով այդ ամբողջը հասնում է լճին. եւ պատկերացրեքՙ 20-30 տարի, այդպես շարունակ:Բացի այն, որ հեկտարներով անտառահատվածներ մնացել են ջրի տակ ու սկսել են ակտիվ մամուռ արտադրել, այսօր նվազել է նաեւ օդի թթվածնի խտությունը, հետեւաբարՙ նվազել է նաեւ թթվածնի տարածումը ջրի մեջ, իսկ թթվածնի պակասը խթանում է մամուռների աճին: Այդ տխուր վիճակին նպաստեցին վերջին տասնամյակների խոշոր անտառահատումները:Առաջնային խնդիրը լճի ջրառը պակասեցնելն ու զրոյականի հասցնելն է: Դա կարելի է իրագործել Արաքսի ու Ախուրյանի ջրերը ոռոգման նպատակով օգտագործելով: Նախորդ հոդվածում էլ նշվել է, որ այդ գետերի ջրերով կարելի է առատորեն ոռոգել ամբողջ Արարատյան դաշտը: Միջանկյալ պետք է նկատել, սակայն, որ Թուրքիան արդեն տարիներ շարունակ ամեն բան անում էՙ իր տարածքից Արաքս թափվող գետերն ու վտակները հնարավորինս «սանձելու» ուղղությամբՙ դրանց վրա ՀԷԿ-եր ու ջրամբարներ կառուցելով: Օրինակՙ Արաքս գետի ու նրա վտակների վրա այս պահի դրությամբ գործում են տասից ավելի ջրամբարներ ու ՀԷԿ-եր, մոտ հինգն էլ նախատեսված են ավարտին հասցնել մինչեւ 2021թվականը: Օրինակՙ Քարաքուրթի ու Թուզլուջայի ջրամբարների կառուցումը խիստ վտանգ է ներկայացնում Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի համար: Այդ մասին նույնիսկ ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակիցները 2014թ.ին համատեղ զեկույց էին պատրաստել ՙ «Արարատյան դաշտի մակերեւույթային ռեսուրսների խոցելիությունը կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքով» վերնագրով: Ցավոք, Հայաստանն այս երեք տասնամյակների ընթացքում Արաքսից, բացի ձուկ բռնելուց, որեւէ լուրջ օգուտ չի քաղել, եթե, իհարկե, չհաշվենք այն բազմաթիվ երգերը, որ երգում ենք սեղանների շուրջ, գինովցած ու «Ստամբուլն արյան ծով» դարձնելու տրամադրվածությամբ: Ոմանց այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով ու իրավունքով կարելի է անել դա, պատասխանեմ. Հայաստանը Թուրքիայի հետ երկու ջրային պայմանագիր ունի: Առաջինը 1927թ. հունվարի 8-ին Կարսում Հայկական ԽՍՀ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագիրն է, համաձայն որիՙ սահմանային ջրերը պետք է օգտագործվեն երկուստեքՙ 50/50 ձեւաչափով: Երկրորդըՙ 1973թ. հոկտեմբերի 26-ին Անկարայում ստորագրված համաձայնագիրն է, որը վերաբերում էր Ախուրյանի ջրամբարինՙ կրկին 50/50 ձեւաչափով: Այդ համաձայնագրերի մեջ եղել են հատուկ կետեր, որոնց համաձայնՙ երկուստեք պետք է հիմնվեին հատուկ դիտակետեր, «ջրգողության» դեպքերը բացառելու նպատակով: Դրանք, բնականաբար, չիրագործվեցին, եւ այսօր Թուրքիան սահմանային ջրերի առյուծի բաժինն իրեն է վերցնում, որը, գաղտնիք չէ, ազդում է Արարատյան դաշտի ստորերկրա ջրային պաշարների վրա, եւ մեզ ստիպում դիմել Սեւանի «ջրային առատաձեռնությանը»: Թե ինչու հայկական կողմը վերջին 30 տարիների ընթացքում չի զբաղվել այս հարցով, խնդիր է, բայց, ուզենք-չուզենքՙ կորած բան է, հիմա կարեւորն ապագան է, որի համար հայկական կողմը պետք է օգտագործի Արաքսի 50 տոկոոսը, ըստՙ համաձայնագրի: Այլ տարբերակ չկա, եթե ցանկանում ենք փրկել Սեւանը:Կողակը անհրաժեշտ է Սեւանը մաքուր պահելու համարՍեւանա լճի գերմամռակալման պատճառը, բացի լճի մակարդակի ու թթվածնի նվազումից, ջրի տակ հայտնված թփերից, նաեւ կողակ ձկնատեսակի բացակայությունն է: Վերջին տարիներին Սեւանա լճում համարյա թե անհնար է տեսնել այդ ձկնատեսակը: Կողակիՙ Սեւանին անհրաժեշտ լինելու առաջին պատճառը, բացի տեսակի լինելիությունից, նրա սանիտարական հատկանիշն է: Այսինքնՙ գայլի ֆունկցիան ջրային տարածքներում կատարում է Կողակը: Այն հիմնականում մերձհատակային կենսակերպ է վարումՙ սնվելովՙ դետրիտով, բենթոսով եւ ջրիմուռներով: Հիմնականում լողում է 10 մետր խորության վրա, ձմռան ամիսներինՙ մինչեւ 30-40 մետր: Նվազագույնը ենթադրելի է, որ նաեւ այս ձկանատեսակի բացակայության պատճառով է լիճը գերմամռակալել:Հ.Գ. Կողակը գետերում սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում, Սեւանա լճումՙ 6-7, հաճախՙ 8 տարեկանում: Բազմացման տեսակետից այս բարդ ձկնատեսակը չդիմացավ ձկնորսության մեծ չափերին: Ըստ հաշվարկներիՙ լճում Կողակի բավարար քանակ ապահովելու համար, եթե մեծ միջոցներ չծախսվեն, հարկավոր է մոտ 15-18 տարի, որսի բացարձակ արգելման պայմաններում: |