Վերջին օրերին հասարակության շրջանում մեծ հնչեղություն գտած Սեւանա լճի հիմնախնդիրն ինձ մի անեկդոտ հիշեցրեց. 2015թ. մի մարդ շնչակտուր տաքսի է նստում ու վարորդին պատվիրում էՙ իրեն արագ Արեւմտյան Հայաստան հասցնել: Վարորդի հարցին, թե ո՞րն է շտապելու պատճառը, ուղեւորը պատասխանում էՙ «Մեր վանքերն ու եկեղեցիները քանդում են» :
Օրեր շարունակ Սեւանի ճակատագրով մտահոգվողներն էլ այդ մարդու նման կարծես նոր են իմանում Սեւանի վիճակի մասին, մինչդեռ ամռանը լճի ափը աղտոտողների մեջ իրենք էլ կան: Մի խոսքովՙ հնձում ենք այն, ինչ ժամանակին ցանել ենք:
Ինչեւէ, ամփոփ անդրադառնանք լճին, նախՙ մամռակալելու մասով:
Արդեն մոտ տասը տարի լիճն ամեն այս սեզոնին մամռակալում է, սեզոնային ալեկոծություններն էլ մամուռը դուրս են նետում ափ: Միանշանակ պարզ է, որ լճի հատակում այդքան մամուռի գոյությունը այնքան էլ բնական չէ: Բայց դրանով մտահոգվելուց առաջ հարկավոր է պատճառը գտնել, որ չստացվիՙ դատարկ-դատարկ խոսում ենք: Մոտ տասը տարի առաջ սկսվեցին Սեւանա լճի ափամաքրման աշխատանքները: Ըստ ծրագրիՙ պիտանի ծառերը պետք է հատվեին ու լճի ավազանում ապրող ժողովրդին բաժանվեին: Բոլոր տեսակի թփերը պետք է որոշված հեռավորության չափով արմատախիլ արվեին, որից հետո պետք է հատուկ տեխնիկան հարթեցներ ավազը: Բայց տեղի ունեցավ այն, ինչ ենթադրելի էր:
Ես սեփական աչքերով եմ տեսել, թե ինչպես էին Սեւան ազգային պարկի ղեկավարության ներկայությամբ հատվում միայն պիտանի ծառերըՙ անտեսելով ու օրի-օրի առաջացող ջրի դատին թողնելով այն ամենը, ինչը որպես շինանյութ հնարավոր չէր վաճառելՙ թփեր, կոճղեր, ճյուղեր եւ այլն: Բացի այն, որ ՍԱՊ-ը պարզապես թալանում էր լճափը, նույնիսկ թույլ չէր տալիս, որ համայնքների բնակիչները որեւէ տեսակի փայտ դուրս բերեն անտառից: Քիչ չեն եղել դեպքերը, երբ ոտքը ոտքով ընկնող ծերունուց կամ 13-14 տարեկան երեխայից մի էշաբեռ փայտի համար ՍԱՊ-ի մի «պատվավոր» պատասխանատու 1500 դրամ կամ մեկ հավ է ուզել: Նույն անձի ու նրա «բարոնների» ներքին համաձայնությամբ այդ ժամանակ կարելի էր անտառի որեւէ մասից, մեկ գառան կամ խոճկորի դիմաց մեկ-երկու բեռնատար հաստաբուն ծառ դուրս բերել: Հենց այդ տարիներն էին, որ «կոտրեցին» Սեւանա լճի մեջքը: Դրանք այն տարիներն էին, եւ հենց ՍԱՊ-ի աշխատակիցներն էին, ովքեր պայմանագրային զինծառայողից կացին էին խլում ու սպառնում «ակտ գրել», եթե կաշառք չտա իրենց. այդ մարդկանց պատճառով է լիճն այսօր այս վիճակին հասել:
Վերն արդեն ասացի, որ հաստաբուն ծառերից բացի ամեն ինչ մնում էր լճափին: Մոտ տասը տարվա ընթացքում լճի մակարդակը բավականին բարձրացել է. որեւէ մեկին հետաքրքիր չէ՞ՙՙ որտեղ մնացին չհեռացված կոճղերն ու արմատախիլ չարված չիչխանենու հեկտարներ գրավող թփերը: Սկսում եք կռահել. այսօր այդ ամենը լճի մեջ սուզված է, որպես ջրային անտառ: Լճի վրա նավակով զբոսնած մարդկանցից շատերը նկատած կլինեն, որ տեղ-տեղ հատակն ուղղակի անտառ է հիշեցնում: Իսկ հիմա գտեք պատասխանը, թե որտեղից է առաջանում այդքան մեծ ծավալով մամուռը եւ ափ նետվում:
Իսկ այդ ամենի պատասխանատուներին կրկին փնտրեք հիշյալ տարիներին ՍԱՊ-ում ու Բնապահպանության նախարարությունում պաշտոնավարած մարդկանց շարքերում, որոնցից շատերը, տարօրինակորեն, Վարդենիս եւ Սեւան քաղաքաներում սկսեցին մեկը մյուսի հետեւից կահույքի արհեստանոցներ հիմնել:
Այդ «մաքրման» աշխատանքներից մոտ հինգ տարի հետո, 2014-15թթ.-ին, հատուկ տեխնիկա բերվեց Հայաստան, որը հնարավորություն ուներ ջրի մեջ մտնելու եւ մաքրելու ափըՙ մոտ հիսուն մետր խորության վրա: Հսկայական գումարներ դուրս գրվեցին պետբյուջեից, բայց ոչինչ էլ չմաքրվեց, բացի այն հատվածներից, որտեղ ժամանակի «լավ տղերքը» պետք է լողափեր ու հանգստյան տներ կառուցեին:
Ահա՛ ամբողջ ճշմարտությունը մամուռի մասին, որից ոչ մի վնաս չկա. ինչ-որ տեղ լիճն այդպես նաեւ ինքնամաքրվում է: Իսկ ջրի թունավոր լինել-չլինելու հարցն ուղղակի հիմարություն է: Չի կարելի հիմնվել մի քանի սատկած կովերի լուսանկարների վրա ու եզրակացություն կազմել: Ավելին, երբ մարդն ամբողջ կյանքում տարին մի քանի անգամ է գյուղում լինում, չի կարող իմանալ, որ այս սեզոնին լճի ափամերձ շրջանում աճում են այնպիսի խոտեր, որոնք ուտելով, խոշոր եղջերավոր անասունները գերգազավորումից սատկում են, եթե տերը կամ հովիվը ժամանակին արհեստական միջամտություն չի ապահովում: Այդ լուսանկարներում պատկերված սատկած կովերն այդ ամենի հետեւանքներն են, ջուրն այստեղ «մեղավոր» չէ: Վերջին հաշվով քվանտային ֆիզիկայի պես բարդ չէ հասկանալ այն, որ եթե լճի ջուրը թունավոր լիներ, ապա այնտեղ ապրող կենդանատեսակներն իսպառ կոչնչանային: Բացի այդ, Սեւանի ձկնորսները այսօր էլ մեծ հաճույքով են խմում լճի քաղցրահամ ջուրը: Ես էլ, երբ օրերս այնտեղ էի, հասցրել եմ ըմբոշխնել լճի ջրից: Իսկ ափ նետված մամուռահոտը եւս բնական է. ովքեր չգիտեն, ասեմ, որ մամուռից հոտ է գալիս:
Բայց ա՛յ լուրջ մտահոգվելու տեղիք են տալիս լճափին առաջացած ու ավազը կղզիացրած ճահճուտները, որոնց պատճառով վերջին տասը տարիներին տարածաշրջանում մոծակների ու օձերի քանակն աննախադեպ շատացել է: Եթե նախկինում այդ բարձր լեռնային հատվածներում, մասնավորապես խոսում եմ Վարդենիսի շրջանիՙ Արեգունի-Ծափաթաղ հատվածի մասին, մոծակները չէին էլ նկատվում, ապա այսօր մարդիկ ստիպված են ամռանը ցանցերով փակել բոլոր դռներն ու պատուհանները: Ճահճուտների առաջացմանը զուգահեռ կտրվեցին նաեւ տուրիզմի հետ կապված բոլոր հույսերը. մարդիկ չեն ցանկանում մոծակների կեր դառնալ ու ճահճուտների գարշահոտությունը շնչել: Այս ամենը եւս վաղուց գոյությունի ունի, եւ այդ գոյության համար մենք կրկին «պարտական» ենք ՍԱՊ-ին, որին այդ ամենը վերացնելու համար պետությունը մեծ գումարներ էր հատկացրել: Զարմանալի է, ափ նետված մամուռների հոտին մեկ-երկու շաբաթ չդիմացողներն ինչպե՞ս են այսքան տարի շնչել հեղձուկ առաջացնող ճահճահոտը:
Կարեւոր է լեռներից գյուղերի միջով լիճ հասնող գետերի բերած աղբի խնդիրը, որին ավելանում է նաեւ ամռան ամիսներին արտանետվածը, հիմնականումՙ պոլիեթիելեն ու ապակի: Այդ ճանապարհով նույնպես Սեւանը վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն աղտոտվել է: Լուծումներն, իհարկե, շատ են, բայց ո՞վ է անելու, ո՞վ է ցանցեր տեղադրելու գետերի վրա, ո՞վ է աղբամաններ տեղադրելու լողափերում, ո՞ր կառույցի կամ համայնքի ծրագրով: Մի փոքր էլ շարքային քաղաքացի՞ն պետք է պատասխանատվության զգացում ունենա, թե՞ ոչ:
Սարսափելի մեծ աղմուկ են առաջացնում նաեւ լճի մակարդակի բարձրացման մասին խոսակցությունները: Ասում եմ սարսափելի, որովհետեւ այդ մասին բարձրաձայնողներից շատերն ուղղակի տգետներ են եւ խոսում են միմիայն այն պատճառով, որպեսզի հետ չմնան թեման հոլովող իրենց հարեւաններից ու շրջապատի մարդկանցից: Իրականում լճի մակարդակի բարձրացումը շատ հեշտ եւ դժվար կողմեր ունի: Հեշտն այն է, որ կարելի է օգտագործել նաեւ մեր պետության սահմաններով անցնող ու թշնամու երկիրը ոռոգող Արաքս գետի ջուրը, որի ծավալը թույլ է տալիս ոռոգել ո՛չ միայն Արարատյան դաշտը, այլեւ մյուս բնակավայրերը, եթե պետությունը համապատասխան ջրանցքներ անցկացնի: Այդ դեպքում Սեւանից այդքան ջուր վերցնելու կարիք չի լինի: Ավելինՙ եթե դրան զուգահեռ պակասեցվեն նաեւ Հրազդան գետի ջրթողման ծավալները, մեկ-երկու տարվա մեջ ամեն բան հունի մեջ կընկնի, լճի մակարդակն էլ կբարձրացվի:
Բայց, ինչպես նշեցի, հարցը դժվար կողմ էլ ունի: Եթե լիճը բարձրանա, դրա կողքով անցնող ավտոճանապարհի մեծ մասը մնալու է ջրի տակ, կարողանալու՞ է Հայաստանի Հանրապետությունը այդքան երկարության նոր ճանապարհներ անցկացնելՙ հիմնականում լեռնային տեղանքով: Ես խիստ կասկածներ ունեմ, որովհետեւ, եթե 30 տարում անհնար եղավ ասֆալտապատել 13,05 կմ երկարությամբ Ծափաթաղ-Արեգունի ավտոճանապարհը, որին գոնե 5 անգամ արդեն անդրադարձել եմ, դժվար թե կարճ ժամանակում հնարավոր լինի ասֆալտապատել մի քանի հարյուր կիլոմետրը: Ավելինՙ ի՞նչ ճակատագրի է արժանանալու Վարդենի-Շորժա-Երեւան երկաթգիծը, ջրի տա՞կ ենք թողնելու, թե՞ տեղափոխելու ենք, ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով:
Վերոբերյալ խնդիրները լուրջ ջանքեր ու ծախսեր են ենթադրում, որոնք հնարավոր է լուծել միայն ազգային-պետական բարձր կամքի դրսեւորման պայմաններում: 20-րդ դարի երկրորդ կեսին խորհրդային իշխանությունները ծրագրել ենՙ ցամաքեցնել Սեւանա լիճն ու տարածքն այլ նպատականերով օգտագործել: Այդ նպատակով խորացվել էր Հրազդան գետի ակունքը: Բայց կարճ ժամանակ անց հենց նույն ծրագրի հեղինակները խոստովանեցին, որը լիճը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է մի ամբողջ պետություն կերակրել, որից հետո որոշում կայացվեցՙ երկաթյա արգելապատնեշներով փակել Հրազդանի ակունքի մեծ մասն ու կրկին ընդարձակել լիճը:
Այսօրՙ 21-րդ դարում, երբ, ինչպես ասում են, «տուրիզմը աշխարհն ուտում է», մեզ ի՞նչն է խանգարում մեծ ուշադրություն դարձնել Սեւանին ու դրանով «կերակրել մեր պետությանը»:
Հրանտ Մադաթյանը Սեւանա լիճը շփոթում է լողավազանի հետ
Հուլիսի 9-ին ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, անդրադառնալով Սեւանա լճի հիմնախնդրին, ԲՀԿ անդամ Հրանտ Մադաթյանը, գտնելով, որ լիճը հիվանդ է եւ բոլորիս օգնության կարիքն ունի, առաջարկեց, ո՛չ ավել եւ ո՛չ պակաս, իջեցնել լճի մակարդակը, մաքրել այն եւ կրկին բարձրացնել:
Հավանաբար պատգամավոր Մադաթյանը 70կմ երկարություն, 55կմ լայնություն եւ 1260 քառակուսի կմ մակերես ունեցող Սեւանա լիճը շփոթում է լողավազանի հետ: Ավելինՙ պատգամավորն այնքան վստահ արեց իր առաջարկը, որ ենթադրելի էր, թե Սեւանը շփոթել է ո՛չ թե ստանդարտ լողավազանի, այլՙ մանկական, փչովի, կաուչուկե լողավազանի հետ:
Զարմանալի էՙ ինչպե՞ս կարելի նման լուրջ հարցին, նման անպատասխանատու, անփույթ եւ անգրագետ մոտեցում ցուցաբերել: Մադաթյանը երեւի չգիտի անգամ, որ Սեւանա լճի մակարդակի մեկ մետր կորուստը վերականգնելու համար մի քանի տարի է հարկավոր:
Խնդրին լուրջ մոտեցող պետության խորհրդարանում նման առաջարկի համար պատգամավորին կզրկեին ձայնի իրավունքից:
Ահա՛ թե ո՛ւր պետք է կիրառել վեթինգը:
Հ.Գ. Հույս ունենանքՙ Մադաթյանը Սեւանա լիճը քլորով մաքրելու տրամադրություն չունի….
Գ. Գ.