ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Ցեղասպանության ենթարկվելու կամ հայրենիք կորցնելու սարսափներին չենթարկված մարդկանց համար հեշտ է խորհուրդ տալ հայերին, որ «ներեն եւ մոռանան»: Բայց ցեղասպանությունը ձեւավորել է պատմությունն ու ապագան մեր ժողովրդի, որի համար կյանքը նույնը չի լինելու, նույնիսկ ամբողջական փոխհատուցման դեպքում: Ականավոր գրող Շահան Շահնուրը կոչ էր անում հայերին պայքարել ոչ միայն վերապրողների, այլեւ անմեղ զոհերի հետ, որովհետեւ նրանք են այդ ահավոր տրավմայի բուն ականատեսները:Ամբողջ աշխարհով մեկ հայերի ցիրուցան լինելը հսկայական կորուստներ է պատճառել մեր ազգին ձուլման եւ ուժասպառության ենթարկելով նրան: Եվ դա ցեղասպանությունը իրագործող հանցագործների նպատակն էր, ֆիզիկական ոչնչացումից հետո ոչնչացնել նաեւ հիշողությունը: Լոզանի պայմանագրին նախորդող 1922-ին ընթացող բանակցությունների ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչ Իսմեթ Ինյոնյուն պատասխանելով լորդ Քերզոնի հարցին, թե որտե՞ղ պետք է տեղավորել հայ վերապրողներին, ասել էր ցինիկաբարՙ «Կանադայում եւ Բրազիլիայում հսկայական դատարկ տարածքներ կան: Այդ վայրերում տեղադրեք նրանց»:Հակառակ կորուստներին, Ցեղասպանության ճանաչման գործընթացը իր ինքնուրույն կյանքն է մշակել եւ նույնիսկ 104 տարիներ անց առաջ է շարժվում պատմության միջով, ապացուցելով, որ ճշմարտությունն ավելի հզոր է, քան Թուրքիան, որը միջազգային քաղաքականության գլխավոր դերակատարներից մեկն է դարձել եւ հսկայական ներդրումներ է կատարում Ցեղասպանության ճանաչումը խափանելու նպատակով:Իր դաշնակցային կապերի միջոցով թուրքական կառավարությունը Ցեղասպանության ժխտումը դարձրել է քաղաքական գլխավոր նպատակ: Ամերիկացի Դեյվիդ Սուինդլը ապրիլի 20-ի «American Thinker» պարբերականում գրում է. «Մինչ Թուրքիան արդեն երկար ժամանակ է, ինչ պայքարում է Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման դեմ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի իսլամիստական գաղափարախոսությունը մղել է նրան դաշնակցել «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության եւ նրա ամերիկացի համախոհների հետ: Դրանցից մեկը, որ սատարում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, USCMO-ն է, մահմեդական կազմակերպությունների ամերիկյան խորհուրդը, որն իր մեջ ներառում է 30 մզկիթներ եւ իսլամիստ բարեգործական խմբավորումներ, որոնք ժխտողականությանը նպաստող հայտարարություն են հրապարակել 1915 թվի թուրք-հայկական դեպքերի կապակցությամբ: Թուրքիան միեւնույն քաղաքականությունն է վարում միջազգային մակարդակով, հատկապես հանդես գալով իսլամական կոնֆերանսում, որտեղ նա պարզապես հարցը ներկայացնում է մահմեդական-քրիստոնյա հակամարտության կոնտեքստում: Եվ այդ պատճառով է, որ մենք ականատես ենք լինում Պակիստանի եւ Բանգլադեշի նման ծայրահեղական երկրների դիրքորոշումներին, որոնք ամուր կանգնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի թիկունքներում, ՄԱԿ-ում անցկացվող քվեարկությունների ժամանակ:Նախագահ Էրդողանի իսլամիստական եւ օսմանյան փառասիրությունները ոչ միայն խորտակել են ժողովրդավարությունը երկրի ներսում, այլեւ վախեցրել եւ օտարացրել Չինաստանին եւ եվրոպական որոշ հզոր երկրներին: Չինաստանում ույղուրներին հրահրելուց բացի, Էրդողանը միջամտում է նաեւ եվրոպական երկրների ներքին գործերին, նրանցում գտնվող թուրքական ակտիվ փոքրամասնությունների միջոցով: Այդ փոքրամասնություններն այնքան ակտիվ են, որ Էրդողանը որոշել էր իր նախընտրական արշավը նաեւ Գերմանիայում անցկացնել, կարծես այդ երկիրը իր սեփական տարածքը լիներ: Նա ընդհարվեց Հոլանդիայի եւ Ավստրիայի հետ, թշնամացնելով նրանց: Եվրոպական ղեկավարների հետ նրա վեճերը, գումարած իր երկրում հաստատած նրա բռնատիրական իշխանությունը պատճառ դարձան, որ Եվրոմիության հետ Թուրքիայի բանակցությունները դադարեցվեն: Նման իրավիճակը, ինչ խոսք, նպաստավոր է հակա-էրդողանական ուժերին համայն աշխարհում: Քաղաքական առումով դրանից շահում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, Գերմանիայի բունդեստագը վճռական բանաձեւ ընդունեց, որով նույնիսկ ճանապարհ էր հարթում, որ հայերը փոխհատուցում ստանան: Այո՛, գերմանական բանաձեւը չէր դատապարտում միայն օսմանյան հանցագործությունները, այլեւ ընդունում Գերմանիայի մեղսակցությունը, ինչը հայերին պարտավորեցնում է օգտագործել այն փոխհատուցում ստանալու նպատակով:Ֆրանսիան արդեն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, բայց չէր կարողացել ժխտումը քրեականացնել: Այդ բացը լրացնելու համար նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակման օր ամբողջ Ֆրանսիայի տարածքում: Հայտարարությունը ներառում էր նաեւ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությունը Հայաստանում անցկացվող հիշատակման արարողություններին:Անկարան խիստ քննադատեց Ֆրանսիայի այս քայլը: Նախ, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Սենտոպը ելույթ ունեցավ ապրիլի սկզբներին Անթալիայում (Թուրքիա) տեղի ունեցող ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայում: Ապա արտգործնախարար Մեվլութ Չաուշօղլուն կրակին յուղ ավելացնելով Ֆրանսիային կոչ արեց չմոռանալ Ալժիրում իր գաղութարարական անցյալը: Ֆրանսիական պատվիրակության անդամ Սոնիա Կրիմին արձագանքեց ասելով, որ Սենտոպի խոսքերը ցնցեցին իրեն: Այնուհետեւ ֆրանսիական պատվիրակությունը լքեց դահլիճը: Չաուշօղլուն նաեւ նշել էր, որ Ֆրանսիայում ապրող 700 հազար թուրքերը վիրավորված էին Ֆրանսիայի կառավարության պահվածքից, մոռանալով որ Եվրոպայում ապրող թուրքերի մեծամասնությունը դեմ է Էրդողանի բռնատիրական իշխանությանը եւ միայն մի քանի մոլեռանդներ կարող են համամիտ լինել արտգործնախարարի ելույթի հետ: Ի դեպ, պետք է նշել, որ թուրքական լրատվամիջոցներից մեկը հրճվանք էր արտահայտել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի կապակցությամբ, համարելով այն պատիժ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Իրական պատճառը ինչպես երեւում է կա՛մ մարդկային սխալն է, կա՛մ էլ մեխանիկական թերությունը:Սենտոպին մեկ ուրիշ հնարավորություն էլ ընձեռվեց իր պոռթկումը արտահայտելու: Այս անգամ Իտալիայի պատգամավորների պալատի ապրիլի 10-ին ընդունած բանաձեւն էր առիթը, որը 1915-ի իրադարձությունները Օսմանյան կայսրությունում «ցեղասպանություն» էր բնութագրել, եւ որին 382 պատգամավոր կողմ էր քվեարկել, ոչ մի դեմ, բայց 43ՙ ձեռնպահ:Թուրքիան հզոր երկիր է եւ վերոնշյալ եվրոպական երկրները բազմաթիվ շահեր ունեն Անկարայում, հատկապես որպես գործընկերներ ՆԱՏՕ-ի կառույցներում: Բայց նրանք վճռական դիրքորոշում են դրսեւորում, որովհետեւ Ցեղասպանության ճշմարտությունը կարեւորություն է ձեռք բերում, իսկ Թուրքիան դարձել է միջազգայնորեն մերժված թշվառական:Բացի Եվրոպայից, Մ. Նահանգներն ու Իսրայելն են ժամանակ առ ժամանակ սպառնում Թուրքիային, որ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, երբ հարկ են զգում ճնշելու Թուրքիային, որ զիջումների գնա: Այդուհանդերձ ազդեցիկ պետական գործիչներ եւ գիտնականներ այդ երկու երկրներում հաստատակամորեն պաշտպանում են ճանաչումը:Մ. Նահանգները Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1951-ին եւ հետագայում 1981-ին Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք, երբ նա պաշտոնապես արտասանեց «Ցեղասպանություն» եզրույթը: Նրանից հետո եկած նախագահները վարանում են այդ եզրը օգտագործել, բայց նրանց (Բուշ կրտսերի, Օբամայի եւ նույնիսկ Թրամփի) հայտարարությունները պակաս ազդեցիկ չեն:Մյուս կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը զգուշավորությամբ, բայց հաստատուն քայլերով մուտք է գործում իսլամական աշխարհ, որ Թուրքիան համարում է իր ամրոցը: Ինչպես Երեւանում թուրքագետ պրոֆ. Ռուբեն Սաֆրաստյանն է նշումՙ «Հայոց ցեղասպանության ճանաչումը մահմեդական աշխարհ է ներթափանցում»: Նա վստահ է, որ մահմեդական աշխարհը վեր է կանգնելու կրոնական ընդհանրություններ ունենալու գաղափարից եւ գիտակցելու է մարդկության դեմ կատարված այդ հանցագործության ահավոր ծանրությունը:Իրականում մահմեդական աշխարհում ժխտողականության պատն սկսեց ճաքեր տալ այն բանից հետո, երբ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Էլ-Սիսին ելույթ ունեցավ փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության խորհրդի առջեւ: Նա նշեց, որ 100 տարի առաջ Եգիպտոսը հյուրընկալել էր օսմանյան իշխանությունների իրագործած ցեղասպանությունից մազապուրծ հայերին: Այդ հայտարարությունը հարցադրումների, քննարկումների եւ հոդվածների մի ամբողջ շարքի պատճառ դարձավ: Հայտարարությունը կարեւոր էր մասնավորապես այն նկատառումներով, որ Թուրքիան արդեն երկար տարիներ աղավաղված պատմություններով գրքեր եւ բրոշյուրներ է տարածում Եգիպտոսում եւ արաբական մյուս երկրներում:Շատ քիչ հայեր են ապրում պատերազմից հյուծված Լիբիայում, որը վերջերս հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել, զարմացնելով հայերին: Լիբիան նույնպես օսմանյան տիրապետության տակ էր (17-րդ դար) եւ լիբիացի ժողովուրդը, հայերի նման, պատմական հիշողություններ ունի անշուշտ: Անցյալ դարում թուրքամետ Իդրիս I-ինն էր թագավորում Լիբիայում, որին 1969-ին գահընկեց արեց գնդապետ Մուամմար Քադդաֆին: Այն օրից, երբ ժողովրդավարություն հաստատելու քողի տակ ՆԱՏՕ-ի զինված ուժերը խորտակեցին երկիրը, այն դարձել է պատերազմի հրձիգների եւ ահաբեկիչների ապաստարանը: Այժմ իշխանության ղեկին կանգնած են երկու մրցակից կառավարություններ, որոնցից մեկը առավել նվիրված է իսլամին եւ վայելում է Թուրքիայի եւ Քաթարի պաշտպանությունը, իսկ մյուսը հակա-իսլամական ուժերն են Խալիֆա Աֆթարի ղեկավարությամբ, որը վայելում է Եգիպտոսի եւ Արեւմուտքի պաշտպանությունը: Այնպես որ, կարելի է գուշակել, թե որտեղից է առաջացել Ցեղասպանության ճանաչման գաղափարը:Հայոց ցեղասպանության իրագործումից ի վեր պատմության մեջ զանգվածային սպանությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, սկսած հրեական ողջակիզումից մինչեւ Կամպոջիայի, Դարֆուրի, Ռուանդայի, Բալկանների, եզդիների եւ այլ ցեղասպանությունները: Նման դեպքերի աճն ու հաճախակի դառնալը կարող է հարց առաջացնել, թե մենք ո՞ր տեղն ենք գրավում այդ ցուցակում, կամ այդ ամենի մեջ հայոց դատը ինչ-որ ձեւով չի՞ տուժում արդյոք: Պատասխանը ավելի քան հստակ է: Այդ վայրագությունների կրկնությունները բարձրացնում են գիտակցությունը, իրազեկությունը Ցեղասպանության վտանգների մասին եւ աշխարհի հզորագույն իշխանությունները միջոցներ են ձեռնարկում պատժելու իրագործողներին, ինչպես տեղի ունեցավ Ռուանդայի, Կամպոջիայի եւ Բալկանների իրադարձությունների կապակցությամբ: Արդեն առկա է իրավական մի հզոր փաստաթուղթՙ ՄԱԿ-ի 1948 թվի ցեղասպանության համաձայնագիրը, որով կարելի է արդարություն իրականացնել եւ կանխարգելել զանգվածային վայրագությունները, եթե դրանք չդառնան քաղաքական մեքենայությունների առարկա:Պատմությունը հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման է ընթանումՙ քաղաքական վերոնշյալ զարգացումների շնորհիվ: Դրան գումարած հսկայական քանակությամբ ակադեմիական հրատարակություններ եւ ուսումնասիրություններ են լույս տեսնում հայ եւ օտար գիտնականների կողմից: «Հայոց եղեռնըՙ 23 երկրների գրականության թեմա» խորագրով ծավալուն հոդված է տպագրել Արծվի Բախչինյանը «Ազգ» շաբաթաթերթի ապրիլի 19-ի համարում:Մինչ պատմությունը առաջ է շարժվում դեպի բացարձակ ճշմարտության բացահայտում, ամբողջական ճանաչումը իրականություն է դառնալու Հայաստանի հզորացումով եւ փաստավավերագրական նյութերի առաջիկա գիտական հրապարակումների շնորհիվ:Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator) |