Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԶՐՈՅՑԸ ԱՆԱՍՏԱՍ Ի. ՄԻԿՈՅԵԱՆԻ ՀԵՏ

19/04/2019
- 19 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

14 մարտ, 1962, Երեւան

Սկիզբը` նախորդ 3 համարներում

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Մեծ գրող է Շանթը, պէտք է հրատարակել նրա գործերը. գրել լաւ առաջաբան, խիստ քննադատել նրա քաղաքական գործունէութեան մոլորումները, բայց գեղարուեստական երկերը հրատարակել: Չէ՞ որ Իսահակեանն էլ դաշնակցական էր եղել…

Հր. ՔՈՉԱՐ.- Որոշ ժամանակ Թումանեանն էլ:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Նրանց հարցը տարբեր է, Շանթինըՙ տարբեր, բայց երկերը պիտի հրատարակել:

Հր. ՔՈՉԱՐ.- Մի ժամանակ չէինք հրատարակում նաեւ Րաֆֆուն ու Պատկանեանին, եւ դաշնակցութիւնը նրանց ծառայեցնում էր որպէս զէնք մեր դէմ: Դուք օգնեցիք հրատարակել Րաֆֆուն ու Պատկանեանին: Հիմա այդ զէնքերը խլուած են նրանցից: Ինչո՞ւ ուրեմն թողնենք նրանց ժողովուրդի ազատագրական կռիւների փառքը գրողների գեղարուեստական ժառանգութիւնը: Բունինի երկերի առաջաբանում գրել են, որ նա մոլի հակասովետական գործիչ է եղել, բայց ստեղծել է գեղարուեստական այնպիսի երկեր, որոնք ռուս գրականութիւնից դուրս թողնուել չեն կարող: Այդպես էլ մենք Շանթի մասին կարող ենք ասել:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Պէտք է հրատարակել լաւ առաջաբանով:

Ա. ՔՈՉԻՆԵԱՆ.- Հէնց Քոչարն էլ կարող է առաջաբանը գրել:

Հր. ՔՈՉԱՐ.- Կամ մի ուրիշը, միեւնոյնն է:

Եա. ԶԱՐՈԲԵԱՆ.- Հայաստանում ընդամէնը մի քանի մարդ կան, որ դէմ են Շանթի երկերի հրատարակութեանը. Արամայիս Կարապետեանի նման մարդիկ:

Հր. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ընկեր Միկոյեան, միւս խնդիրը, որի մասին կ՛ուզենայինք Ձեր կարծիքն իմանալ, զօրավար Անդրանիկի գնահատութեան հարցն է: Ժողովուրդը նրան սիրում է որպէս թուրքական բռնակալութեան դէմ կռուած հերոս, նրա մասին երգեր են երգում, պահում են նրա պատկերները, իսկ պաշտօնապէս մենք ոչ մի խօսք չենք ասում թեր կամ դէմ:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Ի հարկէ, ժողովրդական հերոս էր եւ դէմ էր Դաշնակցութեանը:

Հր. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Այո՛, շատ փաստեր կան, որ դէմ է եղել…

Հր. ՔՈՉԱՐ.- Ներողութիւն, Հրաչեա, որ ընդհատում եմ քո խօսքը, Անաստաս Իվանովիչ, Դուք երեւի կը յիշէք, որ 1918 թ. Յուլիսին Անդրանիկը Նախիջեւանի շրջանը յայտարարելով Սովետական Ռուսաստանի անբաժանելի մասը, ռատիոհեռագրել է Շահումեանին, որ իրենՙ իր ջոկատով դնում է սովետական իշխանութեան տրամադրութեան տակ: Շահումեանն էլ պատասխանել է նրան այսպիսի խօսքերով.- «Ժող. Առաջնորդ Անդրանիկին, Ձեր հեռագիրն ստացայ: Լրիւ տեքստը հաղորդեցի Մոսկուայի Կենտրոնական կառավարութեանը: Իմ կողմից ողջունում եմ յանձինս Ձեզՙ ճշմարիտ ժողովրդական հերոսի: Եթէ պարոն Քաջազնունիները եւ միւսները նման լինէին Ձեզ, հայ գիւղացիութիւնը հիմա չէր ապրի այսպիսի ողբերգութիւն…»:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Պէտք է գրել այդ բոլորի մասին:

Հր. ՔՈՉԱՐ.- Իսկ դաշնակները թուրք փաշաների հետ որոշել էին ոչնչացնել Անդրանիկին, որ թուրքական բանակի համար ճանապարհ բաց լինիՙ Նախիջեւանի եւ Զանգեզուրի վրայով արշաւելու դէպի Բաքու…

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Նոյնիսկ այդպէս:

Հր. ՔՈՉԱՐ.- Այո՛: Անգամ շատ տարիներ յետոյ Սիմոն Վրացեանը իր «Հայաստանի Հանրապետութիւն» գրքում գրում է, որ Անդրանիկը խանգարում էր իրենց եւ ասում էր.- «Թուրքիայի տուած Հայաստանը չեմ ուզեր….»: Ի միջի այլոց այս գրքում Վրացեանը բերել էր նաեւ Ձեր նոտան 1920 թուականից Բաքուից, որտեղ Դուք սպառնագին առաջարկում էք նրանցՙ բանտերից բաց թողնել կոմունիստներին եւ կոչում էք նրանց «բաշիբոզուկներ» եւ առաջարկում էք ուլտիմատումի պատասխանը յայտնել ընկեր Սերգէյ Վարդանեանին:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Չեմ յիշում:

Հր. ՔՈՉԱՐ.- Կա՛յ այդպիսի փաստաթուղթ:

Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Պէտք է յիշել նաեւ Անդրանիկի ռազմական գործունէութիւնը 1912 թուականի Բալկանեան պատերազմի ժամանակ, Բուլղարիայում: Բուլղարները հպարտութեամբ են յիշում այդ մասին:

Հր. ՔՈՉԱՐ.- Այնտեղ նա մի ամբողջ բանակ շրջապատեց եւ գերի վերցրեց նաեւ բանակի հրամանատար թուրք փաշային:

Ն. ԶԱՐԵԱՆ.- 1926 թուականին էլ Անդրանիկը ՀՕԿ-ի նախագահ Գրիգոր Վարդանեանի հետ իր սուրը նուէր ուղարկեց Սովետական Հայաստանի պետական թանգարանին, շատ լաւ նամակի հետ միասին:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Այդ բոլորը հաստատում են, որ նրան պետք է գնահատել որպէս ժողովրդական հերոսի, ցոյց տալով նրա սխալներն ու մոլորութիւնները:

(Մի պահ լռութիւն է տիրում: Կարծես զրոյցը մօտեցել էր իր աւարտին)

Ն. ԶԱՐԵԱՆ.- Մի հարց էլ, Անաստաս Իվանովիչ: Ես Ճապոնիա էի գնացել: Այնտեղ հանդիպումներ ունեցայ ճապոնական գրողների հետ եւ նրանք ինձ հարցնում էին, թէ ինչո՞ւ այդպէս վարուեցինք բանաստեղծ Բորիս Պաստերնակի հետ: Եւ ես չգիտէի ինչ պատասխանեմ: Հիմա էլ Եւտուշենքոյի նկատմամբ լաւ չի վերաբերմունքը:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Ինչո՞ւ չգիտէիք: Կարող էիք ասել, որ Պաստերնակը մեզ հետ լաւ չվարուեց իր արարքով:

Ն. ԶԱՐԵԱՆ.- Նրանք գիտէին նաեւ Պաստերնակի կնոջ նկատմամբ եղած ռեպրեսիայի մասին:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Այդ կինը երկար ժամանակ զբաղուած էր վալիւտայի գաղտնի առեւտրով. սպեկուլացիայով էր զբաղուած, իսկ Սովետական պետութիւնը չի ներում այդպիսի օրինազանցութիւն, ով էլ լինի կատարողը: Չի կարելի յարգել նրանց, ովքեր չեն յարգում Սովետական Պետութեանն ու նրա օրէնքները:

(Ընկերներ Զարոբեանն ու Քոչինեանը յիշեցնում են, որ զրոյցն աւարտենք: Ընկեր Միկոյեանի ժամանակը քիչ է, մեզանից յետոյ պիտի ընդունի մի ուրիշ խմբի: Բոլորը ոտքի են կանգնում, որ նշան է, թէ զրոյցն աւարտուել է: Յովհաննիսեանը քաշում է Ն. Զարեանի թեւը, ինչ որ բան է ասում):

Ն. ԶԱՐԵԱՆ.- Անաստաս Իվանովիչ, մի բան մոռացայ հարցնել: Դուք կարդացե՞լ էք լեհ գրող Բոգդան Գեմբարսկու յօդուածը:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Ի՞նչ յօդուած:

Ն. ԶԱՐԵԱՆ.- Այդ գրողը յօդուած է գրել «Նամակ իմ մի թուրք բարեկամին» վերնագրով, ուր խօսում է հայկական ջարդերի, հայկական հողերի գրաւման մասին եւ հատուցում է պահանջում:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- (Ծիծաղելով) Երեւի հայ է. Լեհաստանում շատ լեհացած հայեր կան:

Հր. ՔՈՉԱՐ.- Ուրիշ լեհ գրողներ կան այնտեղ, որ ծագումով հայ են, իսկ Գեմբարսկին հայ չէ: Մենք շատ կը ցանկանայինք, որ Դուք այդ յօդուածը կարդայիք, Անաստաս Իվանովիչ:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Չունեմ այդ յօդուածը…

Հր. ՔՈՉԱՐ.- Հէնց այսօր կը յանձնեմ Սերգոյին (Ա. Միկոյեանի եղբօրը), որ Ձեզ տայ:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Շատ լաւ, կը կարդամ:

(Հրաչեա Քոչարը մօտենում է Ա. Միկոյեանին եւ Զարոբեանին).

Հր. ՔՈՉԱՐ.- Ներողութիւն պիտի խնդրեմ որ էլի ժամանակ եմ խլում. մի կարեւոր հարց էլ ունէի տալու:

Ա. ՄԻԿՈՅԵԱՆ.- Ասէք, ասէք:

……………

Այստեղ ավարտվում է Ա. Միկոյանի հետ հանդիպում-զրույցի սղագրության մեր ձեռքի տակ եղած մեքենագիր օրինակը: Համենայնդեպս, ամենավերջում, հազիվ ընթեռնելի եւ կիսատպված տողերից կարելի է ենթադրել, որ Հրաչյա Քոչարը Միկոյանին գանգատվում է, որ ժամանակակից պատմագրությունը չի ընդունում բոլշեւիզմի հրապարակ գալուց առաջ հայ ժողովրդի կյանքում սոցիալ-դեմոկրատական ու հեղափոխական շարժումների գոյությունը, եւ օրինակ է բերում Հնչակյան կուսակցությանը, անգամ հիշում, որ Մարո Նազարբեկը Էնգելսի թաղմանը պսակ է դրել նրա շիրիմին: Դժբախտաբար մեզ հայտնի չէ Միկոյանի պատասխանը :

Շար. 4 եւ վերջ

*) Խոսքը հավանաբար վերաբերում է Սիրիայից, Եգիպտոսից եւ Կիպրոսից ու Պարսկաստանից ծրագրվող մասնակի հայրենադարձությանը: Ծ.Խ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՉԱՐԻ ՎԵՐՋԸ» ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՕՐԵՆՔԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՕՐԵՆՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական