Ահա՛ մի հոդված, որը կարող է իր դրական մոտեցմամբ զարմանք պատճառել հայաստանցի ընթերցողին, որը հատկապես ներկա օրերի իրադարձություններին հետեւում է հակադիր ճամբարների բաժանված լրատվամիջոցների պրիզմայով, այսինքնՙ այլամերժության, ժխտողականության մթնոլորտում: Հոդվածագիրը քաջածանոթ է մեր ընթերցողներին իր բազմակողմանիորեն զարգացած մտապաշարով եւ վերլուծական կարողությամբ: Նրա հայացքն այսօրվա հոդվածում սեւեռված է Հայաստանի դիմագրաված արտաքին մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղղությամբ նոր իշխանությունների կատարած աշխատանքի վրաՙ դրական-քաջալերական մոտեցումով:
«Ազգ»
Երկրաշարժը, պատերազմը եւ Խորհրդային Միության փլուզումը ծանր վնաս հասցրեցին Հայաստանին, եւ հակառակ իր ունեցած մտավոր ներուժին, երկիրը դեռեւս չի կարողացել ամբողջովին վերագտնել իրեն վերջին երկուսուկես տասնամյակում, որովհետեւ իր հարեւանները փակել են սահմանները եւ թշնամություն են սերմանել ամբողջ ժամանակ: Նման մարտավարությամբ Ադրբեջանն ու Թուրքիան մտադրվել են խորտակել Հայաստանը բռնության կամ աստիճանական թուլացման ճանապարհով: Իսկ մեր միակ քրիստոնյա հարեւանըՙ Վրաստանը համագործակցում է մեր թշնամիների հետ գոյազրկելու համար մեր երկիրը: Թբիլիսին համագործակցել է եւ շարունակում է համագործակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ տարածաշրջանում էներգետիկ եւ ճանապարհային համակարգեր կառուցելով, որոնք շրջանցում են Հայաստանը: Ավելին, այդ ոչ բարեկամական քաղաքականությունը բավարար չհամարելով, Վրաստանի նոր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թույլ տվեց իրեն անշնորհք ձեւով վարվել Հայաստան կատարած իր առաջին այցելության ժամանակ: Նա քննադատեց Արցախի օրենսդիր մարմիններին Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ համագործակցելու համար եւ 2008-ին Աբխազիայի հայկական համայնքի ինքնապաշտպանական գործողությունները որակեց «վրացիների կոտորած» այդ անկլավում:
Նրա ամբարտավանությանը հակառակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ բարեկրթությամբ ընդունեց այդ երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեինՙ երկու երկրների լեռնային սահմանում նրա հետ ոչ-պաշտոնական հանդիպման ժամանակ:
Հայաստանի ներկա կառավարությունը տարածաշրջանից այն կողմՙ միջազգային հարաբերություններ մշակելու մեջ է տեսնում ելքը իր հարեւանների գործադրած հեղձուցիչ ջանքերից: Հակառակ այն պատկերացումների, թե թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված երիտասարդ կառավարությունը կարող է սայթաքել փորձառության պակասի հետեւանքով, առաջնորդները կարողանում են ապացուցել, որ ամբողջովին տիրապետում են իրադրությանը:
Ռուսաստանի եւ Մ. Նահանգների միջեւ ընտրություն կատարելու անախորժ գործընթացը, որը առաջնային եւ կարեւորագույն հարց էր, կարծես հաջողությամբ հաղթահարված է: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների առնչությամբ Մոսկվայի խանդոտ վերաբերմունքին պատշաճ տակտով են արձագանքել հայերը: Ջոն Բոլտոնի կոշտ նախազգուշացումները չեն վախեցրել Հայաստանի երիտասարդ առաջնորդներին, որոնք շարունակում են իրենց կառուցողական հարաբերությունները Իրանի եւ Սիրիայի հետ: Անցյալ փետրվարին Իրան կատարած Փաշինյանի այցը Հայաստանի արտաքին հարաբերությունների համար նշանակալի իրադարձություն էր, որը շարունակվում է ներկայիս Իրանի ջրհեղեղից տուժած տարածքներում օգնություն ցուցաբերելու տեսքով:
Կովկասի զարգացման հեռանկարում Իրանը որպես ջատագով է հանդես գալիս Հայաստանը ներառելու հյուսիս-հարավ տարածքային միջանցքի ծրագրում: Հաշվի առնելով Իրանի չեզոք դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, պետք է նշել, որ Թեհրանն ինքն էլ ավելի շատ է վաստակելու Արցախի տարածքային ամբողջականությունից, քան որեւէ մեկը պատկերացնում է: Նաեւ պետք է գիտակցել, որ Բաքվի հետ Թեհրանի քաղաքականության եւ տարածքային բնագավառների հիմնական տարաձայնությունները շատ ավելի խորն են, քան երեւում են:
Հայաստանը, անտեսելով Մ. Նահանգների զգուշացումները, մարդասիրական օգնություն ցուցաբերեց նաեւ Սիրիային, եւ վարչապետ Փաշինյանը նշեց, որ այդ առաքելությամբ Հայաստանն իր բարոյական եւ պատմական պարտքն է վերադարձնում Սիրիայի ժողովրդին, որ ապաստան էր տվել ժամանակին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին:
Ադրբեջանն ու Թուրքիան ընդարձակում են իրենց քաղաքականությունը աշխարհով մեկ առաջացնելու համար քաղաքական վարկ ու հեղինակություն եւ ձեռք բերելու համար տնտեսական զարգացում: Բաքուն մեղադրվեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին կաշառելու մեջ: Թուրքիան Քաթարում եւ Ջիբութիում ունեցած իր ռազմական բազաներից բացի, ակտիվորեն զարգացնում է իր տնտեսական ծրագրերը Ռուսաստանում, Ուկրաինայում, Բալկաններում, Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում, որտեղ պաշտպանում է Նիկոլաս Մադուրոյի ռեժիմը Վենեուսելայումՙ ի զորակցություն Ռուսաստանին:
Թուրքիան ձեռք է բերում ոչ միայն տնտեսական նվաճումներ, այլեւ ակտիվորեն պայքարում է Ցեղասպանության հարցի ճանաչման դեմ բոլոր այն երկրներում, որոնց օրենսդիր մարմինները նման դրական առաջարկությամբ են հանդես գալիս: Այնպես որ մարտահրավերը բավական մեծ է Հայաստանի համար, որ միջոցներ է ձեռնարկում մի կողմից հակադարձելու Անկարայի եւ Բաքվի քայլերին, եւ մյուս կողմից զարգացնելու իր տնտեսությունն ու ընդարձակելու իր քաղաքականության ոլորտները:
Նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս Հորդանանում էր, նաեւ ԱՄԷ-ում, զարգացնելու համար բարեկամական հարաբերություններն այդ երկրների հետ: Նրանից առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր Նյու Յորքում, որտեղ ՄԱԿ-ի ամբիոնից նա հայտարարեց «Նոր պատերազմ-նոր տարածքներ» իր դիրքորոշման մասին: Մարտի 28-ին տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպումը ենթադրվում էր, որ խաղաղության նախաձեռնություն կլինի, բայց այդ օրվանից ի վեր ռազմատենչ հռետորաբանության տոնը է՛լ ավելի է սաստկացել: Այս անգամ հայկական կողմն է ավելի ագրեսիվ, իսկ ադրբեջանական կողմըՙ առավել թույլ ու պաշտպանողական:
Օրինականությունը անշոշափելի հարստություն է: Վրաստանն ու Հայաստանը ժողովրդավարական հեղափոխությունների փուլով անցան եւ կառավարություններն այդ երկրներում այժմ քաղաքացիների ճնշող մեծամասնության մանդատներով են հանդես գալիս աշխարհով մեկ: Ադրբեջանը միակն է, որ իր բռնատիրական ռեժիմով Կովկասում մնացել է որպես «աչքի փուշ»:
Բացի վերոհիշյալներից, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Եթովպիայում էր վերականգնելու դարերից եկած պատմական հարաբերությունները: Ապրիլի 8-ին, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Քաթարում էր, ելույթ ունենալու Միջխորհրդարանական միության գլխավոր ասամբլեայի 140-րդ ժողովում, որտեղ նա գովաբանեց Հայաստանի հզոր մտավորական ներուժը: Նա նաեւ անուղղակի ակնարկեց Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններինՙ նշելով, որ խաղաղություն չի նշանակում ամեն տեսակի բռնության բացակայություն եւ հակամարտության կարգավորում կոնստրուկտիվ ձեւով: Պատմությունը ցույց է տվել, շարունակեց նա, որ ատելություն սերմանող ելույթները կարող են առաջնորդել ատելության հանցագործությունների եւ նույնիսկ ցեղասպանության: Ի դեպ, Հայաստանը համագործակցում է ներկայիս Ռուանդայի հետ կանխարգելելու ցեղասպանությունների տարածումը աշխարհում:
Մյուս կողմից Հայաստանն ու Չինաստանն են խորացնում իրենց հարաբերությունները գիտական եւ կրթական ոլորտներում: ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս հանդիպեց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլոնգի հետ եւ նշեց, որ Երեւանի եւ Պեկինի միջեւ փոխադարձ օգտակար եւ արդյունավետ համագործակցություն է ծավալվել, որն ավելի ընդարձակվելու ներուժն ունի:
Ապրիլի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց Չինաստանի խորհրդարանական պատվիրակությանը: Երկու կողմերն ընդգծեցին երկու երկրների միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարեւորությունը: Չինական կողմը նաեւ բարձր գնահատեց Հայաստանի դերը որպես կամրջիՙ ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ: Չինաստանը առատորեն է աջակցել Հայաստանին տասնյակներով ավտոբուսներ եւ շտապ օգնության մեքենաներ նվիրաբերելով անցյալում եւ նաեւ ռազմական օժանդակություն ցուցաբերելով: Հայաստանի կառավարական անձնավորությունների ամեն այցելություն Չինաստանում ամենաբարձր մակարդակի արարողակարգով է դիմավորվել: Մեկնաբան-դիտորդներից շատերը զարմանում են, թե ինչու Չինաստանի նման գլոբալ հզորության մի երկիր այդքան մեծ ուշադրություն է շռայլում փոքրիկ Հայաստանին :Հայկական կողմից առանց որոշակի քաղաքական նպատակների, պետք է ընդունել, որ Հայաստանը անուղղակիորեն օգտվում է Անկարայի եւ Պեկինի միջեւ առաջացած թշնամությունիցՙ երկու հիմնական պատճառներով: Թուրքիան գրգռում է եւ զինում Չինաստանի Սիցզյան շրջանի Ույղուր մարտնչողներին եւ մեղադրում Չինաստանի իշխանություններին ցեղասպանություն գործելու մեջ, որովհետեւ Պեկինը փորձում է այդ շրջանում պահպանել խաղաղություն: Մյուս պատճառն այն է, որ Թուրքիան տենչում է էթնիկական, կրոնական եւ լեզվական առումներով միավորել Կենտրոնական Ասիայի բոլոր թյուրքական ազգություններին, որպեսզի մարտահրավեր նետի Չինաստանի ազդեցությանը այդ տարածաշրջանում:
Հարաբերությունների ակտիվ զարգացումները Չինաստանի հետ կարող են ապագայում ավելի նշանակալի դիվիդենտներ բերել Հայաստանին, որն ահռելի մեծ գլոբալ մարտահրավերներ է ստիպված դիմագրավել հետեւողականորեն զուսպ եւ հարակցված քաղաքականություն վարելով:
Համահարթեցման (գլոբալիզացիայի) ներկա դարաշրջանում դժվար է գոյատեւելը, եւ Հայաստանի արտգործնախարարության գերատեսչությունը խորապես գիտակցում է այդ փաստը:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)