ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՀԱՅԱՍԵՐՅԱՆ
«Պարոն Օրբելյանը կորցրեց իր տնօրեն կեսին, որին սիրահարված էր, նա չարացած է, վիրավորված, կորցրել է ինքնակառավարումը», այսպիսի վերնագրով «Հայկական ժամանակը» վերջերս հարցազրույց է տպագրել Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժիշտ Շմավոն Գրիգորյանի հետ, որում վերջինս թղթակցի կողմից ակնհայտորեն ուղղորդվում է ամեն կերպ պախարակելու համաշխարհային համբավ ու ճանաչում ունեցող արվեստագետին, որն ընդամենը երկու տարում վերակենդանացրեց Թատրոնըՙ հաճախ իր սեփական միջոցների հաշվին, որը երեք անգամ «Grammy» մրցանակին ներկայացված լինելուց հետո, բառացիորեն ամեն օր գնահատանքի վկայականներ է ստանում այնպիսի ատյաններից, ինչպիսիք են աշխարհահռչակ «Metropolitan Operaն», Սան-Ֆրանցիսկոյի քաղաքային եւ շրջանային խորհուրդները, Կալիֆորնիայի նահանգային խորհուրդը, վերջապեսՙ ԱՄՆ Կոնգրեսը… Բայց, պատկերավոր ասածՙ ինչո՞ւ է աղմկում Շմ. Գրիգորյանը…
Մեր ընթերցողից պետք է մի փոքր համբերություն հայցենք…
Մեջբերում Hayacq.com կայքում 02.03.19-ին տեղադրված «Ինչո՞ւ է աղմկում Նազենի Ղարիբյանը. հեռահար նպատակներ» վերնագրված հրապարակումիցՙ Կոնստանտին Օրբելյանի դեմ նախարարի պարտականությունները կատարողի «խաչակրաց արշավանքի» բուն պատճառների մասին.
«…Նազենի Ղարիբյանի բուն նպատակն է դեպի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն ճանապարհ հարթել Կարեն Դուրգարյանի համար:
Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ Կարեն Դուրգարյանը նախկինում, երբ Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորն էր, իր ղեկավարման տարիներին ստեղծել է համանունՙ«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման» հիմնադրամ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է մինչ օրս:
Ուսումնասիրելով հիմնադրամի 2016-2018թթ հաշվետվությունները, մասնավորապես, ուշադրության է արժանանում 2017թ-ի հաշվետվությունը, որտեղ աչքի է զարնում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի փորձասենյակի, մեներգիչների հանդերձարանների, բալետային արտիստների դահլիճների, թատրոնի ճեմասրահի, ծառայողական տարածքների եւ օպերային թատրոնի սանհանգույցների վերանորոգման աշխատանքների համար ծախսված 10.003.000 դրամ գումարը:
Այդ իսկ նպատակով, Hayacq.com-ը, համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածովի դրույթների, հարցում կատարեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնՙ 2016-2018 թթ. թատրոնի շենքում իրականացված շինարարական եւ վերանորոգման աշխատանքների, ինչպես նաեւ ծախսված գումարների եւ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
Թատրոնից ստացանք հետեւյալ ուշագրավ պատասխանը. «Ի պատասխան 2019թ-ի փետրվարի 19-ի ձեր գրությանը, տեղեկացնում ենք, որ 2016-2018 թվականների ընթացքում «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի շենքում 2017թ-ին իրականացվել է Թատրոնի 2-րդ հարկի միջանցքի (ճեմասրահի) կաղնե մանրահատակի վերանորոգում, որի ծախսերը կազմել են 5.400.000 դրամ: Ֆինանսական աղբյուրը «Արդշինբանկ»-ի հետ հովանավորության համաձայնագիրն է»:
Փաստորեն աջակցման հիմնադրամի 2017թ-ի հաշվետվության մեջ նշված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի վերանորոգման համար ծախսված խոշոր չափերի գումարը կասկածների տեղիք է տալիս, որը նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի ուշադրությանն ենք արժանացնում, հուսալով, որ վերջինս սոցցանցերում սկանդալային եւ պարզունակ գրառումների հարթությունից կանցնի իր բուն գործառույթների իրականացմանը»:
Եվս մի փոքր համբերություն, հարգելի ընթերցող, եւ, վերջապե՛ս, կիմանաք, թե ո՞վ է Շմավոն Գրիգորյանը եւ… «ինչո՞ւ է աղմկում»:
Իսկ մեզ թատրոնը տրամադրեց մի փաստաթուղթՙ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շմավոն Գրիգորյանի 28.02.14-ի նամակը, որով նա դիմում է թատրոնի տնօրենի ԺՊ (անվանելով նրան «տնօրեն»)` իր հարազատ հայր հանդիսացող Հրաչ Գրիգորյանին «ՕՐԿԵՍՏՐ ՊԼՅՈՒՍ» նախագծի շրջանակում նույն թվականի մարտի 12-ին անցկացվելիք ոմն «աշխարհահռչակ» երաժիշտ դարբուկահար Ռոնի Բարրակի (Լիբանան) մասնակցությամբ համերգի համար թատրոնի դահլիճը անհատույց եւ մեկ հատ տոմսագիրք տոմսերի վաճառքի համար տրամադրելու խնդրանքով, պատճառաբանելով դա նրանով, որ իբր «համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներին եւ համերգը սպասարկող անձնակազմին» :
…Երբ թատրոնի դահլիճը, որի վարձույթն արժե մեկուկեսից-երկու միլիոն դրամ, տրամադրվում է ինչ-որ մի կազմակերպությանը նույնիսկ չնչին զեղչով, էլ չասենքՙ անվճար, ապա այդ դեպքում անհրաժեշտ է ՀՀ մշակույթի նախարարության համաձայնությունը:
Եվ հենց նույն օրը Հր.Գրիգորյանը դիմումի վրա մակագրում է իր համաձայնության մասինՙ առանց մշակնախի համաձայնության:
Արդարացի լինելու համար նշենք, որ այդպիսի թույլտվություն ստացվել է, սակայն այն տրվել է մարտի 4-ին, այսինքնՙ «պոստֆակտում»:
Եվ սա խախտումներից նվազագույնն է…
(Այս անհեթեթ փաստաթուղթըՙ դահլիճն անհատույց տրամադրելու համար կազմել է թատրոնի իրավաբան Քրիստինե Նաղդալյանը , ով, ի դեպ, մշակնախի գլխավոր քարտուղարի տեղակալի կինն է, որը հիմա զբաղված է նրանով, որ պեղում է ինչ-ինչ «փաստաթղթեր», իբր վկայող Կոնստանտին Օրբելյանին կառավարության կողմից թատրոնի տնօրենՙ օրենքի խախտումով նշանակելու մասին…)
Այստեղ առկա է շահերի բացահայտ բախում. հայրն օրենքի խախտումով բավարարում է հարազատ որդու դիմումը…
Թատրոնի կողմից մեր խնդրանքով տրամադրված մի այլ «բարաթից» տեղեկանում ենք, որ hիմնադրամին ոմն Արտակ Հակոբյանը մոտ մեկուկես միլիոն դրամի չափով նվիրատվություն է կատարել, իսկ հիմնադրամն իրեն անհատույց տարածք է տրամադրելՙ ձայնագրման ստուդիա կազմակերպելու համար… Եվ ո՛չ մի լումա չի տվել թատրոնինՙ որպես տարածքի վարձ: Այսինքնՙ քողարկված կաշառք…
Ըստ մեզ տրամադրված փաստաթղթերի, հիմնադրամը ամեն տարի 25-ից 50 միլիոն դրամ էր ստանումՙ որպես նվիրատվություն տարբեր կազմակերպություններից եւ անհատներից:
Եվ 271 աշխատակցի բաժանվել է մոտ 40 մլն դրամ: իբր Թատրոնի տնօրենը, ամեն անգամ գումար խնդրելով, նամակ էր գրում հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանինՙ այսինչ աշխատակցին տալ, ասենք, 25 հազար դրամ, կամՙ 40, նույնիսկՙ 200 հազար… Եվ մեր տրամադրության տակ ունեցանք հարյուրից ավել այդպիսի նամակ-դիմումներ… Եվ հիմնադրամի հաշվետվության մեջ էլ է նշվում, որ այսքան գումար է հատկացված…
Փաստաթղթերում նշված է, օրինակ, տալ 68 արտիստի 25 հազարական դրամՙ որպես ֆինանսական օգնություն: Կցվում է ստացողների ցուցակը:
Քաջատեղյակ մարդիկ մեզ պատմեցին, որ երբ թատրոնի այն ժամանակվա տնօրենը լքեց թատրոնը, Շմավոն Գրիգորյանը հաշվապահությունից, կարելի է ասելՙ հափշտակեց ֆինանսական օգնություն ստացածների գրեթե բոլոր ցուցակները:
Սակայն իրողությունն այն է, որ արտիստներին փոխանցվել է ավելի քիչ գումար, քան նշված է թղթերում:
Հետքերը ոչնչացվել են…
Երեք տարի այդ «խումբը» զբաղվել է «սուպեր-կոռուպցիոն» գործունեությամբՙ հիմնադրամի միջոցով:
Նրանք ներկայացրել են տարեկան մի քանի միլիոն դրամի հաշիվ, ասենք, թատրոնի ինչ-որ մի մասի վերանորոգման համար, սակայն իրականում եւ ո՛չ մի բան էլ չի արվել, ստուգողներն էլ չեն խորացելՙ մեկիկ-մեկիկ ստուգելու ամեն մի քառակուսի մետրը… Չի բացառվում նաեւ, որ տնօրենի տեղակալ, մի քանի ամիս էլ պաշտոնակատար Հ.Գրիգորյանը աուդիտորներին ինչ-ինչ թղթեր է տրամադրել իր իսկ անունից իբր կատարված աշխատանքների վերաբերյալ, սակայն նոր տնօրեն Կոնստանտին Օրբելյանի կողմից աշխատանքից ազատվելուց հետո նշված անձը տարել է իր հետ բոլոր փաստաթղթերը…
Ուշագրավ մանրամասն. հիմնադրամին տրամադրվել է գրասենյակ թատրոնի շենքում, եւ ոչ մի լումա չի վճարվել վարձակալության համար: Ավելի՛ն, այդ սենյակների վերանորոգումը կատարվել է թատրոնի հաշվին, դրա աշխատակիցներն էլ եղել են թատրոնի անձնակազմից…
Նախնական հաշվարկներով, երեք տարում «կերվել» է մոտ 25 միլիոն դրամ` ասում է մեր աղբյուրը:
Ընդհանուր առմամբ, հիմնադրամը ՀՀ կառավարությունից, «Երեւան» հիմնադրամից, տարբեր կազմակերպություններից եւ անհատներից 100 միլիոն դրամից ավել գումար է ստացել:
Հրաչ Գրիգորյանն աշխատավարձ է ստացել թատրոնից, իր որդի Շմավոնն էլՙ հիմնադրամից:
Թատրոնի «հնաբնակների» կողմից արված եւս մի դիտարկում. հիմնադրամի ստեղծումից ընդամենը մեկ ամիս անց հայր Գրիգորյանը փոխարինեց իր հին «Մերսեդեսը» նորագույնով, որդին էլ նստեց «Range Rover»-ի ղեկին, իսկ քիչ անց էլ Սարյան փողոցի վրա հայտնվեց նրանց պատկանող «Beermania» գարեջրատունը:
Կոնստանտին Օրբելյանը, ստանձնելով թատրոնի տնօրենի պաշտոնը, ազատել է Հ.Գրիգորյանին փոխտնօրենի պաշտոնից, սակայն գործերը դատախուզությանը չփոխանցելով… այնինչ կարող էր:
…Երբ որ 2014 թ. հուլիսին «Գայանե» բալետով թատրոնը հյուրախաղերի Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոն էր գնացել, դրա հետ կապված ծախսերը հոգալու համար ՀՀ կառավարությունը դրամաշնորհ էր հատկացրել: Այնինչ արդեն Սանկտ-Պետերբուրգում հայտարարվեց, որ ամբողջ ծախսերը հոգացել է հիմնադրամը, եւ նույնիսկ Շմավոն Գրիգորյանն էր անձամբ արտիստներին օրապահիկ բաժանումՙ իբր հիմնադրամի տրամադրած միջոցներից: Ավելի՛ն, պետության տրամադրած միջոցներով էր Սանկտ-Պետերբուրգ եկել որդի Գրիգորյանըՙ իբր որպես հյուրախաղերի «կոորդինատոր», ավելինՙ հետն էլ հիմնադրամի աշխատակիցներից մի քանի հոգու էր բերելՙ կրկին թատրոնի հաշվին:
Ամենազոր էին այդ անձինք, վախուսարսափի մեջ էին պահում ամբողջ թատրոնը… Եվ այս ամենըՙ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, թատրոնի «տեր ու տիրակալ» Կարեն Դուրգարյանի «բարձր հովանորավորությամբ»…
Այս առնչությամբ հատկանշանական են լուսահոգի Գեղամ Գրիգորյանի խոսքերը, ասված իր հարցազրույցում «Առավոտ» օրաթերթին 17.12.2015-ին. «…Համենայնդեպս, երեւի մեկ-երկու տարի նվագախումբը գլխավոր դիրիժորի պաշտոն չի ունենա: Ես չեմ ուզում, որովհետեւ գլխավոր դիրիժորը (Կարեն Դուրգարյան) տիրոջ կարգավիճակ էր ստացել, ու մի ձեւ էին գտել, համարենք դա բարեկամություն, յուրայիններ, բայց մարդկանց այդ մի մասը միշտ ստանում էր ավել փողերՙ ֆոնդի միջոցով եւ այլ ճանապարհներով: Դա, բայց կաշառքի մի միջոց էր, որը կոլեկտիվին բաժանում է մի քանի մասի ու շատ տգեղ մթնոլորտ էր ձեւավորվում թատրոնում: Խրախուսում, անշուշտ, պետք է լինի, բայց պետք է լինի լավ աշխատանքի համար եւ ո՛չ թե յուրայինների համար: Մարդիկ պետք է հասկանան, որ թատրոնում նման երեւույթներ չեն կարող լինել, որովհետեւ թատրոնը պետք է իր գործով զբաղվի, եւ ո՛չ թե նման խարդախություններով…» :
Եվ թատրոնում հայտնաբերված 92 միլիոն դրամի պակասորդը, որ հայտնաբերել են վերահսկիչ մարմինները, կատարվել է 2014-16 թթ.ՙ այս «բանդայի» կողմից, իսկ Նազենի Ղարիբյանը վերագրել է այն Մաեստրո Օրբելյանին, եւ հենց այդպես էլ ներկայացրել վարչապետ Փաշինյանին: Պատահական էլ չէր, որ հենց մյուս օրը Ղարիբյանը հերքեց իր իսկ կողմից հնչեցրած զրպարտանքը:
Փաստորեն, մինչեւ «թավշյա հեղափոխությունը» երկրում, Մաեստրո Օրբելյանը հեղափոխություն կատարեց թատրոնում. նա մաքրեց այն բոլոր նմանատիպ կոռումպացված էլեմենտներից:
Եվ հենց այսպիսի անձանց հետ է «կապվել» «հեղափոխական» Նազենի Ղարիբյանը:
Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ հենց Հրաչ Գրիգորյանին էր Նազենի Ղարիբյանը նշանակել թատրոնի տնօրեն, ինչին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես պարզվեց Կոնստանտին Օրբելյանին` թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու դեմ բողոքող աշխատակիցների եւ իր հանդիպման ընթացքում, տեղյակ չէր, եւ միայն վարչապետի միջամտությունը տապալեց մադամ Ղարիբյանի «պլանը»:
Ավելինՙ Ղարիբյանը վարչապետին ներկայացրել էր այնպես, թե իբր Օրբելյանը զբաղեցնում է երեք պաշտոնՙ ներառյալ գլխավոր դիրիժորինը, սակայն ԱԺ պատգամավորներից մեկի գրավոր հարցմանն ի պատասխան նա նշել է միայն երկուսը…: