Ինչպես ծանուցել էինք «Ազգ»-ի ապրիլի 5-ի համարում, ապրիլի 4- ին Բունդեսթագը երկրորդ ընթերցմամբ 45 րոպեանոց քննարկման ներկայացրեց եւ ձայների ճնշող առավելությամբ վավերացրեց Բրյուսելում 2017- ի նոյեմբերի 24- ին ՀՀ- ԵՄ- ի միջեւ կնքված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Աջակողմյանՙ AfD խմբակցությունը, Ձախերը ձեռնպահ քվեարկեցին:
Նախորդ հրապարակման մեջ ամփոփ անդրադարձել ենք ելույթների դրական բովանդակությանը, խոստացել անդրադառնալ Այլընտրանք Գերմանիայի համար (ԱԳՀ, AfD) խմբակցությունից Անտոն Ֆրիիզենի ելույթիՙ Հայաստանի մասին բացասական ելեւէջներին: Ռուսերենի ակցենտը շեշտող գերմաներեն իր խոսքում պատգամավորն ասաց, թե 2018- ի խորհրդարանական ընտրություններից հետո, փետրվարի վերջին, մարտի սկզբին եղել է Հայաստանում, դրական տպավորություն ստացել, ԵՄ- ՀՀ- ՌԴ եռակողմ հարաբերությունները հետխորհրդային այլ հանրապետությունների համար կարող են օրինակ հանդիսանալ, իսկ այնուհետ կենտրոնացավ կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, Թյուրինգիա երկրամասում այսպես կոչված «հայկական մաֆիային», ինչպես նաեւ երկրում ապօրեն գտնվող ՀՀ քաղաքացիների պարտադիր վերադարձին: Մեր «աքիլլեսյան գարշապար» դարձած այս թեմաների մասին թեեւ գրել ենք պարբերաբար, սակայն առաջիկայում առիթ կլինի նորից արծարծել դրանք «Ազգ»-ի էջերում:
Համաձայնագրի վավերացման լուրը նույն օրը մատուցվեց գերմանալեզու տարբեր լրատվամիջոցներում: Առավել ծավալունը սակայն ապրիլի 4- ին գերմանական հեռուստաընկերության առաջին ալիքիՙ ARD-ի կենտրոնական ստուդիայի կայքէջի բլոգում ներկայացված հարցազրույցն է Բունդեսթագի պատգամավոր, քրիստոնյա դեմոկրատ Ալբերտ Վայլերի հետ: Նա գերմանահայկական ֆորումի նախագահն է, եղել է ԼՂ-ում, հայտնվել Ալիեւի «սեւ ցուցակում», ինչը պատճառ դարձավ, որ 2018- ի օգոստոսին կանցլեր Մերկելի հետ Երեւանից Բաքու մեկնելու արտոնություն չստանա: Կանցլերին ուղեկցող պատվիրակության կազմում Վայլերին փոխարինեց եւ Բաքու մեկնեց նույն կուսակցությունից Յոհան Վադեֆուլը:
Ամփոփ ներկայացնենք Թոմաս Քրոյցմաննի եւ Քրիստին-Մարի Շվիթցերի «Մերձեցում Հայաստանին: Այո, բայց ԵՄ անդամակցությանըՙ ոչ» վերնագրված հարցազրույցը: Գերմանական մամուլում հաճախ շեշտադրվողՙ Թուրքիայի, Ադրբեջանի հետ փակ սահմանների պարագայում Հայաստանիցՙ ծայրահեղ աղքատ երկրից ի՞նչ սպասելիք կարելի է ունենալ հարցի տրամաբանությունը կա նաեւ այս զրույցի սկզբնամասում, երբ հիշեցվում է, թե «Գերմանիան եւ ԵՄ- ն կամենում են աջակցել Հայաստանին առեւտրի, ներդրումների հարցում»:
Վայլերը պարզաբանում է, թե մոլիբդենի հանքերով, ընդերքով հարուստ Հայաստանից գերմանացիները կարող են շահ ստանալ: Նույնը վերաբերում է նաեւ աշխատուժին. «Մայիսին մեկ անգամ եւս Հայաստան եմ մեկնելուՙ տեղիՙ խնամատարության ոլորտում աշխատուժը Գերմանիայի համար հավաքագրելու նպատակով: Այս համաձայնագրով հաստատվում է, թե երկու երկրները կամենում են սերտ միասնական աշխատանք ծավալել, որ կարող է խաղաղության երաշխավորմանը ծառայել:
Ինֆրակառուցվածքը, տնտեսությունը արդիականցնելու անհրաժեշտ գումարների մասին հարցին Վայլերն ընդգծում է նախ 7 միլիոնանոց սփյուռքիՙ դեպի երկիր ուղղվող գումարների մասին, որ նույնքան է կազմում, որքան Հայաստանի տնտեսությունն է ստեղծում, այնուհետ նշում, թե արտերկրի ներդրողներին էլ սպասում են Հայաստանում, իսկ Գերմանիան առաջին շարքերում է: Լրագրողներիՙ Հայաստանի զարգացմանը խոչընդոտող եւ գերմանացի ներդրողների աշխատանքը խաթարող կոռուպցիայի մասին ակնարկին, Վայլերը նկատել է տալիս, թե նույնիսկ նախկին կառավարությունն էր աշխատում խիստ միջոցներով պայքար ծավալել դրա դեմ, բայց երկար ժամանակ կպահանջվի տասնամյակներով զարգացում ապրած կոռուպցիան որոշակի չափերի մեջ զսպելու համար: Գերմանիան էլ կոռուպցիայից իսպառ զերծ երկիր չէ, մենք այդ հարցում առաջատար դիրքում չենք, պատասխանում է ՔԴՄ պատգամավորըՙ մեկնաբանելով, թե գերմանացի ներդրողների համար դա չէ հսկայական խնդիրը, այլ այն, որ տեղում ապահովվեն իրավական երաշխիքներ, քրեական տարրերից պաշտպանվածություն, հարկային մի համակարգ լինի, որին ապավինած կարելի է ծրագրեր կազմել եւ տեղում մասնագիտացված աշխատուժ լինի, ինչն առկա է:
Մոսկվան ինչպե՞ս է արձագանքում ԵՄ-ՀՀ հարաբերությունների հետագա խորացմանը հարցին ի պատասխան Ալբերտ Վայլերը նշում է, թե Մոսկվայի արձագանքը հանդարտ է, նույնիսկ Հայաստանում վերջին իշխանափոխության ժամանակ չի միջամտել, ինչպես, իր տեսակետից, չի միջամտում Հայաստան- ԵՄ կամ Գերմանիայի հետ հարաբերություններին: Եվրոպայից Հայաստանը դիտարկվում է որպես Ռուսաստանի ուղղությամբ կամուրջ, որի միջոցով Ռուսաստանի հետ որոշ չափով համագործակցություն կարող է լինել:
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանի անվտանգության արդի վիճակին, Բունդեսթագի պատգամավորը ծանուցում է, թե այժմ ԼՂ – ում չեն կրակում: Սա նաեւ կանցլերի այցի շնորհիվ է: Բազմիցս առիթ եմ ունեցել խոսելու, նաեւ խնդրելու կանցլերին, որ Ադրբեջանի նախագահին հասկանալ տա, թե դիպուկահարների կրակոցները պիտի դադարեն, որ անմեղ մարդիկ, երեխաներ, երիտասարդներ սահմանին չզոհվեն: Նա դա արեց, ինչի համար շատ երախտապարտ եմ: Այդ ժամանակվանից ի վեր սահմանին անդորր է, էլ զոհ չկա, հույս ունեմՙ սա կպահպանվի:
Վայլերի հետ զրույցում հիշատակվում է նաեւ ԼՂ այցի պատճառով նրա մուտքն Ադրբեջան չարտոնելու փաստը: «Մայիսին Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամական խմբով Վրաստանից Ադրբեջան ենք ուզում մեկնել: Անցյալ շաբաթ նորից հստակեցրին, թե ես Ադրբեջան չեմ կարող մեկնել, քանի որ ԼՂ- ում եմ եղել», պատմում է Գերմանահայկական ֆորումի նախագահ քրիստոնյա դեմոկրատ պատգամավորը: «Հնում Աթենքի եւ Հռոմի հետ սերտ հարաբերություններ ունեցող Հայաստանը եվրոպական մեծ տիրույթում էր, պետականորեն առաջին քրիստոնյա երկիրը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե օրերից մի օր ՀՀ- ը ԵՄ – ին անդամակցող երկիր կարող է լինել» հարցին Վայլերն այսպես է պատասխանումՙ այդպիսի հարց չկա, Հայաստանն էլ չի ուզում: Նա լավ հարաբերություններ է ակնկալում Եվրոպայի հետ, նաեւՙ տնտեսականի մասին է խոսքը: Բայց գիտե, որ Ռուսաստանը հզոր պաշտպանական եւ տնտեսական գործընկեր է: ՌԴ- ում գրեթե 1 միլիոն հայ է ապրում, աշխատում, սերտ ազգակցական կապ կա: Արտգործնախարար Լավրովն օրինակ կիսով չափ հայ է: Այսուՙ մերձեցումՙ այո, բայց ԵՄ անդամակցությունՙ ոչ: