Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

«ԱԶԳ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑԵԼ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԳՐՔԵՐԸ…

Կոստան Զարյանի «Սպանիա» վեպը

Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի աշխատասիրությամբ եւ Սամվել Խաչատրյանի խմբագրությամբ լույս է տեսել հայ մեծանուն գրող Կոստան Զարյանի «Սպանիա» (Երեւան, 2018, «Զանգակ» հրատարակչություն, 464 էջ, կոշտ կազմՙ կրկնակի թղթե կազմով) վեպի երկրորդՙ բարեփոխված հրատարակությունը: Սույն հրատարակությամբ շտկվել են տեքստային մի շարք վրիպակներ ու բացթողումներ:

Գրքի լույսընծայմանն աջակցել է ՀՀ Մշակույթի նախարարությունը:

«Սպանիա» վեպը Կոստան Զարյանի առանցքային գործերից է: 2012 թ. երկը թարգմանվել է իսպաներենի:

Մերուժան Տեր-Գուլանյան. «Անհատի սահմանը»

Լույս է տեսել «Անդին» ամսագրի խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանի «Անհատի սահմանը» էսսեների ժողովածուն (Երեւան, 2018, 496 էջ, «Տիր» հրատարակչություն, կոշտ կազմ): Տպագրվել է ՀՀ «Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ հովանավորությամբ: Գիրքը խմբագրել է գրականագետ, գրող Ալեքսանդր Թոփչյանը:

Աւետիս Ռազմիկ. «Կեանքի կարուսել»

Աւետիս Ռազմիկի «Կեանքի կարուսել» ժողովածուն լույս է տեսել սփյուռքահայ գրող, բարերար Հովսեփ Նալբանդյանի մեկենասությամբՙ, որն ամփոփում է հեղինակի հրապարկախոսական էջերը (Երեւան, 2017թ. 361 էջ, «Էդիթ պրինտ» հրատարակչություն, փափուկ կազմ): Գրքում ամփոփված են հրապարակախոսիՙ տարբեր տարիներին գրած հրապարակախոսական-քննադատական հոդվածները:

Շարունակելի