Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԸ ՃԱՆԱՉԵՑ ԳՈԼԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՍՐԱՅԵԼԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

29/03/2019
- 29 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ իրարանցում առաջացրեց իր «թվիթերյան դիվանագիտությամբ»: Նա գրել է, որ իր երկիրը «ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը սիրիական տարածք հանդիսացող Գոլանի բարձունքների նկատմամբ»: Իսրայելն այդ տարածքը գրավեց 1967 թ. Վեցօրյա պատերազմի ժամանակ եւ այդ պահից հրեական պետությունը պահում է այն իր ձեռքում: Թրամփի խոսքերով, «Գոլանի բարձունքներն ունեն ռազմավարական մեծ նշանակություն եւ կարեւոր են Իսրայելի պետության եւ տարածքային կայունության համար»: Սա Մերձավոր Արեւելքում նրա երկրորդ «ուժեղ քայլն» է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո: Դրանց միավորում է մեկ ընդհանուր բաղադրիչՙ մինչեւ Հին կտակարանի ժամանակները հասնող բազմաշերտ պատմական գաղափարը: Ի դեպ, Գոլանի աստվածաշնչյան անվանումն է Բաշանի երկիր, որին հրեաները տիրացան Էդրեի մոտ տեղի ունեցած հաղթական ճակատամարտից հետո: Պատահական չէ, որ ամերիկացի փորձագետներից շատերը արձանագրում են Թրամփի ընտանիքում հրեաների պատմության խոր իմացության փաստը:

Անցյալ շաբաթավերջին Մերձավոր Արեւելքում էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նրա այցի նախօրեին Պետդեպարտամենտը Մարդու իրավունքների վերաբերյալ իր հերթական տարեկան հաշվետվության մեջ Իսրայելի մասին խոսելիս բաց էր թողել «Իսրայելի օկուպացրած Գոլանի բարձունքներ» արտահայտությունը: Դրա փոխարեն օգտագործվել էր «Իսրայելի կողմից վերահսկվող տարածք» արտահայտությունը:

Ամերիկյան The New York Times թերթը գրում է, որ Գոլանի մասին Թրամփի հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելի վարչապեստ Բենիամին Նաթանյահուի համառ ճնշումից հետո: Նաթանյահուն ձգտում է նաեւ այս ձեւով հաջողության հասնել ապրիլի 9-ին կայանալիք ընտրություններում եւ Թրամփի հետ իր բարեկամությունն օգտագործել իշխանության ղեկին մնալու համար:

Մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի արտգործնախարարությունը: Նույն օրը վարչապետ Բենիամին Նաթանյահուն Վաշինգտոն է մեկնել Թրամփին անձամբ շնորհակալություն հայտնելու եւ որոշ այլ հարցեր քննարկելու նպատակով: Ռուսաստանը, Գերմանիան, Իրանը, Սիրիան եւ մի շարք այլ երկրներ արդեն քննադատել են Թրամփի որոշումըՙ նշելով, որ այն հակասում է ՄԱԿ-ի որոշումներին:

Պարզվում էՙ ամեն ինչ չէ, որ այդքան հասկանալի է: Բերենք պատմական համառոտ տեղեկանք: 1517-1918 թվականներին Գոլանի բարձունքները մտնում էին Օսմանյան կայսրության մեջ: Առաջին աշխարհամարտի ավարտից ետո, որի ընթացքում կայսրությունը պարտություն կրեց, 1920 թ. սկզբներին ֆրանսիական զորքերը իջան սիրիական ափին, իսկ 1923 թ. Ազգերի լիգան պաշտոնապես ճանաչեց Ֆրանսիայի մանդատը Սիրիայի նկատմամբ: Ֆրանսիացի վերջին զինվորը սիրիական տարածքը լքեց 1946 թ. ապրիլի 17-ին: Այդ ժամանակ եւ այդպես ի հայտ եկավ Սիրիայի հանրապետությունը: Իսկ 1948 թ, ի հայտ եկավ Իսրայելի պետությունը: 1949 թ. հուլիսին Սիրիան դարձավ Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրած վերջին արաբական պետությունը: Բայց դա արաբ-իսրայելական հակամարտության սկիզբն է միայն, որը շարունակվում է մինչեւ օրս: Իրադրությունը բարդանում է նաեւ նրանով, որ 2011 թ. արաբական գարնանից հետո տարածաշրջանում սկսեցին տրոհվել որոշ պետություններ, որոնք Լոնդոնի եւ Փարիզի նախագծերով ստեղծվել էին դեռ 1920-ականներ սկզբներին:

Ինչպես գրում է Լոնդոնում արաբերեն լույս տեսնող Al-Quds Al-Arabi հրատարակությունը, սիրիական ճգնաժամի սկզբնական փուլում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Մոսկվայում եւ Վաշինգտոնում քանիցս բարձրացրել է Գոլանի բարձունքների կարգավիճակի հարցը, որը «պետք է քննարկվի Սիրիայի խնդրի կարգավորմանը նվիրված ապագա բանակցություններում»: Ըստ որում, նրա ելույթներում Իսրայելի անվտանգության վկայակոչումներից բացի հիշատակվում էր կարեւոր պատմական դրույթՙ պատմական արդարության վերականգնումը, եթե նույնիսկ դա կապված լինի Սիրիայի բաժանման հետ:

Եվ Դամասկոսի նկատմամբ առաջին ոտնձգությունը կատարեց հենց նախագահ Թրամփը: Նա փաստորեն ցուցադրում է Մերձավոր Արեւելքում տարածքը վերաձեւելու ձգտում: Գոլանի բարձունքների կարգավիճակը փոխելու նրա ցանկությունը տվյալ սցենարի սյուժեներից մեկն է: Մյուսը կապված է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ Թրամփի փեսա Ջարեդ Կուշների «հաշտության ծրագրի» իրականացման հետ, որը կհրապարակվի Իսրայելում ապրիլի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Ծրագիրը նախատեսում է սահմանների փոփոխությունՙ «առկա իրողությունների» հիման վրա:

Որտեղ նման իրողություն չկա, այն ստեղծվում է: Պատահական չէ, որ ԱՄՆ-ը ակտիվորն խաղարկում է սիրիացի քրդերի խաղաքարտըՙ բազմաքայլ աշխարհաքաղաքական կոմբինացիա իրականացնելով միագամից չորս պետությանՙ Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի եւ Իրանի նկատմամբ: Եվ այս ուղղությամբ օգտագործվում են պամության միստիկական գործոններ, որոնք փորձագետները հաճախ անտեսում են: Մինչդեռ Վաշինգտոնը բացահայտորեն քամահրում է իրավական եւ մյուս հանրաճանաչ նորմերըՙ դրանք դիտարկելով որպես պատմական անավարտ գործընթացի միջակա հետեւանքներ: Սպիտակ տունը բեկում է իրավիճակը «ուժեղի իրավունքով»: Եվ միայն դրանից հետո, ցանկության դեպքում, բարոյա-իրավական հիմք է գտնում դրանց համար, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Դրան դիմակայելը դժվար է, եթե չասենք անհնար: Ի՞նչ փոխվեց այն բանից հետո, երբ ամբողջ իսլամական աշխարհը բողոքի ձայն բարձրացրեց Եուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման դեմ:

Իսլամական աշխարհի առաջնորդի դերին հավակնող Թուրքիայի նախագահ Էրդողանը Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարների արտակարգ կոնֆերանս հրավիրեց մահմեդական պետությունների գործողությունների համակարգման նպատակով: «Երուսաղեմը կարմիր գիծ է մահմեդականների համար, նման որոշումը ծանր հարված կլինի ամբողջ մարդկության համար: Մենք կպայքարենք մինչեւ վերջ», ասաց նա: Նստեցին, խոսեցին, հայտարարություն ընդունեցին եւ ուրիշ ոչինչ:

Պարզվում է, որ իսլամական աշխարհը մասնատված է, Սաուդյան Արաբիան մտադիր չէ Իսրայելի հետ կապերը խզել Իրանի հանդեպ ընդհանուր վերաբերմունքի հողի վրա, իսկ Թուրքիան դեռեւս հույս ունի Վաշինգտոնի հետ համաձայնության հասնել քրդերի առնչությամբ: Ներկայումս համանման դիրք է բռնել եւ էական քայլեր չի ձեռնարկում նաեւ Եվրոմիությունըՙ միայն բողոքելով Գոլանի բարձունքների հարցում Թրամփի կատարած քայլի դեմ: Անմասն չմնացին նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը, Մերձավոր Արեւելքի մի շարք պետություններ:

Իսրայելցի վերլուծաբան Ավիգդոր Էսքինը հարց է տալիս, թե ինչի՞ հիման վրա կարելի է արդարացնել Իսրայելի իրավազորության տարածումը Գոլանի բարձունքների վրա: Պաշտոնապես որեւէ տարածքի անցումը մի պետությունից մյուսին կարող է տեղի ունենալ փոխադարձ համաձայնությամբ եւ ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշմամբ: Նրա խոսքերով, դա նույն իրավաբանական խնդիրն է, որը գոյություն ունի Ղրիմի ու Ռուսաստանի միջեւ:

Թրամփի որոշումը մեծ գոհունակությամբ ընդունվեց Իսրայելում: Գոլանի բարձունքները իսրայելական տարածք ճանաչելովՙ Թրամփը քայլ կատարեց տվյալ հարցում միջազգային պրակտիկայի փոփոխման ուղղությամբ: Դա Իսրայելի համար խոշոր հաղթանակ է Գոլանի բարձունքների հարցում ողջ աշխարհի հետ 52 տարի տեւած դիմակայությունից հետո: Իսրայելը հայտնվում է հատկապես շահավետ իրավիճակում, ավելացնում է վերլուծաբանը:

Մինչդեռ Արաբական պետությունների լիգան դատապարտեց որոշումըՙ այն համարելով միջազգային իրավունքի խախտում: Լիգան լիովին պաշտպանում է օկուպացված սեփական տարածքի նկատմամբ Սիրիայի իրավունքը, նշվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: Այդ մասին հաղորդում է եգիպտական MENA լրատվական գործակալությունը:

Բարաք Օբամայի կառավարման առաջին տարիներին ամերիկացի դիվանագետները փորձել էին նպաստել Իսրայելի եւ Սիրիայի միջեւ խաղաղության հաստատմանը: Նրանք Իսրայելին կոչ էին անում Սիրիային վերադարձնել Գոլանի բարձունքները, եթե Սիրիան խոստանա դադարեցնել հրթիռների մատակարարումները «Համասին» եւ «Հզբոլլահին»: Բանակցությունները ընդհատվել էին այն բանից հետո, երբ Բաշար Ասադը հաշվեհարդար էր տեսել ընդդիմադիր ցուցարարների հետ: Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա, բանակցությունների ղեկավար Ֆրեդ Հոֆի կարծիքովՙ Թրամփի որոշումը կուրախացնի ոխերիմ թշնամիներ Իրանին եւ «Հզբոլլահին», որոնք Գոլանի բռնակցումը որպես պատրվակ կօգտագործեն ահաբեկչությունների արդարացման համար:

Որոշ նախկին դիվանագետների կարծիքովՙ Թրամփի որոշումը ոգեշնչման առիթ կդառնա աշխարհի ուրիշ ղեկավարների համար, որոնք կփորձեն արդարացնել իրենց բռնակցումները: Օրինակՙ Պուտինը դա կօգտագործի Ղրիմի բռնակցումն արդարացնելու նպատակով, կարծում է նախկին բանակցող եւ Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Մարտին Ինդիկը : Նրա խոսքերով, իսրայելցի աջերը դրանից կօգտվեն Այսրհորդանանի օկուպացումն արդարացնելու համար:

Որոշ վերլուծաբանների կարծիքովՙ Թրամփի որոշումը յուրատեսակ փոխհատուցում է Իսրայելին Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման դիմաց, ինչը խոցելի է դարձրել Իսրայելին: Վաշինգտոնում Թրամփի որոշումը դրական արձագանք է գտել իսրայելամետ հանրապետականների շրջանում: Սենատոր Լինդսի Գրեմը որոշումը համարում է ռազմավարական առումով իմաստուն եւ տպավորիչ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՇՎԵՑ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ 111 ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ «ԱՎՐՈՐԱՅԻ» ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴԵՍՊԱՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ 111 ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ «ԱՎՐՈՐԱՅԻ» ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴԵՍՊԱՆՆԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական