ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան
Ղազախստանյան Կարագանդա քաղաքում կենցաղային հակամարտությունը, որը տեղի ունեցավ ռեստորաններից մեկում ամանորյա գիշերը եւ ավարտվեց դանակահարությամբ, հետեւողականորեն փորձում են տեղափոխել հայերի եւ ղազախների միջեւ ազգամիջյան դիմակայության հարթություն:
Համացանցը պայթեցնում են սադրիչների բացահայտ մարդատյաց գրառումներն ու մեկնաբանությունները, հասարակության մեջ հնչում են ազգային երանգ ունեցող կոչեր: Ո՞վ եւ ինչո՞ւ է փորձում բորբոքել ազգային հողի վրա հակամարտության կրակը, արդյոք հայերը Ղազախստանում ինչ-որ բանից պե՞տք է վախենան եւ կա՞ արդյոք իրականում Կարագանդայում պատահածի էթնիկ ենթատեքստ: Մենք կփորձենք պատասխանել այդ հարցերին:
Եվ այսպես, հունվարի 1-ի գիշերը ղազախստանյան Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցավ զանգվածային ծեծկռտուք: Երկու խմբերի միջեւ սկզբում բռնկվեց խոսքակռիվ, այնուհետեւ գործի դրվեցին բռունցքներն ու դանակները: Չորս մարդ վիրավորվեց: Մեկըՙ 23-ամյա տղա, զոհվեց:
Նույնքան չոր եւ իր նկարագրության մեջ կարճ միանգամայն կարող էր լինել եւ ոստիկանական տեղեկագիրը, որը կհայտներ, ըստ էության, սովորական կենցաղային հակամարտության մասին, որպիսին հաճախ է պատահում, հատկապես, ամանորյա գիշերը: Բայց այս անգամ ոստիկանական տեղեկագրում, չգիտես ինչու, նշված էր պատահարի մասնակիցների ազգությունը: Պարզվեց, որ ծեծկռտուքը սկսվել է հայերի եւ ղազախների խմբերի միջեւ: Այդ փաստը հիշվել էր տեղեկագրի մեջ: Չնայած դեպքի հետ այն կապ չուներ: Ծեծկռտուքի առիթը ոչ մի կերպ կապված չէր նրա մասնակիցների ազգային պատկանելիության հետ: Եվ դա միայն մեկն է այն փաստարկներից, որոնք ակնհայտորեն խոսում են այն բանի օգտին, որ Կարագանդայում տեղի ունեցած հակամարտությանը ակնհայտորեն եւ ոչ շատ հմտորեն փորձում են վերագրել ազգային ենթատեքստ: Թե ինչո՞ւ տեղեկագրի մեջ շեշտ էր դրվել ազգային պատկանելիության վրա եւ ինչո՞ւ այդ տեղեկագիրը արագորեն հայտնվեց «մեսենջերներում», մեզ համար հանելուկ է մնում:
Տեղեկագիրը եւ ծեծկռտուքի տեսանկարահանումը չէին հասցրել հայտնվել համացանցում, երբ սկսեցին արագորեն տարածվել դրանում շահագրգռված անձանց ասեկոսեներով եւ մտացածին մանրամասներով: Շուտով գործընթացին միացան արհեստավարժ սադրիչները: Այդ կեղծ հաղորդագրությունների արդյունքում ղազախստանյան այլ քաղաքումՙ Սեմեյում, դժգոհները փորձեցին նույնիսկ ավերածություն անել Բաքու սրճարանում: Մի խոսքով, հիվանդ երեւակայություն եւ աբսուրդ դատողություն ունեցող սադրիչների ջանքերով, շարքային կենցաղային հակամարտությունը սրընթաց կերպով սկսեց պատվել բոլորովին էլ ոչ շարքային հնարած մանրամասներով:
Այնինչ, իրական փաստերը հետեւյալն էին: Ծեծկռտուքը սկսվել էր այն պատճառով, որ ռեստորանի անձնակազմը հայտարարել էր հաստատության ավելի շուտ փակման մասին, քան կարծում էին հյուրերը: Ծեծկռտուքին մասնակցել էին համարյա երեք տասնյակ մարդ: Առճակատման երկու կողմերն էլ մոնոէթնիկ (ազգային պատկանելիությամբ միատարր) չեն եղել: Թե՛ մի կողմում, թե՛ մյուս կողմում եղել են ղազախներ, թե՛ հարձակվողների մեջ, թե՛ տուժածների մեջ: Այդ ընդհանուր քաշքշուկում ոչ մեկը, ակնհայտ է, չէր զանազանում, թե ի՞նչ ազգության է պատկանում ընդդիմախոսը: Իսկ զոհվածն, ընդհանրապես, ռեստորանում չէր գտնվել ծեծկռտուքը սկսվելու պահին: Նա եկել էր ընկերոջ խնդրանքով, հատուկ քաշքշուկում մասնակցելու նպատակով: Սա Ղազախստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալներն են, որոնք ամրապնդված են տեսագրված ապացույցներով եւ ականատեսների ցուցմունքներով:
Այսինքն, առանց վարանելու կարելի է ասել, որ Կարագանդայում տեղի ունեցածը պարզունակ կենցաղային հակամարտություն էր, որը կարող էր տեղի ունենալ որտեղ ասես եւ երբ ասես: Հատկապես, հաշվի առնելով Ղազախստանի բնակչության բազմազգ լինելու հանգամանքը:
Ղազախստանում, պաշտոնական վիճակագրության համաձայն, բնակվում են ավելի քան 25 հազար հայեր: Բնակվում են իրենց վրա չզգալով որեւէ ճնշում: Այդ մասին բացահայտորեն խոսում են թե՛ մեր համայնքի ներկայացուցիչները, թե՛ փաստերը: Մեղմ ասած, Ղազախստանի հայության թիվը չի կրճատվում եւ, նույնիսկ, ընդհակառակը, ինչը նշանակում է, որ այդ երկրում հայերն իրենց այնքան լավ են զգում, որ վերադառնալ մայր հայրենիք չեն շտապում: Հայերը հաջողությամբ աշխատում եւ բիզնես են անում Ղազախստանում: Հենց այն ռեստորանը, որի մոտ տեղի ունեցավ չարաբաստիկ ծեծկռտուքը, պատկանում է հայ համայնքի ներկայացուցիչներին:
Կոնկրետ Կարագանդայում բնակվում են մոտ երեք հազար մեր հայրենակիցներ:
Հասկանալի է, որ նրանք հանգամանքների բերումով կարող էին եւ կարող են դառնալ կենցաղային որեւէ հակամարտության մասնակիցներ, որպիսիք պատահում են աշխարհի որեւէ քաղաքում: Կրկնվեմ, հատկապես ամանորյա գիշերը:
Այն հարցին, թե ո՞վ է փորձում այդ կենցաղային հակամարտությանը հաղորդել ազգային ենթատեքստ, կարելի է առանց դժվարության պատասխան գտնել, թերթելով սոցիալական ցանցերում ժողովրդականություն վայելող բլոգերների մեկնաբանությունների ու գրառումների ժապավենները: Ինտերնետի հայկական եւ ղազախական սեգմենտները հեղեղված են կեղծ հայրենասերների ջղաձգությամբ, որոնք մեկնաբանում են իրավիճակը, մեծամասամբ իրենք էլ չգտնվելով ո՛չ Ղազախստանում եւ ո՛չ էլ Հայաստանում: Այն հարցին, թե ինչո՞ւ են նրանք դա անում, պատասխանելն ավելի բարդ է: Հնարավոր է, այսպիսով, այդ մարդիկ ուզում են քաղաքական դրամագլուխ վաստակել զգայուն թեմայի շուրջ էժանագին սպեկուլյացիաներով: Չի բացառվում, որ իրենց վտանգավոր հռետորաբանությամբ, հայկական կողմի սադրիչները փորձում են խաթարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը: Որովհետեւ նա անձամբ է ցավակցություն հայտնել զոհվածի ընտանիքին եւ կոչ է արել հակամարտությանը չտալ ազգամիջյան երանգավորում:
Ղազախստանյան իշխանություններն իրենց հերթին արդեն սկսել են հետաքննություն ազգամիջյան թշնամանքի հրահրման հարցով եւ հստակորեն հասկացնել են տվել, որ չեն պատրաստվում հակամարտության մասնակիցներին բաժանել ըստ ազգային պատկանելության: Այդ հետաքննության մեջ կլինեն միայն հանցագործներ եւ տուժածներ: Հանցագործները, անկախ իրենց էթնիկ պատկանելիությունից, կկրեն պատիժ: Իսկ տուժողները, նույնպես անկախ իրենց էթնիկ պատկանելիությունից կստանան օգնություն եւ աջակցություն: Եվ այդ դիրքորոշումը ղազախստանյան հայերին հիմք է տալիս համոզված լինելու իրենց ապագայում եւ, ինչպես նախկինում, համարելու Ղազախստանը իրենց տունը, իսկ ղազախներինՙ եղբայր ժողովուրդ:
Այս ամբողջ պատմության մեջ պարզորեն երեւում է, թե որքան կարեւոր ու խորն է հայերի ու ղազախների բազմադարյա եղբայրության, բարեկամության, համագործակցության ու համակեցության պատմությունը եւ որքան ազնիվ կարող է լինել բոլոր նրանց կեցվածքը, ովքեր վճռականորեն պատվար կդառնան մեր երկու եղբայր ժողովուրդների միջեւ թշնամություն, կասկած եւ անվստահություն սերմանելու պրիմիտիվ, չարանենգ եւ, չի բացառվում նույնիսկՙ երրորդ-չորրորդ կողմերից հատուկ նպատակով իրականացվող քայքայիչ քարոզչական օպերացիաների դեմ: